9.3.14

Վազգեն Օվյանի ֆենոմենը


Մի նախադասությամբ ասեմ. գրականությունը նրա համար ամեն ինչ է: Մեծ Վիլյամ Սարոյանը գրելու իր նպատակադրվածության մասին ասում է, որ դա աշխատանք է, ապրուստի միջոց: Ամերիկայում, այո, գրելը նույնն է, ինչ բոված շագանակ վաճառելը: Վազգեն Օվյանը խորհրդային իրականության մեջ է ապրել: Մի երկրում, ուր կարող էր ուսուցչություն անել, որովհետև ուներ բանասիրական բարձրագույն կրթություն, «կրծել գիտության գրանիտը», դառնալ գիտությունների թեկնածու, հետո՝ դոկտոր-պրոֆեսոր: Կամ՝ պետական-կուսակցական չինովնիկ: Գյուղացիական ծագման անբասիր կենսագրությունը նման հնարավորություն ընձեռում էր: Երկիրը «բանվորի տղուց պրոֆեսոր էր ձուլում»: Նույն կաղապարով, նույնանման՝ ինչպես զինվորի թուջե արձանիկներ, և նրանք «հիմնավորում էին» պետական գաղափարախոսությունը: Նաև՝ որ «գրականությունը կուսակցական է»:

Ապրուստ և հանրային դիրք ունենալու հնարավոր տարբերակներից Վազգեն Օվյանը ընտրել է գրողի դժվար առաքելությունը: Դժվար՝ առհասարակ: Լեռնային Ղարաբաղում՝ հատկապես: Քանի որ մինչ անցյալ դարի 50-60-ական թվականներն Արցախում գրականություն և գրական կյանք չկար: Պետք էր մի սերնդի նվիրյալ ջանք, որպեսզի այս հողի գլխին վառվեր հայ գրավոր խոսքի ջահը: Առանց չափազանցության՝ Լուսավորչի կանթեղը: Վազգեն Օվյանը «մեր կանչի վրա եկածներ»-ից եղավ: Չակերտների մեջ առնվածը Հրանտ Մաթևոսյանի բնորոշումն է, որ տվել է նախանցյալ դարավերջի հայ ազգային շարժման գաղափարախոսներին և առաջամարտիկներին:

Ահա՝ միևնույն ժողովրդի միասնական հայրենիքի մաս՝ Արցախն այդքան ժամանակ՝ գրեթե վեց և ավելի տասնամյակ, հոգևոր Հայաստան չէր: 25-30 տարեկան տղաների մի սերունդ՝ Գուրգեն Գաբրիելյան, Արմեն Հովհաննիսյան, Վազգեն Օվյան, Մաքսիմ Հովհաննիսյան՝ բանաստեղծ և արձակագիր, ազգագրագետ և ժուռնալիստ, թատերագիր ու գրական քննադատ, եկավ և Լեռնային Ղարաբաղի դիմապատկերից «քերել սկսեց» կաղապարայինը, գիծ առ գիծ բացել սկսեց ազգային ինքնությունը: Նրանց ընդհանրական նվիրումն արժանի է հմուտ բանասերի գնահատանքին, որ, կարծում եմ, կլինի: Պե°տք է լինի: Չի° կարող չլինել:

Ուսումնասիրողի իմ հնարավորություններն ու ժամանակը սուղ են: Կարողանում եմ «նշագրել» միայն: Եվ վերստին ընդգծում. Վազգեն Օվյանի համար գրականությունը եղել է ԿՅԱՆՔ: Իրականության մեջ նա ապրել է գրականությամբ: Նրա յուրաքանչյուր գործ, նույնիսկ՝ տողը իրականության հետ գրողի ծանր «մենամարտի» ծնունդ է, ինչ-որ ճշմարտություն հաստատելու ջանք: Նույնիսկ՝ երբ «շարքային» գրախոսություն է հեղինակել: Այդքան մոլեռանդ-հավատավոր երևի միայն առաջին քրիստոնյաներն էին, երբ հավատում էին, որ փրկչական խոսքն «աշխարհը կշրջի»:

Պարտավոր եմ արդարության դեմ չմեղանչել. մոլեռանդությունը գեղարվեստականության հակոտնյան է: Ընդհանրապես: Ընդհանուր հայացքի տակ՝ այո: Բայց չի եղել և չի լինելու «ընդհանրապես գրականություն»: Գրականությունը սուբյեկտիվ է, «ես»-ական: Գրողի ընկալումը՝ հատկապես: Վազգեն Օվյանը չէր կարող մոլեռանդ չլինել, քանի որ ճանապարհ էր բացում: Նրա թիկունքում Լեռնային Ղարաբաղը գրականություն չուներ: Ամայություն էր: Եվ նրա սերունդն էլ մոլեռանդ էր: Նրանք «վրիպեցին» բոլորով: Վազգեն Օվյանը՝ հատկապես: Բայց դա «վրիպումն» էր ԺԱՄԱՆԱԿԻ: Եվ նա էլ շտկեց ամեն ինչ և բոլորին:

Վազգեն Օվյանի պարագայում խզումն ու վերադարձը հատկապես ընդգծվում են: Կտրուկ շրջադարձ՝ երբ թվում էր անկումն արդեն անխուսափելի է, հասել է անդունդի ամենաեզրին: Դա գեղարվեստական և, առանձանպես, քաղաքացիական խիզախում էր՝ «Թևան-դհոլ»-ից անցնել Արցախի պատմական անցյալին և գրել «Ղարաբաղի արծիվը»՝ հայ միակ պատմավեպը, որ ստեղծվել է ԱՅՍՏԵՂ: Այն էլ՝ 1970-80-ական դաժան թվականներին: Ի՞նչ պատկերացում էր տալիս Ստեփանակերտի թատրոնն Արցախի «ինքնության» մասին, մինչև կգրվեր և կբեմադրվեր «Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» դրաման: Թատրոնը պարբերաբար բեմադրում էր Վուրղունի «Վագիֆ» դրաման: Վազգեն Օվյանը կոտրեց ավանդույթը, բեմ բարձրացրեց Արցախի մեծ առակախոսին և նրա բերանով ծաղրեց մելիք Շահնազարին:

Ըստ էության, նա արցախահայությանը վերադարձրեց իր ակունքներին, իր ողբերգությանը: Ուրեմն և՝ իրականությանը: Նրա Պըլը-Պուղին ինքն է, մելիք Շահնազարը՝ Բորիս Կևորկովը: Հանդիսատեսը, համենայնդեպս, ընկալում էր այդպես: Այսօրվա ընթերցողը, ում բախտ է վիճակվել կարդալ դրամայի բուն, գրաքննությունից չբզկտված տարբերակը, այնտեղ տեսնում է նախաութսունութթվականի Լեռնային Ղարաբաղի սոցիալ-քաղաքական ժամանակը: Իսկ երբ թատերասրահը դղրդում էր հանդիսատեսի ծափերից և բացականչություններից, պատերից դուրս իրականությունը հերթական անգամ մեռնում էր, և դարձյալ վերահաստատվում էր ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ այս հողը հայկական է, այս մարդիկ ՀԱՅ են:

Նեղ շրջանակներում Վազգեն Օվյանի էպիգրամները հայտնի էին դառնում: Ինքը տուժում էր, հանրությունը՝ շահում: Քանի որ արթնանում էր նրա ՀԱՎԱՏԸ: Որ՝ եթե մեկն ասում է, ուրեմն ամեն ինչ դեռ կորսված չէ: Ահա Վազգեն Օվյանի ֆենոմենը. նա եղավ Արցախի ԱՌԱՋԻՆ ԱՐԹՆԱՑԱԾԸ: Եվ արթնացրեց Արցախը.

Քարը խոսում է,
Քարը ասում է.
Հին հրաբխի խառնարանում դեռ
Հուրը չի պաղել...
Այս Ղարաբաղն է...

Արդեն անկախ պետականության քսանամյա ճանապարհ անցած Արցախում Վազգեն Օվյանը շարունակում է մնալ ամենաժամանակակից հեղինակներից մեկը: Եթե չասվի՝ ՄԻԱԿԸ, ում գործը հանրայնորեն պահանջված է մնում: Եվ հաճելի է արձանագրել, որ, ի հակակշիռ գրական չինովնիկության, անկախ Արցախի Հանրապետությունն ունի Վազգեն Օվյանի զանգահարությամբ արթնացած ազնվաբարո պետական պաշտոնեություն, որ հովանավորում է սույն երկհատորյակի տպագրությունը:

Բոլոր պարգևներից գրողի համար մեծագունն ընթերցող ունենալն է:
Երկրային կյանքին հրաժեշտ տալուց քառորդ դար անց Վազգեն Օվյանը ոչ միայն ընթերցող, այլև հովանավոր-ընթերցող ունի: Եվ ունենալու է:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Комментариев нет:

Отправка комментария