Արցախյան պոեզիա (XX դ.)

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
(1932 - 1987)


ԱՅՍ ՂԱՐԱԲԱՂՆ Է

Այս Ղարաբաղն է.
Հեթանոս ու հին։
Նոյի տապանից թռած աղավնին
Տեղ էր որոնում իջնելու համար
Եվ տեղն այդ եղավ կատարն այն լեռան,
Ուր Գտիչ վանքը պիտի բարձրանար։

Այս Ղարաբաղն է։
Եվ զգույշ մի քիչ, հրաբուխն հանգած
Կարող է հանկարծ
Քո ոտքերի տակ բորբոքվել նորից,
Դարերով լռած իր խառնարանից
Նետել հուր ու բոց,
Հողմահար անել և՛ բերդ, և՛ ամրոց։
Եվ մի քիչ կամաց. հողն ականջ ունի,
Ձայներ է բերում,
Ձայներ է տանում,
Մեր պապերն իրենց գերեզմաններից
Կարող են գոռալ.
- Այդ ի՞նչ ես անում։

Այս Ղարաբաղն է։
Մեր պատմիչներից մենք արդեն գիտենք,
Որ այր մի Մաշտոց՝ վանքում Ամարաս,
Դպրոց է բացել, հայ մանկանց կրթել
Լինելիության գրերով անմահ...
Սակայն որտեղի՞ց Մաշտոցն իմանար,
Որ այդ գրերով՝ մի հուդայածին
Պիտի զրպարտեր... Մեսրոպ Մաշտոցին*.
Ո՞վ է Մաշտոցը՝ ոչ կոմունիստ է,
Ոչ քաղաքական գործիչ մեծանուն,
Նրա նկարը ո՞նց է տեղ գտել
Սոցիալիստական մեր թանգարանում։

Այս Ղարաբաղն է։
Անտառն ի՞նչ անի, երբ իր խորքերում
Հավքերի կողքին կռնչում է բուն,
Որ ծառերից են ծնվում որդերը,
Ծառերին ուտում։
Ախր դու ծովին ո՜նց մեղադրես,
Երբ շնաձուկը անկուշտ է ու նենգ,
Ասա, այս ժայռը ի՜նչ մեղավոր է,
Երբ իր ճեղքի մեջ օձն է բուն դրել...

Այս Ղարաբաղն է՝
Հողը խաղողի ու կենաց հացի։
Եվ զգույշ նայիր քլունգիդ ծայրին-
Մեկ էլ տեսար հայտնաբերեցիր
Գինու կարասը հեթանոս հայի։
Ո՞ւմ է հարկավոր, որ ապացուցես
Ապացուցածը քո նախորդների,
Երբ պատմությունը խուլ է ինչ-որ տեղ,
Ինչ-որ տեղ կույր ու երկերեսանի։

Այս Ղարաբաղն է։
Հանկարծ պատմության
Քառուղիներում դու չխորանաս.
Շիրմաքարերը թող հանգիստ մնան,
Գանձասար չկա,
Չկա Ամարաս,
Մռավ սար չկա
Ու գինու կարաս,
Չի եղել պատմիչ Կաղանկատվացի,
Սուտ են գրերը, վանքերը սուտ են,
Ուրեմն խելոք մոտեցիր հարցին,
Եվ խոստովանիր՝ ոչինչ չգիտեմ.
Ոչինչ չգիտեմ, համր եմ, խուլ եմ,
Ի՜նչ Մեսրոպ Մաշտոց, ի՜նչ Խորենացի,
Մեր պատմիչները սխալ են, ծուռ են...
Այլ ալլահ չկա՝ ալլահից բացի։

Այս Ղարաբաղն է։
Եվ ո՞ւմ ես ուզում դու ապացուցել,
Որ նախ և առաջ հողն այս Արցախ էր.
Ինչ-որ պատմագետ արխիվներ պեղել
Եվ գիտե՞ք ինչ է նա հայտնաբերել.
Որ Ղարաբաղում հայեր չեն եղել,
Նրանք օտար են այստեղ ու տնկեց,
Սուրբ Մուհամեդը այս թշվառներին
Կորստից փրկեց
Իր սուրբ Ղուրանով...
Եվ պատմագետն այդ՝
Թուրք պատմիչների կեղտոտ մերանով
Լուտանքներ մերեց կճուճում իր գոս,
Հռչակվեց դոկտոր-ակադեմիկոս**...

Այս Ղարաբաղն է։
Թեկուզ ժայռերը ի ծնե հավկուր,
Բայց իրենց գործը նրանք լավ գիտեն,
Թե որ փռշտաս դու Խոթավանքում,
Ձայնը կհասնի ո՜վ գիտե՝ որտե՜ղ...
Գերզգոններ կան անբան ու անքուն,
Որ «ազգամոլներ» հայտնաբերելով
Փափուկ պաշտոն ու աթոռ են ճանկում...
Եվ ի՜նչ տղերք են, ինչպե՜ս են պաշտում,
Ինչպե՜ս են շեֆի պատիվը պահում,
Շեֆը ամբիոնից թե որ փռշտում՝
Առաջինն իրենք են ծափահարում,
Թե շեֆն այդ ընկավ (աշխարհի գործն է),
Առաջինն իրենք պիտի քարկոծեն։

Այս Ղարաբաղն է,
Որ փոթորկվել է վտանգի պահին,
Ծառս եղել խրոխտ իր լեռների հետ,
Զորավարներ է տվել աշխարհին,
Ինքը մնացել առանց զորապետ...
Որ իր ոգին միշտ պահել է անբիծ
Ու խավարի դեմ լույսի դուռ բացել,
Սակայն չար բախտի բերումով նորից-
Զրկվել է հսկա իր կաղնիներից,
Գաճաճ թփերի հույսին մնացել։

Այս Ղարաբաղն է,
Ուր քաղցրությունը հակինթ խաղողի-
Գինու ոգին է, կարասի շունչը,
Կարծրությունը ապառաժ քարի-
Քարտաշն է զգում և նրա մուրճը։
Լեռը չափվում է ձորի խորությամբ,
Իսկ խորությունն այդ՝
Գետի զորությամբ։
Բայց երբ ճահիճն է հաճախ հանդգնում
Չափվել ծովի հետ՝ իր նեխած խորքով,
Եվ ինչպե՜ս լռես, երբ պղտոր առուն
Գետ է պղտորում՝ կեղտոտ լուտանքով։
Եվ ինչպե՜ս չասես ջորուն այս ամուլ,
Թե ձի ես իրավ, ո՞ւր է թափը քո...
Ծռություններ կան այս մեծ աշխարհում,
Որ չես ուղղի ոչ մի օրենքով։

Այս Ղարաբաղն է։
Եվ ծնել է նա շեփորահարներ,
Թմբուկ-պոետներ՝ հանգավոր ճառի,
Որ ներբողներ են անվերջ հորինել
Վասն քծնանքի ու... հոնորարի,
Եվ առանց խղճի, առանց ամոթի
Շողոքորթել այն ավանտյուրիստին,
Որ կոխկրտելով ամեն սրբություն-
Ազգայինի մեջ տեսել է միայն
Ազգամոլություն...
Այն մոլագարին, որ ամբիոնից
Վիրավորել է մեր հայ լինելը,
Եվ չգիտես ինչ ճանապարհով պիղծ՝
Հռչակել իրեն մեր բախտի տերը***...

Այս Ղարաբաղն է-
Իր փափուկ հոգով ու կոշտ բարբառով,
Մի թևին Քիրս է, մի թևին՝ Մռավ,
Լեռը մի լեռան թիկունք ու սատար,
Բայց ձորը ձորից՝ դժգոհ ու խռով,
Ժայռին ցցված մի հին վանքի կատար՝
Ճակատը նախշած մեսրոպյան գրով,
Ցածում բերդի մի քրքրված պատառ,
Կողքին խաչքարը՝ պատած մամուռով,
Կանաչ հովտի մեջ մի չքնաղ Ճարտար,
Դեմը խաղողի այգեստանը ծով...
Առուն կարող է ժայռի պռունկին
Ջրվեժի ուժով ահեղ շառաչել,
Աշնան գույները չվող կռունկին՝
Գարնան գույներով գերել, ետ կանչել...
Բայց զգույշ եղիր,
Եվ մի քիչ կամաց,
Ճամփադ մի շեղիր...
Մութ անդունդներ ու վիհեր կան քո դեմ.
Լեռների մարդիկ որքան սրտաբաց,
Որքան հոգով մեծ,
Նույնքան էլ բարդ են։

Այս Ղարաբաղն է։
Խելո՛ք մնա, Զևս,
Քե՛զ պահիր քո այդ շանթերը ամբուռք,
Բախտի բերումով այսօր հզոր ես,
Աստված գերագույն,
Եվ կուռքերի կուռք,
Վաղն երեսովդ կտանք հանապազ
Բռնած գործերդ անմաքուր ու ծուռ,
Եվ կդարձնենք քեզ քավության նոխազ,
Քո նախորդի սուրբ զոհասեղանին՝
Նոր մատաղացու։

Այս Ղարաբաղն է։
Որքան կռունկներ չվեցին անդարձ
Ու որքան բներ թափուր են մնում,
Եվ ո՞վ է, արդյոք, ստուգել նրանց
Չվացուցակը, թե ուր են գնում,
Ի՞նչ են կորցրել, ո՞ւմ են որոնում.
Իր պաշտոնական աթոռը գրկած
Բյուրոկրա՞տը պիտի հարցներ,
Երբ նա գտել էր, ոչ թե կորցրել...
Եվ եղան նաև խիզախ ասպետներ,
Քաջ նետաձիգներ՝ ատոմի դարում,
Որ սուր ճոճելով հողմաղացի դեմ,
Հռչակվում էին նոր դոնկիխոտներ...

Այս Ղարաբաղն է։
Բլրի կատարին մի հրաշք արձան՝
Իմ պապն ու տատը,
Քո պապն ու տատը...
Եվ մի մոլագար, ստահակ մի նենգ՝
Ատրճանակի սև փողի նման
Ցցեց իր մատը
Մեր հրաշքի դեմ****,
Ոռնաց կատաղի. «Իսկ ի՞նչ եք գտել
Դուք այս քարակերտ քարակույտի մեջ»։
Եվ նա հասկացա՞վ, որ մենք անմահ ենք՝
Իմ պապ ու տատով,
Քո պապ ու տատով,
Մեր պապ ու տատով,
Մեր նախնիների պայծառ հավատով...
Գոյատևելը թե որ արատ է,
Փույթ չէ, թող տանջվենք մենք այդ արատով։

Այս Ղարաբաղն է։
Ծառը հզոր է, երբ արմատները
Խորն են մխրճված մայր հողի գրկում,
Գետի թիկունքում կանգնած է լեռը,
Եվ դրա համար նա չի ցամաքում.
Արմատներով են կաղնիները վես,
Լեռների մեջ է ուժը գետերի...
Երբ նախորդներդ չեն խանգարում քեզ,
Մի վիրավորիր քո հետնորդներին։

Այս Ղարաբաղն է-
Մեր սուրբ օջախը, ծուխը ծխանի,
Որ բարձրացել է եղեգան փողից,
Տագնապի գոչը Ձենով Օհանի,
Որ Սասնա Դավթին դուրս բերեց հորից.
Հեռատես աչքը Մելիք Ավանի,
Որ կամուրջ ձգեց մեր այս լեռներից
Մինչ հողը Ռուսաց,
Հրաշք տաճարը մեր Գանձասարի
Եվ փառավորված
Մեսրոպյան գրով՝ Ամարաս վանքը,
Հարատևելու այն սուրբ տանջանքը,
Որ հավասար է խոլ-խիզախության,
Հպարտ թևելու այն վեհ խոյանքը,
Որ հատուկ է մեր թևերին միայն,
Եվ այն զրկանքը,
Որ մեզ լիաբուռ պարգևեց տերը,
Այն սուրբ կապանքը,
Որ մենք ենք ահա ու մեր լեռները...
Այս հողի վրա դու զգույշ քայլիր,
Մաքրիր ոտքերդ, դիմակդ հանիր,
Եվ հիշիր մեկ-մեկ
Պսակազերծված առաքյալներին.
Լեռները լուռ են,
Բայց ոչ խուլ ու կույր՝
Տեսնում են, զգում.
Քարը խոսում է,
Քարը ասում է.
Հին հրաբխի խառնարանում դեռ
Հուրը չի պաղել...
ԱՅՍ ՂԱՐԱԲԱՂՆ Է։
      Դեկտեմբեր 1979 թ.

-----------------------------------------------------------------------------------------
* Խոսքը Ղարաբաղի բռնակալ Բորիս Կեւորկովի մասին է
** Նկատի ունի ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիաթովին
*** Խոսքը Բորիս Կեւորկովի մասին է
**** Նկատի ունի հանրահայտ «Մենք ենք, մեր սարերը» (Պապ ու տատը) կոթողը




ԱՐՑԱԽԱԿԱՆ


ԼԵՌՆԵՐԻ ԼԵԳԵՆԴԸ

Այս լեռները լեգենդներ են պատմում ինձ-
Ղարաբաղցու կամքի մասին աննկուն,
Հին լեգենդներ, որ եկել են դարերից,
Հասել են մեզ ու երգ դառել մեր հոգում։

Այս լեռները եղել են վեմ ու ամրոց,
Ամեն մի ժայռ թշնամու դեմ մի բանակ,
Ծառս են եղել նժույգները սանձակոծ,
Հառաչել է հողը նրանց ոտքի տակ։

Այստեղ ահա՝ Քառասուն կույս սարի մոտ
Հետքն է մնում քաջակորով առյուծի,
Այս լեռներով, կիրճերով այս քարքարոտ,
Արշավել է Դավիթ Բեկի այրուձին։

Ու շաչել են թրերը կեռ, լայնաշեղբ,
Շառաչել են այս լեռները անառիկ,
Ինչպես հողմի բերանն ընկած մի տաշեղ՝
Նենգ Կաջարը գլորվել է այս ժայռից։

Այս լեռները լեգենդներ են պատմում ինձ-
Ղարաբաղցու կամքի մասին աննկուն,
Հին լեգենդներ, որ եկել են դարերից,
Հասել են մեզ ու երգ դառել մեր հոգում։
1962 թ.


* * *
Նկարեցի լեռներ
Ու լեռներին կակաչ,
Եվ գագաթներ ձյունե,
Աղբյուրների կարկաչ.
Հայրս նայեց երկար
Ու գլուխը կախեց.
- Թթի ծառը չկա,
Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Նկարեցի արտեր
Ու հնձաններ հուռթի,
Հազարագույն վարդեր,
Հրաշք ծառը թթի.
Մայրս նայեց դժկամ
Ու ժպիտը պաղ էր.
- Մռավ սարը չկա,
Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Նկարեցի Մռավ՝
Արևն ուսին թիկնած,
Նկարեցի Քիրսը՝
Այգաբացից շիկնած.
Հորեղբայրս եկավ
Նայեց, աչքում ծաղր էր.
- Մեր Թարթառը չկա,
Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Նկարեցի Թարթառ
Ու քարակերտ ձորեր,
Շուրջը զմրուխտ անտառ,
Արտույտներ ու լորեր.
Եվ տատս այս անգամ
Հոնքը դարձրեց աղեղ.
- Գանձասարը չկա,
Սա ի՞նչ Ղարաբաղ է։

Ես հասկացա մի բան,
Ղարաբաղ իմ անգին,
Փոքր ես դու, սակայն
Մե՜ծ է, մեծ քո ոգին.
Որ մաճառդ մնա
Ազնիվ գինու մաճառ,
Արծիվներդ՝ արծիվ,
Տաճարներդ՝ տաճար.
Օ՜, տուր ինձ՝ նվաստիս,
Ռաֆայելի վրձին
Ու Սարյանի հանճար։
1984 թ.



* * *
Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
Վանքեր նկարիր ու բերդեր անառ,
Լեռները դարձրու հավերժի արձան,
Գետերը՝ զնգուն տավիղների լար։
Հողմի դեմ կանգնած անտառ նկարիր,
Ձիեր նկարիր անթամբ ու անսանձ,
Արծիվներ՝ թառած լեռան կատարին,
Արտույտներ՝ երկնի լազուրով արբած։
Մաշտոցյան անմահ գիրը նկարիր,
Պատմությունը մեր՝ գրված այդ գրով,
Որ անզոր էին ջնջել սրտերից-
Աշխարհակործան յաթաղաններով։
Եվ ծռությունը նկարիր նաև
Ու մերկությունը ծռված աշխարհի,
Որ ճիշտն ու սխալը իրար է խառնել
Այս պատմությունը երկերեսանի։
Նկարիչ, «ապրեմ-չապրեմ» նկարիր՝
Տրորված օտար կրունկների տակ,
Ոգին նկարիր Մելիք Ավանի
Ու մեր լինելու ձգտումը արդար։
Պատմիր աշխարհին՝ ով ենք մենք, ինչ ենք,
Եվ ովքեր են թույն խառնում մեր հացին,
Բախտի բերումով թեկուզ և քիչ ենք,
Բայց ոչ քոչվոր ենք, ոչ էլ խառնածին։
Որ մենք ենք ահա ու մեր լեռները,
Մեր Գանձասարը, վանքը Ամարաս,
Բաց են միշտ էլ մեր սրտի դռները,
Մաքուր ենք հոգով, շիտակ ենք ու պարզ։
Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
Լեռներ նկարիր, հողմաթեք ծառեր,
Մեր կամքը դարձրու հավերժի արձան,
Ոգին՝ անխորտակ, երազը՝ անմեռ։
1983 թ.



* * *
Քանի՜ հազար տարի,
Քանի՜ ցեղեր վայրի
Քեզ նեղել են,
Քանի՜ հազար տարի,
Հազար ու մի դավով
Քեզ շեղել են։

Քանի՜ հազար տարի
Եկել ու պղծել են,
Վառել տունդ,
Քանի՜ հազար տարի
Ծռել ու կեղծել են
Պատմությունդ։

Քանի՜ նենգ Փանահ խան
Եկել հացդ կտրել,
Քծնել են քեզ, ջանը՜ս...
Հետո գողի նման
Սուրը բկիդ դրել,
Տիրացել են տանըդ։

Քանի՜ հազար տարի,
Քանի՜ սուլթան ու բեկ
Եկել դուռդ թակել,
Քանի՜ հազար տարի
Քեզ խաբել են այդպես
Եվ թիկունքից զարկել։

Քանի՜ հազար անգամ
Քանի՜ ելուզակ քեզ
Իր հավատով երդվել,
Հետո ջրաղացիդ
Ջուրն են կտրել թաքուն
Ու լծկանդ մորթել։

Քանի՜ հազար անգամ
Կառուցել ես, կերտել
Ամրոցներ ու բերդեր,
Քանի՜ հազար անգամ
Արշավել են քո դեմ,
Կառուցածդ քանդել։

Քանի՜ հազար անգամ
Ամուր ձգել գոտիդ-
Դու քո հերկն ես հերկել,
Ագահ ու չարակամ
Գող ու ելուզակից
Դու քո երգն ես փրկել...

Հողը քո այս մի բուռ
Դու դարձրել ես եդեմ,
Լույսով ճամփադ հարթել,
Ի ցավ քո թշնամու
Կառուցելով ապրել,
Ապրելով ես հաղթել։
1984 թ.



* * *
Հազար տարվա անտառ,
Հազար տարվա ծառեր,
Դեմը բարձրակատար
Հազար տարվա սարեր։

Հազար շանթով վառված
Լեռների մութ կոպեր,
Դաշտեր հազար տարվա,
Ջարդած հազար խոփեր։

Հազար տարվա մի վանք
Ժայռի ծերպին թառել,
Ժայռի ոտքերի տակ
Հազար տարվա քարեր։

Հազար տարվա բերդեր,
Քարանձավներ խավար,
Հազար տարվա երգեր
Ու հաստատուն հավատ։

Հազար տարվա բարբառ՝
Հազար հրով անցած,
Եվ ո՞վ գիտե՝ քանի՜
Հազար տարվա Արցախ։
1984 թ.



ՂԱՐԱԲԱՂ

Ես քո կամը ու կալը քո,
Ես հոտաղն ու մաճկալը քո,
Ես մամռապատ խաչքարը քո,
Զորությունս դու ես։

Ես քո կաղնու լույս սաղարթը,
Ես ստուգված քո հավատը,
Ես կենացի քո գավաթը-
Խորությունս դու ես։

Ես հողի համն ու հոտը,
Ես սարերիդ ցուրտն ու տոթը,
Ես ամպերիդ խոլ որոտը-
Դարպաս-դուռս դու ես։

Ես քո շաղն ու ծիածանը,
Ես մրգաշատ քո հնձանը,
Ոլոր-մոլոր քո կածանը-
Օդս-ջուրս դու ես։

Ես արտույտդ լուսաբացի,
Ես աղբյուրդ՝ ծարավածին,
Ես բույրը քո անուշ հացի-
Թոնրատունս դու ես։

Ես քո տվածն ու թողածը,
Կռվում անհայտ քո կորածը,
Ես քո ծիծաղն ու քո լացը-
Թիկունք-կուռս դու ես։

Ես քո զանգի զիլ ղողանջը,
Աղբյուրներիդ ջինջ կարկաչը,
Ես քո երգը ու քո կանչը-
Մաքրությունս դու ես։

Ես քո տառը ու գիրը քո,
Ես հավատի ջրկիրը քո,
Ես շաղախը ու կիրը քո-
Ամրությունս դու ես։

Ես բեկորը քո մի ժայռի,
Ես տատրակը քո անտառի,
Ես վտակը քո Թարթառի-
Զուլալ հունս դու ես։

Արդ, ես գոհ եմ ինձ տրվածով,
Քո զրնգուն լուսաբացով,
Լեռնաստանում այս աստղացոլ՝
Տոհմատունս դու ես։
1984 թ.



* * *
Դու անուն չես սոսկ երգելու համար,
Դու հող ես, լեռ ես, երկինք ես, օդ ես,
Անտառ ես կանգուն ու այգի դալար,
Դու սրտերի մեջ սեր ու կարոտ ես։

Դու ձորերի մեջ շաչող Թարթառ ես
Եվ սրնգաձայն զեփյուռ ես սարի,
Դու Ամարաս ես ու Գանձասար ես,
Դու Մռավ սար ես ու մայր ես բարի։

Քո ժայռերի պես դու քարակերտ ես
Եվ քարերիդ պես ամուր ես ու կուռ,
Դարերում կանգնած անխորտակ բերդ ես,
Դու քաջի ձեռք ես, ոգի աննկուն։

Դու բույր ես ծաղկի ու թթի ծառ ես,
Խաղողի վազ ես բերքով ծանրացած,
Երկնքից կախված արտույտի ձայն ես
Ու արտերի մեջ խճճված կածան։

Աղբյուրներիդ պես զուլալ, արդար ես,
Կամք ու սատար ես հպարտ ոգուն մեր,
Դու ճարտարաձեռ մի նոր Ճարտար ես,
Նոր ճանապարհ ես, դու երգ ես անմեռ։

Աղջիկներիդ պես սիրող ու ջերմ ես,
Ջահելներիդ պես խիզախ ու արի,
Դու մեր լեռներից հոսող Խաչենն ես,
Ըմբոստ կաղնին ես Սինգարա սարի։

Ո՛չ, անուն չես սոսկ երգելու համար,
Դու վարդի թաղ ես, աղբյուր ես, բաղ ես,
Դու մեր սրտերի կարոտն ես անմար,
Հավիտյան կանաչ իմ Ղարաբաղն ես։
1962 թ.



* * *
Քեզ որոնեցի մեր հազարաբույր
Եվ հազարագույն ծաղիկների մեջ.
Դու հեզ մանուշակ ու նարոտ էիր։

Քեզ որոնեցի մեր հայրենախոս
Մագաղաթների տաղիկների մեջ.
Հրեշտակի պես ու խորոտ էիր։

Քեզ որոնեցի լեռներում մեր լուրթ,
Ձոր ու կիրճերում քեզ որոնեցի.
Դու գարնան հեղեղ ու որոտ էիր։

Քեզ որոնեցի դաշտերում կապույտ,
Խաս այգիներում քեզ որոնեցի.
Դու ցողաշաղախ առավոտ էիր։

Լեռներից հոսող խենթ գետակների
Զուլալության մեջ քեզ որոնեցի.
Այգաբացի պես դու շողոտ էիր։

Ես իմ մանկության ծանոթ վայրերում
Գիշեր ու ցերեկ քեզ որոնեցի.
Դու ոսկե երազ ու կարոտ էիր։
1981 թ.



* * *
Ղարաբաղ եմ ասում՝
Հոգիս բաց է լինում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Սիրտս լաց է լինում։

Ղարաբաղ եմ ասում՝
Երգս թև է առնում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Սիրտս սև է դառնում։

Ղարաբաղ եմ ասում՝
Երազներ եմ հինում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Թևաթափ եմ լինում։

Ղարաբաղ եմ ասում՝
Հավքս ձագ է տալիս,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Պատս ճաք է տալիս։

Ղարաբաղ եմ ասում՝
Սիրտս պար է ընկնում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Գլխիս քար է ընկնում։

Ղարաբաղ եմ ասում՝
Դրախտին եմ հասել,
Ղարաբաղ եմ տեսնում...
Ա՜խ, ես ձեր ինչն ասեմ։
1981 թ.



* * *
Ինձ ստիպեցին ուղտի պես չոքել,
Բայց ես ուղտ չէի, այլ՝ արշավաձի,
Հետո փորձեցին ինձ քեզնից պոկել,
Դարձնել թևատված, անարգված արծիվ։

Ես ամուր էի լեռներդ գրկել,
Քո հողի մեջ էր ուժն իմ առնացի...
Չկարողացան ինձ քեզնից պոկել,
Բայց քեզ ինձանից ինչպե՜ս պոկեցին։

Այդպես պոկում են սիրտը մարմնից,
Այդպես հոգին են հավատից վանում,
Այդպես խլում են լույսը աչքերից,
Այդպես հավատն են միայն սպանում։

Եվ կա՞ ավելի պատիժ մի դաժան,
Քան այս զրկանքը բիրտ ու ահավոր,
Երբ հողիդ վրա տերդ չես քո տան,
Քո տնկած ծառը ո՞ւմ է հարկավոր։



* * *
Թե իմ Մռավ սարից զատվեմ
Եվ ծուռ նայեմ Շաղասարիս-
Առվի նման պիտի հալվեմ,
Մնամ իմ կես ճանապարհին։

Թե որ լքեմ Գանձասարս,
Ջրաբերդս՝ լեռան արծիվ-
Կչորանա թթի ծառս,
Գտիչ վանքը ինձ կանիծի։

Թե իմ Կիշկում ծաղկաժպիտ
Բուն չունենա հավքը գարնան-
Սևաձորիս ժայռերը բիրտ՝
Սրտիս ծանր սար կդառնան։

Թե որ թողնեմ ճաք տա պատս,
Ցամաքի մեր դռան առուն-
Հարյուր պատան մաշած պապս
Շուռ կգա իր գերեզմանում։

Թե հանդերն այս չնաշխարհիկ
Ու լեռները թողնեմ անտեր-
Ամպրոպագոռ մեր Քիրս սարի
Կայծակները ինձ կշանթեն։

Թե որ դառնամ ես տարագիր
Ու ոտքիս տակ հող չունենամ-
Ղարաբաղս կաղաղակի.
- Քեզ պես որդին թող չունենամ։
1984 թ.



* * *
Արտ է, արոտ է,
Ամպի որոտ է,
Ջինջ առավոտ է
Այս Ղարաբաղը։

Հինավուրց վանք է,
Գանձերի հանք է,
Ճաքած մի զանգ է
Այս Ղարաբաղը։

Կաքավ է, լոր է,
Սար է ու ձոր է,
Կռվախնձոր է
Այս Ղարաբաղը։

Խոսում եմ՝ վայ է,
Լռում եմ՝ ցավ է,
Ո՞նց չասեմ հա՛յ է
Այս Ղարաբաղը։



ՁՈՆ

Գետակներն են կարկաչում խենթ,
Շուրջը մարմանդ փոշի մաղում,
Ծովացել է գետերի հետ
Գարունը իմ Ղարաբաղում։

Օրորվում են արտերը մեր՝
Կորած գարնան զմրուխտ շաղում,
Գեղեցկություն չես տեսել դեռ,
Թե չես եղել Ղարաբաղում։

Բռնիր ճամփան Շաղասարի,
Ոտքդ թրջիր գարնան շաղում,
Չես ծերանա հարյուր տարի,
Թե որ ապրես Ղարաբաղում։

Հազար երազ, կյանք կա ու տենչ
Պահված մեր ջերմ երգ ու տաղում.
Կուզեմ կյանքում երգել անվերջ,
Երգով մեռնել Ղարաբաղում։
1960 թ.



* * *
Գնամ խառնվեմ մեր գետերին
Ու գետերի հետ հորդանամ,
Ու գետերի հետ խենթանամ,
Ու գետերի հետ ընթանամ։

Գնամ խառնվեմ լուրթ ծովերին
Ու ծովերի մեջ զորանամ,
Ու ծովերի մեջ խորանամ,
Ու ծովերի մեջ ծովանամ։

Անտառները գնամ մտնեմ,
Կաղնիներից ուժ ստանամ,
Ծփանքներով հարստանամ,
Կաղնու նման ըմբոստանամ։

Գնամ ելնեմ լեռները մեր
Ու լեռների հետ ծառանամ,
Ու լեռների պես բարձրանամ,
Ու լեռների հետ կարծրանամ։

Գնամ, գնամ, վառվեմ, հալվեմ,
Լուրթ երկնքում ծիածանվեմ,
Արտերի հետ ծփամ նորեն,
Այգիներում պտղավորվեմ...
Այսքան սերը, կարոտն այսքան
Կրծքիս տակ ո՞նց տեղավորեմ։
1962 թ.



ՀՈՒԴԱՅԻՆ*

Դու ատում ես այն, ինչ հայկական է,
Մեսրոպագիր է ու մեսրոպատառ,
Քո դեմ մեր հայոց երգը ական է
Եվ ռումբ է հայոց երգը քեզ համար։

Մեր կոթողները քեզ դուր չեն գալիս,
Քեզ դուր չի գալիս Գանձասարը պերճ,
Ահով ես նայում դու մեր խաչքարին,
Տգեղը տեսնում գեղեցիկի մեջ։

Մեր հին ոսոխին անվանում քեռի,
Բամբասում ես մեզ, լկտի ծանակում,
Ճամփա ես տալիս շողոքորթներին,
Ճշմարտախոսի բերանը փակում։

Եղբայրություն ես ամբիոնից գոռում,
Երդվում դրոշով բարեկամության,
Բայց մեր հին վերքն ես նորից փորփրում,
Խարխլում ես դու սյուները մեր տան։

Եվ դու նենգում ես պատմությունը մեր,
Հատել ես ուզում մեր արդար լեզուն,
Մեզ անպատվում ես բիրտ ու լրբորեն,
Անամոթաբար մեզ չարախոսում։

Դու մտագարի ահեղ մոլուցքով
Ոտնահարում ես իրավունքը մեր,
Եվ Ներոնի պես խենթ ու կամակոր-
Մեզ ստիպում ես քեզ ծափահարել։

Այնքան լկտի ես՝ քո թթված թանը
Արդար յուղի տեղ շուկա ես հանել,
Եվ մեզ խաբել ես ուզում մեր տանը,
Դու ցանկանում ես մեզնից մեզ վանել։

Նյութում ես մեր դեմ դավեր նորանոր,
Բարուն դարձնում չար, չարին՝ բարի,
Եվ ընտրելով քեզ արդար դատավոր,
Մեր բախտի հացն ես դնում նժարին։

Դու դատում ես մեզ, բայց ո՞ւմ անունից
Եվ ովքեր են քո դատը պաշտպանում,
Այդ ո՞ւմ վրա ես գոռում ամբիոնից,
Ումնի՞ց ես այդպես դու վրեժ առնում։

Դու եղբայրության սուրբ դրոշի տակ,
Ազգի տարազով ծպտված մանեկեն,
Կեղծ նեյնիմների ուշացած թութակ,
Մեր դեմ ամբարված հին լուտանք ու քեն...

Եվ դու էլ կանցնես, ինչպես որ անցան
Քո նախորդները անբարիշտ ու չար,
Ով դու հին ու նոր կրկնվող հանցանք,
Դու հայրենադավ փառամոլ լաչառ*1։
1975 թ.



Բ. Կ.-իՆ

Դու ծախու հոգի, քծնության մերան,
Գոռոզ անհարկի ու մեծաբերան։
Դու բութ ու տգետ, խորամանկ սակայն,
Դու կործանիչ ձեռք ու լեզվի կապանք։
Դու դավով հզոր, դու նենգ քամելեոն,
Դու, ծափեր կորզող փառատենչ Ներոն։
Դու, մեր ոսոխի պնչից թռած բիճ,
Դու Ղարաբաղը կործանող դահիճ*։



ՄԵՆՔ

Մենք այնքան խեղճ ենք ու այնքան անճար,
Վախկոտ ենք այնքան ու այնքան ենք թույլ,
Ամեն դուրսպրծուկ կարող է դառնալ
Մեր գլխին՝ նորին գերազանցություն։

Մենք այնքան տհաս ու այնքան մեղք ենք,
Այնքան միամիտ, անզոր ու անխելք,
Ամեն տգետ մեզ կարող է հերքել,
Ժխտել հիմնովին, որ մենք՝ այդ մենք չենք։

Մենք այնքան քնքույշ ու նուրբ ենք այնքան,
Այնքան բարակ են նյարդերը մեր,
Որ կարող են մեզ քառասուն անգամ,
Քառասուն ձևի գզզել ու մանել։

Մենք այնքան պարզ ենք ու անմտածված,
Մեր դուռն այնքան մեր սրտի պես բաց է,
Որ մենք կարող ենք մեր տունը մտած
Ամեն Հուդայի աստվածացնել։

Մենք այնքան փխրուն, այնքան ենք անձև
Եվ կավի նման ամորֆ ենք այնքան,
Որ ամեն ոք մեզ կարող է հունցել
Ու իր ցանկությամբ՝ ուզած տեսքը տալ։

Եվ մենք այնքան ենք մեր այս բախտից գոհ,
Որ թվում է, թե աշխարհը մերն է,
Թե սա կոչվում է ապրել մեծ կյանքով,
Հապա ասացեք՝ խեղդվելը ո՞րն է։




ՀԱՅՐԵՆԱԴԱՎԸ

Նա ամբիոններից այնպե՜ս է գոչում,
Ինչքա՜ն գեղեցիկ խոսքեր է ասում,
Հայրենասեր է իրեն հորջորջում,
Բայց չգիտե իր մայրենի լեզուն։

Գլուխը քարը, թող որ չիմանա,
Ապրի իր փքուն ճառերի վարձով,
Բայց տեսեք ահա՝ ցավն այն է, որ նա
Հպարտանում է իր չիմացածով։

Հպարտանում է, պարծենում անգամ,
Թե ինչպես է իր մայր լեզվից խորշում,
Չի եղել գյուղում իր հայրենական,
Հոր գերեզմանի տեղը չի հիշում։

...Հայրենադավը նրանք չեն միայն,
Ովքեր թշնամու բանակն են անցնում,
Լքում են տունն ու հողը հայրենի,
Օտար ափերում գտնում գրանցում։

Հայրենադավը նրանք են նաև,
Որ երկնքի տակ մեր ջինջ ու լազուր-
Իրենց հորջորջում հայրենասերներ,
Բայց մոռանում են իրենց մայր լեզուն։




ՓԱՌԱԲԱՆՈՒՄՆ

Թե իմ մայր հողն ես,
Ես քո հողմաթեք թթենու բունն եմ,
Կածաններիդ ու ճամփեքիդ բացված
Ապրեմ-չապրեմիդ տոկունությունն եմ։
Քո քաված մեղքն եմ, քո անմեղ մեղան,
Խաչված Հիսուսդ՝ աշխարհին ի ցույց,
Ես՝ վանքում փակված քո խեղճ աբեղան,
Որ հառաչում է իր անհույս սիրուց։
Հնձաններիդ մեջ քլթքլթացող լուռ-
Ես քո խաղողի քաղցրությունն եմ,
Ես քո աղեղը, քո վահանը կուռ
Եվ քո ժայռերի կարծրությունն եմ։
Ամառվա տապին մեղմ զեփյուռ դառած-
Քո Մռավ ու Քիրս սարերի ձյունն եմ,
Հարսների աչքին արցունքով վառված-
Ես քո թախիծն ու տրտմությունն եմ։
Վաղվա գեղեցիկ հավատով ապրող,
Ցրտից չխամրող ծաղկունքիդ գույնն եմ,
Արևի փոքրիկ շողից չխաբվող-
Ես քո բողբոջի զսպվածությունն եմ։
Ես երազներն եմ քո հազարաձև,
Ես քո իմաստուն համբերությունն եմ,
Մելիք, խան ու բեկ կգան ու կանցնեն,
Ես, սրբազան հող, քո զորությունն եմ։
Ես՝ ապացուցված քո վեհությունը
Եվ քո ոգին ու երգը քաղցրաբառ,
Դու իմ հայրենի օջախն ու տունը,
Ճիչս Ղարաբաղ, խիղճս՝ Ղարաբաղ։
1975 թ.



ՈՒԹՆՅԱԿՆԵՐ
(շիրազյան մոտիվներով

Հին գայլ է եղել այս նենգ աղվեսը-
Ուշ ենք հասկացել,
Շլյապայով է փոխել իր ֆեսը-
Ուշ ենք հասկացել,
Եղբայրության դրոշով ծպտված
Մտել մեր տունը,
Թուրքացրել է Արցախի կեսը-
Ուշ ենք հասկացել*։

* * *
Մուհամեդի թոռները
Այծ ու գառ են գողացել,
Տաճարներից՝ սրբացած
Հուշաքար են գողացել,
Սակայն ինչո՞ւ զարմանալ,
Երբ նրանց գող պապերը
Մեր Հայաստան աշխարհից
Մասիս սար են գողացել։

* * *
Տուն-տեղս ինձնից խլել
Ու ասում ես՝ վայ չանես,
Ավեր Վանում, գերված Ղարսում
Քրիստոնյա հայ չունես,
Բայց ես ինչպե՞ս չըմբոստանամ,
Ասա՛, ինչպե՞ս ես լռեմ,-
Սիրտս կիսել երկու մասի
Ու ասում ես՝ վայ չանես։

* * *
Հին վերքերս, ա՜խ, այդ ինչպե՞ս նորացան,
Վշտի բեռից սեգ թևերս կորացան,
Այնքա՜ն արցունք խլեց Վանը իմ աչքից,
Որ չիմացա՝ Արցախս ո՞նց գողացան։

* * *
Նամազի պես ձեր շիքաստը
Սրտակեղեք ծոր եք տալիս,
Հառաչում եք ու հեկեկում,
Հազար ու մի ցավի գալիս,
Ավերելն ու թալանելը
Ձեր արհեստն է թեկուզ եղել,
Բայց աշխարհում ձեր երգերով
Ամենից շատ դուք եք լալիս։

* * *
Ծոռն Հուդայի տունս մտավ
Ու սկսեց վայրահաչել
Եվ մեր խաչված նախորդներին
Մի անգամ էլ նորից խաչել,-
Փեղամբարի թոռն է նրան
Կաշառել դիրք ու պաշտոնով,
Բայց ի՜նչ կարող էի անել,
Ախր տարին խիստ նահանջ էր*։

* * *
Երկու ժպիտ, երկու հավատ
Ու երկու դեմք ունի նա,
Ճամփան բաց է՝ որտեղ լինի
Եվ ում դուռն էլ նա բանա.
Մի թևի տակ Աստվածաշունչ,
Մի թևի տակ Ղուրանը,-
Մզկիթներում շեյխ է շունը,
Եկեղեցում՝ քահանա։

* * *
Բաքվում «Ղաչաղ Նաբի» երգում,
Երևանում՝ «Սիփան սար»,
Քելբաջարում խանանդա է,
Աբովյանում՝ մեծ գուսան.
Այս անաստված խեղկատակը
Երկու աստծո ծառայում,
Երկուսին էլ շողոքորթում
Ու խաբում է հավասար։

* * *
Ասում են, թե իրարից
հավատով ենք օտարանում,
Հոգով, լեզվով ու արյունով
մենք տարբեր ենք ու տարանուն,-
Հապա նայիր, տես ինչպես են
Քրիստոսն ու Փեղամբարը
Գինու թասը իրար զարկում
ու համբուրվում ռեստորանում։

* * *
Ուրիշներից թռցրած երգը
Չայխանայի տաղ է դարձել,
Պատմությունը կեղծելն անգամ
Տգետների խաղ է դարձել։
Ախր ինչպե՞ս մենք հավատանք
Երդումներին ձեր կեղծավոր,
Երբ մեր գերված Արարատը
Աթաթուրքի դաղ է դարձել։

* * *
Դուք փորձեցիք մեր վեհ ոգին
ձեր Ղուրանով «խրատել»,
Ողջ աշխարհում մի հայ թողնել,
մնացածին թրատել,
Բայց իմացեք, թե ալլահն էլ
իջնի անգամ վերևից-
Մեր այս գերված Արարատին
դուք չեք կարող թլպատել։

* * *
Արարատի սեգ կատարին
Ամպը նստել՝ ձյուն է դրել,
Ծիծեռնակը նորից եկել,
Տանիքիս տակ բույն է դրել.
Երազ տեսա, հրա՜շք երազ,
Իմ Տավրոսը ինձ էր կանչում.
- Հե՜յ, որտե՞ղ ես, խելառ տղա,
Պապդ Վանում տուն է դրել։

* * *
Մարդը մարդու դեմ լարողը
Ապականված դարն է եղել,
Ռումբ-ականի նախահայրը
Պարսատիկի քարն է եղել.
Չեմ հասկանում՝ Կայենն ինչպե՞ս
Սպանեց իր եղբորն անմեղ-
Կա թե չկա, Մուհամեդի
Մատն այստեղ խառն է եղել։

* * *
Ծոր է տալիս իր բայաթին
Կարա-Շաբան Ղարաբաղում.
«Դադե՜յ, ամա՜ն, կորցրել եմ
Ես իմ ճամփան Ղարաբաղում»։
Մեկը լինի ու հարցնի՝
Ի՞նչ ես սուգ ու շիվան անում,
Երբ փարոս է ճանապարհիդ
Ալի Բաբան Ղարաբաղում*։

* * *
Այս կեղծավոր պատմությունը
Կրկնում է սխալն իր հին,
Սուտ սրբերը աստվածացել,
Ծառայում են իրենց շահին։
Ի՜նչ ցնծություն, փառք ու պատիվ
Եվ ինչպիսի՜ դիֆիրամբներ-
Մարդի՛կ, մարդի՛կ, զգուշացեք,
Քաջ Նազարն է նստած գահին*։

* * *
Ծովից ինչպե՞ս անապատին գետ բերել,
Անսեր սիրտը անուշ սիրով գեթ գերել.
Վա՜յ, խեղճ Շիրազ, մանուկներին հավաքել,
Ցանկանում է Մասիս սարը ետ բերել։




ՊԱՐՈԴԻԱՆԵՐ

                 Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա...                
                  Հովհ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես, ասա...
Տեսե՞լ ես, արդյոք, այն հովիտները,
Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
Որտեղ Լաչինից փախած քրդերը
Իրենց սեփական հոտերն են պահում։

Տեսե՞լ ես, արդյոք, այն այգիները,
Ուր թթենիներն արդեն չորացել,
Նրանց խնամող այգեպան-տերը
Ինչպես է ծանր վշտից կորացել։

Տեսե՞լ ես ինչպես Թարթառի ափին
Ղաչաղ Նաջաֆի թոռները վազում,
Խանանդա Ալին ականջը դափին-
Արցախի մասին շիքաստ է ասում։

Եվ դու տեսե՞լ ես ինստիտուտը մեր,
Դասախոսներին նրա հաստաբեստ,
Օ՜, դու կարող ես այնտեղ ընդունվել-
Կաշառքի համար եթե փող ունես։

Տեսե՞լ ես, արդյոք, մեր տղերքը քաջ՝
Ոնց են աթոռից իրար գլորում,
Եվ եղբայրության դրոշով ծպտված-
Ազգամոլներ են անվերջ որոնում։

Դու տեսե՞լ ես այն ծախու գրչակին,
Որ քարշ է գալիս շեֆի ետևից,
Եվ շողոքորթի ժպիտը շուրթին-
Երգեր է ձոնում կեղծավոր ու պիղծ։

Տեսե՞լ ես, արդյոք, դու մեր խմբագրին՝
Կիսագրագետ ու կիսատգետ,
Որ թերթում տպում հոդվածներ ջրիկ,
Սեղան է նստում ծախու մարդկանց հետ։

Ասա, տեսե՞լ ես հայ մարդը ինչպես
Վերանում է մեր հայ Ղարաբաղից,
Թե հայերեն խոսք ամբիոնից ասես,
Իսկույն կանվանեն քեզ նացիոնալիստ։

Եվ դու տեսե՞լ ես դրածո շեֆին,
Այդ ակնոցավոր օձին սրբապիղծ,
Զգույշ, բարեկամ, չդիպչես քեֆին,
Թե չէ՝ կքշի նա քեզ քո տնից։
Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես, ասա...



* * *
                                  Հիմի է՞լ լռենք...
                                  Ռ. ՊԱՏԿԱՆՅԱՆ
Հիմա է՞լ լռենք, եղբայրք, հիմա է՞լ,
Երբ թուրքը եկել, մտել տունը մեր,
Ոտնատակ տվել այգի ու պարտեզ,
Օրը ցերեկով անպատվում է մեզ,
Ասում է՝ այստեղ այգի, բաղ չունեք,
Դուք այս աշխարհում Ղարաբաղ չունեք։

Հիմա է՞լ լռենք, երբ մեր քաղաքում
Շեյխի թոռները շիքաստ են երգում,
Իրենց համարում տիրակալ ու տեր,
Առևանգում են աղջիկներին մեր,
Կաշառքի ուժով պաշտոն են ճանկում,
Մեր սրբությունը ծաղրում, ծանակում։

Հիմա է՞լ լռենք, երբ ղաչաղ Նաբին,
Այդ մարդասպանը, ավազակը բիրտ-
Մաքուր ազգային հերոս է դարձել,
Մեր հայ թատրոնի բեմը բարձրացել,
Երբ Ռասուլ Ռզան ոռնում է ահա.
«Այս հողում ոչ մի Սմբատ չմնա»։

Հիմա է՞լ լռենք, ասեք, հիմա է՞լ,
Երբ մեր վանքերը փարախ են դառել,
Մեսրոպյան գիրը ջնջում քարերից,
Գրում են իրենց անունները պիղծ,
Թե՝ ձայն չհանեք, չխոսեք, տղերք,
Ձեր Ղարաբաղը միշտ մերն է եղել։

Հիմա է՞լ լռենք, երբ Ալի բաբան
Կեղծավոր լեզվով փակել մեր ճամփան,
Մեր ով լինելը, մեր պատիվը թանկ՝
Դրել է ահա հարցականի տակ,
Եվ ցանկանում է մեզնից մեզ վանել,
Իր ճախարակով մեր թելը մանել։

Հիմա է՞լ լռենք, երբ շողոքորթը
Համբուրում է մեզ խեղդողի ոտը,
Մեր տան դռները բացում է խնդուն
Եվ նրան «բարի գալուստ» է մաղթում,
Ոտի տակ ոչխար ու գառ է մորթում,
Թողած մեր աստծոն՝ նրան աղոթում։

Հիմա է՞լ լռենք, երբ գող Բասարը
Թողել իր օբան, թողել իր սարը,
Եկել մեր գլխին դառել տիրակալ,
Եկել մեր գլխին դառել բռնակալ,
Կոկորդ է պատռում. «Ալլահը վկա,
Ալլահից բացի այլ ալլահ չկա»։

Հիմա է՞լ լռենք՝ լռենք, չխոսենք,
Թող մեր փոխարեն քարերը խոսեն,
Մեր քաջ նախնիքը հարություն առնեն,
Թուք-նախատինքով մեզ խեղդեն, վառեն,
Ասեն՝ դուք պատիվ ու նամուս չունեք,
Մինչև ե՞րբ պիտի լռեք ու ներեք։

Մենք, որ ոչ մունջ ենք, ոչ անդամալույծ,
Չենք սարսել կյանքում ոչ մի թշնամուց,
Նույն ուժգնությամբ մեր երակներում
Թե մեր պապերի արյունն է եռում,
Ինչո՞ւ որբի պես մեր վիզը ծռենք
Եվ ինչո՞ւ լռենք։



* * *
                 Դու հպարտ չես, իմ հայրենիք...                                                  
                      Վ. ՏԵՐՅԱՆ
Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ,
Ինչո՞վ պիտի հպարտանաս-
Զավակներո՞վ քո տարաբախտ,
Թե ծխանիդ ծխով նվազ։
Այդ ե՞րբ այդքան դու հեզացար
Սանձին գերի նժույգի պես,
Քեզանից դու ո՞նց հեռացար,
Որ փնտրում ու չես գտնում քեզ։

Չար կատա՞կ չէր և խաղ մի խենթ,
Բարբարոսի հեգնանք անծիր-
Նշանեցին քեզ հայի հետ,
Բայց թուրքի հետ պսակեցին։
Անուն չունես, սակայն, ավաղ,
Չունես հիմա դու ազգանուն,
Եվ երբ ասում են Ղարաբաղ-
Ծռություն եմ ես հասկանում։



* * *
                 Մի՞թե վերջին պոետն եմ ես...                                                  
                      Վ. ՏԵՐՅԱՆ
Կկորչեն հավետ և փառք, և անուն,
Ինչպես հողմի դեմ ծաղկունքը անզոր,
Եվ կգա մի օր, որ Ղարաբաղում
Մի հայ չես գտնի հայերեն խոսող։

Ես կլինեմ քո պոետը վերջին,
Քո վերջին բողոքն ու նամականին։
Ձեռքս կդնեմ իմ անմեղ խղճին,
Ողբամ՝ օ՜, տուր ինձ ծուխն իմ ծխանի։

Քո ողբասացը կլինեմ վերջին,
Օտար ոտքի տակ տրորված ածուդ,
Կլինեմ վերջին հառաչանքը քո,
Վերջին հանդուգն ու վերջին ծաղրածուն։

Եվ ինձ կանվանեն ցնորված ու խենթ
Թոռն ու ծոռները նենգ Փեղամբարի,
Ինձ կքարկոծի ամբոխը անգետ-
Դասական ոճով քսաներորդ դարի։

Եվ ես կլինեմ մոռացված հավետ՝
Վերջին պոետը իմ լեռնաշխարհի։



* * *
             Հոտը գալիս է,                
            Քոչը՝ ետևից...                  
                Հ. ՍԱՀՅԱՆ
Հոտը գալիս է,
Քոչը ետևից,
Քոչը գալիս է,
Պոչը՝ ետևից։
Գալիս են, գալիս
Ձորերով, հովտով,
Իրենց շարիաթով
Եվ մուղամաթով,
Ծորուն նամազով,
Օբա-վրանով
Եվ ամենազոր
Իրենց Ղուրանով։
Գալիս են հոտին
Հատուկ ծուլությամբ,
Բայց հաստատակամ
Իրենց հին դավով.
Գալիս են, ինչպես
Մորեխի սև ամպ,
Մորեխից անգամ
Բիրտ ու ահավոր։
Գալիս-ասում են՝
Սա մեր երկիրն է,
Սա մեր սուրբ հողն է
Ու մեր տաճարը,
Սա մեր տան սյունն է,
Ալլահի գիրն է,
Սա մեր խաղողն է
Ու մեր մաճառը...
Եվ դուրս է գալիս,
Որ Փեղամբարը
Այստեղ է ծնվել
Իր ապուպապով,
Եվ դուրս է գալիս-
Ղաչաղ Ղամբարը
Այստեղ է կռվել
Իր մեծ բանակով,
Եվ դուրս է գալիս,
Որ Ղուրանն անգամ
Այստեղ է գրվել
Ալլահի կամքով...
Սուտ են Գանձասարն
Ու Ամարասը,
Ճիշտը Ղուրանն է,
Մեկ էլ՝ նամազը...
. . . . . . . . . . . . . . .
Իրենց հեռավոր
Ապաստաններից,
Ավազոտ ու չոր
Տափաստաններից
Հոտը գալիս է,
Քոչը՝ ետևից...




* * *
Դլե յաման,
Քոչը եկավ սելավ ինչպես,
Վայ, դլե յաման,
Եկավ քշեց մեր հողից մեզ,
Յաման, յաման։

Դլե յաման,
Ավեր դարձան մեր տուն, ձեր տուն,
Վայ, դլե յաման,
Մեր Թարթառը տնքաց տրտում,
Յաման, յաման։

Դլե յաման,
Կայծակ խփեց Մռավ սարին,
Վայ, դլե յաման,
Թուրքը տիրեց մեր աշխարհին,
Յաման, յաման։

Դլե յաման,
Քուրդը եկավ նման մրրկի,
Վայ, դլե յաման,
Գանձասարը շինեց մզկիթ,
Յաման, յաման։

Դլե յաման,
Ղարաբաղում հայ չմնաց,
Վայ, դլե յաման,
Մեր հայրենին անտեր մնաց,
Յաման, յաման։

Դլե յաման,
Հողմը կենաց-ծառս պոկեց,
Վայ, դլե յաման,
Սև ուղտը մեր դռան չոքեց,
Յաման, յաման։
1975 թ.



ԿԱՊՈՒՅՏ ՀՈՒՇԵՐ

ԱՌԱՋԻՆ ԵՐԳԸ

Խոտը մայիսյան ցողով էր թացվել,
ճերմակ ծաղկունքով զուգվել ակացին,
Տասներկու տարիս նոր էր լրացել,
Երբ իմ առաջին երգը գրեցի։

Հագինս չթե մի հին բլուզ էր
Եվ կարճ փողքերով գունաթափ տաբատ...
Ա՛խ, պատերազմի դաժան տարիներ
Եվ աշխարհ՝ մահ ու արյունով արբած։

Պայուսակիս մեջ, գրքերիս կողքին
Մի կտոր սմքած հաճարի հաց էր,
Հանդ էի քշել նախիրը ծեգին
Եվ ահա նորից դասից ուշացել։

Առաջին երգս հացին էր ձոնված,
Հացին, որ թանկ էր անգամ և կյանքից,
Մահը այնտեղ էր, որտեղ չկար հաց,
Որտեղ չկար հաց՝ այնտեղ լաց, կսկիծ։

Եվ այդ օրն էր, որ ես պատմությունից
«Հինգ» վաստակեցի, իսկ վարքից՝ «երկու».
Ուսուցչանոց կանչեց դիրեկտորը ինձ,
Նայեց տաբատիս, բլուզիս անգույն,

Նայեց վեհերոտ ու կշտամբալից,
Դեմքը դաժան էր, աչքը չէր թարթում,
Եվ այնպես նայեց, մի պահ թվաց ինձ
Հայացքից թույն ու լեղի է կաթում։

- Դե, հապա,- գոռաց,- տեսե՜ք մի սրան,
Միշտ ուշացած է դասերի գալիս,
Բանաստեղծում է, պոե՜տ է տղան
Եվ ինչե՜ր ասեք, որ դուրս չի տալիս։

Ու դեմքիս իջավ ապտակը ծանր,
Ապտակ՝ իմ արդար ու անմեղ խղճին,
Երգիս առաջին գնահատականը
Եվ հոնորարն էր դա իմ առաջին։

Զանգը ծլնգաց ու հառաչեց խեղճ,
Նահանջ էր տարին, արցունք ու լաց էր,
Գիրք-տետրակիս հետ, պայուսակիս մեջ
Մի կտոր սմքած հաճարի հաց էր...

Տասներկու տարիս նոր էր լրացել։
1981 թ.



ՕՐԸ

Օրը բացվեց, ծփաց բոսոր,
Օրը լցվեց օրվա հոգսով։
Ծառի ստվերն հողում ծծվեց,
Գետն իր ձայնը փորը գցեց։
Օրը քրտնեց, ընկավ հալից,
Եզը խրտնեց, փախավ կալից։
Մի շատախոս հիմար ճիճի
Հավքերի հետ մտավ վեճի։
Խոտին թիկնեց թիթեռն անճար,
Ձորում ճչաց չարդը լաչառ։
Առուն բկում խեղդեց ճիչը,
Շոգից՝ իրեն նետեց կիրճը։
Գետափով մի աղջիկ անցավ,
Հրա՜շք աղջիկ մի ոսկեծամ,
Ու կարկաչեց օրը արծաթ,
Օրը անուշ կարոտ դարձավ։

Մի ձայն զնգաց իմ ականջում.
Մայրս էր, ինձ տուն էր կանչում...
. . . . . . . . . . . . . .
Ես արթնացա, փախավ քունս...
Այդ ե՞րբ անցավ մանկությունս։
1980 թ.



ՀՈՐՈՎԵԼ

Ցողոտ դաշտերում, շողոտ դաշտերում
Հոտաղ էի ես. մաճկալս ծեր էր,
Քայլերը երեր, բայց արի ու տես՝
Անուշ ձայն ուներ, անուշ հորովել։
Երբ ձեռքը մաճին նա ծոր էր տալիս
Սոխակը հեռվից մեր հանդն էր գալիս,
Ու կախարդվում էր եղնիկը սարում,
Ուրիշ ձենով էր գլգլում առուն։
Եվ մի օր ես էլ ձայնս լարեցի,
Իմ երգը նրա երգին խառնեցի։
Մաճկալս լսեց՝ աչքերում զարմանք,
Գլուխն օրորեց, ժպտաց քթի տակ.
- Չէ՛, ես իմ հոգին, արևս վկա՜,
Քեզանից կարգին մաճկալ դուրս կգա։
Երեխայի պես ես երես առա
Ու չէի լսում տաղերը նրա.
Իմ երգերով ինձ հույս էի տալիս,
Ինքս ինձանից դուրս էի գալիս...
Եվ հյուսում էի բեյթեր ու գազել,
Եվ ուզում էի մաճկալիս հասնել։
Բայց դե մաճկալ էր, և չհամբերեց,
Ճիպոտը քաշեց ու մեջքիս բերեց.
- Ա՛յ զուլում,- ասաց,- ի՞նչ ես ճռվռում,
Քո հորովելը իմին չի բռնում։
Էդ ո՞նց կլինի, անխիղճ տնավեր,
Մաճկալ չդառած երես ես առել։

Տարիներն արագ եկան ու անցան,
Այդպես էլ ահա մաճկալ չդարձա։
1982 թ.



ՁԻԵՐԸ

Այդ ի՜նչ ձիեր էին, ա՜խ, ի՜նչ ձիեր՝ թռչկա՜ն,
Այդ ձիերն ու՞ր են, հիմա չկան։
Կրակ ու բոց էին ընչացքներից ժայթում,
Եվ սանձակոծ էին կանաչ դաշտում։

Նրանք ճերմակ էին, թուխ ու նարնջագույն,
Հուր ու կրակ էին երազ կապույտ։
Եվ զամբիկներ կային ջահելությամբ արբած,
Գեղեցիկ ու վայրի, դեռ չթամբած։

Այդ ի՜նչ ձիեր էին, ա՜խ, ի՜նչ ձիեր՝ թռչկա՜ն,
Այդ ձիերն ու՞ր են, հիմա չկան։
Գետինն էին դոփում ու վրնջում ցասկոտ,
Լկամներին փրփուր ու կանաչ խոտ։

Ասես հրդեհ էին հրացոլք բաշերին,
Ձիեր չէ, խև էին մութ գիշերին։
Եվ կռիվ էր՝ տարան- ի՞նչ իմանաս, թե ուր,
Ձիերի ձիգ շարան, օրը՝ տխուր։

Տարան՝ ֆուրգոն քաշեն ու գերաններ խոշոր,
Տարան՝ պայտեր մաշեն ճամփաներին փոշոտ։
Տարան՝ կրեն բեռներ, բեռների տակ տնքան,
Տարան կռվում մեռնեն ու ետ չգան։

Տարան՝ ծովում լողան, ձյունոտ լեռներ ճեղքեն,
Տարան՝ ցրտում դողան,- ձիեր են, չէ՞, մեղք են։
Եվ ի՜նչ ձիեր էին, ա՜խ, ի՜նչ ձիեր՝ թռչկա՜ն,
Այդ ձիերն ու՞ր են, հիմա չկան։

Բայց ձիերն ի՞նչ անեն, շուրջը աղմուկ, ճռինչ,
Ողջ աշխարհն է խառնվել, դարձել կական ու ճիչ։
Լեզու չունեն ասեն՝ դուք մեզ ու՞ր եք տանում,
Լեզու չունեն խոսեն՝ ի՞նչ եք անում։

Լեզու չունեն, սակայն կարծես լաց են լինում
Ու խրխնջում անկար, ծառս են լինում։
Նրանց ղումաշ մեջքին մտրակներն են շաչում,
Պտտվում են տեղում, խուլ հառաչում։

Ձիե՜ր, ճերմակ, կարմիր, նարնջագույն ու սև,
Ձիեր՝ լուրթ դաշտերի, ձեր ի՜նչն ասեմ...
Երկնքում սև ցինն էր, վիշտն ու ցավը անափ,
Քառասունմեկ թիվն էր, աշուն, տերևաթափ։

Ու գնացին նրանք ճամփաներով քարոտ,
Դարձան երազ, պատրանք և հեռավոր կարոտ։
Այդ ի՜նչ ձիեր էին, ա՜խ, ի՜նչ ձիեր՝ թռչկա՜ն,
Այդ ձիերն ու՞ր են, հիմա չկան։
1981 թ.



* * *
Կռիվ էր, գնաց, դուռը մնաց փակ,
Դռան մոտ ընկած սալաքարի տակ
Անտեր բանալին սևացավ ժանգից
Խոտերով ծածկվեց կածանը բակի։
Որբ էր մեծացել,
Նա ոչ մայր ուներ,
Ոչ հայր, ոչ էլ քույր, որ դուռը բացեն,
Օջախը վառեն, մաքրեն բակ ու տուն,
Անշուք խրճիթը չթողնեն մթնում։
Հիշեն տղային թխաչ ու ջահել
Եվ ճամփան պահեն։
Եվ կտուրի տակ թխլիկ սարյակը
Իր բույնը հյուսեց, գեղգեղաց դարձյալ,
Պարտեզում զնգաց նորից առվակը,
Խոտերին նստեց գարնան ցողն արծաթ։
Տարիներ անցան,
Բայց նա չդարձավ,
Եվ կախված մնաց գերանդին սյունից,
Հողե կտուրը ծանրացավ ձյունից
Ու խարխլվեցին գերանները տան։
Փլվեցին հանդարտ,
Եվ այդ հնացած գերանների տակ
Տրորվեց, կորավ կիսատ մի նամակ,
Մի հուր երազանք,
Կարոտ մի անհուն,
Չծնված սիրո մի ողջ պատմություն։



ԱՆՏԵՐ ՏՈՒՆԸ

Պատերի տակին եղինջ է բուսել,
Խոտի մեջ կորել բակ ու այգին,
Ճնճղուկները բներ են հյուսել
Ծռված կտուրի թեքված կռնակին։

Ու տանիքի տակ մատներով անտես
Նվագում է խենթ քամին իր շվին,
Եվ ջրհորդանը դատարկ թևքի պես
Կախվել, պարում է խարխլված քիվին։

Էլ եկող չկա, գնացող չկա,
Ծիծաղող չկա ու լացող չկա,
Քանի՞ տարի է, ո՞վ է իմանում,
Այս տան դուռը մի բացող չկա։

Որտե՞ղ են հիմա տերերը այս տան.
Խոսեցեք, քարեր, ինչո՞ւ եք լռում։-
Մի բարի տատիկ մոտենում դանդաղ,
Ասում է.
- Նրանք ընկել են կռվում։

Միայն այսքանը։ Ես խոսք չեմ գտնում,
Վիշտը ողբալու՝ չեմ գտնում բառեր։
Անտեր տան բակում կանգնել եմ տրտում
Եվ արտասուքն է աչքիս մեջ սառել։

Բայց արտասուքը ուժ չունի այստեղ,
Ո՞ւմ է հարկավոր և տրտմությունը։
Բռունցքվել է պետք սև հողմերի դեմ,
Որ չկրկնվի այս պատմությունը։
1984 թ.



ԵԶԸ

Կա հին մարագը և խոտի դեզը,
Կալատեղն էլ կա, բայց չկա եզը։
Եզը ի՞նչ աներ, անցել է դարը,
Դե եզ է, էլի, գլուխը քարը...

Տրակտորի տված բարիքը ծով է,
Ատոմի դարում եզ պահողն ո՞վ է։
Արորի բախտը բերեց այս անգամ,
Եկան քաղաքից, տարան թանգարան։

- Էքսպոնատ է արորը,- ասին,-
Պիտի իմանա աշխարհն էդ մասին։
- Բա ե՞զն,- հարցրին,- ի՞նչ անի անգործ։
- Եզան համար էլ կա սպանդանոց։

Եզը խեղճ եզ էր, դե ո՞ւմ բողոքեր,
Վճիռը անբեկ ու անողոք էր։
Տարան մորթելու, ու չբառաչեց,
Տարան քերթելու, ու չհառաչեց.

Ականջում արտի շրշյուն-շորորն էր,
Հոգում մաճկալի հո՜-հորովելն էր։
Հեռվում մարագն էր ու խոտի դեզը...
Եվ ոչ ոք չասաց. «Ափսո՜ս է եզը»։
1984 թ.



ԱՅՍ ՈՒՇ ԳԻՇԵՐԻՆ

Այս ուշ գիշերին փախել է քունս,
Չգիտեմ, թե ում դռներն է թակում,
Չգիտեմ՝ մտել որ հավքի բունը,
Ինձ երազիս մեջ թողել է անքուն։

Այս ուշ գիշերին մի անմիտ ծղրիդ
Թողած դաշտերն ու անտառները մեր,
Թռել մտել է իմ պատուհանից
Եվ ականջիս տակ իր երգը զլել։

Այս ուշ գիշերին մեր Խումար եզը
Ինձ մոտ է եկել հուշերիս կալից,
Ծռել է լծից կոշտացած վիզը
Ու հարցնում է իմ քեֆ ու հալից։

Այս ուշ գիշերին մի քնքուշ աղջիկ
Ցողոտ ձեռքերով իմ դուռը բացել,
Ժպիտը պահած աչքերում վճիտ,
Ասում է՝ արդյոք ինձ չե՞ս մոռացել։

Այս ուշ գիշերին Մանուշակ տատս
Երկար ճամփա է կտրել ու եկել,
Եկել ասում է՝ ասա ինձ, ջանս,
Այդ ինչո՞ւ այդպես վաղ ես ճերմակել։

Այս ուշ գիշերին եկել հայրս ծեր՝
Հողոտ ոտքերով և բահը ուսին.
- Վեր կաց,- ասում է,- քնով ես անցել,
Մեր բոստանները թողել ո՞ւմ հույսին։

Այս ուշ գիշերին խելառ մի տղա
Ինձ է կանչում մեր Խամուտի սարից.
Ասում է՝ ես քեզ գտել եմ ահա,
Որտե՞ղ ես կորել դու այսքան տարի։

Քո տեղն այստեղ է՝ լեռները կապույտ,
Անտառները բիլ, դաշտերը բեհեզ,
Ուր արծիվները երկինքներ չափում,
Գետերն են վիճում քարափների հետ։

Այս ուշ գիշերին փախել է քունս
Ու նետել է ինձ գիրկը հուշերիս,
Ինձ հյուր է եկել պատանությունս
Եվ քունս խլել այս ուշ գիշերին։



Ո՜Վ ԶԱՐՄԱՆԱԼԻ

Թե աստված իրոք արարել է քեզ
Ադամի կողից՝ այդպես նուրբ ու ձույլ,
Այդպես հողեղեն, հիասքանչ այդպես -
Հավատացյալի երկյուղով մի սուրբ
Երկրպագում եմ ես այդ աստծուն։

Թե դու բոցն ես այն փողի եղեգան,
Որ ծնեց մանուկ մի հրագանգուր,
Հուր պսակ գլխին, աչքերն արեգակ -
Չոքում եմ դեմդ ես քուրմի հանգույն
Եվ խունկ եմ վառում քո ոտքերի տակ։

Թե դու ես իրոք այն աստվածուհին,
Որին հեթանոս նախնիները մեր
Կոչեցին սիրո հրաշք Աստղիկ -
Քո վեհությանը թույլ տուր խոնարհվել,
Օրհնել ծնունդը քո սքանչելի։

Թե դու ես իրավ ուժն այն անմեհի,
Որ շանթերի դեմ դառնում շանթարգել,
Աշխարհն է փրկում դավից ու մահից -
Պատրաստ եմ կյանքս պարգևելու քեզ,
Ո՜վ հերոսամայր, ո՜վ զարմանալի։
1984 թ.



ՀԱՍՈՒՆ ՏԱՐԻ

* * *
Այդ ես չեմ երգում, երգում է հովը,
Զեփյուռն է արտի վարսերը շոյում,
Այդ գետն է երգում, երգում է ծովը,
Մեր աղբյուրներն են կարկաչում ձորում։

Այդ կաղնիներն են հպարտ շառաչում,
Կայծակն է ցոլում ամպերից մթին,
Այդ ծղրիդներն են դաշտերից կանչում,
Զեփյուռն է խաղում լեռան գագաթին։

Այդ արտույտներն են կախվել երկնքից
Ու ջրվեժներն են ծկլթում կիրճում,
Մի՞թե չեք լսում, այդ եղնիկներն են
Անտառի խորքում այդպես բառաչում։

Այդ ես չեմ երգում, երգում է առուն,
Գետակն է ձորում թմբուկն իր զարկում,
Այդ տերևներն են խշշում անտառում,
Քամին է մեր տան փեղկերը թակում։

Այդ աղջիկներն են, լսո՞ւմ եք նրանց,
Երգում են սիրո, կարոտի մասին,
Այդ ծաղիկներն են շշնջում կամաց,
Ողկույզն է դողում խաղողի վազին։

Այդ սիրուց մերժված տղաներն են մեր՝
Սիրածի համար այդպես հառաչում,
Այդ մայրն է խոսում կորած որդու հետ,
Այդ մանուկներն են անհոգ քրքջում։

Այդ ես չեմ երգում... Ես անտառներից
Շշուկ եմ պոկում կարոտով անանց,
Աղմուկն եմ բերում մեր գետակների
Եվ առանց վարձի բաժանում մարդկանց։

Ես սիրահարված պատանու նման
Լուսացնում եմ գիշերներն անքուն,
Ու լսում եք դուք երգերն այս հիմա
Եվ դուք կարծում եք այդ ես եմ երգում։
1963 թ.



ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ

Հիսուն տարին, ասում են,
Իմաստության տարի է,
Հիսուն տարում, ասում են,
Մարդիկ անչափ բարի են.
Թիկն են տալիս բազմոցին,
Անցած օրերն են հիշում,
Կարմիր-կանաչ մանկության
Սար ու ձորերն են հիշում,
Իրենց նախկին սերերի
Օրոր-շորորն են հիշում,
Կանաչ բեհեզ հանդերի
Թխլիկ լորերն են հիշում...

Եվ հիշում են, հիշում են,
Մայրական սուրբ օրհնանքի
Անուշ բառերն են հիշում,
Հեռվից կանչող ճամփեքի
Ծաղկած ծառերն են հիշում,
Իրենց ջահել օրերի
Խրոխտ պարերն են հիշում,
Եվ պատրանք ու հուշ դառած
Երազ յարերն են հիշում,
Հետո ապուպապերի
Շիրմաքարերն են հիշում։

Եվ հիշում են, հիշում են,
Կռիվ տարին են հիշում,
Եզը չոքած հերկի մեջ,
Կամը կալին են հիշում,
Ապին գնաց, լուր չկա,
Տատիկի սուգն են հիշում,
Փողոցներում գալարվող
Բորանն ու բուքն են հիշում,
Գտած ինչ-որ հրաշքով՝
Կորեկի հացն են հիշում,
Եվ այրերին սպասող՝
Մայրերի լացն են հիշում...
Հուշը հուշին դարսում են,
Հուշը չար ու բարի է...
Հիսուն տարին, ասում են,
Հասուն մտքի տարի է։
6 հունվարի, 1982 թ.



Ի Ն Ձ

Այս ծերանալը ինչպե՞ս է լինում.
Աշունը գլխիդ եղյամ է դնում,
Մի կարմիր-կանաչ գարուն ես հիշում,
Եվ հուշերիդ մեջ ամառն է խշշում,
Բայց հին իլիկով նույն թելն ես մանում՝
Տեսե՜ք, ջահել եմ ու չեմ ծերանում.-
Սիրուն կին տեսնում՝ խոր ախ ես քաշում,
Չէ, «ախս» ո՞րն է, հոգի ես մաշում,
Մտքում հազար մի նամակ ես գրում
Ջիվան օրերիդ թառլան սիրուհուն,
Եվ գլուխդ ես գովում զօր-գիշեր՝
Է՜հ, քանիսին եմ ես կյանքում մերժել...
Ձեռքովդ եկածն այդ է, ի՞նչ անես,
Էլ տակիդ Քուռկիկ Ջալալի չունես,
Քուռկիկ Ջալալուն հարմար թամբ չունես,
Էլ առաջվա պես ուժ ու թափ չունես,
Որ կրակ կտրած՝ անձրև ու ձյունին
Գնաս հասնես քո Խանդութ Խաթունին։

Այս ծերանալը ինչպե՞ս է լինում.
Քո լռության հետ մենակ ես մնում,
Մի երկու բաժակ գինուց հարբում ես,
Հուշ-պատրանքներով դու քեզ խաբում ես,
Քո այդ մանկության ճամփեքն ես չափում,
Ուր կաղնիներն են հպարտ սոսափում.
Հին երազներդ իրար ես խառնում,
Մի քաղցր խոսքից երեխա դառնում,
Երեխայի պես հրճվում ու ճչում,
Երազից խաբված տեղից վեր թռչում...
Եվ հետո աչքիդ էլ քուն չի գալիս,
Միտքդ նորից ես հուշերիդ տալիս,
Հուշերի թևով հեռուն ես թևում,
Լեռներ ես պատռում, երկինք ես ձևում,
Ու հանկարծ հիշում՝ շատ ես ուշացել,
Ջահելությունդ վաղուց է անցել...

Այս ծերանալը ինչպե՞ս է լինում.
Մտքիդ թելերից գորգեր ես հինում,
Մեկ-մեկ տրտնջում, մեկ-մեկ փնթփնթում,
Բան ես կորցրել, իբր չես գտնում,
Այն ես հավանում, այս չես հավանում,
Եվ քո ասածն ես հա առաջ տանում.
Բայց տեղն է գալիս՝ սիրտդ բարակում,
Կնոջդ անգամ դու չես առարկում,
Այնպես ես նրան «հոգի», «ջան» ասում,
Որ աղջկա պես ժպտում է, նազում...
Էլ ի՞նչ ես ուզում.
Թառլան կին ունես,
Ու ինքդ քո մեջ ջահելանում ես,
Էն նախկին սիրով վառվում, հալվում ես,
Հալվում, ծալվում ես,
Ծալվում, կես լինում...
Ծերանալն ահա այսպես է լինում։
1982 թ.


* * *
Պոետներին մեծարել են,
Տվել փառք ու պատիվ անծիր,
Պոետներին քարկոծել են
Նենգ ու նախանձ փարիսեցիք։

Պոետներին զրպարտել են
Հուդաները փողի գերի,
Պոետներին բանտարկել են,
Գնդակել են պոետներին։

Դափնիներ են դրել կանաչ
Պոետների սեգ ճակատին,
Ձեռքը խոթել ատրճանակ,
Հրավիրել մենամարտի։

Պոետներին խարանել են,
Վառել նրանց երգերն ընտիր,
Պոետներին դարանել են
Դանտեսները բախտախնդիր։

Պոետներին տվել թևեր
Ու մղել են խոյանքների,
Պոետներին սիրահարվել
Ու լքել են պոետներին։

Պոետներին հայհոյել են,
Հալածել են ու այպանել,
Պոետները զենքը ձեռքին
Հայրենի հողն են պաշտպանել։

Պոետները չեն նահանջել
Ու չեն եղել փառքի գերի,
Փառքը ինքն է վստահորեն
Եկել գտել պոետներին։




* * *
Այս շքերթներից հոգնել եմ արդեն
Ու ձանձրացել եմ ճառերից դատարկ։
Ճառ է հաղորդում ռադիոն երգի տեղ,
Վալսի փոխարեն՝ աղմուկ-աղաղակ։

Կուռքը տապալվել, բայց մի ուրիշ կուռք
Կանգնել է ահա նույն պատվանդանին,
Շողոքորթների ոհմակն ահարկու-
Կրկնում է նորից պատմությունը հին։

Ի՜նչ դիֆիրամբներ և ի՜նչ ցնծություն,
Թերթերում՝ ծափեր, եթերում՝ ծափեր,
Անմիտ ծափերն այս մեզ ու՞ր են տանում,
Այդ ո՞ւմ ենք ուզում ծափերով խաբել։

Այս շքերթներից հոգնել եմ արդեն
Ու ձանձրացել եմ ճառերից դատարկ-
Լեզուս հատեցե՜ք՝ չշողոքորթեմ,
Կտրեցե՜ք ձեռքս՝ որ էլ ծափ չտամ։



ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԻՆ


ՄՈՑԱՐՏԻ ՄԱՀԸ

Սրինգը ճչաց ու զնգաց ծնծղան,
Ջութակն հեկեկաց արծաթ արցունքով,
Ամբողջ կոկորդով շեփորը ճղղաց,
Գալարափողը փնթփնթաց դժգոհ։
Լռեց ֆլեյտան՝ կոկորդում արցունք
Եվ թավջութակը հառաչեց երկար.
Գալարվեց հողմը դատարկ փողոցում...
Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտը չկա։



ՊԱՏԿԵՐ

Հռոմն էր վառվում։ Նայեց բարձունքից
Կայսր Ներոնը վառվող Հռոմին
Եվ աղաղակեց զվարթ, ցնծագին.
- Օ՜, հիասքանչ պատկեր է սա մի։
- Իրավ, նայեցե՛ք, ո՜վ ազնիվ այրեր,-
Գոչեց այլայլված սենատոր մի ծեր,-
Այսքան հիասքանչ, գեղեցիկ պատկեր
Կարող է միայն կայսրը ստեղծել։



ԴԻՈԳԵՆԵՍ

Նա շատ քիչ բան էր աշխարհից ուզում՝
Թեկուզ դեն նետած տակառ մի դատարկ.
Որ անձրևներին չթրջվի դրսում,
Տոթին չվառվի բարկ արևի տակ։
Իսկ ինչո՞վ է վատ՝ տակառում քնել,
Ինչպես խրճիթում՝
հանգիստ,
փառավոր,
Երբ կարելի է բռով ջուր խմել,
Ավելորդ թասը ո՞ւմ է հարկավոր։
Մեծ փիլիսոփան այսպես էր ապրում
Ու բավարարվում աստծո տվածով,
Ոչ ոքի առջև գլուխ չէր ծռում,
Դռներ չէր ծեծում անձնական հարցով։
Մեծավորներին նա չէր դրվատում,
Կանանց ետևից նա քարշ չէր գալիս,
Մի կտոր չոր հաց, բուռ ոսպ էր ուտում,
Խեղճերին ձրի խորհուրդներ տալիս։
Իսկ ի՞նչ էր ուզում նա ապացուցել
Տեր ու ստրուկի իր դժվար դարում,-
Որ խելոք միտքը կարող է նաև
Ծնվել մի ինչ որ լքված տակառում։
1984 թ.



ՊԱԳԱՆԻՆԻ ԵՎ ՊՐՈՄԵԹԵՎՍ

Ճակատագրի ի՜նչ նմանություն
Պագանինիի և Պրոմեթևսի,
Մեկը կրակ էր պարգևում մարդուն
Ու արժանանում զայրույթին Զևսի,
Մյուսն անմահ հնչյուններ կորզել
Եվ իր ջութակով աշխարհն էր ցնցում,
Մեկն առասպելի անգո հերոս էր,
Մյուսն հասարակ մի մահկանացու,
Մեկին աստված է բիրտ ժայռին գամել
Անարդարության շղթաներով ձույլ,
Մյուսին նախանձ միջակությունն էր
Գիշեր ու ցերեկ անվերջ հալածում։
Եվ նույնն էր տենչը երկուսի սրտում՝
Ծառայել մարդուն խղճով անբասիր.
Ճակատագրի ի՜նչ նմանություն
Պագանինիի և Պրոմեթևսի։
1984 թ.



ԴՈՆ ԿԻԽՈՏ

Դեմս կանգնել ես ահա դու նորից՝
Քո ասպետական կեցվածքով տոչոր,
Ռոսինանտով քո, որ ընկել հալից,
Բայց դեռ վարգում է դարերի միջով։
Հուզված ես, գիտեմ, գուցեև դժգոհ,
Որ քո դարն այդպես էլ չհասկացավ
Եվ չգնահատեց սխրանքները քո,
Չձոնեց փառքիդ մարմարե արձան։
Սակայն փառք էիր դու տենչում մի՞թե,
Հարկավո՞ր էր քեզ բեռը այդ հետին,
Երբ սուրում էիր հողմաղացի դեմ՝
Ազնիվ մղումով խիզախ ասպետի։
Ընդդիմանալով ծաղրուծանակին,
Արհամարհելով հեգնանքը այրող,
Դու փորձում էիր ետ բերել կրկին
Դարն հանդուգների... նիզակիդ ծայրով։
Այս արևի տակ ո՞ր խելագարն է
Եղել քեզ նման այդքան հանճարեղ,
Ո՞ր ցնորվածը, ո՞ր մտագարն է
Աշխարհին այդքան ծիծաղ պարգևել։
Օ՜, Լամանչեցի փառապանծ ձախորդ,
Տխուր պատկերի ասպետ դու տոկուն,
Իսկ մի՞թե հեշտ է լինել Դոն Կիխոտ,
Ապրել խելագար, մեռնել իմաստուն։
Երեք դար ու կես զրահը հագին
Քայլել հավերժի ճամփեքով խոտոր,
Սանչո Պանսային արած զինակիր
Եվ հալից ընկած մի Ռոսինանտով։
1984 թ.



ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Ժամանակն ինչքան կուռքեր տապալեց,
Որքան ասպետներ կորան անանուն,
Հեշտ չէ ճակատին դափնիներ պահել
Մեր այս ահեղ ու անհանգիստ դարում։

Ապաշնորհն էլ փառք է երազում,
Փառքի են ձգտում տգետներն անգամ,
Թեկուզ քչերն են բարձրանում գագաթ,
Բայց անմահանալ բոլորն են ուզում։

Անմահությունը ոչ շքահանդես
Եվ ոչ էլ տոմս է վիճակախաղի,
Ծանրաձող չէ այն, որ գետնից պոկես,
Սահմանես ռեկորդ համաշխարհային։

Գրչով հաստատված կոչում չէ էժան
Կամ թե մրցանակ՝ սնդուկում պահես,
Եվ ոչ էլ մեդալ կամ շքանշան,
Որ տոն օրերին կուրծքդ զարդարես։

Այն ոչ կոդեքս է, ոչ էլ հրաման՝
Վավերացրված կնիք ու գրով,
Ոչ էլ մրողի մի թույլ դրամա,
Մեջքին հրելով բեմ տանես զոռով։

Նրանց համար չէ անմահությունը,
Ովքեր քծնությամբ պաշտոն ստանում,
Դրոշակ են դարձնում շեֆի անունը,
Նրա ճառերից մեջբերում անում։

Եվ ոչ էլ նրանց համար է, ովքեր
Սիրում են շուքով նիստ ու հանդիպում,
Եվ համարվելով ճանաչված դեմքեր,
Իրենց գրքերն են արտահերթ տպում։

Անմահությունը բրոնզե արձան չէ,
Որ կանգնեցնես տեսարժան վայրում,
Տեսնես ինչպես են բերանբացները
Զարմացած նրա սֆաթին նայում։

Անմահությունը... պատվանդան է դա՝
Ժամանակների ոգին անբասիր,
Վրան անունդ գրելուց առաջ՝
Մտածիր նաև պահելու մասին։

Այդ պատվանդանին թե որ ուզում ես
Հավերժի, փայլի փառքդ լուսահորդ,
Պիտի լինես կամ ըմբոստ Սերվանտես,
Կամ Լամանչեցի անմահ Դոն Կիխոտ։
1981 թ.



ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԻՆ

Եվ տերը կանչեց սուրբ ղազավաթի
Գյավուրների դեմ, կեղտոտ հայերի,
Շեյխը կոչ արեց՝ խփեցեք իթին,
Թե չէ՝ կգան ու բազմանան էլի,
Խլեն մեզանից մեր տունն ու տեղը,
Մեր մուլք-դովլաթը, մեր գիտությունը,
Ա՛յ թող կտրվի դրանց գող ցեղը,
Վալլա՜հ, քանդեցին դրանք մեր տունը։

Եվ ելան նրանք՝ հպատակները
Սուրբ Մուհամեդի ու Փեղամբարի.
- Խփե՛ք գյավուրին, վառե՛ք տները,
Մի՛ թողեք քարը դնեն մի քարի.
Իրենց հավատը ինչո՞ւ չեն փոխում,
Ինչո՞ւ են կեղտոտ խոզի միս ուտում,
Մեր կոխած հողը ինչո՞ւ են կոխում,
Իրենց որդոց էլ դեռ չեն թլպատում։

- Յա՜, ալլահ, ալլա՜հ, հայից մեզ փրկիր,
Իրենց բերանի համն էլ չգիտեն,
Գինի են խմում, պահում են մի կին,
Շախսեյ-վախսեյին գնում են միշտ դեմ,
Իրենց մազերին հինա չեն դնում,
Նամազ չեն անում արքին ու սարքին
Քեչայի վրա երբեք չեն քնում
Մեզ նման՝ փալաս-փուլուսը հագին։
Եվ ելան նրանք՝ ցեղերը վայրի՝
Թալեաթով իրենց, իրենց շարիաթով.
Ինչո՞ւ է աստված ստեղծել հային՝
Թուրքերի կողքին՝ հայի մռութով։
Ինչո՞ւ են նրանց շորերը մաքուր,
Եվ կանայք ինչո՞ւ չադրա չեն կրում,
Շալվարի տակից թուման են հագնում,
Ոչ գողանում են և ոչ էլ խլում։

Երբ տերը կանչեց սուրբ ղազավաթի,
Եվրոպան դրել գլուխը բարձին,
Անկարաներից լսում բայաթի
Եվ այլ կողմից են մոտենում հարցին։
Թուրքերը, ճիշտ է, բարբարոս են, նենգ,
Բայց դե հայերը էլ ի՞նչ են ուզում,
Մի քանի հազար ոսկի է, տվեք,
Եվ ապրեցեք ձեր Վանում ու Կարսում։

Երբ Թուրքիան ելավ սուրբ ղազավաթի-
Հայացքը հառած բարձր Մասիսին,
Եվրոպան թուրքի պորտապարն էր
Ուսումնասիրում պատմության դասին։



ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» դրամայից


ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԲՈՂՈՔԸ

Օ՜, տեր իմ, տուր ինձ ուժ ու զորություն,
Որ ճանապարհիս ինձ չկորցնեմ,
Տուր իմ մտքերին այնքան խորություն-
Արդարությունս արդարացնեմ։
Տո՛ւր արիություն ու կամք մի համառ՝
Ամեն զուռնայի ձենից չպարեմ,
Մի խակ ու թթու խնձորի համար
Ծառն ամբողջովին չթափահարեմ։
Տո՛ւր ինձ այնպիսի նուրբ լսողություն-
Չխաբվեմ-տարվեմ դատարկ կանչերից,
Եվ այնպիսի ձայն, որ այս աշխարհում
Բան հասկացնեմ խլականջներին։
Տո՛ւր ինձ այնպիսի մի համառություն-
Շաղակրատին չծափահարեմ,
Փղի կամ ուղտի համբերություն տուր-
Հարկ եղած դեպքում լեզուս ինձ պահեմ։
Տո՛ւր ինձ այնքան ուժ, որ կարողանամ
Այս տգետներին զուր չդրվատել,
Կախարդանք՝ փակված դռները բանամ,
Գլուխ չթեքեմ հիմարների դեմ։
Տո՛ւր ինձ իրավունք և ոգու ուժ տուր-
Ապուշի վրա ես էլ մատ ճոճեմ,
Եվ տեր իմ, տուր ինձ համարձակություն,
Որ իրերն իրենց անունով կոչեմ։
Ձգողության ուժ տուր ինձ մագնիսի,
Որ ոսկուց ժանգոտ երկաթը զատեմ,
Եվ կարողություն, որ իմ ոսոխին
Ոսոխի նման մինչև վերջ ատեմ։
Տո՛ւր ինձ այնպիսի մի հաստատ հավատ,
Որ իմ հավատը չդավեմ հանկարծ.
Հեռու պահիր ինձ մարդկանցից կավատ
Ու զավզակներից նենգ ու բերանբաց։
Ա՛խ, տե՛ր իմ, տուր ինձ նաև չարություն,
Որ բարությանս գինը իմանամ,
Փխրունությանս կարծրություն տուր,
Որ ամեն ցավ ու վերքի դիմանամ...
Օ՜, տեր իմ, տուր ինձ,
Տո՛ւր ինձ, օ՜, տեր իմ։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Ա՛խ, մարդիկ, մարդիկ,
Ախր աշխարհին այդ ի՞նչ եք տվել,
Որ ետ վերցնել չեք կարողանում...
Մեկը մյուսիս ցավը տանելով այսպես ապրում ենք,
Մեկը մյուսիս ցավը տանելով իրար խաբում ենք.
Մեկը մյուսիս լցրած բաժակով խմում-հարբում ենք,
Մի արշին առած՝
Մեկը մյուսիս անվերջ չափում ենք։
Մեկը մյուսիս շնորհավորում
Բաժակ-կենացով փքուն ու շինծու,
Իրար այնքա՜ն ենք սիրուն խոսքերով ստից մեծարում,
Որ մեծերն իրենց գերեզմաններից
Մեր գլուխգովան հերն են անիծում։
Գրկում, համբուրում ու ջան ենք ասում մեկը մյուսիս,
Որ իբր տեսեք, սիրում ենք իրար, հոգի չենք ծռում,
Բայց հետո գաղտնի մեկը մյուսիս ջաղացի ջուրը
Գնում շուռ տալիս,
Մեր բոստանների պղպեղն ենք ջրում։
Մեկը մյուսիս քնքուշ շոյելով-
Մեր իլիկով՝ մեր որոգայթների թելը մանում ենք,
Մեկը մյուսիս աչքին նայելով-
Օրը ցերեկով մեկը մյուսիս աչքը հանում ենք։
Մեր չեղած փառքը երկինք ենք հանում,
Մեկը մյուսիս ձեռքի մեջ խրած փուշը հանում ենք,
Վրան... աղ ցանում։
Դեմ-դիմաց իրար միշտ հաստատում ենք,
Իրար քարկոծում՝ իրարից թաքուն,
Մեր ճանապարհը մեկտեղ հարթում ենք,
Իրարից ծածուկ հարթածը քանդում։
Դհոլ-զուռնայով մեկը մյուսիս փառաբանելով՝
Եղինջի նման տակից դաղում ենք,
Եվ հաջորդ օրը դուդուկ-թմբուկով
Մեկը մյուսիս տանում-թաղում ենք։
Կյանք է, խաղում ենք։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՂՈԹՔԸ

Մեղա՜ քեզ, աստված...
Եթե դու ունես ամբարած քո մեջ այդքան զորություն,
Տո՛ւր հոգուս կորով, սրտիս մխիթարանք, մեղքիս՝ թողություն,
Տո՛ւր այնպիսի ուժ, որ համբերությամբ իմ խաչը տանեմ,
Եվ այնպիսի խելք, որ ծուռ մտքերը իմ գլխից վանեմ։
Լսի՛ր ինձ, տե՜ր իմ, ամենակարող,
Այս փուչ աշխարհում այնքան բաներ կան, տանել չեմ ուզում.
Այդ ինչի՞ համար տերը քացի տա,
Սակայն նոքարը կոչվի անասուն.
Մի՞թե չի զգում ամենազորեղ երկնային տերը,
Որ առանց պոչի չեն կարող ապրել շողոքորթները։
Եթե աստված ես, ինչո՞ւ ես թողնում լիրբը սրբանա,
Ինչո՞ւ մենք դատենք, իսկ չդատողը ուտի, լրբանա.
Թե հավասար են աշխարհում ամեն մի մահկանացու,
Այդ ինչո՞ւ իմ և մելիքի միջև սահման ես գծում.
Ինչո՞ւ դու նրան տալիս ես այնքան, որքան ուզում է,
Իսկ ով որ չունի՝ նրան խուզում ես։
Ներիր, ես ծուռ եմ, խելառ ու խենթ եմ, լեզու ունեմ սուր,
Զի այս աշխարհում ճշմարտությունը խենթերն են ասում։
Թե որ ուժ ունես՝ տուր ինձ զորություն՝ չվիճեմ քեզ հետ,
Բերանս փակիր՝ համր քար դառնամ, լեզուս ինձ պահեմ։
Թե որ արդար ես՝
Ինձ ու մելիքին մի աչքով նայիր,
Թե որ սատար ես՝
Եկ բեռս կիսիր ու ինձ հետ քայլիր.
Քո իմաստությամբ հրաշքներ գործիր՝
Թե որ ճարտար ես,
Ախր ինչո՞ւ ես դու այդքան իջել-
Թե որ կատար ես։
Չէ, խոսքը մեր մեջ, ո՜վ երկնային տեր,
Դու անուն ունես, սակայն չունես խելք,
Չի՞ լինի, արդյոք, տեղներս փոխենք,
Փոխենք մեր դերը առանց երկյուղի-
Թող ես սուրբ կոչվեմ,
Դու՝ Պըլը-Պուղի։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՑԱՍՈՒՄԸ

Ես ծաղրել եմ ու ծանակել սուրբ հայրերին այն կեղծավոր,
Որոնք աստծո փեշը բռնել
Ու տեր աստծո անունով են
Մեր հավատն ու խիղճը խժռել։
Ես ծաղրել եմ ու ծանակել հուդաներին այն եղծավոր,
Որոնք իրենց անմարդկային կշեռքով են
Մեր մարդկային ըմբոստ ոգու ճիչը կշռել։
Ես ծաղրել եմ ու ծանակել այն ստրկահաճ հպատակին,
Որ ջարդվել է կրունկի տակ դաժան տիրոջ,
Սակայն նորից սողացել է ու պատժողի աջն համբուրել։
Ես ծաղրել եմ ու ծանակել մարդուկներին այն երկդեմի,
Որ դավել են բազում անգամ հավատն իրենց,
Բայց և այսօր հանդգնում են Քրիստոսի խաչն համբուրել։
Օ՜, բազում են իմ մեղքերը,
Ոչ դրախտում ես տեղ ունեմ,
Ոչ դժոխքում այն ահավոր.
Ծիծաղել եմ ու ծիծաղիս համար հաճախ լաց եմ եղել,
Լաց ու ծիծաղ իրար խառնած՝
Անցել եմ իմ ճանապարհով...
Իսկ դուք բերել, գլխիս ահա խեղկատակի գլխարկ դրել,
Ինձ խելառ ու խենթ եք կոչում։
Այս ծռված ու փուչ աշխարհում,
Այս զնդան ու մուրճ աշխարհում,
Այս անսիրտ ու մունջ աշխարհում
Ես չգիտեմ՝ որտեղ կորչեմ։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ

Կամոք Աստծո՝ ծնված օրից էլ ես հողապաշտ եմ,
Թե այս կյանքի հետ մեկ-մեկ անհաշտ եմ,
Այդ նրանից է, որ դուք ուզում եք ինձնից ինձ վանել
Եվ հողապաշտի իմ այս հավատը իմ մեջ սպանել։
Իսկ ես ստիպված գլխիս դնում եմ միմոսի գդակ,
Ճշմարիտ խոսքը ներկայացնում որպես սոսկ կատակ։
Ես ծիծաղում եմ արցունքիս միջից, ձեր ծուռը հարթում,
Ծիծաղս տեսնում, սակայն արցունքս դուք չեք նկատում։
Գլխից ձեռք քաշած լարախաղի պես
Կանգնում եմ թոկին ու թափահարում,
Բայց ամոթ ի ձեզ՝
Շներին կապկող խեղկատակին եք դուք ծափահարում։
Ես ճամփի վրա խնձորի ծառ եմ հավիտյան անտեր
Եվ ամեն համբակ պարտք է համարում վրաս քար նետել։
Ես աստվածադավ և աստվածապիղծ մի կռապաշտ եմ,
Ծուռ ու անհաշտ եմ,
Խելառ ու խենթ եմ, լեզու ունեմ սուր,
Զի այս աշխարհում ճշմարիտ խոսքը խենթերն են ասում։
Թե որ ուզում եք՝ հերետիկոս եմ,
Ինձնից հանեցեք իմ ըմբոստ ոգին
Եվ ենթարկեցեք սուրբ Քրիստոսի անլուր տանջանքին,
Միայն խնդրում եմ՝ այնպես կտրեցեք իմ այս վիզը խեղճ,
Որ Ղարաբաղը չսպանեք իմ մեջ։
1975 թ.



ՄԵԼԻՔ ԵՍԱՅՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Ձերը լինեն ու ձեզ մնան պարտեզները ոսկեբեհեզ,
Հայրենաշեն մեր լեռների մի չոր քարն էլ հերիք է մեզ։
Ձերը լինեն ու ձեզ մնան պալատները ձեր փառավոր,
Մենք մեր անշուք խրճիթի մեջ և՛ իշխան ենք, և՛ թագավոր։
Ձերը լինեն ու ձեզ մնան հարեմները ձեր հեշտագին,
Մեր օրենքով սերը մեկն է, մենք տրված ենք միայն մեկին։
Ձերը լինեն ու ձեզ մնան աղոթքները ձեր մոգերի,
Մենք մեր ամուր հավատն ունենք, մեր հավատին ենք մենք գերի։

Ձերը լինեն ու ձեզ մնան և՛ գահ, և՛ թագ, և՛ փառք, անուն,
Սակայն այնպես դուք ապրեցեք այս աշխարհում,
Որ այլևս ձեր դաշտերի ագռավները մեր լեռներում չկռնչան,
Մեր սանձակոծ նժույգները ձեր դաշտերում չխրխնջան,
Մեր լեռների ջինջ գետերը չպղտորվեն ձեր հանդերում,
Ձեր աշխարհի սև հողմերը չգալարվեն մեր արտերում,
Ձեր կռվատենչ զինվորները մեր լեռներում չհառաչեն,
Մեր լեռների կայծակները ձեր աշխարհում չշառաչեն։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԽՐԱՏԸ

Ապրելն ապրել է, ուրեմն եկեք մեծ հոգով ապրենք,
Ատելն ատել է, էլ ինչո՞ւ խաղանք, մինչև վերջ ատենք,
Հարբելն հարբել է, հերն էլ անիծած, մինչև վերջ հարբենք,
Բայց եկեք դնենք մեր խիղճը մեջտեղ՝ իրար չխաբենք։

Հավատն հավատ է, մեր հավատամքին հավատով մնանք,
Մեր լիքը սրտով, մեր լիքը գինու գավաթով մնանք,
Արդարության հետ, արդարության պես անվրդով մնանք,
Աշխարհին դեռ բան ունենք ասելու, կավատ չմնանք։

Իրար չկեղծենք, իրար չպղծենք, իրար չթաղենք,
Մեկը մյուսիս աչքին նայելով՝ տակից չդաղենք,
Եթե ծիծաղ է, ուրեմն եկեք այնպես ծիծաղենք,
Որ կյանքի վրա մեր այդ ծիծաղով արատ չմնանք։

Մեր լեռների ու ժայռերի նման կուռ ու վես մնանք,
Քանի ապրում ենք, մեր հանդում բուրող ուրցի պես մնանք,
Եվ Պըլը-Պուղին ասաց՝ հազա՜ր փառք մեր հող ու ջրին,
Մեր թոռների ու ծոռների աչքում պարզերես մնանք։



ՎԱՍՆ ՀՈՒԴԱՅՈՒԹՅԱՆ

Օ՜, Հուդա, Հուդա,
Դու չես վերանա, քանի որ ծնվել
Ու կծնվեն դեռ նոր Քրիստոսներ,
Նոր առաքյալներ կգան ասպարեզ-
Սուրբ Քրիստոսի լուսապսակով,
Միշտ էլ աշխարհում կշարունակվես,
Քանզի ապրում են հետնորդները քո։

Նոր ուժ ու կորով կառնեն քեզանից
Թոռնեթոռներն ու ծոռները Նեռի,
Համբույրներով ու երդումներով պիղծ-
Հարություն առած կքայլեն նորից.
Բանսարկուների դու քաջ դաշնակից,
Հզոր բարեկամ շողոքորթների։

Նոյից մինչ այսօր անհետ, անանուն
Կորել են քանի՜-քանի ազգ ու ցեղ,
Բայց դու անմահ ես, քանի աշխարհում
Հուդայությունը դեռ չի վերացել։



ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԿՏԱԿԸ

Դուք կթաղեք ինձ Սինգարա սարում,
Սինգարա սարի բարձր կատարին,
Ուր գարնան հովն է ծաղկանց հետ խաղում,
Սաղմոս է կարդում կաքավը քարին։

Չհնչեցնեք զանգեր աղոթքի,
Ինձ հարկավոր չէ և սուգը իմ տան,
Վարդապետները թող պատարագիս
Անմահ Քուչակի տաղերը կարդան։

Ոսկու, արծաթի ես աչք չեմ տնկել,
Գլուխ չեմ գովել, ստից չեմ ճառել,
Կյանքս ապրել եմ անդավ ու անքեն,
Ոչ կաշառել եմ, ոչ էլ կաշառվել։

Չեմ խաբել երբեք ոչ ինձ, ոչ էլ ձեզ,
Աղունս առանց հերթի չեմ աղել,
Բայց պատահել է, եղել է այնպես,
Որ գետի վրա ալյուր եմ մաղել։

Ինձ հարկավոր չեն մարմարե դամբան,
Իշխանավորի փառահեղ թաղում,
Տրեխներով եմ անցել իմ ճամփան,
Տրեխներով ինձ դրեք դագաղում։

Դրախտ ու դժոխք ինձ համար մեկ են,
(Թե մեղք եմ անում, տե՜ր աստված, ներիր),
Պըլը-Պուղին եմ, այն աշխարհում էլ
Ես պիտի պայտեմ սատանաներին։

Եվ պաղատում եմ, քար դրեք վրաս,
Մի հասարակ քար, մամուռը կողքին,
Այդ քարի վրա գրեցեք միայն.
«Այստեղ հանգչում է մեր Պըլը-Պուղին»։
1975-1978 թ.



ՂԱՐԱԲԱՂԻՆ

Դարերի մուժից հրաշքով հառնած
Ես քո կիսավեր վանքը և տունն եմ,
Հարսների աչքին արտասուք դառած -
Ես քո խոր վիշտը և տրտմությունն եմ։

Մրրիկներից ու հողմերից թեքված
Ես քո դիմացկուն թթենու բունն եմ,
Քո գուսանների երգերում երգված
Ու փառաբանված արիությունն եմ։

Ոսոխիդ բիբում փշի պես ցցված
Քո Գանձասարի գմբեթն ու սյունն եմ,
Կածաններիդ ու ճամփեքիդ բացված
«Ապրեմ-չապրեմի» տոկունությունն եմ։

Ամառվա տոթին մեղմ զեփյուռ դառած
Քո Մռավ ու Քիրս սարերի ձյունն եմ,
Բազում վերքերից խոցված ու վառված
Քո անտակ սրտի փխրունությունն եմ։

Վաղվա լուսաջինջ հավատով ապրող,
Ցրտից չխամրող ծաղկունքիդ գույնն եմ,
Արևի փոքրիկ շողից չխաբվող -
Ես քո բողբոջի զսպվածությունն եմ։

Հնձաններիդ մեջ քլթքլթացող լուռ -
Ես քո խաղողի քաղցրությունն եմ,
Ես քո զրահը, քո վահանն եմ կուռ,
Ես քո ժայռերի կարծրությունն եմ։

Դու իմ հինավուրց օջախն ու տունը,
Ես քո արյունն ու քո զորությունն եմ,
Ու ապացուցված քո վեհությունը,
Քեզնով հաստատված քո խորությունն եմ։

Երեկն ու այսօրն իրար կամրջող
Քո խոյակների շաղախն ու կիրն եմ,
Ես քո բարբառն եմ հավերժ կարկաչող,
Ես մեսրոպատառ քո անմահ գիրն եմ։

Ես երազներն եմ քո հազարաձև,
Ես քո տագնապող համբերությունն եմ,
Պղտոր ջրերը կհոսեն, կանցնեն,
Ես աղբյուրներիդ զուլալությունն եմ։

Քեզնով եմ կամքս պայքարում կռել,
Ես քո հավատն ու հպարտությունն եմ,
Հնարավոր չէ երբեք ինձ ծռել,
Ես հազարամյա քո պատմությունն եմ։
Հունիս 1975 թ.



ՍՄԲԱՏ ԵՎ ԲԱԲԵԿ
    …Նույն տարին միևնույն իշխան Սահլի Սմբատյանը
    ձերբակալում է ապստամբ Բաբանին, որ մարդախող-
    խող, աշխարհավեր, արյունարբու գազան էր, և հանձ-
    նում ամիրմունիի ձեռքը։
                   («Աղվանաց աշխարհի պատմություն»                  
                                            Մովսես Կաղանկատվացի)
Լինի թեկուզ Թալեաթ հազար
Եվ նույնքան էլ՝
Փաշա Էնվեր,
Որքան ոռնաս, Ռասուլ Ռզա,
Սմբատները միշտ ծնվել են
Ու կծնվեն…
Որ պաշտպանեն երախտամոռ
Բաբեկներից պատիվը մեր,
Որ ինչ-որ մի քոչվորի թոռ,
Դարեր ի վեր
Անտուն, անտեր-
Չմտնի մեր տունն հայրենի
Ու հորջոջի իրեն տանտեր…
Սմբատները պիտի ծնվեն-
Ապացուցեն, որ աշխարհում
Որ այս հողում
Ոչ քո հայրը շիրիմ ունի,
Ոչ էլ պապը,
Որ ցեղիդ հետ եղած կապը
Ոչ թե այստեղ,
Այլ տոթակեզ
Անապատում գնաս փնտրես։
Սմբատները պիտի ծնվեն՝
Հատեն քո այդ լեզուն շողում,
որ առնես դաս,
Ուրիշներից խլած հողում
Ուրիշների պատմությունը
Չգողանաս…
Հիմա լսիր պատմությունն այս,
Ով հանգաթուխ Ռզա Ռասուլ,
Ունկ դիր և տես-
Մեսրոպագիր
Պատմիչները ինչ են ասում։

1.
Հալածված ահեղ հակառակորդից-
Դեմքին իր հոգու թույնը անթաքույց-
Անտուն, անօջախ քոչվորի որդի
Բաբեկը փախավ ջարդված, մազապուրծ,
Թողած լեռներում, ձորերում մթին-
Զոհեր բազմաթիվ։
Նրա աչքերում սարսափ կար վայրի
Եվ ատելություն աշխարհի հանդեպ,
Շուրջը լեռներ են տոչոր, ամայի,
Օտար ճամփաներ և օտար հանդեր։
Նա հայրենիք էր փնտրում աշխարհում,
Եվ ազգ կոչվելու ուժ ու իրավունք,
Դրա համար էլ ջարդում էր, վառում
Ու պատսպարվում ձորերում խորունկ։
Աղվանքում արյուն, մահ ու կոտորած,
Բաղաց գավառում թալան ու ավեր,
Սյունյաց աշխարհում արտասուք ու լաց,
Կին, մանուկ ու ծեր
Անտուն բնավեր…

Իսկ հետո… հետո այդ ինչպես եղավ,
Որ իր ոհմակը կրեց պարտություն.
Երկնքից կարծես հուր ու բոց տեղաց,
Հրաբուխ ժայթքեց ասես Սյունիքում։
Դա վերջն էր արդեն,
և ինքն էլ գիտեր,
Որ ոչ մի ալլահ իրեն չի փրկի,
Եվ այս աշխարհում դժվար է հաղթել,
Նրանց, ովքեր որ Հայրենիք ունեն։
Իսկ ո՞վ է ինքը, ինչ ազգ ու տոհմից.
Քոչվոր էր հայրը,
Եվ պապն էր քոչվոր,
Եվ ցեղն էր վայրի ու աստանդական,
Եվ նախնիները ավազակ ու գող,
Եվ ինքը հարկավ…

Օ, ալլահ, մի՞թե փրկություն չկա,
Գոնե մի գիշեր, մինչև լուսաբաց
Քներ ապահով…
Եվ հիշեց հանկարծ,
Բաբեկը հիշեց Սմբատ իշխանին,
Որ մոտը հյուր էր տարիներ առաջ.
Հիշեց կնոջը նրա գեղանի,
Որ ընդունել էր խառնածին հյուրին
Հարգանքով պատշաճ.
Քրոջը հիշեց իշխան Սմբատի-
Նազիրան, հպարտ ու թեթևաոտ,
Նրա բերանը կոկոն էր վարդի,
Ժպիտը գարնան բացվող առավոտ…
Օ, հայը գիտե պատվել իր հյուրին,
Հայը չի խփում երբեք թիկունքից.
Հայը իր տունն ու հայրենիքն ունի,
Սիրտը մաքուր է, մաքուր է հոգին…
- Դեպի դղյակը իշխան Սմբատի,-
Դարձավ նա ասաց իր զորախմբին.
Ուղեղում մի միտք ծնվեց տմարդի,
Աչքերին իջավ… նի՞րհ էր, թե՞ թմբիր…

2.
Իշխան Սմբատը իր հին դղյակում
Նրան ընդունեց բարեկամի պես,
Ճոխ սեղան բացեց ընդարձակ բակում,
Հոսեց յոթ տարվա գինին փրփրադեզ։
Ու գինովացավ Բաբեկը պարտված,
Կենացը խմեց իշխան Սմբատի.
- Թիկունքս,- ասաց,- դու ես անկասկած,
Շնորհակալ եմ իմ հզոր բաթիր,-
Եվ գիշեր եղավ մութ, ականակուր,
Սակայն չքնեց հյուրը սրբապիղծ,
Եվ երբ լռություն տիրեց դղյակում,
Քոչի շան նման զգույշ ու թաքուն
Բաբեկը սողաց, ելավ օթախից
Ու արթնացրեց քնած խուժանին։
- Շղթայել,- ասաց,- Սմբատ իշխանին,
Այդ գյավուրից իմ վրեժը կառնեմ…

Սմբատ իշխանը կանգնեց շղթայված,
Դարձավ Բաբեկին ու այսպես ասաց.
- Բաբեկ, դու Բաբեկ, գող շեյթանի ծոռ,
Քոչվորի պնչից թռած գարշահոտ,
Ես քեզ պատվեցի իմ աղ ու հացով-
Ոնց բարեկամի՝ հարազատ ու մոտ,
Իսկ դու եղկելի անամոթ ու պիղծ-
Իմ այս հարկի տակ շղթայում ես ինձ.
Ո՞րն է իմ մեղքը, ի՞նչ եմ արել քեզ։-
Պատասխան տվեց Բաբեկը այսպես.
- Իմ ցեղն է քոչվոր ու աստանդական,
Եվ իմ արյունն է քոչվորի արյուն.
Իսկ քո մեղքն այն է, որ ապրում ես, կաս,
Սեփական հողի վրա ես քայլում.
Դու ունես օջախ, հայրենիք ունես,
Քո գլխի վերև դու տանիք ունես,
Դու… գալիք ունես…

Եվ շղթայակապ իշխան Սմբատին
Դառն հեգնանքով ծանակեց.
- Բաթիր…
Եվ բռնաբարեց կնոջը նրա,
Եվ բռնաբարեց քրոջը նրա,
Հետո անպատվեց մորը ալևոր,
Ու դարձավ ասաց խուժանին վայրի.
- Հանուն ալլահի, իսլամի թոռներ,
Մեզ վիճակված է միայն թալանել,
Գողանալ, վառել, պղծել ու խաբել.
Գյավուրներն ինչո՞ւ աշխարհում ապրեն,
Ինչո՞ւ ունենան հայրենիք ու տուն,
Ո՞վ է սահմանել այսպիսի օրենք
ու արդարություն…

3.
Եվ լույսը բացվեց, եղավ առավոտ,
Իշխան Սմբատը զայրույթից գոռաց.
- Սուրհանդակ,- գոչեց,- սուրա թևավոր,
Իմ կտրիճներին տուր շուտվ իմաց,
Թող ձիեր հեծնեն, թռչեն հողմի պես,
Այդ անտուն շանը բռնեն կենդանի։-
Արփին բարձրացավ, օրը եղավ կես,
Թռան քաջերը Սմբատ իշխանի,
Եվ շառաչեցին թրերն հավլունի,
Եվ նժույգները ծառս եղան ցասկոտ,
Եվ հետո եղավ նորից առավոտ,
Եվ առավոտն այդ Բաբեկի համար
վերջինը եղավ…

Նա գիտեր հարկավ՝
Որ ուշ է արդեն, փրկություն չկա,
Եվ չէր հավատում ոչ մի հրաշքի,
Բութ էր հայացքը ու անասնական,
Եվ բթությունն էր կախվել ընչացքից.
Ու Սմբատն ասաց.
- Անտուն, անոթի
Անծուխ, անօրեն քոչվորի որդի,
Եվ թլպատված շուն նենգ ու տմարդի,
Ես ինքս հիմա կպատժեի քեզ,
Բայց իմ ձեռքերը ես չեմ կեղտոտի,
Կհանձնեմ նրանց, ումից փախել ես.
Այս ամրոցի մեջ գլխատել քեզ պես
գարշելի գերուն,
Իմ սրին, պատվին իմ ազգ ու տոհմին
պատիվ չի բերում։

4.
Տմարդը ընկավ մահով տմարդի,
Բայց չվերջացավ տմարդությունը,
Մի Ռասուլ Ռզա, Ռզայի որդի,
Իր գրչին խառնած նախանձն ու թույնը-
Թալեաթ փաշայի դրոշակն առել,
Ոռնում է մեր դեմ նենգ ու չարակամ,
Որ Սմբատները չպիտի ծնվեն,
Քանի աշխարհում դեռ Սմբատներ կան,
Բաբեկներն իրենց ազատ չեն զգում
Մայր հայրենիքում...
Իսկ Սմբատները պիտի ծնվեն դեռ,
Դառնան մի բռունցք, մի կամք անսասան,
Որ չհոշոտեն պատմությունը մեր-
Ոչ մի Բունիաթով կամ Ռասուլ Ռզա*։

--------------------------------------------------------------------------
Այս բաժնում տեղ գտած ստեղծագործությունները տպագրվել են նաև 2003 թ. Երևանում լույս տեսած «Լեռների լեգենդը» գրքում։

* «Հուդային» - Բանաստեղծությունն ուղղված է Ղարաբաղի նախկին տիրակալ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովին

* «Բ. Կ.-ին, Դու ծախու հոգի» - Նկատի ունի Բ. Կևորկովին

* Թուրքացրել է Արցախի կեսը - Ուշ ենք հասկացել - Ակնարկում է Բորիս Կևորկովին

* «Ծոռն Հուդայի տունս մտավ...» - Նկատի ունի Բ. Կևորկովին

* «Երբ փարոս է ճանապարհիդ Ալի Բաբան Ղարաբաղում» - Նկատի ունի Բ. Կևորկովին, որի ղեկավարության տարիներին նրա իսկ թողտվությամբ ադրբեջանական տարբեր բնակավայրերից Արցախ էին գալիս և ընտանիքներով բնավորվում հազարավոր ադրբեջանցիներ

* Քաջ Նազարն է նստած գահին - Ակնարկում է խորհրդային ղեկավար Լ. Ի. Բրեժնևին

* «Ղարաբաղին» - «Փառաբանումն» բանաստեղծության տարբերակներից է (կա նաև արձակ բանաստեղծություն-տարբերակ՝ «Ոսոխիդ աչքում փշի պես ցցված...», տես՝ «Լեռների լեգենդը», 2003 թ.)

* «Սմբատ և Բաբեկ» - Այս ստեղծագործությունը պատասխանն է ադրբեջանական և ռուսական մամուլում Ռասուլ Ռզայի տպագրած մի զառանցանքի, որտեղ վերջինս հայ Սմբատ իշխանին մեղադրում էր ադրբեջանցի Բաբեկին դավաճանելու մեջ, միաժամանակ՝ «մատնիչներ ու դավաճաններ» որակելով ողջ հայ ժողովրդին







ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
(1932)



*  *  *
 Մարմինս տված արևի հրին,
 Բեդվինի նման լուռ իջած ծնկի,
 Պարզած մի ձեռք էլ գուրգուրեմ նորից,
 Ցաված մի սիրտ էլ ամոքեմ կրկին:

 Եվ այնպես լինի, որ չմոռանամ`
 Վերջին պահուստն էլ տամ ու հեռանամ…


  * * *
 Հանելուկ չեմ, Տեր, ոչ էլ` առեղծված,
 Եվ չեմ տարբերվում քեզնից ոչնչով,-
 Շիկահող ու կավ`կոփածո շինվածք,
 Ես`կենդանություն առած քո շնչով…

 Եվ իմ պահվածքով`անշուք ու նվաստ,
 Իմ իսկ բնույթով`քո նմանակը,
 Խավարում անգամ` պարզ ու թափանցիկ
 Եվ փխրուն` ինչպես բյուրեղապակի,
 Թե ի սկզբանե, Բանն էր, հիրավի,
 Ես` մարմին առած խորհուրդը քո խոր,-
 Քո հողն եմ, ջուրը, և քո արևի
 Մանվածքը` որպես ծիլ, ծաղիկ ու խոտ…
 Քո մասունքներին ձեռքս չի՜ գնա
 (Դողում է ձայնը քո ադամորդու),
 Եվ թեփետ հոգիս մեղք չունի բնավ`
 Ապաշխարանքի իմ խորա՜նն ես դու…


  * * *
 Կյանքի օվկիանում` ափնակոծ ու խոլ,
 Դեռ ձիգ են նավիս կայմ ու առագաստ,-
 Փառաբանվես դու` մաքառում ու ճիգ,
 Նվիրումներս չանես անիմաստ…

 Ես` հառնած խղճի փլատակներից,
 Ճակատագիրս գիտեի անգիր,
 Եթե մահն անգամ խլի ինձ կյանքից`
 Կապրեմ բաժանման գծից էլ անդին…


  * * *
 Տարիների բեռը`ծանր առած նկուն ուսերիդ
 Եվ աչքերիդ մեջ` սիրո  մառախուղներ միգամած,
 Ապրում ես դեռ, սիրելի՛ս, ապավինած հույսերիդ,
 Թեփետ ոչ ոք չի բացի, ավա՜ղ, դուռդ մոռացված:
 Անողորմի մի վիճակ` հեռացողի տրտմությամբ,
 Պատրանքների բեկորներ` գիշերներում անլուսին,
 Մինչ քեզ կառչած ես պահում (իմ հեռավոր գոյությամբ)
 Այս կըանքին, որ կարճատև մի երազ է խաբուսիկ…


  * * *
 Երևի շատ բան ես չեմ ընկալում,
 Գուցե տարիքն է զգացնել տալիս,-
 Ներկայից ոչինչ չեմ ակնկալում,
 Բայց և… խոցում է հուշը անցյալի:

 Հայտնվել եմ այստեղ ոչ թե կուրորեն,
 Կամ`իբրև մի այլ մոլորակային,-
 Ես ինչպե՞ս եզրերն իրարու բերեմ
 Անցյալի միջև ու այս ներկայի…

 Ով ինձ հետ իրեն ինչպես կպահի,
 Ով է բարեկամ կամ ով` թշնամի,-
 Թող ժամանակի այս թոհուբոհին
 Դուրս չհալածի միջանցուկ քամին…

 Եվ Աստված չանի, որ իմ դեգերող
 Մտքին անողորմ, հոգուն անձկալի,
 Տարված անմարմին իմ վերհուշերով`
 Խենթ կարոտախտը այրի անցյալի…

 Կամ քաոսի մեջ այս հրահրուն,
 Ուր արժեզրկվում գինը երեկվա,
 Չկործանվի իմ նավակը փխրուն
 Իններորդ հախուռն ալիքի վրա:

 Գալով դարերից, չելած իր հունից,
 Փորձություններից անցած անվեհեր,
 Բյուր սպիներիս վստահ անունից`
 Ողջո՜ւյն, գալիքի մարտահրավեր…



ՊԱՏՐԱՆՔ

 Տան ներսում` անդորր, լռություն համակ,
 Իրերի տեսքը` խիստ հանդիսավոր,-
 Այստեղ ապրել են ինչ-որ ժամանակ,
 Երգել են, հրճվել ու թախծել նաև:

 Տան տանիքից վեր` երկինքը աստղոտ,
 Լիալուսինն է այնտեղ տիրակալ,
 Բակում`ծառերի ստվերներ աղոտ,
 Եվ բվի կռինչ ձորում մոտակա:

 Գոմի գոց դռան շունն էր շիկամորթ,
 Կիսաքուն, դունչը`թաթերին իր զույգ,
 Ականջը, սակայն, ձայներին հաղորդ
 Եվ քնած էր նա ձևանում իզուր,-

 Հսկում էր` իր տակն առած մի խսիր,
 Որ գիշերն անցնի առանց վթարի,-
 Բուրում էր գոմը ներսից ու դրսից
 Խոտի բուրմունքով, հարդ ու աթարի…

 Տան ներսում հիմա անդորր է համակ,
 Իրերի տեսքը խիստ զգուշավոր…
 Եվ մի սարսուռ է պատում ահավոր…
 Արթնացնելով հուշեր անհամար…

 Քունքերն են խփում` սակավ արյան եռք,
 Պատրանքների մեջ, թե կամքով վերին,
 Քո իսկ թիկունքից դողդոջ երկու ձեռք
 Կարծես իջնում են հոգնած ուսերիդ:

 Ծոծրակիդ`տաք շունչ, նաև փշաքաղ,
 Այնքա՜ն իրական, այնպե՜ս հավաստի,
 Որ թվում է, թե, ահա, անհապաղ
 Կյանքով կլցվի տունը վերստին:



 ՔԱՎՈՒԹՅԱՆ ԱՂԵՐՍԱՆՔ
                                                         Անիին
 Ինչպե՞ս խուսափես շինծու բառերից,
 Շինծու խոսքերի թափոնից նեխոտ,
 Դատարկահնչուն, փքուն ճառերից,
 Հակումից` շինծու բառերից բխող,
 Եվ խոնարհումից` այնպես աննպաստ,
 Ժպիտից` ասես լվացքի լեղակ,
 Որի առջև քեզ զգում ես նվաստ`
 Անապաշխարանք, մեղքերից անքավ`
 Արժանապատիվ մնալու տեղակ…
 Ինչպե՞ս խուսափես այն շավղից անճար
 Կամ արահետից` ոտնակոխ այնքան,
 Որ չի տանելու քեզ դեպի տաճար…
 Գնա՜ս-հեռանաս ու ցողվես, իրավ,
 Արշալույսների ցոլքերի մեջ ջինջ,
 Ցայգալույսների շաղերի մեջ սառ,
 Եվ, սթափվելով հովի տաք շնչից,
 Արտույտի կանչը ոգեղեն անսաս,
 Մի բուռ ափիդ մեջ,
 Որպես քավության աղերսանք հոգու,-
 Պարզես արևին
 Քո տվայտանքի արցունքը մաքուր…



  ՀՈՒՇ

 Ես ի՞նչ եմ անում այստեղ, ասա` ի՜նչ,
 Այս քաղաքային աղմուկ-ժխորում,
 Ամայության մեջ այս խլացուցիչ,
 Որ ինձ երբևէ ոչինչ չեն հուշում…
 Օ`, փառաբանվես դու միահեծան
 Հայրենի իմ տուն, իմ հանդ ու արոտ,
 Անկոխ արահետ ու կորած կածան,
 Իմ անծիր, անծայր, թախծագին կարոտ:
 Լեռ իմ` կարոտի գործող հրաբուխ,
 Արտ իմ, երազի ալեբախությամբ,
 Քարափ իմ`ուրցի բույրով լիաբուռ,
 Անտառ ու բացատ` քնած քնքշությամբ:
 Աղբյուր ու առու, լորիկ ու կաքավ,
 Միրհավ իմ` թխլիկ ու մորմոք անվերջ,-
 Ա՜խ, ձեր կանչերը մեղքի պես անքավ,
 Միախառնվել են իմ ունկերի մեջ…
 Ես ինչ եմ անում, իրավ, այստեղ` ի՜նչ,
 Այս քաղաքային աղմուկ-ժխորում,
 Ամայության մեջ այս խլացուցիչ,
 Որ իմ հեգ հոգուն ոչինչ չեն հուշում:


   * * *
 Տաս, քսան, հիսուն կամ հարյուր տարի,
 Մի քիչ էլ դենը ապրեմ, ինչ կա որ,
 Մեկ է, իմ կյանքի հուրը կմարի
 Եվ հուշ կդառնամ հեռո՜ւ-հեռավոր:

 Կհնձի անգութ մահվան գերանդին,
 Ինչպես ես էի հնձում խոտն հասուն,
 Տեղահան արած լորերին հանդի,
 Երբ զրնգում էր գերանդին իմ սուր…

 Ուրեմն, մարդիկ, սիրեցե՜ք իրար,
 Ձեր մեղքերը բյուր` եղած ու չեղած,
 Տառապանք ու ցավ փոխանցեք իրար,
 Ես կապաշխարեմ նաև ձեր տեղակ…

 Ո՞ւմ տառապանքը չեմ ըմպի կում-կում,
 Ո՞ւմ վշտի պահին չեմ լինի նեցուկ,
 Եվ ձեր ամեն մի վերելք ու անկում
 Չի՞ խլի ինձնից օրհնանք ու արցունք…

 Բոլոր մատուռներն իմ հետքերն ունեն,
 Բոլոր աղոթքներն իմ ձեռքերն ունեն`
 Առաքած երկինք-երկնային տիրոջ,
 Երբ սիրտս է վառվում ձեր ցավ ու սիրով…



 ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ

 Մի աղերսական հայացք` ինձ հառված,
 Մի անմեղ զոհի նայվածք դառնաղի,
 Իմ հոգու մեջ սուր շեղբի պես խրված,
 Որ սիրտս է լցնում արցունքով աղի:

 Ինչպես հայացքը խոնարհ աղջկա,
 Հառել է վրաս հեռու անհունից,
 Ուրկից այլևս վերադարձ չկա,-
 Կարծես աում է, «Հոգի՜ս մեղք չունի,

 Չեմ էլ հղվում ձեզ որպես նախատինք,
 Հառնելու համար սերունդների մեջ,
 Որպես գալիքի լիության հատիկ,-
 Պիտի մեռնեի Սև ցելերի մեջ…»

 Ով դու հեռավոր, քաղցրահունչ անուն,
 Եվ Այու սարի հովի զով համբյուր,
 Որ գալիս հեռվից ու մեզ ես հասնում,
 Ոնց Ալպիական մանուշակի բույր…

 Է՛լ մի նայիր մեզ այդպես տրտմագին,
 Թող հրապուրի հայացքդ լազուր,
 Ինչպես Մինայի հյուսած գորգը հին,
 Ինչպես Կյորեսի քաղցրաբա՜ռ լեզուն…

 Ա՜խ, դու Միհրավի կանչ հոգեպարար,
 Ա՜խ, դու Մթնաձոր տանող արահետ,
 Աշխարհին կապող միա՜կ ճանապարհ,
 Որ չի՜ փակվելու ոչ ձյան հետ…


* * *
 Ով է ասել`
 «Օ՜, ժամանակներ, օ`, բարքեր»…

 Նույնն է վիճակը` անկյալ ու նսեմ,
 Ե՛վ անողորմի, և՛ ողորմածի,-
 Փակեք աչքերս, որ ես չտեսնեմ
 Նվաստացումը մարդ արարածի…

 Ո՞ւմ է պետք հիմա խելքն ու միտքը սուր,-
 Անարժեքների ինչպիսի՜ աճուրդ,-
 Մինչ շողոքորթի բացած ակոսում
 Հասկի փոխարեն որոմն է աճում…

 Հուշից լայն բացված աչքեր արցունքոտ,-
 Հավերժ է սերը և անանցավոր,
 Սակայն ի՜նչ արժե վեհությունը քո,
 Երբ ժամանակն ու դարն է հանցավոր…



ՏԵՍԼԱԿԱՆ

 Կեղեքված, ինչպես Սիոնի աղքատ`
 Ես կանգնել եմ փակ դարպասների դեմ,
 Ափիս եղածը գրոշ չէ, այլ` քար,
 Ո՞ւմ քունքին կիջնի` ավա՜ղ, չգիտեմ:
 Տառապանքների սյուներից առկախ`
 Մշուշների մեջ ու մառախուղի,
 Մարմինս է ճոճվում, անաստղ, անկայծ,
 Հեռվում անթափանց, անհայտ, անուղի…
 Մխիթարե՜ք ինձ խոսքերով քնքուշ,
 Խոսքերով անսուտ, որ ես հավատամ…
 -Ամեն ինչ արդեն անցյալ է և հուշ,
 Եվ ոչ ոք ոչինչ ինձ էլ ե՜տ չի տա…



ԱՂՋԱՄՈՒՂՋԻ ՄԵՋ ԱՐԵՎՆ Է ՀԱՆԳՉՈՒՄ

 1.
 Աղջամուղջի մեջ արևն է հանգչում
 Ու խտանում են ստվերները պաղ,
 Թվում է` հեռվից մեկն ինձ կանչում
 Եվ մորմոքում է, մղկտում մի պահ,
 Որ ես ունկնդիր այդ հեռու կանչին,
 Մութ ստվերների միջով դեգերող,-
 Չեմ հասնի նրան, և ինձ կտանջեն
 Կարոտի ցավն ու կսկիծն այրող…


 2.
 Հանգչում է արևն աղջամուղջի մեջ,
 Ձորերը պատում մշուշ ու ամպեր,
 Եվ օդում կախված` թվում են անտեր
 Բոլոր կանչերը` քնքշագին ու պերճ:
 Եվ հեռանում են ստվերներն անթև,
 Եվ հետզհետե վերից ու վարից
 Գույները խամրում` մաղում է անձրև`
 Մղելով սիրտս գիրկը խավարի…


 3.
 Ու սարերն իրար եկան ու դիպան,
 Մեգի մեջ կորան թուփ ու արահետ,
 Եվ աղոտ հույսի նվաղ մի ծփանք,
 Իրիկնային մեղմ ցոլանքների հետ,
 Պատրանքախռով ու տեսիլքներով,
 Մորմոքումներով և՛ պղտոր, և՛ հորդ,
 Ստվերների մեջ պաղ ու վեհերոտ…
 Գերեվարեցին, ա՜խ, իմ հոգին որբ:


* * *
 Ողջ գիշեր չեկավ քունը աչքերիս,
 Պատրանքնե՜ր թափուր, տեսիլներ ավեր,
 Եվ տագնապների սուրսայր սրերին
 Արյունոտվում էր սիրտս կարեվեր…

 Ո՞վ է մնացել դուրսն անապաստան,
 Հոգեվարքի մեջ ո՞վ է տվայտում,
 Կամ սպառվում են մոմերն ո՞ւմ տան,
 Մղձավանջներն ո՞ւմ են ծվատում…

 Ո՞վ է մնացել տապին ու պաղին,
 Ո՞վ է, որ աստծուն հավատ չի տածում,
 Ում մերժված սերն է` վհատ ու դժգույն,
 Գալարուն ցավի գիրկը հալածում…

  Ողջ գիշեր չեկավ քունը աչքերիս,
 Պատրանքներ թափուր, տեսիլներ ավեր,-
 Եվ տագնապների երկսայր սրերին
 Արյունոտվում էր սիրտս կարեվեր…



 1992-Ը

 Միգոտ երկնքով ստվերներ անցան
 Եվ ուրվականներ ահի ու մահի,
 Զրահավորված հեծյալներ անցան,
 Եվ վրնջացին ձիերն ամեհի…

 Շառագունեցին հեռուներն անծիր,
 Ղողանջեցին զիլ զանգեր պղնձե,
 Եվ սարսռացին դաշտում խոտ ու ծիլ,
 Կարծես թե մեկը մահեր է հնձել…

 Բյուր փլատակներ ավեր գյուղերի
 Եվ սրբապղծված շիրիմներ անթիվ,
 Ելնում է ծուխը լքված շեների,
 Որ կուլ գնացին մահտարաժամին,-

 Ծանր ճնշումից կասկածանքների,
 Այս հանցախռով աշխարհից անդին,
 Չար ոգիների հալածանքներից
 Ես քա՜րշ եմ տալիս մահահոտ իմ դին…


  * * *
 Վաղ առավոտից մառախուղ ու մեգ,
 Հեռուն` անթափանց ու աղոտ երկինք,-
 Ձեռք չի տալու քեզ այս օրը երբեք,
 Քմահաճ` ինչպես քնահարամ կին…

 …Փողոցներ թափուր, մայթեր ամայի,
 Խանութներ` դատարկ ցուցափեղկերով,
 Մերկացած, խոնավ ծառերի վրա
 Մշուշ է իջնում պաղ ծվեններով…

 Եվ անձկության մեջ` քայլեր երերուն,
 Անհոգեպարար մտորում ու խոհ,-
 Հոգուն սևակնած երկինք է բերում
 Նվաղոտ սրտի տրտմությունը խոր…

 Կնոջ լվացքը` հույսին արևի,
 Մառախուղի մեջ, պարանին պրկված,
 Ամուսինը չի գալու երևի,
 Թե չէ` կբացվեր ունքամեջն օրվա…

 Տան վրա բացվող օրը` սնապարծ,
 Տան ներսում` բեռը հոգս ու կարիքի,-
 Ուր է, թե հանկարծ, ուր է, թե հանկարծ
 Մի շող թափանցեր հոգու նրբանցքից…

 Վաղ առավոտից` մառախուղ ու թեն,
 Որ սարսռում է խոնավությունից,
 Եվ…ծանրանում են կոպերն արդեն
 Կնոջ գիշերվա անքնությունից…



…ԵՎ ԵՍ ՍՐԲԵՑԻ ՍՈՒԳԸ ԻՄ ԴԵՄՔԻՑ

 1.
 Մեր ժամանակը…
 Հավուր պատշաճի`խոսել ենք երկար,
 Համը հանելիս ասել են` կարճի՜ր,-
 Ընդդիմանալու ոչ մի հարկ չկար…

 Հավուր պատշաճի սիրել ենք, ատել,
 Պահել ենք ստույգ մեր տեղը հարմար`
 Նախագահության սեղանի հետև`
 Հարյո՜ւր մոմանոց ջահի տակ անմար:

 Գաղափարները հավուր պատշաճի,
 Կարգախոսները`ճշմարտանման,-
 Ծիլի պես մատաղ` ելի՜ր ու աճի՜ր,
 Կար և միջավա՜յր, և հո՜ղ ու պայման…

 Նայել ենք մահվան դեմքին անվեհեր,
 Կտրել օվկիաներ, ծովեր ալեկոծ,
 Կերտել քաղաքնե՜ր, ավաննե՜ր, գյուղե՜ր,
 Եվ տիեզերք ենք նվաճել աստղազօծ…

 Ծափահարել ենք բուռն ու հոտնկայս,
 Անակնկալիք, մի՜տք չկար հետին,
 Գլխից վեր պահած բաժակ` ի փա՜ռս
 Տոնախմբության, օրվա բանկետի…

 2.
 Քեզ քիչ էր տրված կըանքում այս երկար,
 Կարճատև էին պահերը սիրո,
 Դրա փոխարեն` սկիզբ-վերջ չկար
 Տառապանքներին…երկնային տիրոջ:

 Զրկանքների մեջ ու տագնապների
 Հոգս ու կարիքի ծիրի մեջ անհուն,-
 Փայփայում էիր քո հույսը`ինչպես
 Տոնական օրվա զգեստն են պահում…

 Երազնե՜ր, հույզե՜ր, հույսե՜ր ցանուցիր
 Եվ…հատնում վերջին առկայծո՜ղ լույսի,-
 Մխիթարվիր գեթ` ինչպե՜ս խամրեցին
 Երեկվա կուռքերն ու փառքերը սին…

3.
 Ամեն ժամանակ քեզ համար մեկ էր,
 Կույր ու խուլ չէիր, ոչ էլ մունջ ու լալ,
 Շապիկդ տվիր նրան, ով մերկ էր,-
 Ի՜նչ խիզախություն`ոչինչ չափսոսալ…

 Երանության մեջ խոնարհ քայլել ես,
 Թեպետ և հարուստ, ո՜չ թե մուրացկան,
 Եվ այն գանձերից, որ շռայլել ես`
 Հիմա ափիդ մեջ մի գրո`շ չկա…

  4.
Ամեն ինչ կանցնի, և մահը նույնպես,
Սուտը, կեղծիքը, զառանցանքը սին,-
Ես սպասում եմ անհամբե՜ր այնպես
Հարության լույսին ու արշալույսին…

 Թե եղանակներն ինձ չխոտորեն,
 Մարտյան ցրտերը չսպառնան մեկեն,-
 Կելնեմ ապրիլյան օրվա փոխարեն
 Եվ…իմ տաք շնչից ծառե՜ր կծաղկեն:

 5.
 Մեր ժամանակը հասավ ավարտին,
 Եվ ժամը հնչեց` էլ ի՜նչ հապաղում.
 Քո դեմքին գունատ, դալուկ ճակատին
 Արևի վերջին շունչն է նվաղում:

 Մենք հեռանում ենք իրարից անվերջ,
 Անհետանում ենք կարծես թե ծխում,
 Եվ մայրամուտի ստվերների մեջ
 Անէանում է քո տեսքը տխուր…

 Եվ հեռացումը չունի փրկագին,
 Հավաստի կորուստ` երբևէ չեղած,
 Անհունի ավար` քո՜ւյր իմ տրտմագին,
 Սեր իմ` մա՜յր մտնող արեգակ, ավա՜ղ…

 6.
 Ո՞ւր են կրքերը` հրից մոխրացուն,
 Ո՞ւր է արցունքը` ցամաքեց ակում,
 Ո՞ւր են հույսերը` եղան ցիրուցան,
 Ո՞ւր է արյունը` պաղե՜ց երակում…

 Ո՞ւր են վարսերը` խիտ ու հրաշեկ,
 Ո՞ւր է հասակը` շիկ ու տիրանուն,-
 Այն հանդերձները վաղո՜ւց մաշվել են,
 Որ կարված էին սիրո ծիրանուց…

7.
 Ո՜վ էր – վայելեց սերն իր բախտավոր,
 Ո՜վ էր – փոթոթվեց կարոտի հրին,-
 Մենք` նետված տարբեր ափեր հեռավոր,
 Մեր սերը` կանթեղ թունելի ծայրին…
 Բախտն ո՜ւմ էր երես տալիս իր խաղում,
 Անտեսած նրա մեղքն աղաղակող,
 Եվ նույնիսկ նրան, ով կո՜ւյս չէր վաղուց,-
 Շուքով տուն տարան` թագ ու պսակով…

 Ում համար սերը` խրախճա՜նք ու խա՜ղ,
 Ում համար ցա՜վ էր`հոգի ավերող,-
 Ո՜վ գիտե և ո՜ւմ մեղքով էր, ավա՜ղ,
 Որ մենք…անջատվա՜ծ էինք դարերով:

8.
 Արհավիրքն անցավ, մրրիկն ափնեկոծ,
 Կյանքն օրվա բարուն ընդառաջ գնաց
 Եվ արդեն խաղաղ ընթացք է հունով,
 Որ էլ ափերից չի՜ ելնի բնավ…

 Բացեց անհունն իր ծիրը խորունկ,
 Մոր նման ժպտաց փրկված մի երկիր,
 Եվ ես սրբեցի սո՜ւգը իմ դեմքից
 Դիմափոշու պես ու արնաներկի…


* * *
 Խփիր ինձ, խփիր, արժանի եմ ես,
 Թեկուզ ցից հանիր խեղճ ու կրակիս,
 Որ մատնեցին իմ հոգին ջինջ ու վես,
 Միջակությունների համաճարակին:

 Թե ուրիշներին խփես մի անգամ,
 Ինձ տասնապատիկ խփիր և քունքի՜ս…
 Ոչ նրա համար, որ պատժես այնքան,
 Որքան որ դառն է ցավն ամոքիչ…

 Խփիր վթարի համար իմ խղճի,
 Եվ հոգու, մտքի ծռումի համար,
 Եղծումի համար ժպիտի վճիտ
 Եվ կուրացումի մրմուռի համար…

 Խփիր ինձ որքան հարկ է ու հարմար,
 Բայց մի հարվածն էլ պահիր քեզ համար:



ԱՐՑԱԽ

 Պոլ Էլյուարի նմանությամբ

 Ես գրում եմ անունը քո..
 Ճամփիդ վրա ու կածանիդ,
 Քարափիդ ու ծիածանիդ,
 Բարդուդ վրա երազանքոտ`
 Ես գրում եմ անունը քո…
 Քո թևավոր երազների
 Եվ հույսերի թոթովանքով
 Առավոտիդ վրա բացվող`
 Ես գրում եմ անունը քո…
 Քո վանքերի խաչքարերին
 Եվ զանգերին` ցավ ամոքող…
 Արծիվներիդ բաց թևերին`
 Ես գրում եմ անունը քո…
 Որպես բարի ճակատագիր
 Ու բախտ`որպես փրկության ծես`
 Քո ճակատի վրա անբիծ
 Ես գրում եմ անունը քո…
 Մահն ընդունած զավակներիդ
 Դագաղների վրա սգող,
 Վրեժ տենչող սրտով նորից`
 Ես գրում եմ անունը քո…
 Արցունքներիս վրա բուռ-բուռ,
 Մորմոքներիս վրա տնքող,
 Կրծքիս վրա` վշտերի բուն,-
 Ես գրում եմ անունը քո…
 Առևանգված քո ուստրերի
 Եվ վերքերին քո դուստրերի,
 Սրտի անհուն տառապանքով`
 Ես գրում եմ անունը քո…
 Այգիներիդ վրա անքաղ
 Եվ արտերիդ` հրո ճարակ,
 Եզերքներին քո երկնքոտ`
 Ես գրում եմ անունը քո…
 Ռմբակոծված քո շեների
 Ու շենքերի վրա փլված,
 Վերհառնումի աղերսանքով`
 Ես գրում եմ անունը քո…
 Քաջորդիներ ծնող արի
 Քո բյուրավոր մամիկների
 Պատգամների մեջ առինքնող`
 Ես գրում եմ անունը քո…
 Մարդկայնության պաղատանքով,
 Կործանարար այս աշխարհի
 Անմխիթար խղճի վրա`
 Ես գրում եմ անունը քո…


* * *
 Չարաշահում են անունդ անվերջ,
 Շահարկում են մերկ, նենգ ու ջղային,
 Բայց ո՞վ է, Արցախ, մխում ցավիդ մեջ
 Քո փրկության սուրբ զոհասեղանին…
 …Այնտեղ, ուր խաղ է, խաղի մեջ չկա՜մ,
 Այնտեղ, ուր ցավն է, ցավիդ մե՜ջ եմ ես…



 ԳԱՆՁԱՍԱՐ

 Կապույտ միգում, որպես տեսիլ, որպես հույս,
 Թող շողշողա քո գմբեթը երկնասույզ:
 Թող ղողանջի քո զանգը զիլ, շառաչի,
 Եվ ճառագի հարության լույսը խաչիդ…
 Երկրի վրա իմ` թշնամուց փրկված հար,
 Եվ սփոփիր նրա սիրտը վշտահար:
 Կապույտ միգում հոգուս ճիչը դու անսա
 Եվ ամոքիր իմ վերքե՜րն էլ, Գանձասար:


 * * *
 Մռայլ երկնքում` դառը մգլահոտ,
 Օդը`վառոդի հոտով հագեցած,
 Մայթերի եզրին բարդիներն ահով
 Գլուխները լուռ խոնարհում են ցած:

 Հրթիռակոծված շենքեր, տանիքներ,
 Կույր խոռոչներ են պատերում բացված,
 Փողոցահայաց բութ լուսամուտներ,
 Առանց ապակի, չվարագուրված:

 Անցել է արդեն հողմն ավերումի,
 Ներսում տեղահան դուռ ու պահարան,
 Հատակն ավլող միջանցիկ քամին
 Սենյակում ողջը խառնել է իրար:

 Դաշնամուրն, ասես, դագաղ է մի սև,
 Եվ կափարիչն ահից չես բացի…
 Նա, որ հրճվանք էր պարգևում վսեմ,
 Հիմա վկա է սև սուգ ու լացի:


* * *
 Անձրևն է լալիս ձեղունի վրա,
 Մեգը պատել է փեղկ ու լուսամուտ,
 Տառապող հոգին, սիրտը անուրախ,
 Նվաղում են զիլ ոռնոցից քամու…

 Թերթել անցյալի գիրքն էջ առ էջ`
 Տրված հուշերի քմահաճ խաղին…
 Կարիքը ճե՜ղք է բացել պատի մեջ
 Ու…թոն է կաթում տան առաստաղից:



ԱՐՑԱԽ

 Օծված աստղային ոսկեգույն փոշով
 Ու ոսկեղենիկ մի բարբառ շրթիդ`
 Ժամանակների միջով մշուշոտ
 Գալով դարերի անթափանց մութից,

 Հայացքիդ մեջ մի անհողդողդ վճիռ,
 Իրար ես բերում անցյալ ու ներկա…
 Ու դեմքիդ վրա ամեն մի կնճիռ
 Տառապանքների ճամփա է երկար…

 Եվ կարիք չունի նայվածքդ խստիվ
 Ո՛չ բեկանելու, ո՛չ վերծանելու…
 Մենք մեր պատկերն ենք տեսնում հավաստի
 Քո արքայական դիմագծերում:

 Նպատակամետ չընկրկումներով`
 Եվ չխախտելով հավատ ու երդում`
 Աստվածաշնչյան քո հրաշքներով
 Որպես Մովսես ես մեզ առաջնորդում…

 Կհերիքի մեզ ջուրն ու մանանան,
 Կտրելու «Կարմիր ծով»ու խութ անխախտ,
 Թե «Հորդանանն» էլ անցնենք, կունենանք
 Արդեն Ավետյաց երկիր ու դրախտ…



ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՊԱՍԻ ՎՐԱ

Անցորդ, ճամփեզրին, ահա, տունս, տես,
Դուռը քո առջև բաց է սրտիս պես,
Երբ էլ հայտնվես դու մեր կողմերում`
Համեցեք, Տիրոջ հյուրն ես ցանկալի,-
Յուրայիններին չե՜մ հրավիրում,
Յուրայինները… իրե՛նք են գալիս
 հունվար 2009 թ.


«ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ՍԻՐՈ» ՇԱՐՔԻՑ

ԾՆՆԴՅԱՆ ՕՐ

Հրավիրիր ինձ տոնախմբության
Ծննդյան օրվա առթիվ քո ուրախ,-
Ոչ ոք չի՜ խրտնի իմ այդ հայտնությամբ,
Քո փեսացուից բացի վախվորած...

Եվ մոռանալով ինչ է կատարվում,
Գինարբուքի մեջ խառնված իրարու,-
Ես քեզ կխլեմ քո փեսացուից՝
Անսպասելի հայտնված շուրջպարում...

Մեր շուրջը խելառ կպարեն անվերջ,
Նետելով իրար ժպիտներ խնդուն,-
Կշառագունես իմ թևերի մեջ,
Ապա իմ գրկում կնվաղես դու...

Հրավառություն ի՜նչ երանելի,
Սիրո ու խանդի բոցավառ ծեսում,
Մեկն այնտեղ իրեն կկորցնի էլի,
Չի՜ գտնի տեղն իր տոնահանդեսում...
դեկտեմբեր 2009 թ.



ԿԱՆՉ

Ես լսեցի հեռավոր, կարոտակեզ կանչը քո,
Դու ասացիր,-ե՜տ բեր ինձ գարունները իմ անցած,
Տու՜ր վերստին երբեմնի պատրանքներս երկնքոտ,
Որ թևեր էր տալիս ինձ՝ սավառնելու վեհացած...

Ե՜տ բեր կրկին վաղեմի այգաբացներն հրաշեկ,
Արշալույսներն հրացոլք, արահետները շաղոտ,
Ուր, թևերիդ մեջ առած, տանում էիր ինձ անշեղ,
Շառագույնը իմ դեմքի աչքերիդ մեջ անաղոտ...

Օ՜, հասնու՞մ է քեզ, արդյոք, իմ այս կանչը թախծալից,
Հեռուներից այս անելք, մշուշներից էլ դենը,-
Տա՜ր, այստեղից ինձ հանիր, թեկուզ նետիր դու նորից
Սիրո՜, խանդի, անմռունչ տագնապների գեհենը...
հունվար 2010 թ.



ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Գյուղս չի՜ քնում, չի՜ քնում տունս,
Անքնությունը կաղկանձ է մի շան,
Շնագայլերն են խանգարում քունս,
Լուսնի մահիկը՝ կեռ թրի նշան...

Գյուղս չի՜ քնում, չի՜ քնում տունս,
Ի՞նչ է շշնջում բարդիս եթերում,-
Աղավաղում է կարծես անունս,
Ինձ մղձավանջից դարձի չի՜ բերում...

Նախախնամ է անքնությունս...
Երկինքը՝ մռայլ ու խոր աշուն է,
Սահմանամերձ են գյուղս ու տունս,-
Դու էլ մի՛ քնիր, մի՜ նիրհիր, շո՜ւն իմ...
նոյեմբեր 2010



ՃԱԿԱՏԱԳԻՐ

Մխիթարությո՜ւն՝ սրտիդ ու հոգուդ,
Թերևս ասենք՝ նաև ի՜նչ օգուտ...
Քեզ ինչ արել են՝ ներել, տարե՜լ ես,
Երբ մինչև անգամ քեզ... օտարե՜լ են։

Եվ այնուհանդերձ՝ թող հոգիդ բերկրի,
Որ ինչ էլ արին՝ չեղա՜ր տարագիր...
Ինչ՝ էլ դեռ անեն՝ դու այս երկրի՜նն ես,
Որպես ժառանգո՜րդ ու ճակատագի՜ր...
 դեկտեմբեր 2010



 ԱԽՈՅԱՆ

Մահը՝ մահ է միշտ, մեկ չէ՞, թե ումն է,
(Մարդ ինչքան պիտի լինի անզգա),-
Գնա՛ց աշխարհից քո ախոյանը,
Դու ինչպե՞ս պիտի քեզ... մենա՜կ զգաս։

Թե փորձեն անել քեզ վրաերթի
Խարդավանքների վիհում անուղի,
Ո՞մ նետած քարից ոտքդ կգայթի,
Որ դու սթափվե՜ս ու քայլես ուղի՜ղ...

Դավե՜լ են, խոցե՜լ և չունի սահման
Խորունկ խոցվածիդ ցավը դիվական,­­-
Երկար գիշերներ ինքնապաքինման
Անքնությամբդ ո՜ւմ ես պարտական...

Մահը՝ մահ իրավ, մեկ չէ՞, թե ումն է...
(Բայց ինչքա՜ն պիտի լինես անզգա),_
Գնա՜ց աշխարհից քո ախոյանը,
Եվ հիմա ինչպե՞ս քեզ...մենա՜կ չզգաս։
 դեկտեմբեր 2010