Հովհաննես Թումանյան - Պոեզիա


Հովհաննես Թումանյան
(1869-1923)


1887

ԳՈԻԹԱՆԻ ԵՐԳԸ

Արի՜, գութան, վարի՜, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՜ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՛լ։

Քաշի՜, եզը, ուսիդ մատա՛ղ,
Քաշի՜, քաշենք, վար անենք.
Ճիպտի՜ն արա, քըշի՜, հոտա՜ղ,
Մեր սև օրին ճար անենք։

Պարտքատերը գանգատ գընաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մընաց,
Կըբարկանա, կանիծի։

Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.
Ի՞նչ տամ կոռին ու բեգյարին...
Վարի՜, վարի՜, իմ գութան։

Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված
Մի տուն լիքը մանուկներ։

Արի՜, գութան, վարի՜, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՜ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՛լ։



ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈԻՄ

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցըլում են վառ։

Քընած է արդեն
Հովտում ողջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վըրա։

Երկընքի դիմաց
Գըրկված են քընած,
Վերևիցն, ասես,
ժըպտում է աստված։



ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՛լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում -
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. - «Ապրե՜ք, երեխե՜ք,
Բայց մեզ պես չապրեք...»։

Ժամանակ անցավ, նըրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Եվ ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս
Ինչու ասացին. - «Ապրե՜ք, երեխե՜ք,
Բայց մեզ պես չապրեք...»

Խաղաղությո՛ւն ձեզ, մեր անբա՜խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՜զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ` օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. - «Ապրե՜ք, երեխե՜ք,
Բայց մեզ պես չապրեք...»



1889

Ես նայում եմ. իմ առջև
Ահա տիրոջ աշխարքը.
Բերրի դաշտերը մինչև
Հեռու լերանց այն շարքը

Լայնարձակ, դալարագեղ
Տարածվում են և կորչում
Մշուշի մեջ, իսկ այնտեղ
Ճոխ անտառն է կանաչում։

Ուր որ ազատ շրջելով
Ապրում են երե, գազան,
Եվ թռչունքը ճախրելով
Երգ են ասում գոհության։

Ահա, շքեղ դաշտի միջով
Գալարվում է և անցնում
Հանդարտ գետը մրմունջով.
Հեռո՛ւ, հեռու է գնում։

Նրա դալար ափերում
Մինը հազար է բերում.
Սակայն ահա, մյուս կողմում
Կապույտ ծովն է մեղմ ծփում։

Ինչքա՛ն ճոխ է, հրաշալի
Այս աշխարհը լայն, արձակ,
Ամեն մի շունչ աչքը լի
Կապրի այստեղ համարձակ։

Ես նայում եմ, և մի միտք
Հղանում է ինձանում.
Ինչո՞ւ համար են մարդիկ
Իրար զրկում, սպանում։


* * *
Ների՜ր, ո՜վ կույս, որ հուզեցի
Խաղաղ կուրծքդ կուսական,
Մեղսոտ սրտով ես չուզեցի
Կործանել քո ապագան։

Այն մի անմեղ խաղ էր, հոգի՜ս,
Պատանեկան հասակի,
Որ անցնելով պատճառ դարձավ
Քո աչքերիդ արցունքի։

Ես գուշակել չըկարացի
Կյանքի վճիռն անարդար,
Անգիտությամբ ես հարուցի
Այդ փոթորիկն անդադար։

Ների՛ր, ո՜վ կույս, բուռն եռմունքին
Պատանեկան կրքերի,
Ների՜ր, հոգիս, որ մատնեցին
Քնքուշ սիրտդ վշտերի։


* * *
Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Բայց ես չըգտա նրան կյանքի մեջ,
Եվ քաջալերված պատիր խոստմունքից,
Կյանքի դեմ իզուր վարեցի ես վեճ։

Կարծում էի, թե մարդիկ անհամբեր
Ուրախությամբ ինձ սպասում էին,
Եվ ամեն քայլում խղճմտանք ու սեր
Մարդոց սրտերը միշտ հուզում էին։

Կարճատև՛ ցնորք, որ անցար արագ,
Ինչպես մի քամի, առավել չընչին,
Եվ ահա ընկած իբրե մի նավակ,
Որ կամեր լողալ ավազի միջին։

Դուն անցար, այո, դարձյալ աշխարհը
Կառավարվում է յուր օրենքներով,
Եվ դիմակ առած մեծ բարերարը
Մարդիկ է սպանում գաղտնի զենքերով։

Մահացու ախտով վարակվածն ահա
Անարատության հագած վերարկու,
Եվ խավարասեր ամբոխը նրա
Զազիր գործերին կանգնած խնկարկու.

Եվ հազարավոր անմեղ հոգիներ
Հալածված են չար կրքերից անսանձ,
Եվ, ի նախատինս բանականության,
Արդար է միայն զորեղը մարդկանց։

Ահա գետնաքարշ և չարախնդում
Խումբերըն անսիրտ մարդ-հրեշների
Վխտում են անվախ՝ հրապարակներում,
Իբրև առաջնորդ մարդոց մտքերի։

Ահա, խնդության ձայներ են թնդում,
Իբրև արձագանք չարության խոսքի,
Ի՞նչ են կամենում, էլ ի՞նչ են խնդրում
Պատահսաները մարդկային ազգի։

- Ի՞նչ եք կամենում դուք, մարդիկ ստոր,
Մա՞հը, կործանո՞ւմն արժանավորի.
Եվ այդ բոլորը միայն մի կտոր
Հացի համար է. սակայն, ո՞վ գիտի,

Գուցե խավարը ձեզ տվեց պաշտոն
Բանականության բռնավորների,
Եվ դուք, անմիտներ, ամբողջ մարդկություն։
Ձեզ հավիտենական կարծում եք գերի։

Խեղճե՛ր, նայեցե՜ք, ահա ձեր դիմաց,
Առանց նայելու ձեր կտոր հացին,
Բանականության զավակը կանգնած,
Սպասում է նա մոտ լուսաբացին։

Երանություն էր խոստացել հույսս ինձ.
Սակայն չըգտա նրան կյանքի մեջ.
Բայց չեմ վհատել. անսպառ մեկ իղձ
Դեռ ինձ մղում է դեպ հառաջ անվերջ։

Հառա՛ջ, կռվելով, և կըգա մի օր,
Որ կընկնի ներկան վատշվեր, դաժան,
Նրա ավերի վերա փառավոր
Ապագան լուսո կըկանգնի նշան։


* * *
Երբ ես տխուր, հուսահատ,
Ինձ կորած եմ համարում,
Շուրջս մեռած, անապատ,
Սրտիս երկյուղ է տիրում։

Մահու ձայնը դառնալուր
Հասանում է ականջիս,
Մարդիկ մնում անհամբույր
Եվ խլանում են կանչիս։

Մի զորություն հզորեղ
Ինձ հուսադրում է հանկարծ.–
Եվ զգում եմ, ամեն տեղ
Դուն ինձ հետ ես, աստված։



ՄԱՆԿՈԻԹՅՈւՆ

Երբ որ գարշելով տեսնում եմ շուրջս
Մոլեգնած կյանքի պատկերը ցավոտ,
Հաճախ, մանկության, խռոված հոգուս
Ներկայանում ես ինչպես առավոտ։

Եվ մանկան նման արտասվում եմ ես,
Երբ այս օրերում, չարությամբ լցված,
Քեզ, սուրբ մանկության, հիշում եմ ինչպես
Երազի տեսիլք անհետ չըքացած։

Ինչպես արևի ճաճանչը վերջին
Թռչում է հանկարծ, տիրում է խավար,
Այնպես շողացիր և անցար կրկին,
Մնացի անզոր, ցոփ կյանքին ավար։

Թե հնար լիներ մի անգամ դարձյալ
Դառնալ քո գիրկը... ա՜խ, ի՞նչ եմ ասում,
Այդ անհնար է. - արդեն հանդերձյալ
Կյանքի ճամփան է իմ առջև բացվում։

Բայց մինչև այնտեղ, սոսկալի՛ ուղի,
Ահա բռնություն, պատիվ անարգած,
Ահա հառաչանք, արտասուք աղի,
Ահա սև նախանձ և սեր սակարկած...

Կըմեռնեմ և ես այս ցավերի տակ
Ինձ հետ տանելով շատ իղձ ու փափագ,
Իսկ այս աշխարհից և ոչ մի պսակ -
Միայն քո անմեղ, քո սուրբ հիշատակ։

Մի տխրատեսիլ գուցե գերեզման
Անցվորականից խնդրե մի բերան
Ողորմի ասել... ո՞վ գիտե, և այն
Կըլինի՞ արդյոք, կընայե՞ն նորան...



ԿԱԼԻ ԵՐԳ
(Լոռեցոնց)

Կալ արա, գնանք,
Ա՛ եզը ջան.
Հորովե՛ լ,
Հո՛ րո՛ վելա՛ ։

Արի՜, ման արա,
Այ քեզ մեռնեմ,
Դարման արա,
Ղադեդ առնեմ։

Ոտիդ արա,
Ոտիդ ղուրբան,
Ուսիդ արա,
Այ ախպեր ջան։

Էլել ա, էլել,
Կալն էլել ա,
Հարել ես, հալել,
Հորովելա։



ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔ

Հեռո՜ւ, ո՜վ սուրբ խաղաղության,
Մենք քեզ համար չունենք անկյուն
Մեր հալածված հայրենիքում
Եվ մեր ցաված սրտի խորքում։

Գնա դեպի այն լեռները,
Ուր որ հովիվն ու գառները
Ապահով են պատառողից,
Մենք ազատ չենք ահ ու դողից։

Գնա՜, հանգիր այն դաշտերում,
Ուր որ իրար էլ չեն տիրում
Եղբայր-մարդիկ, և հերկելով
Քեզ օրհնում են սուրբ երգերով։

Գնա դեպի երանավետ
Այն վայրերը, ուր կյանքի հետ
Խաղ չեն անում զվարճության
Կամ հեշտության համար միայն։

Իսկ մենք ցավով լեցուն սրտով
Անկարող ենք միշտ անվրդով
Ե՜վ քրդերի լուծը տանել,
Ե՜վ քեզ օրհնել, փառաբանել։

Հեռո՜ւ, ո՜վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ, իբրև մի լոկ անուն,
Երանությամբ միշտ հիշելով
Պիտի կռվենք մեռցնող սրով։



ՎԵՉԵՐՈԻՄ

Ա՜խ, երանի թե լիներ մի հնար-
Այդ ժպիտը միշտ քո դեմքին մնար.
Ես վախենում եմ մի ժամից հետո
Անցնի խնջույքը, և կյանքից դժգոհ
Մտածմունքներով դարձյալ դու տխրես...
Ա՜խ, երանի թե մնայիր այդպես...



1890

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Լեռնե՛ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
Եվ ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով։

Ձե՛զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր։

Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՛ն տրտմություն,
Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ, չէիր ինձ հանգիստ տալիս՝
Սըրտիս ականջին խոսելով թաքուն...

Ո՛վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով,
Ոգևորության հըզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՛ք իմ հեգ։

Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ։

Ձորե՛ր, ա՛յ ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
Քեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել։

Դուք էլ խոսեցե՛ք, դուք էլ պատմեցե՛ք,
Ձեր անդունդներով եկեք չափվեցե՛ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...


* * *
Այդ ի՛նչ սրտամաշ տխրություն է քեզ
Պատել, հայրենի գեղեցիկ աշխարհ.
Մինչև ե՞րբ պիտի չարչարվես այդպես
Տառապանքներով, առանց մխիթար...

Իմ հայրենիքս տխուր է, տխուր...
Ուր աչք եմ դարձնում՝ տխուր ավերակ,
Ամեն տեղ միայն, միայն ցավալուր
Հեծության ձայներ, երկչոտ աղաղակ։

Թե երկրագործն է հորովել կանչում,
Թե մայրը որդուն օրորք է ասում,
Թե հովիվն իրան սրինգը հնչում,
Մի հուսակտուր հառաչ եմ լսում։

Աշխարհից, մարդուց հույսերը կտրած
Գանգատվում է նա և ցավից տնքում,
Կյանքիցը զզված, սակայն դեռ չապրած,
Հանգիստ է խնդրում հեռո՛ւ, երկնքում...

Մի՞թե տրտմության թախիծըն այդպես
Խեղդեց նրա մեջ ապրելու հույսը.
Մի՞թե այլևս նա չէ երգելու
Իրան պապերի երգած խրախույսը։

Մինչև ե՞րբ պիտի մարդիկ կատաղի
Արցունքովն հայի կերածը թրջեն,
Եվ երկա՞ր պիտի մեռելաթաղի
Տաղերով ագահ ցերբերներ շրջեն...

Մի՞թե դեռևս անսիրտ հագարը
Այն ավերակաց վերա պիտ իշխե,
Անարգե, պղծե մեր սուրբ տաճարը,
Անարժաններին շնորհներ բաշխե...

Եվ չարագուշակ մտքերով հուզված
Քաշվում, մտնում եմ մի խաղաղ անկյուն.
Եվ երկար անշարժ ու խորասուզված
Հածում եմ նրա ցավերում անհուն։

Ավելի խորը, ավելի հեռու
Միտքս ինձ առնում, թռցնում, տանում է.
Թռչում է հանկարծ մի ծանր հառաչանք,
Եվ սիրտս կարծես հանգստանում է։


* * *
Եթե իմ վերջին հայացքը մնա
Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար,
Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա,
Որ սրտանց ես դու կոծում ինձ համար.

Եթե գիտենամ, իրավ պիտի դու
Ինձանից հետո ցավես իմ մահով,-
Երդվում եմ սիրով, առանց ցավելու
Կըմեռնեմ ես այդ հուսով ապահով։

Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից
Ու կըճանաչեմ քո հեկեկանքը,
Կըմխիթարվիմ, որ սիրում ես ինձ,
Որ քաղցըր էր քեզ համար իմ կյանքը։


* * *
Պանդուխտն երգեց օտար երկրում
Եվ սրտաբեկ հոգվոց քաշեց,
Երբ որ տխուր յուր երգերում
Անցած ուրախ օրերն հիշեց։

Մարմնով տկար, հոգով տխուր
Շուրջը նայեց, մեկը չըկար,
Որ տար գեթ մի բաժակ ցուրտ ջուր, -
Ողբաց պանդուխտն անմխիթար։

Եվ նա խնդրեց անժամանակ
Հանգստության լուռ գերեզման,
Անհույս երգեց վերջին նվագ, -
«Արի՜ , չարքաշ կյանքիս վախճան.

Էլ ույժ չըկա. - բարյավ մնաք,
Դուք սև օրեր պանդխտության,
Դուն, հայրական հեռու տնակ,
Եվ երազներ պատանեկան։

Իսկ դուն արի՜, քաղցր հիշատակ,
Կորցրած սիրո, վայելչության,
Արի ինձ հետ իբրև սփոփանք
Գերեզմանիս լուռ տխրության»։

Մեռավ պանդուխտն. բարյավ մնաք...
Գիտեք, որքան ձեզնից թաքուն
Խեղճը հեծեց, ողբաց մենակ...
Գեթ ողորմի տվեք հոգուն։



ՄԻ՜ ՈՐՈՆԻՐ

Մի՜ որոնիր՝ մի ժամանակ
Արհամարհածդ՝ այս կըրծքի տակ,
Հառաչանքով դուրս թըռավ նա
Ու դատարկ է տեղը հիմա...

Էլ մի՜ կանչիր, մի՜ լար իզուր.
Քո արցունքից միայն տըխուր
Հին-հին հուշեր պիտի զարթեն,
Եվ ի՛նչ օգուտ... ո՛ւշ է արդեն...


* * *
Շատերի նման նա էլ խեղդվեցավ.
Փոքրոգությանն եք պարսավում նրա։
Լռեցե՜ք, եղբարք, ի՞նչ գիտեք, ի՜նչ ցավ
Առաջնորդեց այն մարդուն դեպի մահ։

Տեսե՜ք, այս խեղճը տխուր, գլխակոր,
Մոլոր շրջում է սգվորի նման.
Բայց նրա մասին մի դատեք, երբ որ
Չգիտեք ինչն է կորացրել նրան։

Ահա, վարում են մյուսին պատժարան,
Օ՛, մի՜ անվանեք նրան չարագործ.
Ի՞նչ գիտեք, գուցե մի միտք երկնարժան
Այս օրին մատնեց այդ մարդուն անփորձ։

Եվ դուք ի՞նչ գիտեք, թե երգիչն ուրախ,
Որ ձեզ համար միշտ երգեր է երգում,
Քարասիրտ մարդկանց ծաղրանքից ծածկած
Ի՜նչ ցավեր ունի յուր սրտի խորքում։



ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹՅՈԻՆ

Ո՞րն է դրախտը, - վայրն երանավետ,
Ուր պիտի ապրեմ գերեզմանից ետ.
Մի՞թե մարդկային տառապած կյանքը
Չըստեղծեց այն սուտ մխիթարանքը.
Եվ մի՞թե նորա մահից սարսափած
Ագահությունը չէ իրան խաբած...
Սակայն բարի է. - մի տանջված արդար,
Կամ իրան արդար համարող մի չար
Երկրային կյանքի վերջին վայրկյանին
Հանգիստ ու խաղաղ կավանդե հոգին,
Համաձայն իրան ճաշակի, կամքի,
Վայելքն հիշելով խոստացյալ կյանքի.
Եվ ահա միակ, բայց մեծ օգուտը,
Որ մարդկությանը տվեց այս սուտը։
Ա՞յս է մեր կյանքը. - լոկ խաբեություն.
Ո՛հ, մի՞թե և ես, ինչպես մի հնչյուն,
Այս իմ հույսերիս, ձգտումներիս հետ
Պիտի մեռանիմ, չքանամ անհետ...
Չէ՜, սիրելի է խոստումն երկնքի -
Հույսն հավերժական, անվախճան կյանքի.
Հեռո՜ւ ինձանից, հոգեմաշ կասկած,
Ողջույն քեզ, ողջո՛ւյն, ո՜վ կյանքի աստված.
Արի՜, հայտնվի՜ր, նշկահիր մահու
Տարակուսանաց տագնապն ահարկու
Եվ կույր հավատով զորացրու հոգիս -
Անմահություն տուր լքացած կյանքիս...
Բայց ի՞նչպես պիտի կյանք առնեմ կրկին,
Արդյոք լուսակազմ, աննյութ, անմարմին
Պիտի սավառնեմ անծայր եթերքում,
Թե՞ իբրև մի հունչ շրջեմ աշխարքում,
Թե՞ անփույթ, անգործ թափառեմ պիտի
Մարդոց աչքերին անտեսանելի,
Թե՞ ամպերի մեջ պիտի ես հանգչեմ
Եվ ոտքիս տակից կայծակներ իջնեն...
Օ՛, ներիր, աստված՝ ծածկագետ, անհուն,
Ներիր մեծամիտ, գոռոզ պատանուն.
Աննշան ճճիս չարաչար մեղա,–
Հանդուգն խորհրդով խորամուխ եղա,
Ձգտեցի պարզել քո աստվածային
Անհասանելի, անմեկին գաղտնին։



ՄԱՐԳԱՐԵ

Երբ որ վեհության կնիքը ճակատին
Եվ ճշմարտության սուրբ պատգամներով
Նա հայտնվեցավ մոլար աշխարքին
Եվ դարձ քարոզեց հրաթափ լեզվով,

Նրա աստվածային ձայնից սարսափած
Գիշերատեսիլ մարդիկ հուզվեցին,
Իրանց սեղանից վեր կացան հարբած,
Մոլեգնության մեջ աղաղակեցին.

Ո՞վ ես դուն, արի՜, այս մեր հանցավոր
Ուրախությանը մասնակից եղիր,
Կամ թո՜ղ վայելենք մեր կյանքն անցավոր.
Թե չէ՝ խիստ պատժի քարերից փախիր։

Սակայն անվհատ նա հառաջ գնաց
Անուշադիր յուր անձի վնասին,
Մոլորությունը ներելով մարդկանց՝
Հոգ տարավ նրանց փրկության մասին։

Եվ երբ որ լուսո նա ջահը ձեռքին
Մոտեցավ կորստյան փոսի եզերքին,
Ապերախտ ձեռքով ամբոխը խավար
Զարկեց, խորտակեց ջահը փրկարար։

ժամանակ անցավ. թշվառ ամբոխին
Արդեն փորձանքը վրա էր հասած,
Երբ ուշքի եկավ, վայ տվեց գլխին. -
«Նա մարգարե էր, նա իրավ ասաց»։



ՊՈԵՏԻՆ
A la Նադսոն

Թաքցրու, պոետ, վշտերդ ամբարված
Մեծ գաղտնարանում ալետանջ հոգուդ,
Ամբոխի առաջ մի՜ երգիր նրանց,
Եվ ինչո՞ւ համար ողբալ անօգուտ.

Եվ դուն չես կոչված, որ փոքրոգության
Արտասուքներով քո վշտերն երգես,
Դուն պիտի ճնշված մարդկության առաջ
Սև ճակատագրի գոյությունն հերքես։

Թեկուզ կեղծ լինի ժպիտը դեմքիդ,
Թեև դժվար է քեզ համար կեղծել,
Պետք է մոլորված, անկիրթ ու նեղսիրտ
Ամբոխի համար հավատ ստեղծել.

Գուրգուրիր նրան ինչպես չար մանկան,
Պատժի ժամանակ անողորմ եղիր,
Ձեռքումդ ունեցիր փայլուն խարազան,
Հարվածիր նրան և հառաջ մղիր.

Հառաջ տար նրան և ձեռքդ մեկնիր,
Ցույց տուր փրկության արյունոտ ուղին,
Կովից փախչողին ծաղրանքով հեգնիր,
Փառագոչ երգով գովիր կռվողին.

Սիրտ տուր ընկածին, գետնից վեր քաշիր.
Մի՜ թողնիր երբեք որ մնա նա ցած,
Կենդանի երգով զարթեցրու, շարժիր
Զգացմունքները նրա վհատած.

Բարկության հրով շնչիր չարի դեմ,
Որ թույնով, փողով գահ է բարձրացել,
Եվ լուսավորի՜ր, ցույց տուր ամբոխին,
Թե ինչ ընթացքով չարիք է գործել.

Թող որ ճանաչե և պատուհասե
Նրա չարությունն ամենակատար,
Եվ այնուհետև կուրորեն չասե՝
Մեծ կամ մարդասեր, ազգի բարերար.

Եվ պատվանդանը հիմքից խորտակիր
Ոսկի հորթերի, ինքնամոլության,
Մարդոց սրտերում դարձյալ հաստատիր
Լրբությամբ մերժած գահն աստվածության.

Մենք այն ժամանակ և կըգանք քեզ հետ
Եվ քեզ կըսիրենք, կըփառավորենք,
Սրտի հրճվանքով կանվանենք «պոետ»,
Ամեն մի խոսքդ կընդունենք օրենք։



ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏՂԻ ԴԻՄԱՑ

Արևը թռավ. երկինք ու երկիր
Առավ խավարը գիրկն համատարած.
Դուն, փայլան աստղիկ, դարձյալ շողացիր,
Արդյոք այս գիշեր ի՞նչ բերիր մարդկանց։

Դուն ավետեցիր ժամը տեսության
Այն սիրատենչակ սիրահարներին.
Որ սրտատրոփ անհամբերությամբ
Սպասում էին խաղաղ գիշերին։

Դուն երևացիր խավար երկնքից...
Օ՛, նա սպասում էր քո երևալուն.
Ահա հուսահատ, զզված յուր կյանքից,
Խեղդվելու գնաց մարդկանցից թաքուն։

Դուն երևացիր և բազկատարած
Պատրաստվում է մեկն աղոթք անելու,
Այնինչ, մի ուրիշն յուր զենքերն առած՝
Գնում է անմեղ մարդ սպանելու։

Իսկ մեծատունը, խնջույքից հոգնած,
Հանգստանամ է. ա՛խ, թե նա հիշեր,
Որ յուր պալատի պատի տակ կանգնած
Թշվառն օթևան չունի այս գիշեր...

Դուն, փայլուն աստղիկ, որ շողշողում ես,
Ինչպես սիրուհու թրթռուն տենչանք,
Ամեն գիշեր ինձ համար բերում ես
Կրքերի հուզմունք և հոգու տանջանք։



ՉԱՐԱՄԻՏՆԵՐԻՆ

Դո՜ւք, մեծ հայրերի ընկած զավակներ,
Դո՜ւք, ո՛վ ստրուկներ մոլի կրքերի,
Դո՜ւք, ո՛վ զեխության խղճալի հյուրեր,
Որ շվայտ կյանքին դարձել եք գերի.

Դո՜ւք, որ ընկնում եք ոչ պատերազմում
Թշնամու սրով և ոչ ձեր մահով,
Որ եղբայրադավ ժողով եք կազմում
Եվ տեսնող աչքից կարծում ապահով.

Դուք, որ պատրաստ եք անմեղին կապած
Սեղանավորի ոտքի տակ զոհել,
Որ ավազակի առջ սարսափած,
Ճշմարտությունն եք ուրանում խոսել.

Դո՜ւք, որ ուզում եք աշխարքին խաբել,
Եվ դատաստանի առաջ դողալով
Գիտեք կեղծավոր արտասուք թափել
Չարությամբ լեցուն, հանցավոր սրտով.

Դո՜ւք, որ մարդկերանց աչքերն եք կապում,
Ո՛վ սպասավորներ բանտի, խավարի,
Որ հարազատի արյունն եք թափում
Եվ ձեր եղբոր գույքն առնում ավարի.

Դո՜ւք, որ այրիի դառն արտասուքով
Շաղախեցիք ձեր սեղանի հացը,
Որ հպարտացած անօրեն գործքով
Հարցանում եք թե՝ ո՞ւր է աստվածը. -

Կըհասնի նա ձեզ, բարկությամբ արդար
Արժանի մահով պատուհասելու,
Եվ ո՞վ պիտի ձեզ ցույց տա ճանապարհ
Նորա բարկության պատժից փախչելու։



ՄԻԱՄԻՏՆԵՐԻՆ

Երանի է ձեզ, որ չեք հասկանում,
Թե մարդիկ ինչու ինչեր են անում,
Երանի ձեզ, որ մարդու չեք զրկում,
Եվ ոչ ձեզ հասած հարվածն եք զգում.
Երանի ձեզ, որ ոչինչ չըգիտեք,
Որ հոգով անդորր, սրտով հանգիստ եք։


* * *
Ո՜հ, խնայեցեք, մի՜ հիշեցնեք ինձ,
Թե ինչպես էր նա արտասուք թափում,
Երբ, արդեն խաբված նենգավոր խոսքից,
Անձնուրաց սիրույս էլ չէր հավատում։

Ո՜հ, մի՜ հեշտացնեք, այդ խոսքեր են լոկ
Եվ չեն դարձնելու կորուստս անգին,
Անտարբեր եք դուք, դեռ ձեզ անողոք
Բախտը չէ մատնել սիրո վտանգին։

Մի՜ հիշեցնեք, մի՜, թե ինչպես դաժան
Մարդիկ իրարից անջատեցին մեզ,
Թե ոնց եմ ապրում նրանից բաժան...
Թողեք ինձ հանգիստ, - ես գոհ եմ այսպես...

Ոչ, ես չեմ կարող չարչարվել անվերջ,
Ուզում եմ խնդալ ցավերից հեռի,
Եվ մոռացության ալիքների մեջ
Թաղել հիշատակն անցած օրերի։



ՀԻՇՈՂՈԻԹՅՈԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ

Այս կրծքի տակ ապականված,
Հեռու կյանքի ժըխորից,
Դեռ մի հնչյուն կա պահպանված
Իմ մանկության օրերից։

Եվ երբեմն պատահում է,
Որ հնչում է նա հստակ,
Կյանքի ձայնը նշկահում է -
Ես շնչում եմ համարձակ։

Պայծառ շողերն հիշողության
Մտնում են ծոցն անցյալի,
Լուսավորում իմ մանկության
Անհոգ պատկերն անձկալի։ -

Ահա երկինքն իմ հայրենի, -
Հայի սրտի նման պարզ,
Ահա երկիրն իմ հայրենի -
Կանաչազարդ հանապազ։

Ողջույն ձեզ, ո՜վ ուրախ, ազատ,
Անցած օրեր իմ մանկության...
Ա՜խ, ձեզանից ինձ մի բացատ
Անջատել է հավիտյան։

Ահա փոքրիկ իմ քույրերը
Խաղ են անում միասին,
Օ՛հ, անհանգիստ, չար եղբայրը
Նրանց ծեծում է կրկին...

Մորս ձայնը մեղեդիական
Ահա հնչում է քնքուշ,
Նրա հայացքը մայրական
Ինձ հետևում է զգույշ։

Ահա կանգնած է իմ առաջ
Մեր բազմահոգ գյուղացին,
Մեծամարմին և քաջալանջ,
Ծիծաղ չըկա երեսին։

Ո՛հ, լսում եմ նրա երգը
Միանման ու տխուր.
Լայնաբերան նրա վերքը
Մեծանում է օր –ավուր...

Ահա թշվառ հայ գեղջկուհին,
Դեմքը վշտոտ ու նիհար,
Պատառոտած մի շոր հագին,
Չարչարվում է անդադար։

Ահա ծերուկը, շարժելով
Ալիքները առաջվան,
Կյանքն է հիշում հառաչելով
Եվ մտնում է գերեզման...

Եվ պարզ աչքով ես տեսնում եմ
Հայրենիքս ծաղկավետ,
Այն ճոխ երկրից ես լսում եմ
Անհոգ ծիծաղ լացի հետ...

Դալարագեղ նրա հովտում
Ի՛նչ աղմուկ է վայրենի, -
Գետի գոռոց և որոտում
Հազարավոր ձայների։

Ահա նրա լուռ, ահավոր
Խաղաղ գիշերն աստղաշատ,
Ահա նրա հանդիսավոր
Առավոտը ցողապատ.

Նրա ձորերն անդնդափոս
Եվ բարձրաբերձ քարափը,
Նրա սարերն ու հորդահոս
Սովորական տարափը.

Երբ որ կայծակը շեշտակի
Ահեղորոտ իջնում է,
Անտառապատ և վիթխարի
Լերանց կրծքին հանգչում է։

Ի՛նչ սիրուն է և հոյակապ
Հայրենիքս վշտակիր,
Եվ դու, մերժած սեր իմ հրատապ,
Այն լեռների մեջ հանգիր։


* * *
Ո՜հ, մեղմացնել չես կարող դուն
Սաստկությունը տանջանքիս,
Եվ հաշված են թույնով լեցուն
Սակավ ժամերը կյանքիս.

Բայց տեսնում ես, ես հանգիստ եմ,
Մի՜ լար և դուն, իմ անգին, -
Քո արտասուքն ես կարող չեմ
Փոխարինել այս կյանքին.

Օ՛, գերությունն ես ատում եմ,
Եվ ցոփ կյանքը հեշտասեր,
Այժմ, ահա, թոթափում եմ
Նրանց լուծը մահաբեր.

Սակայն գիտե՞ս թե այսքան
Ինչն է տանջում ինձ այսպես -
Արտասուքի և տրտմության
Համար չէի ծնված ես.

- Ես ուզեցի ազատ երգել
Ե՜վ օրհնություն, և անեծ,
Սիրով սրտերը բորբոքել,
Որ նախանձը բաժանեց. -

Կյանքի աղմուկն և գոյության։
Պատերազմը տմարդի
Արգելեցին լիաբերան
Երգել զեղմունքն իմ սրտի.

Ես լռեցի. կատաղությամբ
Սիրտս ուժգին տրոփեց,
Ոգևորված և համարձակ
Մտա կռվի ասպարեզ.

Բայց իմ խնդրած այն սրբազան։
Կռիվը չէր բորբոքված,
Ուր կռվում են ազատության,
Պատվի համար անարգված.

Անհավասար և վաղաժամ
Կռվում ուժերս վատնեցի.
Հափշտակված, հոժարակամ
Ինձ գերության մատնեցի.

Ո՜հ, չես կարող մխիթարել,
Հոգիս անչափ է տրտում,
Աչքս դեռ նոր եմ բաց արել՝
Գերեզմանս եմ նկատում։



ՏԱՊԱՆԱԳԻՐ

Կյանքի տղմի մեջ գլխովին թաղված
Եվ փոքրիկ հոգին կասկածներով լի,
Մտքերն ամեն օր արնով շաղախված
Անցկացրեց նա կյանքն յուր ողորմելի.

Զորեղի առաջ ծունր խոնարհեց,
Իշխանավորի ոտքերը լիզեց,
Ուրացավ պատիվն և արհամարհեց,
Յուր անձը վատնեց և ոսկի դիզեց.

Տկարից խլեց, խեղճից գողացավ,
Արդարին խաբեց, անմեղին ծեծեց,
Հարուստի առաջ ծառա ձևացավ,
Կողոպտեց մարդոց և ոսկի դիզեց.

Կեղծավոր դեմքով, շողոքորթ խոսքով
Հռչակեց իրան մարդոց սրտացավ,
Միամիտներին շլացրեց ոսկով,
Ավազակների հետ ընկերացավ.

Կուրացած մարդիկ առաջ վազեցին,
Բարձրացրին նրան աթոռն աշխարքի,
Իսկ երբ որ մեռավ՝ դառն արտասվեցին,
Կանգնեցին արձան անվախճան փառքի։


* * *
Դեռ անհիշելի վաղ մանկությունից
Անհայտ ըղձերով թռչում էի վեր,
Միաժամանակ քարշում էին ինձ
Գետի ստորև ախտավոր կրքեր։

Հնազանդվեցի մոլություններիս,
Ոչ ոք էլ նրանց մասին չըխորհեց,
Իսկ կյանքը գրկեց և, փաղաքշելով,
Հեշտասիրությամբ սիրտս տոգորեց։

Սակայն ի՞նչ է նա, ինձ ոչ ոք չասաց,
Մեզ ի՞նչ է տալիս կամ ո՞ւր է տանում,
Որ, մեկը միամիտ, իսկ մյուսն ստիպված,
Անվերջ սիրելով կյանք են անվանում։

Եվ ես, անգիտակ նրա խորհրդին,
Անձնատուր եղա բոլոր ուժերով,
Մինչև որ հասա ինձ խաբող կետին,
Մինչև որ տեսա հոգնած աչքերով. -

Վարդերով ծածկած կորստյան անդունդ,
Քաղցրավենիքով պատած մահադեղ.
Մարդիկ հառաջ են վազում սրտաթունդ,
Եվ օրապակաս ընկղմում այնտեղ.

Մեռելի վրա բարձրաձայն սգում,
Վաղաժամ մահ են ողբում անդադար,
Տեսնում, շոշափում, բայց դեռ չեն զգում,–
Եվ դարձյալ շուտով մեռնելու համար...

Ա՜խ, որքա՛ն շատ են ճանապարհները,
Որ մեզ տանում են դեպի գերեզման,
Եվ ինչպես մոլի մեր թարմ ուժերը
Մենք սպառում ենք ձեռքով սեփական....



ՆՐԱՆ

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Ես ուզում եմ, որ քո անմեղ
Սիրտը թնդար ինձ համար,
Եվ հավիտյան վառվեր այնտեղ
Միայն իմ սերը բոցավառ։

Ես ուզում եմ, որ օրնիբուն
Ապշած նայեմ աչքերիդ,
Ինձ մոռացած, կորչեմ անհուն
Խորության մեջ հայացքիդ։

Իսկ եթե մահն այն ժամի մեջ
Ինձ մոտենար, օ՛, սեր իմ,
Ես կուզեի քո սիրատենչ
Կուրծքդ լիներ ինձ շիրիմ։



«ՈՉ ՅՕՐԻՆԱԿ ԱՅԼՈՑ»

Ազատ, համարձակ բարձրացի՜ր, արատ,
Քո պատվանդանի վերա ոսկեղեն,
Բարձրացի՜ր, իշխի՜ր... թող մարդիկ անպարտ.
Հորդ արտասուքով ոտքդ ողողեն։

Դո՜ւրս արի, հանցա՜նք, մեծատան շեմքից,
Խեղդի՜ր, խորտակի՜ր անմեղ տըկարին,
Մի քաշվիր տիրոջ փառավոր միրքից -
Նա ընկեր է քո առած ավարին։

Եվ քաջալերված լրբենի բազուկ,
Ճեղքիր ճակատը ճշմարտախոսի,
Արդեն արծաթով վաճառվեց ծածուկ
Եվ ճշմարտության խոսքը Հիսուսի։

Դու, սեղանավոր, ձեռքդ տարածիր
Դեպի սեղանը մարդոց սրբության...
Մի վախիր, - ամեն բողոք ու խնդիր.
Պիտի սին օդում անկատար մնան։



ՀԱՄԵՐԳ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջըրի աղմուկին.

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մըտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լըսում է նըրան։



ԵՐԳՉԻՆ

Ապա, այն երգն ասա՜, երգիչ,
Որ հեծեծանք է միալար,
Այն սրտատանջ և մորմոքիչ
Երգը երգիր ինձ համար։

Սիրտս լիքն է լուռ վշտերով,
Շո՜ւտ, այն տխուր երգն հնչիր.
Եվ քո երգի նուրբ ձայներով
Արցունքներըս դուրս կանչիր։

Շատ թաքցրի սրտիս միջին
Զգայազուրկ մարդկանցից,
Այժմ ուզում եմ քո առաջին
Ողջ դատարկել իմ սրտից։

Դե շո՜ւտ արա, որ ինչպես թույն
Ինձ չըտանջեն հավիտյան,
Երգի՜ր, երգիչ, և նրանք իսկույն
Իմ աչքերում կերևան։



ՆԿԱՐԻՉ Գ. ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆԻ
«ՁՈՐԱԳԵՏԸ ԳԻՇԵՐՈՎ» ՆԿԱՐԻ ԱՌԱՋ

Արտի՜ստ, քաջերի այս ձորն ահարկու
Յուր բնավայրից փոխադրել ես դու.
Մե՜ծ է արդարև, մեծ է քո հոգին,
Որ ընդգրկել է ժայռերն ահագին
Իրենց սեփական խոր մտածմունքով.
Փրփրուն գետը փայլուն ծփանքով,
Լուսին-աստղերով կամարը երկնի
Եվ համատարած խավարն ահռելի...
Լո՛ւռ հանգստություն - գիշեր է մթին.
Հանգստանում է նաև իմ հոգին։

Բայց ահա, այնտեղ, ձորի խորքերում
Մի մենակ վառվող լույս է երևում.
Այո՜, մի խուղ կա այն ձորի միջին,
Դու ճանաչո՞ւմ ես նորա բնակչին...
Օ՜հ, չես ճանաչում - անծանոթ ես դու
Բայց թե գիշերը և նրա հոգու
Կարողանայիր տեսնել և զգալ -
Հանգստություն չէիր նայողին դու տալ։


* * *
Կուրծքս երբեմն եռ է գալիս և հուզվում.
Ես մնում եմ անշարժ, ինչպես լուռ արձան,
Միտքս թռչում դեպի երկինք և սուզվում
Տիեզերքի խորության մեջ անսահման...

Ամփոփում է հանկարծ երկիր բովանդակ,
Եվ սիրատենչ կուսի կուրծքին է փարում,
Խոնարհվելով իջնում մինչև ոտնատակ -
Արհամարհված սրբությունը համբուրում...

Ետ է թռչում և մոլորված դեգերում
Քաղցրահուշիկ խոր անցյալի լուռ ծոցում,
Եվ թրթռում արդեն լռած երգերում,
Սառն ու տխուր շիրիմները շոշափում...

Հետաքրքիր ցանկությունով թևառած
Ապագայի մթության մեջ խարխափում,
Եվ, մի սաստիկ տենչով լեցուն, սավառնած
Երջանկության սահմանները թևածում...
Թռչում է միտքս,
Կորչում է միտքս,
Եվ չեմ հասկանում,
Ինչ եմ ցանկանում։


* * *
Քրիստոս հարյավ հըրաշափառ,
Հարյավ աշխարքն էլ նորից,
Դու էլ, սե՜ր իմ, հարություն առ
Մոռացաթյան խավարից։

Դու, որ ազատ միտքս ու հոգիս
Կախարդեցիր այնպես վաղ,
Հայտնվեցար խոստումներով
Եվ հեռացար անհապաղ։

Արի՜ դարձյալ, որ առանց քեզ
Կյանքը դառն է և անձուկ,
Քեզ կանչում եմ, որ նորոգես
Մեր վայելքը վաղանցուկ։

Հիշի՜ր, որ քեզ դեռ սիրում եմ,
Եվ այժմ, ընկած պատրանքից,
Ձեռքս, ահա, տարածում եմ -
Ինձ ազատիր այս կյանքից։



ՏԱՐՈՆԻ ԳԱՐՈԻՆԸ
(Հատված պոեմայից)

Գարունն եկավ և թևերը
Հովիտներում տարածեց,
Հայաստանի խիստ ձմեռը
Լերանց ծայրերն հալածեց։

Ժպտաց երկնից արեգն աչեղ
Եվ ձյուները հալվեցան,
Հով սարերի վերա տեղ-տեղ
Վրանները շարվեցան։

Մուսաբեկի գազան օբեն
Դարձյալ իջավ յուր ուրթում,
Նրա մարդիկն առած ջիդեն՝
Մարդազոհ են պտըրտում։

Հանկարծ տիրեց ահ ու սարսափ
Խաղաղանիստ վայրերին,
Միմիայն երեն մնաց ազատ
Բարձըր լերանց ծայրերին։

Հարյավ կյանքով գարնանաբեր
Եվ հըրճվում է ողջ Տարոն,
Բայց չէ լսվում աշխատասեր
Հայ գյուղացու հորոլոն։

Գարունն եկավ, սարերն ելավ
Ազատ քյուրդը հաղթական,
Գարունն եկավ, յուր ցուպն առավ
Հայ գյուղացին գաղթական։



ՏԱՐՈՆԻ ԱՌԱՎՈՏԸ
(Հատված պոեմայից)

Կարմիր արևն առավոտյան
Պայծառ ցոլաց դեպի Մուշ,
Ծավալվեցավ ծովի նման
Մշո դաշտը քաղցրահուշ։

Նրա շուրջը խոշոր դեմքով
Կանգնած, լեռներն ահագին,
Քնաթաթախ, լուռ աղոթքով,
Նայում են վեր - երկնքին։

Արածանին օձապտույտ
Ծաղկադալար ափերում,
Մշուշի մեջ, ազատ, անփույթ
Խաղ է անում, փրփըրում։

Բայց հարսներ չեն հավերժական
Խայտաճամուկ շորերով,
Եվ չեն եկել, որ լողանան
Արածանու ջըրերով,

Որ սիզավետ տափաստանում
Վազվըզելով մանրաքայլ,
Երգ ասելով քաղ են անում
Մարգերի մեջ ցողափայլ։

Արեգակի շողերի հետ
Ահա շողաց և մի բան, -
«Ո՛վ զորավոր սուրբ Կարապետ,
Ո՛վ ավազանդ հայության...»

Հանգի՜ստ կացիր, բարեպաշտ մարդ,
Այն խաչը չէ քո պաշտելի
Սուրբ Կարաաետ շքեղազարդ
Հայոց վանքի գմբեթի։

Ծայրն է քրդի սուր նիզակի.
Որ ճոճում է մշուշում.
Ահա և ձին ավազակի, -
Ի՛նչ արագ է նա քըշում։

Տեսավ հեռվից քաջ աշիրը
Զվարթ խումբը քաղվորի,
Եվ ցոլացին սուր աչքերը
Ցանկությունից վայրենի.

Եվ սլացավ, ինչպես բազեն
Խոյանում է ամպերից,
Ա՛հ, խեղճ կանայք, էլ ո՞ւր վազեն,
Ի՞նչ է գալիս ձեռքներից...

Հասավ, ճանկեց... բռնեց թուրքին–
Օրիորդին ուշաբարձ,
Ասպանդակեց, տաքացավ ձին,
Եվ հեռացավ սրընթաց։



1891

Խղճալի մարդ, տոգորված
Իրան անհայտ և կորած
Օր ու կյանքի տենչանքով,
Հազար ու մի տանջանքով,
Հույսերով միշտ անկատար,
Շտապում է անդադար...
Յուր գոյության ընթացքում
Դիակներով է ծածկում
Ասպարեզը յուր կոխած,
Եվ, արյունով շաղախած,
Պիղծ ձեռքերով ուզում է
Երջանկություն ընդունե.
Չի նկատում, որ իզուր
Եղած կյանքն էլ բնատուր
Առանց հաշվի վատնում է.
Իսկ երբ ույժը հատնում է,
Գերեզմանի եզերքին
Կանգ է առնում տխրագին,
Ափսոսանքով արտասվում,
Ետ է նայում, և տեսնում,
Որ ողջ կորցրել է անդարձ,
Ինքն էլ կորչում է հանկարծ,
Ինչպես շունչը յուր վերջին,
Ինչպես հյուլե մի չընչին։



Ա՛Խ, ԵՍ ԵՐԱՆԻ

Ա՛խ, ես երանի
Կայծակ լինեի,
Որոտ– ճայթյունով
Մըռայլ ամպերից
Ժայթքեի ըմբուսո,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Ցույց տայի մարդուն
Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ ո՞վ է նըստած
Եվ ո՞ւր է աստված...



ԵՐԳՉԻ ՎՐԵԺԸ

Ծանըր հեծության ժամանակների
Եվ ճընշումների անըզգա որդիք,
Կամեցա սիրել, սակայն դուք բարի
Սիրտըս ու հոգիս զայրույթով լցրիք։

Բայց դրա համար ես այնպես կերգեմ,
Որ այդ ձեր սիրտը ցավից պատառի,
Տըխուր ձայներով կըթունավորեմ
Հանգստությունը գալոց օրերի։

Հուսահատության թախծալի երգով
Լեղի կըդարձնեմ ձեր կյանքը բոլոր,
Եվ դուք կարտասվեք լիացած աչքով,
Խնջույքների մեջ նստած գըլխակոր։

Եվ խիստ վրեժը զայրացած երգչի
Ձեզ կըհետևի մինչև գերեզման,
Ձեր սիրտը կայրի, հոգին կըտանջի...
Եվ կըտառապեք այսպես հավիտյան։



ԿԱՆՉ

Եթե կաս, աստված,
Եվ չես ստեղծել
Արտասուք ու լաց,
Հեծել, անիծել.
Թե չար նախանձի
Թույնով մահացու
Դո՜ւ չես վարակել
Պարզությունն հոգու.
Թե դո՜ւ չես ասել,
Որ կյանքը այսպես
Լինի անասպառ
Տանջանքի հանդես, -
Մեղմացրու մարդկանց
Կիրքն ամբարտավան,
Եթե աստված ես
Դու խաղաղության։

___

Տե՜ր արագահաս,
Աստված արդարի,
Ո՞ւր ես, եթե կաս.
Ես աղոթք արի,
Բայց սրածության
Ահարկու ձայնից
Խլացավ իսկույն
Իմ աղոթքն անբիծ.
Եվ ես, վայրենի
Կրքից կատաղած,
Ամբարիշտների
Քարերից փախած,
Քո անվան հուսով
Կռվեցի երկար,
Պարծեցա քեզնով,
Սակայն դու չեկար։
Էլ ինչո՞ւ եմ ես
Տառատում այսքան,
Եթե աստված ես
Դու անմեղության։

___

Ինչո՞ւ տակավին
Չես պատժում չարին,
Ո՞ւյժդ է պակասում,
Թե՞ չենք աղերսում։
Ինչո՞ւ չես գալիս,
Ո՞ւր ես, եթե կաս,
Թե դո՜ւ չես տալիս
Խեղճին պատուհաս.
Թե չարագործին
Դո՜ւ չես տվել սուր,
Որ խաղաղ հոգին
Սարսափի իզուր.
Թե՞ դու չըգիտես,
Որ այստեղ, երկրում
Մարդը ժպտերես
Մարդ է գիշատում.
Դե արի՜ ու տե՜ս,
Զարկի՜ր ու շանթի՜ր,
Եթե աստված ես
Դու վըրեժխնդիր։



«ԱՆՈԻՇԻ» ՁՈՆԸ

Սիրելի՜ ընկեր, շատ ոգևորվել,
Շատ ես հառաչել դա նրա մասին,
Որ այսօր հոգուս թռիչք է տվել,
Որ պիտի երգեմ ես քո առաջին.

Բայց ես չեմ կարող այնպես հառաչել
Անզոր բառերով անվարժ տողերում.
Եվ ահա, ինչ որ գրչով նկարել,
Այն եմ սրտալի քեզ նվեր բերում.

Ընդունի՜ր հոգիս. նրա ձայները
Գուցե ականջիդ հարազատ հնչեն,
Հիշեցնեն անցած օրերի սերը,
Եվ քեզ քո սիրած տանջանքով տանջեն։



ՊԱՏՎԵՐ

Վանա բանտի խորքից ելած հառաչանք,
Ճիչ, աղաղակ բռնաբարված աղջկա,
Թալանվածի լաց ու աղերս, աղաչանք
Թե որ լսեք, ասացեք թե՝ բան չըկա։

Ամբողջ տարին արյուն-քրտինք աշխատող
Հայ գյուղացին թե որ լինի սովամեռ,
Կամ հուսահատ տանից կորչի հողից հող,
Գրեցեք թե՝ սաստիկ ցուրտ էր այս ձմեռ։

Թե կրակված հայոց գյուղի բոցերում
Վա՜յ կանչելով մարդիկ այրվեն կենդանի,
Հավատացրեք - խաղաղություն է տիրում,
Ժողովուրդը կյանքն օրհնում է սուլթանի։

Բան է, թե որ (չի պատահիլ այդ իսկի)
Նահատակված հային մի բան տանք, ասեն,
Դուք հասկացրեք, իբրև ծանոթ այդ ազգի,
Որ ժամը չէ, հայերը դեռ տըհաս են։

Հայոց լեզուն Մեսրոպն իրան հետ տարավ,
Իսկ կրոնը մի աղանդ է զենդական...
Սպասեցեք, մինչև որ մեր սրտացավ
Խնամքի տակ լուսավորվեն, առաջ գան։



ՆՎԵՐ ԱՆ. ԱԲ.–ԻՆ

Նորեկ գարունը լեռնական հային
Տեսավ առապար օտար աշխարքում,
Տեսավ մոլորված մտքով տխրագին,
Եվ այսպես խոսաց թախծալի սրտում.

«Հիշո՞ւմ ես, պանդուխտ, քո հայրենիքիդ
Թանձր անտառը, ծառերը հսկա,
Չքնաղ լեռները և ծաղկափթիթ
Մարգագետինը, որ այստեղ չըկա.

Գոչող ջրվեժը, որ ողողելով
Իջնում է գլխից մռայլ ժայռերի,
Զվարթ հավքերը, որ ճռվողելով,
Մերթ խլացնում են աղմուկը ջրի։

Երկրի վայրենի գեղեցկությունը
Եվ գեղածիծաղ երկինքը անհուն,
Նորա փառահեղ, պերճ հորիզոնը
Վաղ առավոտյան, իրիկվան պահուն...

Եվ այն բոլորը, որ թողել ես դու,
Որ ա՛յնքան փարթամ, այնքան սիրուն են...
Օ՛, մի՜ արտասվիր, խորտակված մարդու
Արտասուքները այստեղ գին չունեն։

Նրանք այս օտար ու սառն աշխարքում
Կըկորչեն, ինչպես կաթիլը ջրի,
Եվ քո թախիծը, դարձյալ քո սրտում,
Մենակ քո անձը պիտի տոչորի»։



N. N. - ԻՆ

Կյանքի հոսանքն յար ընթացքում
Մեզ մոտեցրեց միմյանց,
Բայց զգացի ես իմ հոգում
Հենց նույն ժամին մի կասկած։

Նախազգացումն ինձ չըխաբեց.–
Հայտնվեցար դու շուտով,
Եվ մենք այժմ բաժանված ենք
Ատելության անդնդով։

Արդեն ծանըր ես տուժեցի
Քեզ կանչելով «բարեկամ»,
Էլ մի՜ ջանաք, փարիսեցի,
Գրավել սերս մյուս անգամ։

Մի՜ բարձրացնիր կենաց բաժակ,
Ինձ մի՜ օրհնիր ժպտերես,
Էլ չի՜ դարձնիլ ոչ մի մաղթանք
Իմ հավատը դեպի քեզ։

Քո պատկերը իմ սրտի մեջ,
Նզովելի՛ հիշատակ,
Ամեն անգամ զարթեցնում է
Բուռն ցասումն և տանջանք։

Գուցե տեսնես ինձ հալածված,
Անցավակից և մենակ,
Թափառելիս անտուն, անհաց...
Սակայն, և այն ժամանակ,

Անհնազանդ արտասուքս
Կամ հառաչանք մի թեթև
Եթե հանկարծ հայտնեն վիշտս
Ակամայից քո առջև,

Դու մի՜ կարծիր, թե քեզանից
Կարեկցություն եմ խնդրում,
Այլև իզուր մի՜ հարցնիր ինձ,
Թե ինչ ցավ կա իմ սրտում. -

Քո խոսքերն իմ տխրությանը
Չեն լինելու մխիթար,
Եվ իմ սրտի գաղտնարանը
Միշտ փակված է քեզ համար։

Երկինք, գետինք թող միանան,
Կանգնի վկա տիեզերք -
Տվողը հոգուս կարողության,
էլ չեմ սիրիլ քեզ երբեք։



ՍԱՐԵՐՈԻՄ

Մութը իջավ, գետինն առավ
Քոշաքարա սարերում,
Գագաթների տեսքը կորավ
Ու խոր թաղվեց խավարում։

Երկինքն ամպած, տխուր ու սև
Լաց է լինում միալար,
Հեռո՛ւ, հեռո՛ւ լերան ետև
Խաղում փայլակն անդադար։

Ահա փայլեց և մոտիկից,
Լուսափայլեց սար ու ձոր.
Ոլորվելով սարի տակից
Գետը վազում է պըղտոր։

Մենակ, անքուն հովիվն ահա
Կանգնած իրեն արխաջում,
Արթուն աչքով հըսկում է նա,
Գողից երկյուղ է քաշում։

Փայլակն ահա փայլեց կըրկին,
Նըրա կարմիր լուսի տակ,
Բինից հեռու, երևացին
Երկու մարդու կերպարանք...

Ամպը գոռաց ու տըրաքեց,
Եվ անձրևը սաստկացավ,
Հովիվն «հե՛յ հե՛յ...» աղաղակեց,
Շունը թևից վեր կացավ...

Հրացանները որոտացին,
Ոչխարն եղավ ցանուցիր,
Հավարն ընկավ, ողջ զարթնեցին...
Գիշերը մո՛ւթն, ակնակիր...


* * *
Երբ տեսնում եմ, մարդ տակավին
Պահանջածը դեռ չի ստանում,
Եվ հուսահատ գերեզմանին,
Մոլությանն է ապաստանում.

Երբ աչք եմ ածում շուրջս ու հետս
Եվ չեմ գտնում խաղաղ անկյուն,
Ուր հառաչը տանջվող գերու
Չտարածվեր տխրահնչյուն.

Այնինչ խոսքը մարդո որդու
Արհամարհված ու մոռացված,
Եվ գլուխը ազատ մարդու
Մինչև գետին խոնարհած,

Բարկությունով լցված հոգով
Ես ուզում եմ, որ հենց իսկույն,
Տիրող կյանքը յուր վայելքով
Դառնար ժանտախտ ու մահաթույն...

Թող մեղավոր հարանց շիրմի
Վերա որդիքն անապական
Ապրեն հանգիստ, և թող լինի
Նրանց օրենքն ավետարանն։



ԿՈՐՈՒՍՏԻՑ ՀԵՏՈ

Խնդրի՜ր, սիրտ իմ կարոտակեզ,
Սիրտ իմ պանդուխտ, վշտաբեկ,
Խնդրիր նրան, որ այլևս քեզ
Սփոփելու չէ երբեք։

Կանչի՜ր, կանչի՜ր, գուցե կանչիս
Հնչյունները ըղձական,
Ինչպես միտքս, ինչպես հոգիս,
Թափանցեն այն գերեզման...

Յուր դրախտից գուցե լսե,
Հառաչանքս աղեկեզ,
Մտաբերե և ափսոսե,
Որ ես ապրում եմ այսպես...



ՀՐԱԺԵՇՏ

Այստեղ ահա կըբաժանվենք
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։

Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ...
Թող պահպանե քեզ աստված։

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս
Օրը տարի կդառնա,
Բայց, ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել,
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել։



ԴԵՐԱՍԱՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՄԱՀԸ
«Մեռնել - քնել»
Համլետ

Ոգևորողն ընկավ արդեն,
Եվ լռեցին նորա հետ
Սիրո տանջանք, զայրույթ ու քեն -
Լիր, Օթելլո և Համլետ։

Մեռավ - քնեց, հանգստացավ.
Որպես աղմուկ կենդանության,
Մեռելության միջից անցավ
Եվ չքացավ հավիտյան։

Էլ չի լսվիլ նորա ձայնը
Իմաստներով ոգեշունչ,
Հավերժացավ աստվածայինը,
Մնաց դիակն անմռունչ։

Եվ կըհանգչի լուռ և անշարժ
Դերասանը քարի տակ,
Բայց կպատմի քարն ապառաժ
Մրրկալից հիշատակ։

Եվ այցելուն պիտի կանգնե
Շիրմի առջև փառագոչ,
Սրտի խորքից բացականչե
Ձայնով հպարտ ու դողդոջ -
«Ոսկերացդ հանգիստ,
Աննման արտիստ»։



* * *

Թե հոգնել ես հաղթահարված
Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.

Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիսաթափված
Կյանքն ատում ես և գարշում,

Լավ իմացիր, ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՜ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.

Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ։

Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՜ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի։

Եվ այդ սիրտը քեզ չի տված
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի աստված,
Ոչ թե ցավեր նորանոր։



ԱՍՏՂԵՐԻ ՀԵՏ

Էյ աստղե՛ր, աստղե՛ր,
Երկնքի աչքեր,
Որ այդպես վառ-վառ
Ժըպտում եք պայծառ.
ժըպտում էիք դուք,
Երբ ես դեռ մանուկ
Աշխույժ ու կայտառ,
Ձեզ նման պայծառ
Թըռվռում էի
Ու ցավ չունեի...
ժըպտում եք այսօր,
Երթ թույլ ու անզոր,
Կորած հույսերիս
Կըսկիծն եմ լալիս...
Կըժպտաք նաև
Շիրիմիս վերև...



* * *

Երբ խոսում էիր, պատմում էիր ինձ,
Ես այն ժամանակ արբած քո շնչից
Եվ հափշտակված քեզ էի նայում.
Իմ հոգին մենակ այն էր գրավում,

Թե ինչպես էին շարժվում բորբոքված
Թերթիկները քո վարդագույն շրթանց.
Ինչպես աչքերըդ արտևանունքիդ
Ստվերների մեջ, որպես ծով հանգիստ,

Մերթ լցվում էին խաղաղ հրապույրով,
Մերթ վառվում էին կենդանի հրով...
Այնպես էր թվում՝ երազում էի,
Եվ իբրև հեռվից ես լըսում էի
Մի նոր մեղեդի անո՛ւշ, անբարբառ...
Ա՛հ, նորից խոսիր, բայց երկա՛ր, երկա՛ր...



ԽՈՍՏՈՎԱՆՈԻԹՅՈԻՆ

Քո աչքերում, որ փայլում է,
Հոգուս հուրն է մշտավառ,
Իսկ ժպիտդ, որ բացվում է, -
Սրտիս բերկրանքն անսպառ։

Երբ որ հանգչի հուրն աչքերիդ
Եվ շըրթունքըդ կարկամի,
Կըմեռանի նաև գերիդ...
Եվ մեզ մի մահ կըտանի։



ՈԻՐՈԻ

Դո՞ւ ես, իմ սիրո՜ւն.
Այն չըքնաղ ուրուն,
Որ զըրկում է ինձ
Գիշերը քընից։

Դո՞ւ ես գըրկաբաց
Հայտնըվում հանկարծ,
Ուզում ես գըրկել,
Ու հանկարծ, մեկ էլ
Խավարի միջում
Սահում ես, կորչում...

Դո՞ւ ես ծիծաղով
Կամ ծանոթ ձայնով
Մեր սիրած երգի՝
Իմ լուռ սենյակի
Մոտից հեռանում
Գիշերվա մըթնում...

Ասա՜, իմ սիրո՜ւն,
Դո՞ւ ես այն ուրուն,
Որ զըրկում է ինձ
Գիշերը քընից...


* * *
Սիրելի՜ աչեր.
Որպես մութ գիշեր
Վառված աստղերով,
Անմեկին ահով
Ցնցում եք հոգիս,
Եվ, մերթ նայելիս,
Անդիմադրելի
Հրապուրանքով լի
Սիրտս եք թափանցում,
Բայց դուք չեք խոցում,
Այլ մեղմ, անվրդով,
Լուռ այրվող խանդով
Գրկում եք ամուր
Սիրտս անձնատուր
Եվ ճմլում այնքա՛ն
Քաղցը՛ր, դյուրեկան...
Օ՛, ոչ թե պաչել,
Այլ ապշած պաշտել
Ձեզ միայն կուզեի,
Սիրատենչ սրտի
Ջերմ խոսակիցներ, -
Սևորա՛կ աչեր։


* * *
Հուսահատությունը տիրել է կյանքին.
Մարդիկ տխրությամբ տանջվում են ահա,
Իսկ ոգևորողն այս ծանր ժամին
Լսել է արդեն, և հիվանդ է նա։

Անզգա մարդիկ, ձեր կրծքից այդպես
Ոգևորությունը շո՞ւտ է հեռանում.
Ինչո՞ւ չեք հիշում այն մարդուն, որ ձեզ
Ձեր տղմոտ կյանքից երկինք էր տանում.
Քարասիրտ մարդիկ, այսօրվան համար
Էլ ձեր աչքերում արցունքներ չըկա՞ն,
Մի՞թե բոլորը քամել են իսպառ
«Անբախտ Համլետը», «Խելագար արքան»...
Այն արտասո՞ւքը, սե՞րը, հրճվա՞նքը...
Մի՞թե ձեր սրտում բոլորը մեռան,
Մի՞թե չեք սիրում բեմի պարծանքը,
Օ՛, նա հիվանդ է, հիշեցեք նրան։



ԽԵՂՃ ԱԴԱՄՅԱՆ

Ճանաչում էի ես նրան, ընկեր. -
Չափազանց ճարտար, հանճարեղ մարդ էր։
Այս շրթունքները պատմում էին ինձ
Լիր թագավորի, Համլետի սրտից,
Այս աչքերն ուժեղ հրով ցոլանում -
Ծիծաղում էին, տխրում, բարկանում...



1892

ՕՐ. 0. Գ. - Ի ԱԼԲՈՄՈԻՄ

Ի՞նչ ես ուզում, որ թողնեի
Քո ալբոմում հիշատակ,
Սիրո հրդե՞հ փոթորկալի,
Ուրախությո՞ւն, թե տանջա՞նք...
Դու խնդրում ես, բայց որի՞ց
Սիրտս լիքն է բոլորից։


* * *
Երբ գիշերային
Մութ հորիզոնից
Արև կամ լուսին
Երևում են ինձ,
Իմ տխուր հոգում
Ծագում է ոսկի
Ճաճանչը հուսո
Հարատև կյանքի,
Եվ մտածում եմ. -
Աշխարքը դեռ կա,
Դեռ օր կըտեսնեմ...
Եվ նշանն ահա։
Հրճվում է հոգիս,
Երգում եմ զվարթ,
Եվ ժպտում են ինձ
Թե՜ աստված, թե՜ մարդ։

___

Աստծո տաճարում
Մոմը սեղանից
Խնդաբույր ծխում,
Վառվում է հանգիստ.
Իմ մռայլ հոգում
Առաքինության,
Ճշմարիտ կյանքի
Հավիտենական
Լույսը ցոլանում,
Վառվում է նույնպես.
Սըտով մեղմանում,
Աղոթում եմ ես։

____

Կույսի աչքերին
Նայում եմ ագահ.
Թնդում է հոգիս,
Դողում ակամա,
Եվ կենդանության
Ախտերը եռում,
Ախորժ այրվում են
Իմ երակներում.
Սիրտս անհանգիստ
Պայթում է կարծես,
Զգում եմ ցավ, վիշտ...
Եվ տանջվում եմ ես.
Բայց այն տանջանքը
Քաղցր է ինձ համար,
Քան երկար կյանքը,
Աղոթք փրկարար։



ՌՈՄԱՆՍ

Երկու աչքով լալիս էր նա.
Վճիտ կաթիլքն արտոսրի
Թափվում էին կրծքի վրա
Սեվ աչքերից այն կուսի։

Նուրբ շրթունքը այրվում էին
Մատաղ սրտի կրակից,
Եվ համարձակ իմ առաջին
Լալով պատմում էր նա ինձ։

Ես ակնապիշ լսում էի
Այն պատկերով հիացած,
Եվ հիշում եմ միմիայն վերջի
Նրա խոսքերն, որ ասաց՝

«...Ա՛խ, չարտասվել ես չեմ կարող
Ծանր է ապրել սիրազուրկ...»,
Եվ բարձրաձայն հեկեկալով
Դարձյալ թափեց արտասուք։



ՔՐԻՍՏՈՍՆ ԱՆԱՊԱՏՈԻՄ

Անապատի մեջ խավար ու տխուր,
Ցրված քարերից մի քարի վըրա,
Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ՝
Աշխարհի մասին մըտածում էր նա։

Նրա ճակատը մութն էր ավելի,
Քան անապատը գիշերվա մթնում,
Մտածում էր նա՝ սեր - լույս ծավալի
Մարդկային կյանքի մութ անապատում։

Աչքի առաջև անց էին կենում
Սըրով, արյունով խուժադուժ ազգեր,
Անճար ու տըկար լաց էին լինում
Աղքատը, այրին ու որբը անտեր...

Եվ անապատում, մի քարի վըրա
Միայնակ նըստած մըտածում էր նա...



ԵՐԱԶ

Գիշերն երազում հալածում էին.
Փախչում էի չար թշնամիներից.
Նրանք խառնաձայն հետևում էին...
Դողում էին սիրտս ու ծնկներս ահից։

Իմ առջև տեսա ընդարձակ դղյակ
Բարձըր պատերով փոքրիկ ծմակում.
Ես այնտեղ մտա... անմարդ ու դատարկ
Այն ավերակը ինձ հույս էր ազդում...

Զգույշ կուչ եկած, շունչս պահելով
Ես դողում էի մահվան սարսափից,
Եվ, զարհուրելի աղաղակներով,
Չարագործները մոտիկ էին ինձ։

Հանկարծ դղյակի իմ շուրջ տարածված
Գերեզմաններից ձայներ դուրս եկան,
Իմ հոգուն ծանոթ ձայներ մոռացված...
Եվ ես զորություն առա գերբնական։

Անարգ թաքստից դուրս թռա իսկույն
Որպես վրդոված վագրը դարանից,
Եվ հարձակվեցի ընդդեմ թշնամուն, -
Զենքերի բախում... զարթեցա քնից։


* * *
Մութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ
Բնության գործը գիշերվա մթնում,
Միայն առավոտ, երբ որ լուսացավ,
Փայլում էր ցողը կանաչ դաշտերում։

Լուռ էր պոետը, թախիծը դեմքին,
Ի՜նչ էր մտածում՝ մարդիկ չիմացան.
Սակայն տողերում, երբ որ կարդացին,
Զգայուն սրտի արցունքը տեսան։



ԱՌԱՎՈՏ

Նվեր մեր նոր երիտասարդությանը

Սրտամաշ տաղտուկ ծանըր գիշերի...
Ահռելի սարսափ գիշակերների...
Թառանչում էի և լալահառաչ
Միմիայն արևի լույս էի խնդրում,
Երբ որ շողացին մի քանի ճաճանչ
Մութ հորիզոնի մռայլ ամպերում։

Առավոտն ահա՜, բացականչեցի,
Եվ թնդաց հոգիս, թեթև շնչեցի...
Ցանկալի կյանքի նշան ակներև. -
Պատառվեց ահա թանձր խավարը,
Օրը բացվում է և գլխիս վերև
Շառագունել է երկնակամարը...



ԻՄ ՍԵՐԸ

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՛ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,

0՛, դըժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՛ս եմ սիրել։



ՀԻՇԻ՛Ր...

Յուր չար բախտի ճանկում բռնված
Նա քեզանից հեռու մնաց. -
Սիրեց քեզ հեռվից
Զրկված քո բույրից,
Եվ տանջվեց թաքուն
Գիշերը անքուն։

Նրա սերը մընաց անհաս,
Բայց անունը չըմոռանաս, -
Պահի՜ր քո մըտքում,
Հիշի՜ր աղոթքում.
Եվ քո սրտում նա
Թող անմահանա։


* * *
Ինձ մի՜ խընդրիր, ես չեմ երգի
Իմ տխրությունն ահագին,
Աղեկըտուր նըրա ձայնից
Կըխորտակվի քո հոգին...
Ոչ, քեզ համար այսպիսի երգ
Երգելու չեմ ես երբեք։

Ես երգեցի սարի վըրա,
Ու չորացան խոտ ու վարդ.
Անապատ է այնտեղ հիմա,
Սև՛, ամայի անապատ...
Հառաչանքից այրված սարում
Էլ ծաղիկ չի դալարում։

Բույր ու զեփյուռ ես կուզեի
Եվ արշալույս ոսկեվառ,
Որ մի պայծառ երգ հյուսեի
Ու երգեի քեզ համար...

Բայց իմ սիրտը բըռնած են դեռ
Հուր հառաչանք, սև գիշեր։



ՆՎԵՐ

Դու արտասվում ես, և քո ծանրավիշտ
Սրտից լճացած արցունքի տակից
Փայլում է միտքը բոցոտ աչքերիդ -
Խելոք տրտմություն և քնքուշ թախիծ.

Եվ այդ առավել վեհ ու սիրուն է,
Թեև ամպամած գիշերվան գրկում
Փայլակն էլ շողում և ցոլանում է
Խաղաղ ջրերի խորին հատակում։



ԿԱՍԿԱԾ

Ո՞վ ես, չար ոգի, դո՜ւ, որ իմ սրտում
Այսպիսի անխիղճ խոսքեր ես կարդում.
«Խղճալի՛, նույնիսկ այն շըրթունքները,
Որ համբուրում ես կախարդված մտքով,
Գաղտնի ծաղրում են քո անբիծ սերը,
Որ փայփայում ես այդքան խնամքով...»։



ԻՄ ՍԻՐԱԾ ԵՐԳԻՉ ԱՇՈԻՂ ՋԻՎԱՆՈԻՆ

Սիրե՜լի Ջիվան, ընկերդ իմ հոգու,
Մարդկային սիրտը հասկանում ես դու,
Եվ քո ձայները երգիդ հարազատ
Լի են հուզմունքով անկեղծ և ազատ...
Երբ հայրենիքն է քո երգում խոսում
Կամ նրա վհատ որդին արտասվում,
Զարթնում է իմ մեջ խոր վիրավորված
Հպարտությունը իմ հզոր նախնյաց...
Բայց, ասա՜ , ինչո՞ւ դու սեր երգելիս
Ինձ վերա տանջող թախիծ է գալիս։


* * *
Ա՛խ, որքա՛ն փարթամ կյանքը ծաղկում է
Մատաղ կրծքի տակ.
Աչքերի մթնում փայլատակում է
Կենդանի կրակ.
Հեշտախտի տապից այրվող շրթունքը
Խոսում են անբան,
Եվ արբեցնում է անուշ բուրմունքը
Նորա թարմության.
Եվ այս բոլորը քեզ պատմում են ճոխ
Սիրո գաղտնիքը,
Բայց, ափսո՜ս, չըկա նաև մի պատմող,
Թե այս աղջիկը
Տերն է պոետի
Հոգու և սրտի։


ՕՏԱՐՈԻԹՅԱՆ ՄԵՋ

Իմ եղբայրները օտարության մեջ
Ինձ ասում էին. - Կարոտ ենք, երգի՜չ,
Մեր հայրենիքի երգերիցն ասա՜.
Քո երգից նորա
Մայրական զըվարթ
Հողի ու ջըրի
Եվ մեր հարազատ
Հայ ժողովրդի
Համն ու հոտն առնենք,
Որ մխիթարվենք...
Սիրտս լցվեցավ, եվ հառաչեցի...
Նրանք էլ ինձ հետ սաստիկ ցավալի
Աղաղակելով արտասվում էին.
Եվ հոսում էին
Արտասուքները
Տխուր աչքերից,
Եվ մեր ձայները
Մի ծանոթ կսկիծ
Ուժեղացնում էր
Եվ միացնում էր...
Եվ, տխրության մեջ կամ թե խնջույքի,
Օտար աշխարհքում,
Մենք այսպես էինք մեր հայրենիքի
Երգերը երգում...


* * *
Լսո՞ւմ ես դու էլ, թե ինչ են խոսում
Մեր մասին ամբողջ ամառանոցում.
Աչքերի տակից, տեսնո՞ւմ ես, ինչպես
Ծածուկ նայելով հետևում են մեզ,
Մեր ամեն խոսքին ականջ են դնում
Եվ կասկածավոր աչքով են անում...
Մեզանից հետո էլ մեկը մյուսին
Կասեն - հիշո՞ւմ եք դուք այն երկուսին,
Ազգական չէին, ոչ քույր ու եղբայր,
Ման էին գալիս անընկեր, անմայր...
Եվ գիշերները այս ծառերի տակ
Երգ էին ասում ձայնով ներդաշնակ,
Եվ նրանց երգը զգացմունքով լի,
Որ կախարդանք էր գիշերին տալի,
Որ ծավալվում էր այնքան հեշտալուր,
Լցված սրտերի զեղմունք էր մաքուր։
Նկատո՞ւմ էիք, անտառի մթին
Ստվերում երգը ընդհատում էին.
Այն լռությունը հասկանո՞ւմ էիք...
Մտաբերո՞ւմ եք դեմքը գեղեցիկ
Վայելչահասակ այն աղջկանը.
Երբ երիտասարդ օտարականը
Ագահ աչքերը վրան հառում էր,
Իսկույն շիկնելով նա խոնարհում էր
Սիրուն գլուխը և ձեռքին բռնած
Ծաղկափնջին էր նայում շփոթված...
Ուրախ հնչյո՛ւնը նորա ծիծաղի,
Որ տարածվում էր այնքան դյուրալի
Այս ամայացած, խուլ շրջակայքում
Եվ սուր ճիչերով սրտերը ծակում...
Հիշո՞ւմ եք արդյոք
Այն ախտաբորբոք,
Միշտ զվարթ զույգին.
Սիրահար էին...



ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵԿՈ

Ամռան գիշերվա երկինքն աստղալի,
Յուր հսկայական վըրանի ներքո
Գրկած շարքերը բարձր լեռների,
Պատմում է երկրին մեծությունն աստծո։

Եվ բարիքներով լցված-լիացած
Երկիրն ունկնդիր երկնքի ճառին,
Քնելուց առաջ, խոնարհ, երկյուղած
Փառաբանում է մեծազոր տերին։

Եվ փառք են տալիս իմ շուրջը բոլոր,
Ամեն մի տերե, ամեն շընչավոր...



ԿԱՐՈՏ

Սըրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ.
Ա՛խ, ի՛նչ կըլինի
Հանկարծ հայտնըվես
Եվ, թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատև երազ։
Միայն թե տեսնեմ
Պատկերդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՛նց եմ կարոտել։


* * *
Օ՜, լո՜ւռ կաց, ընկե՜ր. այդ ի՞նչ ես երգում.
Ինչո՞ւ ես խաղաղ հոգիս փոթորկում
Ուրախ օրերի սիրելի երգով
Եվ սիրտս վառում անցյալի կրակով...
Քո ձայների հետ վաղուց հեռացած
Մի ուրիշ պատկեր մտքումս երևաց.
Ահա, կենդանի կանգնեց առաջիս,
Եվ, ահա, դարձյալ կարոտ ականջիս
Հնչում է նորա ձայնը սրտալի,
Որպես երբեմն, երբ սիրված էի։
Եվ մտքումս ահա լուսավորվեցան
Հին ցնորքներս, անցքեր զանազան,
Գծերը հոգուս ծանոթ դեմքերի,
Տեսարանները հայրենի երկրի,
Այն օրհնյալ երկրի, ուր մի ժամանակ
Վայելում էի լիուլի հրճվանք...
Բայց զրկված եմ ես այժմ բոլորից։
Դու հիշեցնում ես կորուստս նորից -
Երջանկությունս մռայլ վիճակում
Եվ այդպես անգութ սիրտս կտրատում...
Ո՜հ, ներում եմ քեզ, չեմ հանդիմանում.
Չըգիտես, հոգիս, թե ի՜նչ ես անում.
Սակայն մի՜ երգիր այդ երգը ինձ մոտ,
Թո՜ղ, երգիր ուրիշ մի երգ անծանոթ։



ՏԵՆՉ

Մեկն էլ այն է հոգուս անթիվ տենչերի,
Որ իմ աչքով տեսնեմ հույզը ջըրերի, -
Ալեկոծվող օվկիանոսի մի տագնապ.
Ահեղագոչ ալիքները լեռնաչափ
Բարձրանային իրար վրա անդադար
Եվ մըրրիկը նրանց վրա սաստկանար...
Եվ դիտեի ժայռի գլխին ես կանգնած,
Երբ հողմակոծ կոհակները մոլեգնած
Մինչև երկինք փրփուր ու ջուր ցայտեին
Եվ, ոռնալով, բարձր ափերին զարկեին,
Եվ, խորտակված, օրհասական հեծծանքով
Հեռանային խաղաղացած հորձանքով,
Եվ, խլաձայն մռնչալով, նորից նոր
Բարձրանային աղջամղջում հեռավոր.
Նոր հարձակմունք, անհաշտ կռիվ զայրագնած...
Եվ նայեի ժայռի գլխին ես կանգնած։



ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ

Սիրում էի երբեմըն քեզ...
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։

Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ ու հուր՝
Տաք արյունս բորբոքում։

Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ...

Եվ անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում։

Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա...



ՎԱՏ ՕՐԵՐ

Ցուրտ է, իմ ընկե՜ր, ու հողմ ահագին.
Սև թևերը լայն փըռած մեր գըլխին
Որոտամ է խուլ երկինքը խավար.
Դես ու դեն ցըրված ամպերն հողմավար
Փընտրում են, ասես, մի տեղ, օթևան,
Մոլորված մարդու մըտքերի նըման։

Այս խավար, ճընշող, ցուրտ մըթնոլորտում՜
Հանգիստ չեն, ընկե՜ր, նաև իմ հոգում
Իմ վեհ ցընորքներն, իմ տենչերն աննենգ.
Նույնպես հալածված՝ նըրանք էլ երբեք
Չեն կարողանում գըտնել ապաստան,
Երկընքի ցըրված ամպերի նըման։



ՕՐ. Մ. Վ. - ԻՆ

Երբոր բացվելիս է եղել արփին,
Սարերի լանջում կամ թե քարափին,
Դիմացը կանգնած ես շատ եմ դիտել.
Առաջին շողը դեռ ինձ է դիպել.
Եվ ես ծանոթ եմ այն հրաշալի
Գույն ու ձևերին արևագալի,
Որ այնքան շըքեղ մեզ ցույց են տալիս
Երկինք ու երկիր քնից արթնելիս։

Բայց քեզ տեսնելուց օրեր անցկացած,
Երբոր վերստին տեսա լուսաբաց,
Հասկացա գաղտնի կապերը բնության, -
Բացվում էր պայծառ առավոտն ամռան,
Եվ ցոլանալով շաղախվում էին
Վաղ արշալույսի շողերն առաջին
Ջինջ կապուտակին անամպ երկնքի,
Որ գիշերային քողը յուր դեմքի -
Թեթև մշուշը դեռ արևմուտքում
Իսպառ վայր ձգել չէր համարձակվում,
Մինչ առավոտյան լույսի երերուն
Ժապավենները խայտալով սիրուն
Երկնային ծովի կապուտակ ծոցում
Հեռո՛ւ և հեռու էին տարածվում.
Եվ մի կյանք, ասես, նուրբ ու սիրազեղ
Ծանոթ ակնարկով խաղում էր այնտեղ.
Ծանոթ էր թվում կապույտն երկնքի
Եվ ծիծղուն շողը անտես արեգի...

Եվ ես հիշեցի սրտի թնդյունով,
Աչքերըդ կապույտ, նույնպիսի գույնով,
Նրանց ժպիտը զվարթ, կուսական,
Որ արշալույսին նման է այնքան.
Տեսա՝ երկուսն էլ մի բան են պատմում,
Երկուսն էլ տեսա՝ արև են բերում,
Մեկը՝ լույսի,
Մյուսը՝ հույսի։



ՀԱՇՏՈԻԹՅՈԻՆ

Կովկասի ամպած երկինքը պարզեց,
Հեռու հարավում շողակի նման
Հսկա Մասիսի գագաթը փայլեց `
Վիթխարի Կազբեկ սարի հանդիման։

«Ողջո՛ւյն, բարեկամ», Մասիսն որոտաց
Թունդ կայծակների ձայնով ահաբեր,
Եվ մեծ Կովկասի լեռները հանկարծ
Խուլ դղրդացին - «Ողջո՜ւյն քեզ, ընկեր»։

Մենք հին փառքերով ու նոր ցավերով
Ազգականներ ենք իրար խորթացած,
Մտաբերո՞ւմ ես, որքան ենք սիրով
Միասին կանգնել փոթորկի դիմաց։

Բայց ի՛նչ կախվել ես մի քանի դարում,
Էլ չես շողշողում ամպերից վերև,
Հենց փաթաթվել ես թխպոտ ամպերում,
Չես ուզում ասես Էլ տեսնել արև։

Այստեղ տուր ձեռքդ, մոտեցիր, ընկեր,
Մի նայի՜ր, ետև, ի՞նչ Է կատարվում...
Մենք հո եղբայր ենք դարերից ի վեր,
Մեզ հո միևնույն կրակն է այրում։

Մոտեցիր..., իմ հին ազգական,
Եվ թող որոտան լեռները բոլոր,
Թող լինեն վկա մեր նոր հաշտության, -
Խոսքը վերջացրեց Մասիսն ալևոր։

Կովկասի երկինքն ամպեց վերստին,
Ճայթեցին անթիվ կայծակներ ահեղ,
Այն սեգ լեռները ողջունում էին
Եվ ուրախության արցունքն էր հեղեղ։



1893

Քրիստոս հարյավ... Ա՛խ, և այս հոծ
Մութ-մըռայլից, երանի,
Հառներ հոգիս կըրակ ու բոց,
Զըվարթ հոգիս երբեմնի։

Եվ, երանի, նույն սաստկությամբ
Սիրո կիրքը ևս հառներ,
Երկինքս էլի դառնար անամպ,
Միտքըս ուժգին սավառներ...

- Լո՜ւռ կաց, անմիտ, ի՞նչ ես լալիս
Վըհատ ձայնով ծերության,
Դեռ քո ճամփին լույս է տալիս
Ճառագայթը վաղորդյան։

Եվ մըռայլից, որ կա իջած
Ծանր ու տարտամ քո սըրտին,
Պիտի հառնեն տանջված, խաչված
Ցընորքները քո նախկին։



Ն. ԲԱՐԱԹԱՇՎԻԼՈԻ ԴԱՄԲԱՆԻ ՎԵՐԱ

Մխիթարությո՛ւն, սգավոր Վրաստան,
Ինչո՞ւ է տխրել դեմքըդ այրական.
Շարժված աճյունը հանգած պոետի
Շարժե՞ց վերստին ցավը քո սրտի,
Թե նորա մըթին գերեզմանը խոր
Որբ հոգուդ համար շատ է ահավոր...

Կը թաղես, այո՜, դարձյալ քո երգչին,
Բայց նորա վառած զգացմունքներին
Չըկա գերեզման և ոչ էլ վախճան.
Նրանք կենդանի կըմնան հավիտյան,
Եվ դու նրանցով պիտի մի այլ օր
Թաղես քեզ մաշող ցավերը բոլոր։

Եվ քե՛զ, անցավոր շիրիմից շիրիմ,
Հեգ ժողովրդի երգիչ մտերիմ,
Քե՛զ, որ տանջվել ես անհանգիստ սրտով,
Հավիտենական հանգիստ անվրդով։



ԱՂԲՅՈԻՐԸ

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից՝
Շոքից հանած չոր լեզուն.
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստըծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

Ու տըվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նըման երկարի՛...»։



ԱՅՎԱԶՈՎՍԿՈԻ ՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ

Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ,
Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,
Լեռնանում էին, զուսպով ահեղ,
Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ
Անեզր ու անվերջ
Տարածության մեջ։

«Կանգնեցե՜ք», գոչեց վըրձինը ձեռքին
Կախարդ ծերունին հուզված տարերքին.
Եվ լուռ, հրնազանդ հանճարի ձայնին,
Մութ ալիքները, փոթորկի ժամին,
Կըտավի վըրա
Կանգնած են ահա։



ՀԱՅ ՈԻԽՏԱՎՈՐԻՆ

Գնա՜ս բարով, ա՜յ ուխտավոր,
Երանի քեզ, հայ ուխտավոր,
Որ կարոտով ու սիրառատ
Ուխտ ես գնում դեպ Այրարատ։
Զեփյուռներով, ծաղկանց բույրով,
Ինչպես ծնող սիրագորով
Քեզ կողջունեն զմրուխտ հագած
Գեղամ սարերն ու Արագած.
Եվ հարազատ աչքի նըման
Քեզ կը ժպտա վճիտ Սևան,
Որ լեռների շուքերի հետ
Խաղ է անում, խայտում վետ-վետ,
Փայլփլում է ծփանքներով,
Հորինում է լույսերի ծով,
Եվ մերթ վշտով ու տխրությամբ
Սևանում է, ինչպես մութ ամպ...

Հապա էն սա՛րն, էն սար հսկան,
Էն սարերի սարն ու արքան,
Լազուր երկնի ծոցր մըտած,
Ճերմակ գլուխն ամպեր փաթթած,
Ահա կանգնեց ծանր ու տրտում
Քու առաջևն ու քու սրտում...
Է՛, նա արդեն քանի սև դար
Պերճ գագաթովն իր ձյունափառ
Շողշողում է, փայլատակում,
Եկ ուխտավոր հայի հոգում
Հպարտության ծնում թունդեր
Եկ սիրելի երազ՝ թե դեռ
Էն երկնահաս Մասյաց կատար,
Ուր հին տապանն առավ դադար,
Դադար կառնեն փառքերն մեր հին,
Որ նորափայլ իջնեն կրրկին...



ՆԱ ՆՍՏԱԾ ԷՐ

Նա նստած էր դաշնամուրի առաջին,
Որպես երգի մի վշտացած դիցուհի,
Եվ, նըվագի հնչյուններով տխրագին,
Այնքան ազդու պատմում էր վիշտն յուր սրտի
Որ թվում էր այն հիացման ժամին ինձ,
Թե արցունքն էր հոսում տըխուր աչքերից..



ԽՐՃԻԹՈԻՄ

Մանուկները գոռում-գոչում,
Լալիս էին աղեկեզ.
―Նանի՜, նա՜նի, հաց ենք ուզում,
Վե՜ր կաց, նա՜նի, հաց տուր մեզ։

Հիվանդ նանը տեղի տակին
Ծանը տընքաց տըխըալի.
―Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ,
Ապին գնաց հաց բերի։

- Չէ՜, խաբում ես, սուտլիկ նանի,
Դու ասացիր՝ քարափին
Երբոր զարկի շողքն աըևի,
Հաց կբռերի մեր ապին։

Արևն եկավ անց էլ կացավ,
Մենք սոված ենք դեռ էսպես.
Նա՜նի, նա՜նի, հաց ենք ուզում,
Վե՜ր կաց, նանի, հաց տուր մեզ։

- Հաց չի գտել ձեր ապին դեռ,
Տուն չի գալիս սևերես.
Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,
Հիմի այնտեղ կերթամ ես...

Մի մեծ ապի կա երկնքում,
Նա շատ ունի այնտեղ հաց...
Նա ձեզ այնքան շատ է սիրո՛ւմ...
Նա չի թողնիլ ձեզ սոված...

Կերթամ այնտեղ, նրան կասեմ,
Որ սոված եք, իմ բալեք,
Ձեզ համար շատ-շատ հաց կուզեմ,
Որ դուք ուտեք, լաց չըլեք...

Ասավ, սեղմեց սովալըլուկ
Զավակներին իր լանջին,
Ու շըրթանքի վըրա դալուկ
Սառավ համբույրը վերջին։

Կըռներն էլ ետ չըբացվեցան
Բազմաչարչար մայրիկի.
Աչքը փակեց ու հավիտյան
Գրնաց, որ հաց ուղարկի։

Մանուկները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
- Նա՜նի, նա՜նի, հաց ենք ուզում,
Վե՜ր կաց, նա՜նի, հաց տուր մեզ։



ՊՈԵՏԻՆ

Մեր ուշքն ինչո՞ւ ես կախարդում
Սիրո անհոգ երգերով,
Մեր աչքն ինչո՞ւ ես դու խաբում
Ցնորական պատկերով։

Այս օրերում հարկավոր չեն
Զբոսանքներ հոգեկան,
Նայի՜ր կյանքին, մեզ կանչում են
Մեր եղբայրներն օգնության։

Իսկ դու, անփույթ մեր տանջանքին,
Հարվածներին մեր բախտի,
Արբեցնում ես արթուն հոգին
Քաղցըր թույնով հեշտախտի։

Քո սիրային երգերի հետ,
Նայի՜ր, սուգ ենք մենք անում.
Բավակա՜ն է, կանգնի՜ր, պոետ,
Կյանքի կռվի սահմանում։

Եվ տարածիր աջըդ անզենք
Ընդդեմ չարին մահաբեր,
Մենք էլ այնժամ քեզ հետ կասենք
«Մնաք բարյավ, կույս և սեր»։


* * *
Ես վիշտ ունեմ՝ բերած երկրից հայրենի,
Նրանով են իմ երգերը կենդանի,
Նրանով է իմ քնարը պարծենում,
Նրանով եմ ես թև առնում, բարձրանում...
Եվ չեք կարող դուք հասկանալ բնավին -
Ինչ սիրով եմ ես հանդիպում այն ցավին։

Եվ ձեր ուրախ խնջույքների ժամանակ
Ձեռքիս բռնած կենաց գինով լի բաժակ
Ես լալիս եմ, թեև դուք չեք նկատում,
Իմ արցունքը սրտիս միջին է կաթում,
Իսկ իմ երգը... դուք չե՞ք լսում, թե ինչպես,
«Իմ հայրենի՛ք, իմ հայրենի՛ք» հառաչում է աղեկեզ։



1894

ՆՈՐ ՏԱՐԻ

Դու էլ արի,
Նորեկ տարի,
Գըլխիս վերից
Անցիր - գընա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով.
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից.
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չընչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին...
Ես էլ էնպես.
Նորեկ տարի,
Մի խոտ, մի բույս
Ո՜չ ավելի։
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ.
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հըպարտ
Մի խոտ, ծաղիկ,
Կամ թե մի մարդ...
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք
Մի հող դառնանք,
Անհետ, անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի,–
Լոկ հյուլեներ
Տիեզերքի։



ԵՍ ԱՍԱՑԻ...

Ես ասացի. - դու ծաղկում ես,
Որպես շըքեղ մի գարուն,
Եվ բոլո՛րը, ինչ որ ունես,
Կյանք է թովիչ ու սիրուն...
Միայն, ափսո՜ս, սիրտդ է մեռած,
Մենակ նա է չոր քեզնում...
Նա հառաչեց և ինձ ասաց.
- Մենակ սիրտս չես տեսնում։



ՄԻ ՀԱՌԱՉԱՆՔ
Այվազովսկու «Սև ծովի ափերը»
նկարի առջև

Ես տեսա հսկա
Տաղանդի մի գործ՝
Անհաշտ Պոնտոսի
Ափերն ալեկոծ.
Տեսա ծովափնյա
Ժայռերը մեծ-մեծ,
Տեսա, հիացա,
Եվ սիրտս բացվեց.
Եվ նըրա միջից,
Որպես վանդակից
Արծիվը գերի,
Մի կարոտալի
Հառաչանք թռավ,
Ծուխ դարձավ, կորավ
Դեպի ժայռերը
Իմ հայրենիքի,
Դեպի վայրերը
Իմ անցած կյանքի։


* * *
Եթե մի օր, անո՜ւշ ընկեր,
Գաս այցելու իմ շիրմին,
Ու նորաբույս վառ ծաղիկներ
Տեսնես փըռված չորս կողմին,

Դու չը կարծես թե հասարակ
Ծաղիկներ են ոտքիդ տակ,
Կամ թե գարունն է այն բերել,
Իմ նոր տունը զարդարել։

Նրանք չերգած իմ երգերն են,
Որ սրտումըս ես տարա,
Նըրանք սիրո այն խոսքերն են,
Որ դեռ չասած ես մեռա։

Նրանք իմ ջերմ համբույրներն են,
Այն աշխարքից ուղարկված,
Որի ճամփեն քո առաջև
Գերեզմանով է փակված...



ԵՐԿՈԻ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ,
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ...



ԺՊՏՈԻՆ ԱՉՔԵՐ

Դու մի՜ հավատա ժըպտուն աչքերին.
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Բուսած կորըստյան անդունդի ծայրին,
Միամիտ մարդկանց քարշելու համար։

Ահա պոետն էլ պատրանքով հարբած՝
Գերվեց մի անգամ ժըպտուն աչքերի,
Ու որքա՛ն տանջվեց, տառապեց խաբված,
Եվ որքա՛ն սըրտում գանգատներ ունի...

Դու շատ մի՜ խաբվիր ժըպտուն աչքերից.
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Ծըլում են սըրտի ավերակներից,
Տըխուր հատակը ծածկելու համար։

Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ,
Որ սրտում այնքան գանգատներ ունի,
Բայց հաճախ այնպես ժըպտում է զըվարթ,
Ասես թե քեզնից բախտավոր լինի։



ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆԸ

Այստեղ, անցվոր էս աշխարհում
Խարխափելով ապիկար,
Հուր հավատով քեզ ենք փարում,
Հո՛ւյս երկնային, լույս անմար։

Եթե մեր կյանքն և ինչ ունենք
Պատրանք են ողջ անցավոր,
Պատրանքներից վըսեմն ես դու
Եվ ըսփոփանք մեծազոր։

Իսկ թե ունեն մարդուն անհայտ
Անհաս խորհուրդ հաստատուն,
Ողջո՛ւյն, անմահ դու ճառագայթ,
Որ շողում ես մեր հոգուն։

Լուսավորի՜ մեր մութ ճամփան
Դեպի աշխարհն երջանիկ,
Ուր կախվեցին և այժըմ կան
Մեր սիրելիք, մեր նախնիք։

Գուցե նըրանց հավերժացած
Հայացքն ես դու կենդանի,
Որ ժըպտում ես տըգետներիս
Անճառ ծոցից անհունի։



1895

ԳԻՇԵՐ

Եկավ գիշերն՝ սփոփանքը
Անմխիթար սըրտերի,
Եվ սարերի կերպարանքը
Փոխվեց անեզր ստվերի։

Հաղթահարված խորին քնից
Պապանձվեցին ամեն տեղ,
Մութն ու խավար հորիզոնից
Ծագեց լուսին փառահեղ։

Եվ երկնքում բարձր կախված
Սիփան սարի կատարին,
Մունջ նայում էր նա դեպի ցած՝
Տխուր նիրհող աշխարհին։

Նըրա փափուկ, արծաթահեր
Հով շողերը իրանց հետ
Թափում էին հանգստաբեր
Նիրհ ու թմբիր քաղցրավետ։

Սակայն գիշերն այն հեգ երկրում
Հանգստության փոխանակ
Ահ ու սարսափ է միշտ բերում,
Գաղտնի հարված ու տանջանք։



ՀԱՐՈԻԹՅՈԻՆ

Քրիստոս հարյավ... երկինք գնաց,
Երկրում թողեց պատվերներ.
Բայց պատվերը գրքում մնաց
Եվ աշխարհքը հեծում է դեռ։

Դեռ կուրացած ժանգ արծաթից
Մատնություններ են անում,
Եվ փախչելով արդար դատից
Միշտ ձեռքերն են լվանում։

Ապտակում են դեռ ծաղրելով
Անմեղության ճակատին,
Եվ հարության օր տոնելով
Խաչ են հանում ճշմարտին։

Ո՛հ, կարճամիտ անզգամներ,
Դրանք այսօր կըմեռնեն,
Բայց վաղը ձեր փոշու վրա
Նոր փառքերով կըհառնեն։

Գիշերային լռության մեջ
Ծանըր տնքոց է լսվում,
Եվ աղաչանք, և լաց անվերջ,
Եվ... ողջ լեզվով չի ասվում։

Էն ճամփորդն է, ճամփի տակին
Չարչարվում է կիսամահ,
Էն ծնողն է իր զավակին
Ողբում, կանչում... և չըկա...

Կույս աղջիկն է լըլկանքի մեջ,
Ալևորը խոր բանտում...
Էն կտրիճն է հայրենատենչ
Խիզախ հոգին ավանդում...

Եվ կյանքն այնտեղ ծանր ու խավար
Մի գիշեր է ահավոր...
Եվ ո՜վ գիտէ, որի՞ համար
Կըլուսանա բարի օր։



1896

ԳԱՂԹԱԿԱՆԻ ԵՐԳԸ

Կըռունկն երկընքում ճամփա կըհանի,
Կը՛ռ, կը՛ռ, ձեն կուտա էն խավար ամպում.
Ղարիբ մոլորել՝ չի՜տե ինչ անի
Անգութ աշխարհքում, անծանոթ ճամփում։
Ա՛խ, էս սև ճամփեն, էս դըժար ճամփեն
Արդյոք ո՞ւր կերթա, արդյոք շա՞տ մընաց,
Ո՞րտեղ կըհատնի էս օրը արդյոք,
Ո՞րտեղ կըհանգչեն ոտներըս հոգնած։
Է՛յ, բարով գնաս, սիրելի թըռչուն.
Գարուն կըբացվի, ետ կուգաս կըրկին,
Ձագով-ընկերով կագաս դեպի տուն՝
Քո բունը հերվան, չինարու գըլխին...
Ա՛խ, ես բընավեր, ընկած սարե-սար,
Ու քաշ եմ գալի, ու քաշ եմ գալի,
Անքուն ջրի պես դիպչում քարեքար.
Անշունչ քարին էլ երնեկ եմ տալի։
Ամեն քար, աստվա՛ծ, իր տեղն է անժաժ,
Հենց ես եմ մենակ տեղից գըլորվել.
Ամեն հավք, անգո՛ւթ, իր բունը ունի,
Հենց ես եմ ղարիբ ճամփում մոլորվել...
Ա՛խ, էս սև ճամփեն, էս դըժար ճամփեն
Արդյոք ո՞ւր կերթա, արդյոք շա՞տ մընաց.
Ո՞րտեղ կը հատնի էս օրը արդյոք,
Ո՞րտեղ կը հանգչեն ոտներըս հոգնած...



ԲԱՅՐԸՆԻՆ

Ի՛նչ մեծ հանճարով, ո՜վ հսկա պոետ,
Ազատությունը կաշկանդող շըղթան
Հաշտեցրել ես դու ազատ մարդու հետ
Եվ քաղցրացրել ես վիշտը գերության։

Ի՛նչաես դարձրել ես բանտը հայրենիք
Եվ ողջ աշխարհը լայնարձակ մի բանտ...

Ահա տանջանքի աշխարքում բընիկ
Մեծարում են քեզ որդիքը հիվանդ,
Եվ արտասվում են քո անմահ երգում,
Թե ոնց է մարդու հոգին խորտակվում։



1897

ՏՊԱՎՈՐՈԻԹՅՈՒՆՆԵՐ

Հա՜, կյանքում ես միշտ այսպես եմ եղել -
Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ.
Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել
Եվ սրտիս խորքից հառաչեւ եմ «ա՛խ»։

Գարնան երկինք է իմ դժբախտ հոգին -
Մերթ մութ ամպամած, մերթ մեղմ ու պայծառ,
Եվ տարերքների ուժով ահագին
Շափառուկները ճընշում են իրար։

Իմ հոգին էլ այն երկնքի նման,
Որ ծավալվում է ձեր գլխի վերև,
Ձեզ անհայտ, գաղտնի - տեսնում է շատ բան
Ե՜վ մոտ, և՜ հեռու, և՜ փայլուն, և՜ սև...

Շեշտակի թափով, բուռն ու մոլեգին
Ամենայն կողմից ցոլանում, հոսում,
Լցվում են նրանք իմ անտակ հոգին
Եվ ալեկոծում, չարչարում, հուզում։

Ես հազար աչքով բաներ եմ տեսնում,
Որ թաքնված են լռության ետև,
Հազար ականջով ձայներ եմ լսում,
Որ դեռ սրտերում շշուկ են թեթև։

Եվ ամեն կողմից ձայնե՛ր ու ձայնե՛ր,
Քնքուշ, կատաղի, թախծալի, զվարթ...
Եվ ես ընկնում եմ, համբառնում եմ վեր,
Անզուսպ մոլեգնում կամ ծփում հանդարտ։

Լրբենի մի ձայն, - և ինչպես մրրիկ
Վազում է արյունս իմ երակներում,
Պայթում է սիրտս, և օձի նման
Բարձրանում եմ ես, թշշում, գալարվում։

Մի ձայն էլ ահա, - տկա՛ր, խղճա՛լի...
Եվ ես փոխվում եմ նորից ու նորից.
Ա՛հ, աստվա՛ծ, աստվա՛ծ, իմ փոթորկալի
Հոգին տանջվում է այսքան ձայներից։



ԱՆԴԱՐՁ ՃԱՄՓՈՐԴՆԵՐ

Իմ անցած կյանքն ու հին տարին,
Երկու անզոր ծերի նըման,
Զըրույց տալով գընում էին
Դեպի աշխարհն հավերժական։

Մինն ասում էր. - Ես ունեի
Թարմ ու բուրյան ծաղիկներ,
Ու բոլորը մարդկանց տրվի
Գարնան գըրկովն առատաբեր։

Մյուսն ասում էր. - Ես ունեի
Շատ ըզգացմունք ու կորով,
Ու ողջ ես էլ նըրանց տըվի
Սիրանըվեր երգերով։

Մինն ասում էր. - Ես թողեցի
Ձըմե՜ռ ու սև՜ էն հովտում։
Մյուսն ասում էր. - Ես թախծալի
Մի սիրտ բեկված ու տըրտում։

Մինը ասավ. - Բայց կըծաղկի
Էն հովիտը նորից նոր։
Մյուսը էստեղ ոչինչ չասավ,
Ու գնում էր գլխակոր...

Էսպես իմ կյանքն ու հին տարին,
Երկու անզոր ծերի նըման,
Զրրույց տալով գընում էին
Դեպի աշխարհն հավերժական։



ԵՐԿԱՐ ԳԻՇԵՐՆԵՐ

Տանջվում եմ անբան գիշերն անկողնում,
Տանջվում հուսահատ, վաստակած, տըկար,
Ու մըտքերն հոգիս հանգիստ չեն թողնում,
Ու գիշերը մո՛ւթ, գիշերը երկար։

Ա՛խ, մի ժամանակ, և դեռ նոր էր այն,
Մայրական գիրկ էր աշխարքն ինձ համար,
Հըրճվանքը սըրտիս չէր թըվում ունայն,
Ոչ գիշերն այսպես տաղտկալի, երկար։

Էհ, անցա՛վ, գընա՛ց. և՜ ցընորք, ե՜ սեր,
Ե՜վ ույժ, և՜ եռանդ - կորավ՝ ինչ որ կար,
Եկան սև օրեր ու ծանըր հոգսեր
Ու դարձրին այսպես գիշերը երկար։

Տանջվում եմ անքուն այժըմ անկողնում,
Եվ հուսակըտուր, հոգնած, ուժասպառ
Նայում եմ, նայո՛ւմ, դեռ չի լուսանում.
Ա՛խ, այս գիշերներն ինչքա՛ն են երկար։



1898

ՏՐՏՄՈԻԹՅԱՆ ՍԱՂՄՈՍՆԵՐԻՑ
Ա

Տե՛ր, մինչև ե՞րբ մեր աչքերը քեզ մընան.
Մեր գույժն հասավ, հեռո՛ւ-հեռու ազգերին,
Աշխարհ լըցվեց մեր աղաղակ, մեր կական,
Ու չի անցել մեր տանջանքը տակավին։

Ինչո՞ւ, աստվա՜ծ. որբե՞րն արդյոք հայրական
Գութըդ կօրհնեն կոտորածի էս ձորում,
Թե՞ տարագիր պանդուխտները կըպատմեն
Ողորմությունդ օտար-օտար ափերում։

Մի՞թե, աստվա՜ծ, դեռ բավական չըտեսար
Էսքան ավեր, վիշտ ու ցավեր, հեծություն,
Մի՞թե, աստվա՜ծ, հաճելի չեն քեզ համար
Աղոթք ու սեր, կյանք ու տաղեր զըվարթուն։



ՏՐՏՄՈԻԹՅԱՆ ՍԱՂՄՈՍՆԵՐԻՑ
Բ
Աստվա՜ծ, ինչպես ծուխ օրերըս անցան,
Ոսկերքըս, ինչպես խըռիվ, չորացան,
Սիրտըս ցամաքեց, ընկա խոտի պես,
Ճամփես մոռացա ահագին վըշտես։

Հացըս նախատինքն եղավ օտարի,
Հանգիստըս ճամփում հալածանքների,
Լըսեցի ցերեկն աղաղակ ու բոթ,
Գիշերը լացի մինչև առավոտ։

Տըքնեցի, ինչպես բու ավերակում,
Ինչպես միայնակ ճնճղուկ՝ տանիքում...
Աստվա՜ծ, տանջանքից ուժերըս հատան,
Մի՞թե չըհասավ ժամը փըրկության։



ՏԽՈԻՐ ԳԻՇԵՐ

Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր.
Վիշտս ու ես ենք արթան մենակ
Եվ ուզում ենք մի լավ հիշել,
Թե որտեղից իրար գըտանք։

- Ասա՜, իմ վի՜շտ, իմ սև թախիծ,
Ա՜յ անբաժան կյանքիս ընկեր,
Դու ո՞ր օրից կամ ո՞րտեղից,
Ի՞նչ դեպքով ես ինձ հետ ընկել...

Ու գալի՜ս են սև-սև հուշեր...
Տըխո՜ւր գիշեր, տըրտո՜ւմ գիշեր...



ԳԱՐՆԱՆ ՀԻՇՈՂՈԻԹՅՈԻՆ

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին,
Երբ գնացինք դիմավորել
Նոր գարունքին ու նոր կյանքին։

Այն լավ օրից տարիք անցած,
Ես այն ճամփով անցնում էի,
Եվ ականջիս դիպավ հանկարծ
Մեր աղմուկը ուրախալի...

Պարզ ու որոշ ես լըսեցի
Այն կենդանի ձայներն, ընկեր.
Շըրըխկոցը բաժակների,
Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր...

Ու սրտաթունդ վեր նայեցի.
Բայց կարոտած աչքիս առաջ
Դաշտում դալար ու ամայի
Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ։

Լուռ ու դատարկ մարգի վրա
Մենակ կանգնած մընում էր նա,
Նա էլ, կարծես, բան էր հիշում
Եվ տխրալի ձայնով շըրշում...

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին...
Բայց, ո՞վ գիտի, ո՞ւր ես ընկել,
Եվ կըտեսնե՞նք միմյանց կըրկին։



ԱՅՆ ՕՐԻՑ

Այն օրից, ինչ որ նրան թաղեցին,
Այլևս խընդալ ես չեմ կարենում.
Բերկրանք, խնդություն իմ մեջ պաղեցին,
Ծիծաղս էլ երբեք սրտանց չի լինում,
Այն օրից, ինչ որ նըրան թաղեցին։

Միտքս թռչում է միշտ այն կողմերը,
Ուր որ նա իջավ դալուկը դեմքին,
Դեպի հանգստյան այն սև բլուրը,
Դեպի հանդերձյալ աշխարհն անմեկին,
Միտքս թռչում է միշտ այն կողմերը։



1899

ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՊԱՍԱՆ
ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆՑԻՆ՝ ԻՐ ՔԱՌԱՍՆԱՄՅԱԿԻՆ

Այնտեղ ծնված ու մեծացած,
Ուր դարեվոր վըշտերն հայի
Ծանր ու մռայլ կան լեռնացած,
Ինչպես Մասիսն այն վիթխարի։

Դու ընտրեցիր քեզ ուսուցիչ
Ազգի վերջերն ողբերգողին,
Քառսուն տարի ձեռքիդ գըրիչ,
Անցար, բռնած նըրա ուղին։

Հայ գյուղացին ցավեր ուներ
Խեղդված իրեն խուլ խրճիթում,
Այն ցավերին լեզու տըվիր
Ու խոսեցրիր ամեն սըրտում։

Այդ սրբազան գործի համար,
Այժմ ահա, ծեր օրերիդ,
Մենք գալիս ենք երախտապարտ
Պըսակ դընել ալիքներիդ։

Եվ թող սարի անմահ փառքով,
Ով որ ցավը թույլ թըշվառի
Կարեկցության հզոր խոսքով
Դարձնում է ցավն իր աշխարհի։



90-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ

Մո՛ւթ ու խավար իմ հայրենիք,
Անլո՛ւյս գիշեր, լուռ ու տրտում...
Միտքս այնտեղ, ինչպես չըղջիկ,
Պըտըտում է ու պըտըտում...

Պըտըտում է լուռ, անմռունչ,
Տխուր, մամռոտ-շիրմաց վերա,
Ավեր, անտեր հյուղերի շուրջ,
Ուր լույս չըկա, ուր ձայն չըկա...

Ու ետ դառնում կրկին մոլոր,
Հուսակտուր ու գլխակոր
Թաքչում դարձյալ սրտիս խորքում՝
Իր հի՛ն ծանոթ ավերակում։



ԿՈՐԱԾ ՑՆՈՐՔՆԵՐ

Հեծում է մրրիկն իմ դալար հովտում,
Թոշնել են, թոռմել ծաղկունքն իմ սիրած,
Ձըմեռ է այնտեղ, ձմեռ՝ իմ սըրտում,
Ու լալիս եմ ես ծաղկունքըս կորած։

Ես ձեզ եմ լալիս, հոգուս ծաղիկներ,
Է՛յ իմ վաղուցվան սիրուն ցընորքներ,
Եկե՛ք, ետ եկեք, մի անգամ կըրկին
Կյանքով, բուրմունքով լըցրեք իմ հոգին։

Բերե՜ք առաջվան աշխարքն ինձ համար -
Արևի շողեր, գարունքվա դալար,
Ջըրերի կարկաչ, հավքերի երամ, -
Իմ հույսերն անհուն, իմ սերն անթառամ
Եվ իմ սիրուհին, որ միայն դուք գիտեք,
Եկե՛ք, ե՜տ եկեք։

Շընչում է մըրրիկն իմ անուշ հովտում.
Թոշնել են վաղուց ծաղկունքն իմ սիրած.
Ձըմեռ է այնտեղ, ձըմեռ՝ իմ սըրտում,
Ծաղիկ ու ցընորք - բոլորը կորած...



1900

Ի՛նչպես սրտալի, ի՛նչպես կաթոգին
Սիրեցի նորա հասակը նոճի,
Հայացքը հպարտ, շրթունքը նըրբին...
Ի՛նչպես սիրեցի, ո՛րքան տանջվեցի։

Բայց, ա՛խ, դավեցին շուրթերն իմ սիրած,
Ժպտացին աչքերն այնպե՛ս նենգավոր...
Եվ գեղն երկնային արդեն վաճառված,
Եվ եղծված, պղծված թովչանքը բոլոր։

Ա՛խ, ինչո՞ւ, ինչո՞ւ անշունչ, կենսազուրկ,
Շուրթերը կարկամ, աչքերը անթարթ
Մի անդրի չէր նա, քարեղեն մի կուռք,
Անվերջ գեղեցիկ, հավիտյան հպարտ...



ԻՆՉՈ՞Ի ԱՅԴՊԵՍ

- Ինչո՞ւ այդպես ինձ մոռացար
Ասավ աղջիկն ինձ մի օր։
- Ինչո՞ւ այդպես մեզ մոռացար,
Գանգատվեցին սար ու ձոր։

- Ո՛հ, մի՜ հարցնեք, հին ընկերնե՜ր,
Ինչու էլ չեմ երգում ձեզ.
Շատ եմ փոխվել այն օրից վեր,
Այնպես մի ցա՛վ ունեմ ես...

- Ի՞նչ է ցավըդ, մի ճար անենք,
Ասավ աղջիկն անձնըվեր.
- Ի՞նչ է ցավըդ, տո՜ւր մենք տանենք,
Ասին սարերն ու ձորեր։

Ո՛հ, չէ, սիրո՜ւն, էլ ոչ մի սեր
Ճար չի անի իմ սըրտին,
Դուք էլ, անուշ սար ու ձորեր,
Չեք դիմանա էս դարդին։

Ա՛խ, իմ դարդը... Բայց ո՞նց անեմ,
Որ իմ դարդը իմանաք.
Սիրտըս խորն է, թե բաց անեմ,
Սիրտըս խորն է, լեզուս՝ փակ...



1901

ԴԱՐԱՄԻՋԻ ԺԱՄԻՆ
XIX–XX

Ինչպես երկու ահեղ սարեր`
Պատմում են մեզ երկու դարեր -
Մեկի ետև հեքիաթ հին–հին,
Մյուսի ետև լուռ ու մըթին,
Եվ մենք նրանց նեղ արանքում
Լաց ենք լինում, սիրում, խընդում...
Ավա՛ղ, կանցնեն սեր, խինդ ու լաց,
Եվ խղճալի աճյուն կտրած,
Մեզ կըփակեն երկու դարեր,
Ինչպես երկու ահեղ սարեր։



ԱՍՏԾՈ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Այժըմ ես կըգամ, ասում է աստված,
Օգնել աղքատին իր ծանըր կըռվում.
Չեմ թողնի նրան հավիտյան լըքված,
Նա ինձ ապավեն կանչեց նեղ օրում։

Վա՜յ ձեզ, հըզորներ, որ իր խըրճիթում
Լացացրիք խեղճին, այրուն ու որբին,
Ու վես, անպատիժ՝ ասիք ձեր սըրտում–
Ո՞վ է վերևից նայում մեր ճամփին։

Մի՞թե կարծում եք՝ չէր տեսնում, լըսում,
Նա, որ ստեղծեց և՜ աչք, և՜ ականջ.
Մի՞թե կարծում եք՝ ուժն էր պակասում,
Եթե համբերեց դատելուց առաջ։

Իմ աչքերն անթարթ ձեր ճամփի վրա -
Հըսկել եմ անքուն ես ձեր գործերին,
Էլ չեմ դանդաղի - գալիս եմ ահա,
Ե՛ս, տեր զորությանց - և հուրն իմ ձեռին։

Ես հուր եմ ձըգում ճընշվածի հոգին–
Նրա համարձակ լեզվով ձեզ դատեմ,
Ես ուժ եմ տալիս աղքատի բազկին,
Նրա թիկունքին՝ գալիս եմ ձեր դեմ։



1902

ԴՈԻ ՔՈ ՃԱՄՓԵՆ

Դու քո ճամփեն գնա, քույրի՜կ,
Եվ թող լինի նա պայծառ։
Ինձ մի՜ ժըպտա, ինձ մի՜ սիրիր,
Ես ընկեր չեմ քեզ համար։

Ելած կյանքի ամեն ճամփից,
Կարոտներով անմեկին,
Ագահ, անվերջ ու անհանգիստ
Թափառում է իմ հոգին։

Մի ձեռք չըկա, մի գիրկ չըկա՝
Պահի նըրան իրեն մեջ,
Խենթ, խելագար գընում է նա
Ձըգտումներովն իր անվերջ։

Եվ ո՛վ գիտի՝ դեռևս անմեղ
Քանի հոգի կը տանջի,
Եվ ո՛վ գիտի՝ ինչ մութ, ահեղ
Անապատում կըհանգչի...

Դու քո ճամփեն գընա, քույրի՜կ,
Եվ երբ լինենք մենք հեռու,
Աղոթք արա, որ մյուս անգամ
Չը հանդիպենք իրարու։


* * *
Ա՛խ, ի՛նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՛ւշ, անո՛ւշ,
Անըրջայի՛ն, թեթևասա՛հ
Ամպ ու հովերն անո՛ւշ, անո՛ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՛խ, ի՛նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՛ւշ, անո՛ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա -
Աղջիկն ու սերն անո՛ւշ, անո՛ւշ։



ԸՆԿԵՐԻՍ

Իմ վեհ տենչերի, չըքնաղ վըշտերի,
Վառ երազների մըտերիմ ընկեր,
Դու էլ ինձ նըման պանդուխտ ու գերի,
Անզուսպ կարոտով ձըգտում ես միշտ վեր։

Այնտե՛ղ, մեր հոգու սուրբ հայրենիքում,
Խաղաղ օրերի պայծառ լույսի տակ
Ապրում է սերը, ժըպիտը ծաղկում,
Ուրախ երգերը թընդում ներդաշնակ...

Բայց, ա՛խ, նա այնքան, այնքա՛ն է հեռու...
Ու՝ մինչև այնտեղ կըհասնենք մենք դեռ,
Այնքա՛ն ենք լալու, այնքա՛ն տանջվելու,
Իմ տանջանքների մըտերի՜մ ընկեր։



ՏՐՏՈԻՆՋ

Օրերս անպըտուղ, տխուր, ձանձրալի,
Ու գնում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով։

Թաղել եմ նըրանց։ Տխուր է ճամփան։
Եվ իմ հայրենի աշխարհում օտար,
Օտար ու մենակ անցվորի նըման,
Որ չունի ընկեր, ո՜չ տեղ ու դադար։

Օտար են շուրջըդ ու չեն հասկանում
Ոմանք քո վիշտը, ոմանք քո լեզուն,
Անտարբեր՝ գալիք երջանիկ օրին,
Չըգիտեն նըրա կարոտը անքուն...

Չընչի՛ն մարդուկներ, լըրբորեն հանգիստ,
Անսիրտ, փոքրոգի, գըծուծ ու կոպիտ.
Մեռնում են, մարում նըրանց հայացքից
Ե՜վ հոգու ձըգտում, և՜ սըրտի ժըպիտ։

Ել ո՞ւմ առաջին սիրտըդ բաց անես,
Ո՞ւմ համար երգես սըրտալի երգեր,
Ո՞ր չըքին սիրես, կյանքըդ նվիրես,
Ել ի՞նչպես ապրես անսեր, անընկեր...

Եվ օրերս էսպես տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով։



ՊԱՆԴՈԻԽՏ ԵՄ, ՔՈԻՅՐԻ՜Կ

Պանդուխտ եմ, քույրի՜կ, մանուկ օրերից...
Գընում եմ դեպի մի անհայտ երկիր՝
Կըտրված կյանքի ամեն կապերից,
Մենակ, տարագիր։

Հալածում են ինձ անցած օրերը,
Ներկա ժամերը հանգիստ չեն տալի,
Հոգնած են վաղուց իմ թույլ ոտները,
Ու սիրտս ավելի։

Բայց գընում եմ ես հալածված նորից,
Ամեն վայելքից ու բախտից հեռու,
Նույնիսկ հայրենի հողից ու ջրից,
Ինչպես եղջերու։

Եվ դու հանդիպած իմ դըժար ճամփում,
Ասում ես՝ արդեն բախտավոր եմ ես.
Իզուր եմ փախչում, իզուր գանգատվում
Ու տանջվում այսպե՛ս...

Օ՛վ դու միամիտ։ Բայց, երկինք վըկա,
Չեմ եղել երբեք ես այդքան ըստոր,
Որ կարենայի այս դաժան բանտում
Լինել բախտավոր։

Չեմ եղել, քույրիկ. բոլոր օրերը
Տառապանք բերին, կորուստ ու կըսկիծ,
Եվ կյանքի հաճույքն, և կնոջ սերը
Ընկան իմ սըրտից։

Ես էլ վիրավոր գընում եմ փախած՝
Անհայտ օրերի խավարի ընդդեմ,
Ամենքից զըզված, ամենքին թողած,
Քեզ էլ կը թողնեմ...



ՄԵՐ ՆԱԽՈՐԴՆԵՐԻՆ

Երանի՛ էր ձեզ, գովվա՜ծ երգիչներ,
Դուք երգում էիք վաղ առավոտյան,
Երբոր երազներն ապրում էին դեռ,
Ոսկի երազներն հայի փըրկության։

Ձեր թարմ երգերում կար մի հայրենիք,
Խրո՛խտ, վեհապա՛նծ, թեպետև գերի,
Եվ ձեր քընարի ձայներն երջանիկ՝
Լիքը հըրճվանքով գալոց օրերի։

Ա՛խ, նա հոշոտվեց մեր աչքի առջև
Եվ մեր ըզգայուն սըրտերն իրեն հետ,
Ոսկի երազներ՝ միրաժի նըման՝
Մեր անապատում չըքացան անհետ։

Եվ մենք խորտակված մեր կյանքի ծեգից,
Անհույս ու դալուկ, ճակատներըս ցած,
Ընկնում է քընար մեր մատաղ ձեռքից,
Ընկնում են սըրտից և՜ երգ, և՜ աստված։



ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՄԵՌԵԼԸ

Ուր որ կանգնում, նըստում եմ ես,
Ամենուրեք, անմեկին,
Աչքիս առջև դըրած է միշտ
Մի լուռ դագաղ թանկագին։

Օ՛, մի՜ հարցնեք՝ էն դագաղում
Ո՜ւմն է դալուկ էն դիակ,
Կամ թե ինչո՛ւ ես չեմ թաղում
Նըրան ընդմիշտ հողի տակ։

Ոչ, չեմ կարող ես հավատալ,
Թե մեռած է նա հավետ,
Թե նա գընաց, էլ ետ չի գալ,
Թե նա չըկա էլ ինձ հետ...

Եվ ուր կանգնում, նըստում եմ ես՝
Նա մի՛շտ աչքիս առաջին...
Ու երբ խոսում, ժըպտում եմ ձեզ՝
Ըսպասում է իմ հոգին...

Ըսպասում եմ ամեն վայրկյան,
Թե ուր որ է՝ հիմի նա
Պիտի շընչի ու մանկական
Իր աչքերը ինձ բանա...



ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈԻՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։



ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ

Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին։

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մեոթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին...
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին։



ՄԵՐ ՈԻԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սեվ խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սար ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար -
Երկրից երկիր ցիրուցան,

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր`
Դեպի լույսը մեր ուխտի։



1904

Մենք փառքեր ունենք թաղված հողի տակ,
Մենք հույսեր ունենք պահված մեր սրտում
Մի՞թե հավիտյան կողբանք ավերակ,
Մի՞թե հավիտյան կըմնանք տրտում։


* * *
Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում՝
Ծանր վեհությամբ իջած երկնքից,
Այստեղ սրբազան մի շունչ է բուրում,
Մեզ վեր է տանում աշխարհի կյանքից։

Մի շունչ, մի խորհուրդ, մե՛ծ, հըրաշալի՛,
Խառնված հայոց մեր խորունկ հոգուն,
Եվ որքա՛ն դարեր, դարեր են գալի,
Մենք միշտ հավատով, մենք միշտ աննկուն։



1907

Ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն,
Ու նրանց միջում հավիտյան սիրուն
Կյանքը՝ հարաշարժ հոսանք է վարար...
Նորանոր ուժեր ճնշում են իրար,
Ելնում են թափով,
Իջնում տագնապով
Ու կենդան, կայտառ,
Միշտ նոր ձևի մեջ,
Անդուլ, անդադար
Հոսում են անվերջ...
Էն լայն հոսանքի, մեծ աղմուկի տակ
Հավիտյան անշարժ, համր ու անգիտակ,
Անտարբեր էն տաք, եռուն պայքարին,
Անցնող օրերին, ապրող աշխարհին՝
Հզորն ու տկար
Ընդմիշտ հավասար,
Անխտիր հալվում
Մեծ հանգըստի մեջ,
Հալվում են, ձուլվում,
Հանգչում են անվերջ....



ԸՆՏՐՅԱԼԸ

Հոգու սըրբազան կըրակով վառված՝
Իջնում էր Մովսես լեռան գագաթից,
Իջնում էր ահեղ պատգամներն առած՝
Շըղթայից հանող աստուծո մոտից։

Եվ մինչ կանխատես աչքովն իր հոգու
Տեսնում էր գալոցն իր ժողովըրդի,
Ու մինչ հրճվում էր... ահա ներքևից
Ձայներ բարկության ու խառն աղմուկի...

Եվ տեսավ Մովսես լեռան բարձունքից,
ժողովուրդն այնտեղ ներքև, հովիտում
Աստված է շինել ոսկուց, արծաթից,
Պարում է շուրջը ու հարբած գոռում.

- Ինչո՞ւ մեզ բերավ Մովսես անապատ,
Լի Եգիպտոսից ինչո՞ւ հանեց մեզ...
Ո՞ւր է մեր սըխտորն ու սոխը առատ...
Այնտեղ հանգիստ էր ու լիքն էր էնպես...

Գոռում է էսպես ու հարբած պարում։
Ու... սուրբ Սինայի մըռայլ ամպերում
Կանգնեց մարգարեն, նայեց դեպի վեր.
- Մի՞թե այս ամբոխն իմ եղբայրն է, տե՛ր....

Լսում եմ ձայնըդ լեռների գլխին,
Ծովեր եմ պատռում, անցնում անապատ,
Հըրեղեն սյունով տանում իր ուղին,
Նա մի՜շտ կասկածոտ, նա մի՜շտ հուսահատ...

Տանջանքի միջից նըկատում եմ ես
Երկիրն ավետյաց հեռո՛ւ մրշուշամ,
Իսկ նա փոքրոգի, կույր ու կարճատես,
Գերության սըխտորն ու սոխն է հիշում...

Եվ երբ ամպերում խոսում եմ քեզ հետ,
Քեզնից փըրկության պատգամ եմ բերում,
Նա այնտեղ ցածում մոլի՛, անհեթե՛թ
Ոսկի է պաշտում ու հարբած պարում...

Ինչո՞ւ են, աստվա՜ծ, քո վեհ պատգամներ,
Իմ տանջանքն ինչո՞ւ... Գոչեց զայրացած,
Ու մեծ խորհուրդի քարյա տախտակներ
ժայռերի գըլխից նետեց դեպի ցած...

Բայց... մյուս առավոտ, երբ որ դեռ քընած,
Հանգչում էր ամբոխն աղմուկից հոգնած,
Իր ցուպը ձեռքին բարձրանում էր նա
Դարձյալ միայնակ վե՛ր՝ դեպի Սինա։



ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ
(Ժողովրդական)

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լրցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ։

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ։

Երբ կըկանգնես մամռոտ քարին,
Սաղմոս կասես ծաղիկներին,
Սարեր ձորեր զվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտս կըհանես.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ։



1908

ԾԱԳՈԻՄՆ

Ելնում է ահա նազելի փառքով
Հոգուս խորքերից իմ նոր դիցուհին,
Պճնած կուսության ճերմակ պսակով,
Վառվելով իր սուրբ շողերի միջին։

Ելնում է շռայլ իր փառքից շիկնած,
Ցոլուն աչքերը գետին խոնարհում,
Թեև նրանց մեջ երկնքից ծագած
Ամենից պայծառ ճաճանչն է բերում։

Թռչում են երգերս նրան ընդառաջ,
Ցնորքներս աշխույժ պատում են իր շուրջ,
Թռչում եմ և ես իմ բախտից հարբած
Ու կյանքը թեթև թվում է անուրջ։


* * *
է՛հ, ո՞վ գիտի, մենք ապիկար՝
Ժամանակի խաղալիք,
Ու անհայտ են միշտ մեզ համար
Օրն ու սերը մեր գալիք։

Մեկ էլ տեսար, քո սիրելին
Ընկավ օտար ու հեռու.
Պատահեցիր ուրիշ մեկին
Ու ժպտացիք իրարու։

Բայց չի տևում այդ էլ երկար՝
Նոր օր, նոր մարդ, նոր ալիք,
Ու ծփամ ենք մենք անդադար,
Ժամանակի խաղալիք...



ՃԱԽԱՐԱԿ
(Ժողովրդական)

Մանի՜, մանի՜, ճախարակ,
Նըստենք բանի, ճախարակ,
Անտերին տեր, ճախարակ,
Որբերին հեր, ճախարակ։

Լուսնյակը դուրս է եկել,
Աչքերիս լուս է եկել։
Լուսնի լուսով մանեմ ես,
Սիպտակ ոստեր անեմ ես,
Աղքատ օրով ու լացով
Որբեր պահեմ մանածով։

Մանի՜, մանի՜, ճախարակ,
Նըստենք բանի, ճախարակ,
Անտերին տեր, ճախարակ,
Որբերին հեր, ճախարակ։



ԴԺԱՐ ՏԱՐԻ
(Ժողովրդական)

Վարի՜, գութան ջան, վարի՜,
Շատ է դըժար էս տարի.
Պապին տարան քյոխվի դուռ,
Հարկ են ուզում. - տո՜ւր հա, տո՜ւր...
- Կըտամ, քյոխվա, փող չունեմ։
- Չունե՞ս, Շեկոն կըտանեմ։
- Ամա՛ն, քտխվա, քեզ ղուրբան,
Շեկոն գընա թող գութան,
Գարնան անենք վար ու ցանք,
Կալը կալսենք, բերենք տանք։
Գարունքը ետ դառավ էլ,
Գութան լըծվեց - հորովե՛լ...
Վարի՜, գաթան ջան, վարի՜,
Դատենք ցորեն ու գարի,
Տանենք ածենք քյոխվի փեշ,
Որ չըտանի մեր գոմեշ։



ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ
(Ժողովրդական)

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՛ւշ, անո՛ւշ,
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՛ւշ, անո՛ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՛ւշ, անո՛ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՛ւշ, անո՛ւշ։

Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՛ւշ, անո՛ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՛ւշ, անո՛ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՛ւշ, անո՛ւշ.
Ծաղկանց բուրմունքն անմահական.
Սըլսըլալեն անո՛ւշ, անո՛ւշ։



1909

ՎԱՅՐԷՋՔ

Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
Շիտակ, անվեհեր
Դընամ եմ ես վեր-
Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։

Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։

Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,
Ե՜վ փառքը, և՜ գանձ,
Ե՜վ քեն, և՜ նախանձ -
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։

Եվ էն ամենը, արդ նայում եմ ես -
Տեսնում եմ նորից
Իմ լերան ծերից -
Էնպես հասարա՛կ, դատարկ են էնպե՛ս...

Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով
Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև...



ԱՎԵՐԱԿՈԻՄ

Մոլոր, մենակ ես շրջում եմ
Ավերակում հայրենի,
Աչք եմ ածում ու հիշում եմ
Անցած կյանքը վաղեմի։
Է՛, այստեղ էլ ժամանակով
Շեն ու կենդան է եղել,
Ուրիշ օրով, ուրիշ կյանքով,
Ուրիշ մարդիկ են ապրել։

Ահա նըրանց տեղ-տըները
Լուռ-լուռ փոսեր ցիրուցան,
Ահա նըրանց շիրիմները,
Մամռոտ, անշուք, աննըշան։
Ահա մեծի ապարանքը
Ու ամրոցը կիսավեր,
Ահա նըրանց խաղաղ վանքը,
Աղոթում է կարծես դեռ...

Մթընշաղը գետինն առել,
Լուռ է աշխարհք - արարած.
Բեկորներին աչքերս հառել
Մըտածում եմ շըվարած։

Հին դարերի մըշուշի մեջ
Նըշմարում եմ ես ահա
Փարթամ քաղաք, տներ անվերջ...
Մեծ պալատներ... ու սըրահ...

Ու սըրահը ճոխ զարդարված
Վառվում է ուշ գիշերով...
էն սըրահում, լուսավորված
Բյուրեղյա թանկ ջահերով՝
Հայրենիքի ազատանին
Հավաքվել է խընջույքի,
Տոն է տոնում, տո՛ն հաղթության
Իր հավատի ու զենքի...

Ու փափկասուն տիկինները
Հանդիսավոր ընթացքով
Ճեմ են առնում, աչք են ածում,
Սեր են թափում հայացքով։
Պարիկները պար են պարում
Ու դոփում են համարձակ,
Ու թընդում են մեծ սըրահում
Երգ ու նըվագ ներդաշնակ...

«Վո՛ւյ...», «վո՛ւյ...», բուն էր, վայեց ահա...
Մութն է։ Ու ես գըլխիկոր
Էն ավերակ քաղքի վըրա
Կանգնած, ինչպես մի բեկոր...


* * *
Ցոլուն աստղեր, ջինջ եթերում
Ապրում եք դուք միշտ պայծառ,
Ձեզ չեն հասնում, ձեզ չեն տիրում
Ցածի մըրրիկն ու խավար։

Ես էլ այդպես շատ ցընորքներ,
Շատ երազներ ունիմ հուր,
Որ ապրում են կյանքից շատ վեր,
Միշտ անարատ, միշտ մաքուր։

Ու միշտ մաքուր գիտեն սիրել,
Լուռ վըշտանալ ձեզ նըման,
Էն լուռ վըշտով, հուր սիրով էլ
Թըռչել, մարել հավիտյան։


* * *
Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ գարնանը կուգային։
Կանանչ կապա են հագել,
Կանանչ ճամփա են եկել,
Կանանչ մարգին ման կուգան։
- Կանչե՜, հավի՜կըս, կանչե՜,
Կանչե՜, լավի՜կըս, կանչե՜,
Կանչե՜, կանչիդ ես ղուրբան։

Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ ամառը կուգային։
Կարմիր կապա են հագել,
Կարմիր ճամփա են եկել,
Կարմիր վարդին ձեն կուտան։
Երգե՜, հավի՜կըս, երգե՜,
Երգե՜, լավի՜կըս, երգե՜,
Երգե՜, երգի՜դ ես դուրբան։

Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ աշնանը կուգային։
Դեղին կապա են հագել,
Դեղին ճամփա են եկել,
Ու խաշամին ման կուգան։
Խոսե՜, հավի՜կըս, խոսե՜,
Խոսե՜, լավի՜կըս, խոսե՜,
Խոսե՜, խոսքիդ ես ղուրբան։

Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ ձմեռը կագային։
Ճերմակ կապա են հագել,
Ճերմակ ճամփա են եկել,
Ճերմակ ձյունին ման կուգան։
Ձենե՜, հավի՜կըս, ձենե՜,
Ձենե՜, լավի՜կըս, ձենե՜.
Ձենե՜, ձենիդ ես ղուրբան։



1910

PARODIA
Հովհ. Հովհաննիսյանի «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՜»
բանաստեղծության

«Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՜...»

Տեսե՞լ ես արդոք այն բլուրները,
Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
Ուր թալանում են մերոնք ու այլերը,
Ուր հոսում է միշտ արցունք ու արյուն։

Տեսե՞լ ես արդոք այն այգիները,
Ուր իբրև գոհար խաղողն է հասնում,
Որից դատարկ են նըստում տերերը,
Որ միշտ ցեցերի գըրպանն է լըցնում։

Տեսե՞լ ես ծերուկ ժայռերի միջով
Կատղած անցնելիս գետը փըրփըրած.
Վախե՞լ ես անցնել կոտրած կամուրջով,
Նստե՞լ ես արդյոք ափին մոլորված։

Տեսե՞լ ես գյուղը հովտի մեջ մենակ
Ու շուրջը փըռված հին աղբակույտեր.
Տեսե՞լ ես ոնց են այնտեղ շարունակ
Կըռվում, կեղեքում քյոխվեն ու տերտեր։

Եվ դու տեսե՞լ ես նրա գանձն անգին,
Հարավի դուստրը - խղճուկ արարած,
Լռության կնիքն իրեն շըրթունքին
Ու ինքը ամբողջ կեղտի մեջ կորած։

Տեսե՞լ ես նրա եպիսկոպոսին՝
Դեմքին գոհության տափակ կնիքը.
Գիտե՞ս ինչ զարդ է թաղման հանդեսին,
Եվ կամ ի՞նչ արժե մատի մատնիքը։

Եվ դու տեսե՞լ ես նրա գազեթը,
Որ ազատ միտք է վաճառում հային.
Զգո՛ւյշ, բարեկամ, չըվիճես հետը,
Թե չէ՝ կըմատնի քեզ պոլիցիային...

«Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՜...»



ՍՈԽԱԿԻ ՎԻՇՏԸ
(Ժողովրդական)

Մի օր տեսավ օտար թըռչուն՝
Սոխակ կուլար կուց-կուց արուն.
- Ինչո՞ւ, ասավ, սոխա’կ սիրուն,
Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն.
Ինչո՞ւ, մինչ ե՞րբ դու երերուն,
Տըխուր կուլաս չոր թըփերուն,
Աշխարհ ամեն վառ քո սիրուն,
Էդ ճըռվռան քո երգերուն,
Հապա ինչո՞ւ դու օրն ի բուն,
Էս լուս ու մութ առավոտուն,
Էս շատ անուշ զով հովերուն
Ախ ու վախով կուլաս արուն։
- Ի՞նչ կըխոսես, օտար թըռչուն,
Խենթ ու խելառ դու ցընորուն.
Ձըմե՜ռ նստեց մեր սարերուն,
Կըտրեց ջրիկ աղբյուրներուն,
Կըտրեց հոտիկ ծաղիկներուն,
Կըտրեց ձենիկ իմ ձագերուն,
Ի՞նչպես չըլամ կուց-կուց արուն։
Էլի ասավ օտար թըռչուն.
- Հերիք դու լաս, սոխա՜կ սիրուն.
Հերիք դու լաս կուց-կուց արուն.
Էլի կուգա քեզ նոր գարուն,
Արև ծագե էս վայրերուն,
Հալին ձյուներ մեր սարերուն,
Բացվին ջըրեր աղբյուրներուն,
Ու շուրջ առած քո ձագերուն
Բարև կուտաս ծաղիկներուն։



1911

ԳԱՐՆԱՆ ՀՐԱՎԵՐ

Բացվում են գարնան
Օրերը պայծառ.
Կըգա՞ս, իմ ընկե՜ր,
Գնանք դեպի սար,
Գընանք դեպ այնտեղ, երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, երկինք ու արև...

Փըթթում են գարնան
Ծաղկունքը վառ-վառ.
Վե՜ր կաց, վե՜ր, ընկե՜ր,
Ելնենք դեպի սար.
Հազար գույներով, հազար-հազար ցեղ
Ժըպտում են նրանք ու բուրում այնտեղ...

Կանչում են գարնան
Հավքերն անհամար.
Գնա՜նք, իմ ընկե՜ր,
Թռչենք դեպի սար,
Երգենք նրանց հետ, երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, ծաղիկ ու արև...



ՄԱՆՈԻԿՆ ՈԻ ՋՈԻՐԸ
(ժողովրդական)

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,
Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

- Դու ո՞ր սարեն կուգաս, ջըրի՜կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
- Ես էն սարեն կուգամ մըթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։

- Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՜կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
- Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

- Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՜կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
- Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։



ԿԱՔԱՎԻ ՈՂԲԸ
(ժողովրդական)
Ա

Կըտուցը լիքը արին
Կաքավը նըստել քարին,
Ձեն է տալիս, կըղկըղում,
Գանգատ անում հավքերին.
Ա՜յ քուրիկնե՛ր,
Ա՜յ հավքե՛ր։

Բուն շինեցի էն սարում,
Ձագ հանեցի աննըման.
Իջավ՝ խաղա մարգերում,
Եկան կալան ու տարան,
Ա՜յ քուրիկնե՛ր,
Ա՜յ հավքե՛ր։

Էն կարկաչուն վըզիկը
Սուր դանակով զարկեցին,
Էն կարմըրիկ կըտուցը
Հուր կըրակին ձըգեցին,
Ա՜յ քուրիկնե՛ր,
Ա՜յ հավքե՛ր։

Էն մանրաքայլ տոտերը
Կըտրատեցին ծունկն ի վար,
Էն խատուտիկ փետուրը
Ո՜րն արին ձոր, ո՜րը՝ սար,
Ա՜յ քուրիկնե՛ր,
Ա՜յ հավքե՛ր։

Էն, որ սարերն էր հասել,
Քամին եկավ գում արավ,
Էն, որ ձորերն էր անցել,
Հեղեղն ելավ ու տարավ,
Ա՜յ քուրիկնե՛ր,
Ա՜յ հավքե՛ր։

Բ

Էլ ո՞նց անեմ, էլ ի՞նչ անեմ էն բընում.
Հանգիստ չունեմ, դադար չունեմ էն բընում։
Զօրը մենակ՝ չեմ դիմանում էն բընում,
Գիշերն անտակ՝ չի լուսանում էն բընում,
Անցած օրերն եկել նորից էն բընում,
Գել են դառել, ուտում են ինձ էն բընում։
Էլ չի մընում իմ սըրտիկը էն բընում,
Ցավով լիքը, լացով լիքը էն բընում։

Գ
- Սև կաքավիկ, ո՞ւր պիտի դու նըստես հիմա։
- Չորուկ բարդի ծառի վրա։
- Սև կաքավին, թե որ նըրա տերը գա՝ ո՞ւր։
- Լացող ուռու ճյուղքին տըխուր։
- Սև կաքավիկ, էն տեղից էլ քշեն որ քե՞զ։
- Կըրակ կըլնեմ. կէրեմ ինձ ես...

Դ

Վա՛յ կաքավիկ,
Սև կաքավիկ,
Չալիկ-մալիկ
Սիրուն հավիկ։

Վա՛յ քո ճուտին,
Էն խորոտին,
Վա՛յ սըգավոր
Իր մոր սըրտին։

Էլ չես կարդում
Հանդ ու արտում,
Մեր սարերից
Կորար տըրտում։

Վա՛յ կաքավիկ,
Սև կաքավիկ,
Վա՛յ իմ կորած
Սիրուն հավիկ։



1913

ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹՅՈԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՎՐԱ

Հողմերի առջև ցըրված, հալածված,
Քարեքար զարկված, տանջված ու հյուծված
Ի՞նչ է ուզում նա դալուկ շրթունքով,
Անվերջ բողոքով, անզոր խնդիրքով.
Իր փա՞ռքն է ուզում, թե թագն ու գահո՞ւյք...
- Իր կյանքն է ուզում, իր պատիվն, իր գույք։

Ո՛վ, ամո՛թ, ամո՛թ... ամո՛թ ամենքին,
Ամո՛թ և մարդուն և ժամանակին։
Շունն էլ չըպիտի էն խընդրեր շանից,
Ինչ մարդն է խնդրում իրեն նմանից
էս առատ-արձակ աշխարհքի միջին -
Իր կայնքն, իր պատիվն, իր գույքը չընչին...

Ափսո՛ս էն պայծառ, պարզ արեգակին,
Ափսո՛ս էն զառվառ ծըլին ու ծաղկին,
Ափսո՛ս աստղերին, ծովին ալեծուփ,
Ափսո՛ս դաշտերին, լերանց երկնահուպ.
Ինչպե՛ս սըրանց մեջ ծընան հըրեշներ
Էսքա՛ն մարդատյաց, անխիղճ ու անսեր...

Ո՜չ, հանգի՛ստ, հոգի՜ս, իզուր չի ոչինչ.
Ո՜չ ծիլ ու ծաղիկ, ո՜չ արևը ջինջ,
Ո՜չ խոսքն հանճարեղ, ո՜չ երգը քնքույշ։
Կա մեծ ու զըվարթ իմաստուն մի ույժ,
Որ Մութն աշխարհքից տանում է մարդուն
Դեպի Լույս աշխարհք, սեր, եղբայրություն...

Ամեն մի չարիք ունի իրեն վերջ
Ու կա հատուցում ամեն գործի մեջ.
Կա մխիթարանք տառապող հոգուն,
Լացող աչքերին կա հանգիստ ու քուն,
Եվ դարձ կա նըրան, որ վառեց խարույկ,
Խըլեց ուրիշից կյանք, պատիվ ու գույք։


* * *
Տաղով եկավ,
Ախով գնաց Սայաթ-Նովան.
Երգով եկավ,
Վերքով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով եկավ,
Սրով գնաց Սայաթ-Նովան.
Սիոով մնաց Սայաթ-Նովան։


* * *
Թեպետև թախտը մեզ շատ հարվածեց
Երկար դարերով, ահեղ հարվածով,
Թեպետև էսպես ցրվեց, տարածեց,
Ձըգեց հողեհող, փըռեց ծովեծով,

Վկա է սակայն բովանդակ երկիր,
Որ մենք կարեվեր ապրում ենք կրկին,
Եվ ուր հասնում է հայի գիրքն ու գիր -
Կենդանի է դեռ հայության ոգին։

Եվ թարմ աղմուկով մանկունք մեր մատաղ
Առաջ են խաղում լուսավոր տենչով,
Եվ թնդում են դեռ հայի երգն ու տաղ
Հարազատ լեզվով, հայրենի շընչով։

Եվ իր փըլատակ տըների տակից
Ելնում է ահա հզոր ժողովուրդ,
Իր վեհ ճակատին տանջանք ու թախիծ,
Խորունկ հայացքում մեծ կյանքի խորհուրդ։

Ո՛վ դուք սրբազան Մասիս, Արագած,
Էդ ձեր երկնամուխ գոհար թագերով,
Եվ, որ նրանցից վերև խոյացած
Փայլատակում եք լույս-պըսակներով -

Սահակ ու Մեսրոպ, և շատ պանծալիք,
Որ լցրիք հայոց աշխարհքն ու սրտեր
Լուսավոր կյանքի սիրով երջանիկ
Ու ձըգտում տըվիք - ձըգտել դեպի վեր,

Քանի որ դուք կաք, քանի կըմնաք,
Հոյակապ սյուներ հայության ոգու,
Մենք միշտ անսասան առաջ տի գնանք,
Ինչքան մեր ճամփան լինի ահարկու։

Եվ տոն կըտոնենք էսպես խնդագին,
Եվ թող իմանա բովանդակ երկիր -
Ապրում է անմեռ հայությունը հին,
Ապրում են անմահ իրեն գիրքն ու գիր։



ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՐԳԸ
(հատված)

Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.
Արևը
― Սիրուն աղջի՜կ, ի՞նչ ղըրկեմ քեզ։
Աղջիկը
- Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։
Արևը
- Ա՜յ աղբյուրներ, ա՜յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ.
Դո՜ւրս եկեք, դո՛ւրս,
Շո՛ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցեք
Ու կանչեցեք
Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։
Ջրերը
Վո՜ւշ-վո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ,
Էս ի՛նչքան ուշ...
Աղջի՜, աղջի՜, ծիլ-ծաղիկներ,
Քա՞նի քընեք, վե՜ր կացեք, վե՜ր,
Խընկածաղիկ,
Ծընկածաղիկ,
Արևքուրիկ
Շար-շարուրիկ
Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Աղավնարոտ,
Կոճղեզ, ճանդուկ,
Քուրդ, ճարճատուկ,
Հարսնածաղիկ,
Ոսկեծաղիկ,
Խաշխաշ, ծըծուկ,
Վարդ, երիցուկ,
Մուշկ - վաղմեռուկ,
Պուտ, վառվըռուկ,
Շըրվան, մըրվան,
Շուշան, ռեհան,
Ապրեմ-չապրեմ,
Բուրեմ-մարեմ...
Քանի՞ քընեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին. հով ըստվերում,
Ժայռի տակին, հովիտներում,
Կանաչ խոտով,
Անուշ հոտով,
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք։
Ծաղիկները
- Բարև, բարև, կարմիր արև,
Ա՛խ, ի՜նչ լավ է դեպի վերև -
Ազա՛տ, լո՛ւյս, տա՛ք,
Կապո՛ւյտ, հըստա՛կ...
Արևը
- Սիրո՞ւմ եք ինձ...
Ծաղիկները
- Ա՛խ էնպես եմ սիրում, էնպե՛ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես...
- Ես քեզ հետ եմ ուր որ գընաս...
- Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս...
Արևը
- Ապա եթե ձեզ համբուրե՞մ....
Ծաղիկները
- Ես հաճույքից կըկարմրեմ....
- Ես կըբուրեմ...
- Ես կըմարեմ...
Արևը
- Ա՜յ անուշներ,
Ա՜յ քընքուշներ,
Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ,
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գունի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,
Լըցնեմ շողով,
Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թըրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,
Ա՜յ անուշներ,
Ա՜յ քնքուշներ...
Աղջիկը
- Էս ի՛նչ անթիվ ծաղիկներ կան.
Ոսկի-դեղին, կարմիր, ղեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարընջի, մավի, կապուտ,
Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
Ողջ ինձ համա՛ր, ողջ ինչ համա՛ր...



1914

ՎԵՐՋԻՆ ՏԱԳՆԱՊԸ

Վեր է կացել հին վիշապը նոր թափով,
Վեր է կացել վերջին մոլի տագնապով,
Արյունըռուշտ, ոճիրներով ահավոր
Մահ է շընչում լէռներն ի վեր ալևոր։

Ու նրա դեմ ելած անզուսպ, անսահման,
Հորձանք տալով ամեն կողմից՝ հայության
Հին–հին հույսերն ու հուզմունքը դարավոր
Ծառս են լինում լեռներն ի վեր ալևոր։

Ծառս են լինում քաջ խմբերով անձնվեր,
Ծառս են լինում տանջվողներով կիսամեռ,
Ծառս են լինում անընկճելի ու արի
Մինչև ճերմակ գլուխները լեռների։

Ու լեռները պառավ մոր պես վերստին
Արնոտում են գլուխները իրենց հին,
Միշտ խորհելով ամպերի տակ սևակնած,
Որ հենց իրենց հառաչանքն են կուտակված....

Ու ամպերում, բարձըր ուսից Մասիսի
Սլանում է մեծ արծիվը հյուսիսի
Շիտակ դեպի բարձունքները հայկական,
Իր հետևից հայի բախտն ու ապագան։



1915

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց՝ կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՜վ գյուղերից, և՜ շեներից՝ տըխո՛ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՛ծ հայրենիք,
Զըրկվա՛ծ հայրենիք։

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,
Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
Ողբի՛ հայրենիք,
Որբի՛ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՛ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ.
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին -
Հույսի՛ հայրենիք,
Լույսի՛ հայրենիք։

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՛ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՛ր հայրենիք,
Հըզո՛ր հայրենիք...



«ՁԵՌԱՑ»

Արգո պարոններ, հայրեր սրբազան,
Վաղուց ենք կռվել ես ու իմ Մուսան,
Նրանից հետո էլ չեմ կտրող ես
Սահուն ու ձեռաց հորինել էնպես։

Արգո պարոններ, հայրեր սրբազան,
Վաղուց ենք ջոկվել ես ու իմ Մուսան.
Ես եկա դեպի աղմուկներն անվերջ,
Քեֆեր ու ճառեր, ժողովներ ու վեճ,
Դարձա թամադա ու քաղաքագետ...
Իսկ նա ինձանից հեռացավ անհետ...
Ասում են, իբրև, թափառում է նա
Բյուրակնյան հայոց լեռների վրա.
Դեռ չի մոռացել, դեռ հիշում է ինձ,
Տանջվում է, մաշվում սիրուց, կարոտից։

Բայց ճամփաները շատ են արյունոտ,
Չի կարողանում ետ դառնա ինձ մոտ։
Երբ ճամփաները դիակների տեղ
Բուրյան ծաղիկներ կփռեն շքեղ,
Երբ էլ գաղթանան չի լինիլ քաղցած,
Երբ խոսք ու ժողով կլինեն բաց-բաց,
Ողջի հետ հայն էլ կապրի ինքնորեն
Եվ կպահանջի նոր երգեր գրեն -
Նա ետ կդառնա նոր աշխույժ առած,
Ես էլ էն օրը կըգրեմ «ձեռաց»։


* * *
Շուռ է գալիս ծանր քարը
Մեր մոր կըրծքից տենչավառ,
Վեր է կենում մեր աշխարհը
Ավերներից անհամար...
- Հե՛յ, ջա՜ն տղերք, ուս տվեք, ո՛ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՛յ ջա՜ն տղերք, ուժ տվեք, ո՛ւժ,
Քարը մոտ է գլորման։

Մտիկ տվեք՝ ինչ վեհ պատկեր
Մեծ հիացման արժանի,
Էսքան դարեր նա քարի տակ
Դեռ շընչում է կենդանի.
Ու աչքերը, թեև լացոտ,
Լիքն են կյանքով ու հույսով,
Ու հույսերը համակ ազնիվ
Լիքը բարով ու լուսով...
- Հե՛յ, ջա՜ն տղերք, ուս տվեք, ո՛ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՛յ ջա՜ն տղերք, ուժ տվեք, ո՛ւժ,
Քարը մոտ է գլորման։
Տեսե՜ք, թեև ծվեն-ծվեն
Ծիրանի է իր հագին,
Ու ցոլում է իր ճիգերեն
Ազնվական իր հոգին...
Ամեն շարժում դեպի կյանքն է,
Ամեն ձըգտում՝ դեպի վեր,
Աչքերն էն կողմ, ուր ծաղկում են
Ընտիր ազգերն ու ցեղեր...
Հե՛յ, ջա՜ն տղերք, ուս տվեք, ո՛ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՛յ, ջան տղերք, ուժ տվեք, ո՛ւժ,
Քարը մոտ է գլորման։



ԱՂԹԱՄԱՐԻ ԿՂԶՈԻՄ

Սըրտիս խորքերեն
Հովեն թե ծովեն
Մի ձեն եմ լըսում -
Ո՜նց է մի աղջիկ
Մեղմ ու հանդարտիկ
Անվերջ արտասվում։

Կոպիտ աշխարհ է,
Մարդը միշտ չար է,
Կյանք է կործանում,
Կյանքն էլ կործանված՝
Որ անցավ գնաց,
Էլ ետ չի դառնում...

Սըրտիս խորքերեն
Հովեն թե ծովեն
Մի ձեն եմ ասում–
Ո՜նց է մի աղջիկ
Մեղմ ու հանդարտիկ
Անվերջ արտասվում։

- Թամա՛ր... Ա՛խ, Թամա՛ր...
Իզո՛ւր... ոչ մի բառ...
Չի պատասխանում։
Սերը որ կորավ,
Սիրտը որ մեռավ,
Արցունքն է մնում...

Սըրտիս խորքեր են
Հովեն թե ծովեն
Մի ձեն եմ լըսում -
Ո՛նց է մի աղջիկ
Մեղմ ու հանդարտիկ
Անվերջ արտասվում...



ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով...

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև...

Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։
- Հանգե՛ք, իմ որբե՛ր... իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա...

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական պարից,
Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ...
- Հանգե՛ք, իմ որբե՛ր... իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ....
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա...



ԲԱՐՁՐԻՑ

Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,
Էն մեծ խոհերի անհուն խորերից՝
Կամեցավ՝ ելավ իմ հըզոր հոգին,
Որ բարձրից նայի աստծու աշխարհքին։

Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր՝
Մարդկային ամեն հընարքներից վեր,
Վե՛ր ամեն շուքից և շամանդաղից՝
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ։

Ու իր հարազատ բարձունքիցը լույս՝
Անչար, անաչառ, անդորր ու անհույզ՝
Պարզ, ամենատես, հայացքովը նա
Ճառագեց ներքև՝ աշխարհքի վըրա։

Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՛կ, անվե՛րջ,
Եվ հայրենիքներն անձուկ նըրա մեջ,
Եվ աստվածները նըրանց զանազան,
Եվ սուրբերը խիստ, խըտրող ու դաժան։

Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.
Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,
Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված,
Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած։

Ու ոչ մի երկիր չըկա հանգչելու -
Խոր, արարչական հանգիստն անխըռով,
Ու ոչ մի անկյուն չըկա շընչելու
Շունչն աստվածային՝ լի անվերջ սիրով...

Անպատում վըշտով վերըստին նայեց
Իմ էս մեծ սըրտին՝ աշխարհքից էլ մեծ, -
Անսահմա՛ն աշխարհք, և սեր ընդհանուր,
Եվ մարդը ուրախ, և երգ ամենուր...

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու -
Խոր, արարչական հանգիստն անխըռով,
Էնտեղ հանգչելու, էնտեղ շընչելու
Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով...



1916

ԳԵՐՈԻԹՅԱՆ ՄԵՋ
(Նմանության)

Բաբելոնի գետեզերքին նըստել էին նրանք գերի,
Հիշում էին իրենց Սիոնն, Երուսաղեմն ու լալիս,
Կախել էին տավիղները վեր՝ ճյուղերին ծառերի,
Հիշում էին անցած փառքերն, անցած երգերն ու լալիս։
- Առե՜ք տավիղն, երգե՜ք, տեսնենք երգերը ձեր Սիոնի.
Ասում էին գերիչները Իսրայելի որբերին,
Ու՝ սըրբելով նըրանք լացը իրենց տխուր աչքերի՝
Տավիղն առած երգում էին օտար գետի ափերին։
- Ո՛վ սըրբազան Երուսաղեմ, ըսկիզբը մեր երգերի,
Եվ քեզ, Սիոն, մեր սըրբություն, թե մոռանանք մենք երբեք,
Թող մոռանա մեզ մեր աջը, հավետ մընանք մենք գերի,
Թող չըտեսնենք մենք հավիտյան ոչ խնդություն և ոչ երգ...
- Ո՛վ անօրեն դու Բաբելոն, երնեկ բազկին ոխառու,
Որ կըզարկի աչքիդ առաջ զավակներըդ քարերի,
Երնեկ օրին, երբ կըզարթնի Իսրայելի Եհովան
Ու կըլսի հառաչանքը մեր գերեվար քընարի...
Էսպես նըրանք երգում էին իրենց վըրեժն ահարկու,
Ու զարմանքով հարցնում էին գերիչները մեկմեկու.
- Մի՞թե դեռ էլ կենդանի է Իսրայելը աշխարհում,
Մի՞թե նըրան չըսպանեցինք պատերազմի դաշտերում...



ԴԺՈՂՔԻ ՀԱՆԴԵՊ

Հո՛ւշ. հասավ օրը՝ վերջի՛ն, ահավո՛ր.
Սըրով ու հըրով բացվում են էսօր
Հայոց դըժոխքի դըռներն ամրափակ,
Սարսափի պիտի աշխարհքը համակ...
Եվ մարդն ամայի գիլից ու շանից,
Որ մարդ է ծընվել՝ մարդու նըմանից։
Ո՛ւհ, ինչքա՛ն մութն է, գարշահոտ ու պաղ...
Ինչքան ոսկորնե՛ր, կըմախքնե՛ր անթաղ...
Էլ ի՞նչ կա հեռվում... հեռվի խավարում...
Ո՞վ է իմանում... ո՞ւմ աչքն է զորում...
Մեջտեղը մենակ, ժեռուտ բարձունքին,
Հողմերի առջև կանգնած է մի կին.–
Որդու արյունը իր ձեռքն են տըվել.
- Խըմի՜ր սուլթանի կենացը դու էլ...
Եվ նա, որ մարդ էր ու մայր էր երեկ,
Այժըմ, էն ժայռին կանգնած կիսամերկ,
Անուժ ու ապուշ խելագար է մի,
Բաժակը ձեռքին, որ պիտի խըմի...
Կանգնած է մենակ, և լոկ մոլեգին
Հողմերն են ոռնում ու նըրանք չորս դին...
Բայց՝ հո՛ւշ, լռությո՛ւն... մըթին, ահավոր
Երկինք են նայում կըմախքները չոր,
Ու իրենց կարկամ շըրթունքները բաց՝
Խոսք են ասելու աշխարհքի դիմաց,
Խո՛սք, որ չի լըսված դեռևս լուսնի տակ...
Սարսափի պիտի աշխարհ բովանդակ...
Եվ մարդն ամաչի գիլից ու շանից,
Որ մարդ է ծընվել՝ մարդու նըմանից...



ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հոդվածի փոխարեն

Երբ խոսում են Վըրաստանի
Թըշնամանքից արյունոտ,
Զարմանք է ինձ պատում հայտնի,
Եվ խորին ցավ, և ամոթ։

Ո՞չ ապաքեն գիտեն նըրա
Ոսոխները մինչ անգամ,
Աղ ու հացն է սիրել միշտ նա,
Միշտ աշխարհքին բարեկամ։

Թեև պատած հազար վերքով՝
Շատ ցավեր է նա տարել,
Բայց խաչակիր իրեն ձեռքով
Դեռ ոճիր չի կատարել։

Եվ իր ձեռքը եթե համառ
Տարածում է հին վըկան,
Ոչ թե դաժան գործի համար,
Այլ դեպ պայծառ ապագան։

Եվ ինչպե՞ս չեն տեսնում ոմանք
Նըրա ընթացքն աննըկուն,
Ո՞նց են ասում. - իր բախտի տակ
Նա ընկել է անկանգուն։

Ո՞չ ապաքեն Կովկասն անսաստ
Պատ է կանգնած մինչ երկին,
Որ չըհաղթի բուքը նըրան,
Ինչքան սուրա մոլեգին։

Ո՞չ ապաքեն Պոնտոսը հար
Շունչ է հոսում հով ու զով,
Որ նա հավետ մընա դալար,
Խորշակներից ապահով։

Եվ չե՞ն լըսել դեռ վըրացու
Երգը զըվարթ ու անհոգ,
Ո՜նց է ծաղրում նա մահացու
Ամեն հարված անողոք։

Երբ խոսում են իր անկումից,
Թըշնամանքից արյունոտ,
Զարմանք է ինձ պատում անվերջ,
Եվ խորին ցավ, և ամոթ։



ՆՎԱՐԴԻ ԱԼԲՈՄԻՑ

Լուսապըսակ
Իմ Արուսյակ,
Ի՛նչ գեղատես
Ու ի՛նչ զըվարթ
Վառվըռում ես
Իմ աստղազարդ,
Պայծառ ու պերճ
Գիշերվա մեջ...

Այո՜, թեև
Չեղավ արև
Էս պաղ կյանքում
Ու երկնքում,
Բայց բյուր արեգ
Ու բյուր ցերեկ
Միշտ արժեր
Էսքան շըքե՛ղ,
Հըրաշագե՛ղ,
Մի գիշեր...



<Վ. ԲՐՅՈԻՍՈՎԻՆ>

Մեզ մոտ եք եկել ձյունի աշխարհից,
Կոչում դեպ բարին, դեպ վսեմն ու սեր,
Մեր ցավոտ սրտում զարթնում են նորից
Երջանիկ կյանքի իղձեր ու հույզեր։

Աշխարհից աշխարհ թող ձեն տան իրար,
Որոնք իշխում են մարդկանց սրտերին,
Ազգերն ինչ ունեն ազնիվ ու պայծառ,
Թող ի մի բերեն էս դառն օրերին։

Եվ թող սրտերի դաշըն կապեն կուռ,
Ամուր շաղկապեն անսահման սիրով,
Շնչեն կենդանի մի շունչ ընդհանուր,
Կյանքը ջերմացնեն հոգեղեն հըրով։

Եվ թող մի պայքար լինի կյանքի մեջ՝
Թե ով ավելի ուժգին կըսիրի,
Եվ թող մի մրցում լինի միշտ անվերջ՝
Բարու, գեղեցկի ու վեհ գործերի։

Եվ բանաստեղծի խոհերն իմաստուն
Քանզի խոսքեր չեն ապարդյուն ուսին,
Եվ քանզի մարդը կարող է մարդուն
Սիրել - երջանիկ ապրել միասին։



1917

ԻՄ ԱՐՓԻԿԻՆ

Ա՛խ, Արփիկ ջան, որ արփի ես
Բացվում հոգուս երկընքում,
Գիտե՞ս քանի արփի բացվեց
Քեզնից առաջ էս կյանքում...

Քո լույս ու կույս շաղով-շողով
Թարմ շաղախված իմ սըրտում
Անքուն վախով, թաքուն դողով
Էս սև ամպն է պըտըտվում...

Բայց դու փայլի՜ր, խաղա՜, շողա՜,
Կյանքը լինի քեզ եդեմ,
Ցոլա՜, ժըպտա՜, հուր բոց տեղա
Արևմուտքի մութի դեմ։

Տիեզերք է իմ մեծ հոգին,
Դու իր ափին բոցավառ,
Սա անդունդներ ունի մըթին,
Դու անըստվեր ու պայծառ,

Ա՛խ, Արփի՜կ ջան, քանի՛-քանի՛
Սիրտ կա թաղված ոտիդ տակ,
Քանի՛ արփի կա գեղանի
Սուզված խավարն անհատակ...



ԱՆՈԻՇԻ ԱԼԲՈՄԻՑ

Երազեցի շարունակ
Իմ կյանքի մեջ ես մանկուց,
Ու մընացի միշտ մենակ
Պատրանքի մեջ՝ ես մանկուց։

Ես չըգտա ոչ մեկին
Երազներից իմ շըքեղ,
Եվ ոչ մի մարդ, ոչ մի կին՝
Հերոսներից իմ շըքեղ։

Երազեցի շարունակ
Իմ կյանքի մեջ ես մանկուց,
Ու մընացի միշտ մենակ՝
Պատրանքի մեջ՝ ես մանկուց։



ԵՐԵԽԻ ՆՄԱՆ

Երեխի նըման մըտա ես աշխարհ,
Անվերջ միամիտ, անխելք անձնըվեր.
Սըրտումըս ինչ կար, ձեռքիս ինչ որ կար՝
Բաժնեցի մարդկանց՝ անսեր, անտարբեր։

Երեխի նըման խաբեցին ինձ շատ,
Երազուն ու խենթ երեխի նման.
Տարան իմ հավատն ու սերը անհատ,
Խընդացին վըրես իմ դեմ հանդիման։

Երեխի նըման վարվեցին ինձ հետ,
Մի խորթ ու օտար երեխի նըման.
Ամեն հաճույքիս նայեցին միշտ խեթ,
Վըրդովմունք տըվին ամեն մի վայրկյան։

Երեխի նըման տանջեցին ինձ բիրտ
Ընկեր, մերձավոր, և եղբայր, ու կին.
Ես էլ հուսահատ, զըզված խորասիրտ
Երեխի նըման թողի ամենքին...

Եվ ահա էսպես՝ հոգնած ու վըշտոտ,
Դադարգուն եղա, ամենքից փախա.
Ամենքից փախած գալիս եմ ձեզ մոտ -
Ու դուք էլ, ավա՛ղ, ինձ պես երեխա։



ԳՐԱԴԱՐԱՆՍ

Բազմած են շուրջըս նրանք ամեն օր -
Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի,
Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր
Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի։
Ու էսպես՝ ինձ հետ, իմ տանն ամեն օր,
Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր։



ԱՐՓԵՆԻԿԻՆ

Հիշո՞ւմ ես Բորժոմն, այծյամնե՛ր, ժայռե՛ր...
Ինչաես որ թողիր՝ էս ժամին էլ դեռ
Վայրենի՛, չրքնա՛ղ կանգնած են ու կան։
Եվ հիշում են միշտ էն գիժ աղջըկան,
Որ իր կուսական զըվարթ աղմուկով,
Արծաթ ծիծաղով, ճիչով ու երգով
Լըցնում էր անտառն իրենց շըրջակա -
Ու... հիմա չըկա՛... ու հիմա չըկա՛...



ԱՐՓԵՆԻԿԻ ԱԼԲՈՄԻՑ

Դու չըգիտե՞ս՝
Ինչու եմ ես
Անբուժելի
Տըխուր էսպես։

- Ինչ ունեի լավ ու պայծառ՝
Ընկա՛ն, հանգա՛ն, մի-մի, մի-մի.
Օրորանս էլ՝ միակ, որ կար,
Արնոտ եղավ ու թըշնամի...

Դու չըգիտե՞ս՝
Ինչու եմ ձեզ
Քընարիս հետ
Գըրկել էսպես...

- Մըթնեց հոգուս երկինքն անհուն,
Սիոտըս պատեց մեծ շափառուկ.
Մեռա՛ն, կորա՛ն շուրջս ու հեռուն,
Քընարս է լոկ մնացել... և դուք...



ԱՇԽԵՆԻ ԱԼԲՈՄԻՑ

Մայրըդ էն օրն ասում էր ինձ,
Թե՝ զուր թողիր տունը ձեռից,
Էնքան էժան ու էնքան հեշտ,
Էնքան հարմար, անհըրաժեշտ...

Նա տակավին չի իմանում,
Թե աշխարհքն էր ինձ պատկանում.
Նույնիսկ ձըրի, առանց փողի,
Սիրտըս չուզեց - ձեռից թողի...



ԱՆՈԻՇԻ ԱԼԲՈՄԻՑ

Կանցնեն օրերն, Անուշ ջան,
Կանցնի քո հերն, Անուշ ջան,
Ու կըտանի իրեն հետ
Իր ցավն ու սերն, Անուշ ջան։

Ցավը՝ անտակ ծովի տես,
Սերը՝ անհագ սովի պես.
Ծովի միջին ու սովի՝
Անբախտ Սայաթ-Նովի պես։



ԱՆՈԻՇԻ ԱԼԲՈՄԻՑ

Քոշաքարում ես վազել եմ
Եղնիկի հետ երագ, Անուշ,
Զըմրուխտ սարում երազել եմ
Չընաշխարհիկ երազ, Անուշ։

Զըմրուխտ սարը ամպ է պատել,
Իմ արևի լույսը վատել,
Աստծուն խնդիրք արի շատ էլ՝
Ինձ չըտըվեց մուրազ, Անուշ։

Իմ մուրազը շատ էր շըքեղ,
Դըրախտ պիտեր քաղաք ու գեղ.
Երգը հոսեր հառաչքի տեղ,
Սերն ու բարին՝ Արազ, Անուշ։

Շատն են եկել էսպես անցել,
Հազա՛ր ափսոս էն մարդկանց էլ.
Ես էլ կերթամ, քիչ է մնացել,
Էսքա՛ն վաղ ու վըռազ, Անուշ։



ԱՐՓԵՆԻԿԻ ԱԼԲՈՄԻՑ

Երկա՛ր, երկա՛ր ման եկա
Ոտքով, մըտքով ես կյանքում,
Երկու, երկու բան գըտա
Չար ու դըժար էս կյանքում։

Վաղո՛ւց, վաղուց կար ասված,
Բայց կյանք տըվի ես բառին.
Դարձավ, դարձավ ինձ աստված
Գեղեցիկը ու բարին։

Դըստրիկ, դըստրիկ իմ անգին,
Դու գեղեցիկ ու բարի,
Աշխույժն . . . իմ կյանքի
Եվ իմ վըշտոտ քընարի։

Նայի՜ր, նայի՜ր սըրտաբաց
Էս լեն արձակ աշխարհին,
Առատ, առատ տարածված
Գեղեցիկը ու բարին։

Էսքա՛ն, էսքա՛ն մոտ ու շատ
Բախտը փըռված մեր կյանքում,
Մարդը, մարդը՝ միշտ անբախտ՝
Որոնում է երկընքում։



1918

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՛կ, անծե՛ր,
Ես հարուստ եմ, ջա՛ն, ես հարուստ,
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի -
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։



ՏԻԿԻՆ ՆԻՄՖԱ ԳՈՐՈԴԵՑԿՈԻՆ

Հյուսիսի կողմից
Խստաշունչ հողմից
Եկաք դուք մեզ մոտ,
Մեր անհոգ, ուրախ
Ու զոռով խաղաղ
Երկիրն արևոտ։

Եկաք ու ընկաք
Մի նոր դըժընդակ
Փոթորկի առջև,
Ուր կիտվում են դեռ
Ահեղ, շանթաբեր
Ամպերը սև-սև։

Մեզ մոտ էլ, ավա՛ղ,
Արև ու խաղաղ
Անկյուն չըկա էլ,
Ուր որ կարենանք
Գոհ ու անվըտանգ
Ձեզ պահել, շահել։

Արևն ու լավ օր,
Երազուն ու խոր
Մեր սըրտումն են արդ,
Իսկ դուք, մեր փերի,
Գիտեք սըրտերի
Ճամփաները բարդ։

Էնտեղ ապրեցեք
Ու էնտեղ կացեք
Մեզ հյուր թանկագին,
Դըրանից ավել
Չի էլ գըրավել
Դեռ կյանքում մի կին։



ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զրընգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թրվում է, թե՝ կըգան...

Զո՛ւր... վաղո՛ւց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել...



Ս. ՆՈԻՆԵԻ ՊԱՏԿԵՐԻ ԱՌԱՋ

Խունկի բուրյան մըշաշներում,
Մըրմունջներով պատած երգի՝
Կանգնած է նա կապույտ հեռվում՝
Վարդը կյանքի, հարսն երկընքի,
Եվ չըգիտեմ՝ աղո՞թք անեմ,
Թե՞ ըզմայլեմ իր գեղի դեմ։

Համակ շընորհք ու սըրբություն,
Նայում է լուռ՝ լուռ սըրտիս մեջ,
Լույս հայացքի խորքում անհուն
Վառված սիրո կըրակն անշեջ...
Եվ ո՞վ կասի՝ կըրա՞կն է շատ,
Թե՞ սըրբությունն իր անարատ։

Խաչ է բըռնած իր կույս ձեռին,
Որ նըման չի ոչ մի խաչի,
Ու, որթն, ասես, աստվածային,
Պիտի շընչի ու կանաչի.
Մի նըշանում կապված հանդարտ՝
Տանջանքը վեհ, կյանքը զըվարթ.

Մութի թեթև քող է իջել
Պայծառությանն իր երկնային,
Վշտի ամպից լույս ճաճանչել,
Լույսն ըսքողվել վշտովն իր հին.
Ու չարիքն էլ, ասես, անկար,
Զարդ է դարձել իրեն համար։

Ա՛խ, առնեի եղբոր ձեռով
Բախտի ձըգած քողը տըրտում,
Որ նա հառներ իր ողջ գեղով,
Ապրեր անփույթ էն ճոխ հովտում,
Վերին Պոետն ուր որ նըրան
Կերտեց, դարձավ ապշեց վըրան։



1919

ՆՎԵՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

Չէ՜ չի լռել մեծ Շոթայի
Երգի ձենը կաթոգին
Ու դարավոր ցավն ամեհի
Չի խորտակել էն հոգին։

Թընդում է դեռ նոր ձեռքերում
Էն քնարը գովանի,
Խընդում է դեռ նոր երգերում
Վըրաստանը գեղանի։

- Ողջո՛ւյն, ողջո՛ւյն ձեզ հին ու նոր
Արի, բարի ընկերներ,
Արարատի կողմից էսօր -
Եղբայրական երգ ու սեր։

Հին օրերի վերջալուսին,
Արշալուսին նոր կյանքի
Երգենք սըրտանց ու միասին
Երգը հանուր բերկրանքի։

Բարձըր հընչի մեր երգը թող,
Չարի ձենը խըլացնի,
Հընչյուններովն իր կախարդող
Երկրե երկիր թող անցնի։

Ամեն կողմից թող ամենին
Հըրապուրի ու բերի
Բազմալեզու խըրախճանին
Ծեր Կովկասի ազգերի։

Ելնենք՝ տեսով ու ճանանչով,
Ընկեր, ախպեր, մեր ու քուր,
Մեր քյամանչով, ուրախ կանչով
Գընանք դեպ կյանքն ընդհանուր։

Շա՜տ, շատ արցունք թափվեց մեզնում,
Մեն մի կաթիլն - մի խըրատ,
Անլուռ, անդուլ էն է ասում -
Ճամփա չունի գործը վատ։

Թո՜ղ ով կուզի՝ երկար-բարակ
Զոռ տա խելքին մինչև մահ,
Մենք իմաստուն - սիրենք, խնդանք,
Կյանքը էս է, ինչ որ կա։

Զարկե՜ք ուժգին մեծ Շոթայի
Էն քընարը ոսկելար, -
Մարդը ինչ տա - էն կըշահի,
Թող իմանա ողջ աշխարհ. -

Տեսնի քանի նոր ձենով է
Խոսում մուսան էս երկրում,
Պատգամներով պայծառ ու վեհ,
Հազար ու մի երգերում։

Ողջո՛ւյն, ողջո՛ւյն ձեզ հին ու նոր
Արի, բարի ընկերներ,
Արարատի կողմից էսօր -
Եղբայրական երգ ու սեր։



1920

ՏԻԵԶԵՐՔԻ ԸՆԹԵՐՑՈԻՄԸ

Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ՝
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տըվել երկնաճեմ ու բաց՝
Չափելու ահեղ բացերն անչափի,

Որ կապել ես մեզ, հոգիս քեզ արել՝
Հոգուս անհունի հըրճվանքը տալով,
Բարձըր ճակատիս ժըպիտ ես վառել,
Վառել, զարդարել արփենի փայլով,

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով
Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
Ու գիշերները ահավոր ու պերճ։

Ու վերանում է հոգիս զըվարթուն -
Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած,
Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված։


* * *
Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ
Ինչպես գարունքվան օրերը ծաղկոտ,
Ինչպես տարագիր հավքերը՝ երգով
Կանցնեք իմ հոգու աշնան երկընքով։

Եկաք ու կերթաք, ինչ որ կըմընա,
Էս լավ գիշերվան հիշատակն է նա,
Չէ՞ որ, հուշերն են թանկ գանձերը մեր -
Ա՛խ, ի՛նչ գանձ բերիք էսօր ինձ նըվեր։



1922

ՍԻՐԻՈԻՍԻ ՀՐԱԺԵՇՏԸ

Սիրիո՜ւս, երկնից ահեղ անցվոր.
Ո՞ւրկից եկել,
Ո՞ւր ես թեքել,
Ո՞ւր ես ճեպում էդքան հըզոր,
Անճար թափով,
Անծեր ճամփով,
Դարե՛ր, դարեր հազարավոր։

Սիրիո՛ւս, երկնից շըքեղ գոհար,
Որ խաղում ես,
Փաղփաղում ես
Ճերմակ ու բիլ լուսով քո վառ,
Ու զարդարում,
Զըվարթ վառում
Մեր գիշերվան ճակատը մառ. -

Ի՛նչքան աչք է վըրադ հառել,
Նայում են քեզ
Հիմա մեզ պես,
Ի՛նչքան աչք է նայել, մարել,
Եվ կամ ի՛նչքան
Դեռ պիտի գան,
Որ անհայտից կյանք չեն առել։

Ո՞վ առաջինն ասավ ողջերթ
Քեզ մեր հողից,
Մարդու ցեղից,
Կամ ո՞ւմ աչքում պիտի անհետ
Մի օր հատնի,
Մարի, մըթնի
Հըրաժեշտի շողըդ հավետ...

Բարի ճամփա՜, հյո՜ւրըդ մեր հին.
Եվ թե տեսնես՝
Մեզնից էսպես
Մի հարցում տուր հըզոր մահին.
- Մարդու քանի՞
Սերունդ կանի
Մի հըրաժեշտն աստեղային։



---------------------------

Քառյակներ

1890

Ա՜նց կացա՛ն...
Օրերս թըռան, ա՜նց կացա՛ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՛ն, ա՜նց կացա՛ն։

«Հառաչանք»-ից.

Վերջացա՛վ...
Կյանքըս մաշվեց, վերջացա՛վ.
Ինչ հույս արի՝ փուչ էլավ,
Ինչ խընդություն՝ վերջը ցա՛վ։

«Հառաչանք»-ից.



1916

Ո՞ւր կորա՛ն...
Մոտիկներըս ո՞ւր կորա՛ն,
Ինչքան լացի, ձեն ածի՝
Ձեն չի տըվին, լո՛ւռ կորան։

Հունիս.

Ետ չեկավ...
Գընա՛ց, գընա՛ց, ետ չեկավ,
Անդարձ կապով սև հողում
Կապվե՛ց, մընա՛ց, ետ չեկավ։

Հունիս.

Հիմի բացե՛լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՛ն, հայրենի՜ ծըղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ։

Հունիս.


1917

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը՝ լիքն աստղերով։

Փետրվարի 9

Քանի՛ մահ կա իմ սըրտում,
Թափուր գահ կա իմ սըրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սըրտում։

Նոյեմբերի 7.

Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ -
Մահը բըռնում հանցավոր։

Նոյեմբերի 10.

Ե՜տ եկե՛ք...
Գարնան վարար գետ եկե՛ք,
Անցա՛ծ օրեր, խինդ ու սե՜ր,
Դարձե՛ք, իրար հետ եկե՛ք։

Նոյեմբերի 11.

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր։

Նոյեմբերի 11.

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում։

Նոյեմբերի 12.

Ո՛վ իմանա՝ ո՜ւր ընկանք,
Քանի՜ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չըկա՝
Կըրա՛կ ընկանք, զո՛ւր ընկանք։

Նոյեմբերի 30.

Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
- Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի...

Դեկտեմբերի 24.

Ինչքա՛ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել, -
Վատը՝ լավ եմ տեսել ես։

Դեկտեմբերի 24.

Քանի՛ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել՝ լույս տըվել,
Լույս տալով եմ ըսպառվել։

Դեկտեմբերի 24.

Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել՝ ով կային,
Հիմի կըգա հերթը մեզ։

Դեկտեմբերի 26.

Հոգիս՝ տանը հաստատվել -
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել։



1918

Ո՛նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն, - ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

Հունվարի 4.

Ի՛նչ ես թըռչում, խև-դև սի՜րտ,
Հազար բանի ետև, սի՜րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՜րտ։

Հունվարի 25.

Իմ սո՛ւր, արթուն ականջում
Մի խոր ձեն է միշտ հընչում,
Անհո՛ւն, անքո՛ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում։

Հունվարի 26.

Լինե՛ր հեռու մի անկյան,
Լինե՛ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Փետրվարի 2.

Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՛վ, գընաց վիրավոր։
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր։

Փետրվարի 2.

Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե՝ ի՛նչ տարան աշխարհքից։

Փետրվարի 4.

Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով՝
―Ջա՛ն, հայրենի անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։

Փետրվար.

Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճըմփին,
Լոռու հանդում՝ մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին։

Փետրվար.

Կըլթացնում են, արտորում
Արտուտները արտերում,
Թըռչում մանուկ հոգուս հետ,
Ճախրում, ճըխում եթերում։

Հունիս.

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։



1919

Մեռա՛ն, մեռա՛ն... Եվ ահա,
Խառնըվել են կյանք ու մահ.
Չեմ հասկանում աշխարհքի
«Կան ու չըկան» ես հիմա։
Հոկտեմբերի 8.

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՛նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի...
Ա՛խ, թե, նորից գըտնեմ ճամփան դեպի էնտե՛ղ, դեպի տո՛ւն...

Նոյեմբերի 21.

Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր։

Նոյեմբեր.

Հե՛յ ագահ մարդ, հե՛յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ
Քանի՛ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՛նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Նոյեմբեր.

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է ու դըժբախտ է նա կըրկին.
Է՛յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սըրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի։

Նոյեմբեր.

Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չըհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տըված գըրազ եղավ, անցկացավ։

Դեկտեմբերի 6.

Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում՝ է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած՝ միտք եմ անում, չեմ իմանում՝ է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՛, թողնի՛, - ո՞րն է բարին, ո՞ր սահմանում, է՞ս, թե էն։



1920

Կորցըրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր՝ գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Քեզ մոտ գալու դուռ գըտնեմ։

Փետրվարի 4.

Ի՞նչ իմանաս ըստեղծողի գաղտնիքները անմեկին. -
Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ, մե՛ն ու մենակ իրեն պես,
Որ իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին։

Մարտի 30.

Խայամն ասավ իր սիրուհուն. - Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՛վ իմանա ո՜ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի...
Հե՛յ, ջա՛ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՛վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։

Ապրիլի 6.

Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ - իմ կյանքի հետ լինեի.
Հազար երնեկ՝ դաշտում մենակ՝ երկընքի հետ լինեի.
Բայց ո՜վ կըտա էն վայելքը՝ ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի....

Մայիսի 12.

Լուսը լուսին քու ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՜խ, արդեն անբույժ զարկված, դեպի մահն եմ ես հակվում.
էսպես էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի չորանում է օրեցօր։



1921

Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց հոգնել եմ ես.
Հոգիս ծարավ՝ սըրան-նըրան մըտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը՝ ճոխ ու շըռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց հոգնել եմ ես։

Փետրվարի 7.

Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր։

Փետրվարի 14.

Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու՝
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային - հայրենիքը իմ հոգու...

Մայիսի 1.

Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մընում, -
Զարմանում եմ, թե՝ ո՛վ Շըռայլ, ի՛նչքան շատ ես տըվել ինձ,
Ի՛նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

Մայիսի 2.

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ։

Մայիսի 3.

Ասի. «Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ...»
Երբ ճառագեց անծայրածիր քո ժըպիտը հոգուս դեմ.
―Ի՛նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես,
Դու աստվա՛ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես...

Մայիսի 6.

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ՝
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կը հասնեմ Նըրա մոտ...

Մայիսի 16.

Բարձր է հընոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ -
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,
Մինչև վախճանն անվախճանի քընընում է դարե դար։

Մայիսի 21.

Ո՛վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում, -
Ողջ ազատ են ու հարազատ էս աշխարհքում Քեզանով,
Ողջը Քո մեջ՝ անմա՛հ, անվերջ՝ Քեզ են երգում Քո ձենով...

Օգոստոսի 3.

Աստծու բանտն են տաճարները - աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։
Հարկավ՝ ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին։

Օգոստոսի 25.

Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։
Ինչքա՛ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին...
Ի՛նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին...

Սեպտեմբերի 5.

Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

Հոկտեմբերի 21.

Ամեն մի սիրտ ցավով լըցվեց մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լըցվեց մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լըցվեց բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում։



1922

Աղբյուրները հընչում են ու անց կենում,
Ծարավները տենչում են ու անց կենում,
Ու երջանիկ ակունքներին երազուն՝
Պոետները կանչում են ու անց կենում։

Հունիսի 9.

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

Հուլիսի 8.

Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում,
Էնքան անթիվ կորած լավերն իմ սըրտում...
Չեմ էլ հիշում չար ու խավար էս ժամին՝
Ե՜րբ են փայլել ուրախ օրերն իմ սըրտում։

Հուլիսի 12.

- Էս է, որ կա... ճիշտ ես ասում. թասըդ բե՜ր։
Էս էլ կերթա՝ հանց երազում, թասըդ բե՜ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՜ր։

Օգոսաոսի 14.

Հե՛յ ճամփանե՜ր, ճամփանե՜ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գընացին, ճամփաներ։


-------------------------------

1906

ԱՂՎԵՍԸ

Աղվեսն եկավ մութ անտառից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պըտուտ կուգա շուրջը դեղին.
Ջուր կըտըրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.
«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թըմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծըռել վըզին,
Աչք է գցել մեր խորոզին...
Էս գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատըս պառավ.
Ամա՛ն, հասե՛ք, տարա՛վ, կերա՛վ...
Գըլխիս էս ի՞նչ փորձանք բերավ
Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կու գայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դարուփոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՛ս, փոքրիկ գազան,
Ոտներըդ կարճ ու խիստ վազան,
Շըներն ամեն քեզ չըհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։


1907

ԼՈԻՍԱԲԱՑԻՆ
(ժողովրդական)

- Ծուղրուղո՛ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
- Ճի՜կ-ճի՜կ, ճի՜կ –ճի՜կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

- Ծուղրուղո՛ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
- Հո-հո՛, հո-հո՛,
Նախիրն արդեն հանդը տարան։

- Ծուղրուղո՛ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
- Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,
Նստեց նանը տեղի միջին։



ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան. -
―Է՜յ քնածնե՛ր, ծուղրուղո՛ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։



ԿՈԻՅՐ ԱՇՈԻՂԸ

Կույր աշուղը մի տան բակում
Եկել նստել՝ երգ է երգում.
Երգում է ու սազին տալի
Էնպես տխո՛ւր ու սրտալի.
«Է՛յ, պարոննե՜ր, երնե՜կ նրան,
Ով տեսնում է ամեն օր
Կապույտ կամար, արևի լույս
Ու երեսը իրեն մոր»։
Երգում է ու սազին տալի
Տխուր-տխուր ու սրտալի։



ՔԱՄԻՆ

- Ո՛ւ-ո՛ւ-ո՛ւ...
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՜, դու քամի,
Անպիտան քամի։
Մի՜ վախի, ջանիկ,
Փեշըս պինդ պահի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։


ԽՆՈՑԻ

(ժողովրդական)
Հարի՜, հարի՜, խնոցի ,
Մեջդ բարի, խնոցի՜,
Ունկըդ բարակ, խնոցի՜,
Մեջըդ կարագ, խնոցի՜։


ԿՌՈԻՆԿՆԵՐ
(ժողովրդական)

Կը՛ռ կը՛ռ, կըռկըռան
Կռունկները հա՜ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։


ՀՈԻՌԻՆ
(ժողովրդական)

Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։


ԱՐՏՈԻՏԻԿ
(ժողովրդական)

Արտուտիկ,
Նախշուն տոտիկ,
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,
Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ։


ՈԻԼՈԻՆՔ
(ժողովրդական)

Գարունը եկավ ամպերով,
Ամպերը եկան անձրևով.
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա.
Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա.
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,
Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՛, ծեծի՛,
Տանից քշի, դուրս անի։


ՓԻՍՈՆ
(ժողովրդական)

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՜չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը ղող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։


ԱՄՊՆ ՈԻ ՍԱՐԸ

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
- Լըսի՛, պապի, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սպիտակ
Վերմակի տակ։


ԿԱՆԱՉ ԱԽՊԵՐ

Է՛յ կանանչ ախպեր,
Է՛յ ճանանչ ախպեր,
Արի՛, քեզ հետ բեր
Արևի շողեր.
Բե՜ր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,
Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն.
Է՛յ կանանչ ախպեր,
է՛յ ճանանչ ախպեր։


ԱՐԱԳԻԼ
(ժողովրդական)

Արագի՜լ, բարով եկար,
Հա՛յ, արագի՜լ, բարով եկար,
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։

Արագի՜լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՛ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։

Արագի՜լ, բարով եկար,
Հա՛յ, արագիլ, բարով եկար.
Բունըդ շինիր դու մեր ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։


ԳՈԻԹԱՆ
(ժողովրդական)

Լուսը լուսացավ,
Բարին շատացավ.
Վաղ լուսաբացին
Գաթան լըծեցին.
Հորովել հո՛...

Գութանը լարած,
Հոտաղը շարած,
Մաճկալը մաճին,
Ձեռը ականջին.
Հորովել հո՛...

Գութան ջան, վարի՜,
Ակոսը շարի՜.
Թափ տուր, թև արա,
Շուռ տուր, սև արա.
Հորովել հո՛...

Ցանենք, արտ անենք,
Հնձենք, տուն տանենք,
Ունենանք շատ հաց.
Օրհնյալ է աստված.
Հորովել հո՛...


ՃՆՃՂՈՒԿՆԵՐ
(ժողովրդական)

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,
Ղասաբներ դանակ բերին մորթելու համար,
Աղջիկներ թև քաշեցին փետրելու համար։
Պառավներ պղինձ դրին եփելու համար,
Դուռ-դրկից շուրջ բազմեցին ուտելու համար,
Տերտերներ խաչով եկան օրհնելու համար,
Աշուղներ սազով եկան գովելու համար։
Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սպիտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար։


1908

ԱՇՆԱՆ ՎԵՐՋԸ

Սարի լանջին,
Մեգի միջում
Խոխոջում է
Ու տըրտընջում
Ջուրը բարակ,
Ջուրը տըխուր.
- Վաշ-վի՛շ, վաշ-վի՛շ,
Ո՞ւր կորան, ո՞ւր,
Տերև ու խոտ,
Վարդը շաղոտ,
Սարվորն ուրախ,
Սըրինգ ու խաղ։
Շուրջը դատարկ,
Շուրջըս տըխուր...
Վաշ-վի՛շ, վաշ-վի՛շ,
Ո՞ւր կորան, ո՞ւր։


ՓՈՔՐԻԿ ԵՐԿՐԱԳՈՐԾ

Եկավ գարուն, եկան հավքեր,
Տաքցավ արև, գլգլան ջրեր,
Եկան վարի - ցանքի օրեր։
Կռունկն ամոլ արեցի,
Սագերն հորիք լըծեցի,
Ճնճղուկն հոտաղ վարձեցի,
Կաքավն հացվոր բռնեցի,
Արտ ունեի՝ վարեցի,
Ցորեն, գարի ցանեցի։


ԿԱԼԻ ԵՐԳԸ
(ժողովրդական)

Արի, եզը ջան, Ծիրան ջա՜ն.
Հորովել ա՛, հորովել ա՛...
Ոտիդ արա, ուսիդ արա,
Կալը կալսենք, անձրև չըգա։
Տա՜ր, ման արա, ա՜ քեզ մեռնեմ,
Դարման արա, ցավըդ առնեմ։
Դարմանը՝ դու, ցորենը՝ մենք
Ձմեռն ուտենք, հանգիստ ապրենք։
Օրը գնաց, ա՜ Ծիրան ջան,
Բանը մնաց, ջան, ախպեր ջան։
Ոտիդ արա, ուսիդ արա,
Կալը կալսենք, անձրև չըգա։


ԳԵՏԱԿԸ

- Ո՞ւր ես վազում
Այդպես արագ,
Ա՛յ դո՜ւ կայտառ,
Սիրուն գետակ.
Կանգ առ, խաղանք
Էս ծառի տակ։

«Չէ՜, փոքոիկըս,
Գնամ պիտի.
Տես ջաղացը
Գյուղի մոտի.
Պետք է ուժ տամ,
Որ պըտըտի։

Ցածն էլ հովտում
Անուշահոտ
Ինձ են մնում
Ծաղիկ ու խոտ,
Հոգնած-ծարավ
Տավարն ու հոտ։

Սառն աղբյուրը
Բարձըր սարի
Դրանց համար
Է ինձ տալի,
Իր զով ջուրը
Կըլնըլալի։

Իսն Կամուրջի
Տակն էլ որ կա,
Կալվացքը
Պառավ կընկա,
Պետք է լվամ
Քանի լույս կա։

Դե՛, տեսնո՞ւմ ես.
Մնա՜ս բարով.
Ճամփաս ցանած
Հազար գործով,
Դադար չունեմ
Ես մինչև ծով»։


ՈԻՐԱԳ ՈԻ ՍՂՈՑ
(ժողովրդական)

Մի՜ լինի ուրագի պես,
Միշտ դետի քեզ, միշտ դեպի քեզ,
Այլ եղիր սղոցի պես,
Մին դեպի քեզ, մին դեպի մեզ։


1909

ՏԵՐԵՎԱԹԱՓ

- Ա՛յ փոքրիկներ, ա՛յ սիրուններ, -
Ասավ քամին տերևներին, -
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՜ք ինձ հետ, փախե՜ք ինձ հետ...
Եկեք տանեմ հեշտ ու անթև,
Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այնուհետև...
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ...

Տերևները հենց լսեցին,
Նախշուն–նախշուն գույներ հագան,
Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։


1914

ՔԱՋ ԿԻՎԻՎԸ
(ժողովրդական)

Ճախիններում, գետին մոտիկ,
Գեղափետուր ու խատուտիկ,
Բարձրասըրունք, ցըցունազարդ
Ո՞վ է ճեմում սեգ ու հպարտ, -
Կի՜-վի՛վ, Կի՜-վի՛վ...

Գեղափետուր ու խատուտիկ
Քաջ Կիվիվն է գետին մոտիկ,
Իր զինվորներն արթուն չորս դին–
Ուրուրն ու բուն, բազեն ու ցին։

Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Լագլագի դեմ արշավեցին։
Թևին արավ Լագլագն ահից.
«Ամա՛ն, ասավ, մի՜ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Ճահճի միջին, առվի եզրին
Մի հատ ոտիս կանգնած էսպես՝
Քաջ Կիվիվի ջըրվորն եմ ես»։

Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Ագռավի դեմ արշավեցին։
Թևին արավ Ագռավն ահից.
«Ամա՛ն, ասավ, մի՜ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրին իմ ձագերին.
Ծառի ծերին, սարին, քարին -
Սևեր հագած ծընած օրես
Քաջ Կիվիվի երեցն եմ ես»։

Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Սագի վըրա արշավեցին։
Թևին արավ Սագը ահից.
«Ամա՛ն, ասավ, մի՜ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Տիղմի միջին ու մարգերին
Օրոր-շորոր, խոնարհ ու հեզ,
Քաջ Կիվիվի տընտեսն եմ ես»։

Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Կըռունկի դեմ արշավեցին.
Թևին արավ Կըռունկն ահից.
«Ամա՛ն, ասավ, մի՜ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Ամեն աշխարհ, որ աշխարհին
Գարունը գա՝ բանա հանդես -
Քաջ Կիվիվի աշուղն եմ ես»։



ԹԱՐԳՄԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԵՎ ՓՈԽԱԴՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

1907

ԻՐԻԿՈԻՆ

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.
«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում է ծառի վրա, հանկարծ լսեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՜չ տերև է սըվսըվում,
Ո՜չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՜չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՜չ տերև է սըվսըվում,
Ո՜չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՜չ նապաստակ է վազ տալի,
Ո՜չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՜չ տերև է սըվսըվում,
Ո՜չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՛նչ լավ է, ասավ,
Ո՜չ որսորդ է ման գալի,
Ո՜չ նապաստակ վազ տալի
Ո՜չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՜չ տերև է սըվսըվում,
Ո՜չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։


ԳՐԻՉ

Ի՞նչ կըլինի, ասա, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.
Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Եկ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,
Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն, կարծես,
Փոքրիկ ծըտի ճանկերի պես։


ԱՌԱՋԻՆ ՁՅՈԻՆԸ

- Վա՛յ, մա՜յրիկ ջան, տե՛ս,
Բակն ու դուռը լի
Ի՛նչքան ըսպիտակ
Թիթեռ է գալի...
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
- Չէ՜, իմ անուշի՜կ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։


ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փըչի՜, հովիկ, փըչի՜,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՛, ծիտիկ, նանի՛։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փըչի՜, հովիկ, փըչի՜,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՛, ծիտիկ, նանի՛։

Բայց տե՜ս, ծիտիկը քընից չըզարթնի.
Կամա՜ց փըչի, կամա՜ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՛, ծիտիկ, նանի՛։


ՇՈԻՆԸ

Հաֆ-հա՜ֆ, հաֆ-հա՜ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՜ֆ, հաֆ-հա՜ֆ,
Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,
Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն, -
Հաֆ-հա՜ֆ, հաֆ-հա՜ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՜ֆ, հաֆ-հա՜ֆ,
Ու տունն այսպես
Պահում եմ ես։


1908

ԱՇՈԻՆ

Դեղնած դաշտերին իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փըչում է քամին,
Քըշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։


ԾԱՂԻԿՆԵՐԸ

- Ո՞ւր գնացին ծաղիկները։
- Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկըված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կըգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմրան սաստիկ ցրտերի հետ
Ձյան-ծածկոցը կըտանի։

«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։


ՄԱՐՏԸ

Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Ղսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս...
Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս։


ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ

Փիսիկը նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։
Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
- Ինչո՞ւ ես լալիս,
Ա՜յ փիսիկ ջան, դու...
- Ի՞նչ անեմ հապա,
Որ լաց չըլինեմ. -
Գանգատ է անում
Փիսոն տխրադեմ։ -
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,
Գընաց տատի մոտ՝
Ինձ վըրա դըրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի
Մի-մի փետ առած
Քոթոթ Սուրենը,
Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Փիսոն,
Ա՛խ, թե մի գըտա՛նք,
Մածան ցույց կըտա՛նք...՚
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա.
Որ լաց չըլինեմ...
Ու Փիսոն նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։


ԹՌՉՈԻՆԻ ՄՏԱԾՄՈԻՆՔԸ

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած՝
Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՛ւ, շատ հեռո՛ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած -
Էլ չեմ հասկանում։


ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈԻՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տըղա էր ապրում,
Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օը էլ եկավ անհանգիստ տըղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, ոը գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՜ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տընեը տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս էր մի բան...
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավակը՜ս», հարցըրեց մայրը,
Ուրախ նայելով իր տըղի վըրա։
«Ման եկա, մայրի՜կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։


1909

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկըվել է մի թիզ ձյունով.
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով.
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ...
Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ,
Աստծու սիրուն, մի կըտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շուտով կըգան օրեր գարնան,
Մենք ձեզ համար կերգենք զըվարթ,
Ու փոխարեն ձեր լավության
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կըմաքրենք մենք թըրթուրներից,
Ճիճուներից ու որդերից.
Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծտերի կողմից`
Ծիտիկ Ճնճղուկյան


ԿՈԻՅՐԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
(Արևելքի առակներից)

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։
Մինը, որ մարմնին դիպավ հաստ ահեղ.
- Հե՛յ, զգո՜ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
- Ի՜նչ պատ, ծիծաղեց, էն կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.
- Օձ է, օ՛ձ, գոռաց, էլ ի՛նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
- Վա՛հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։
Չէ, պատ է, - չէ, կոճղ - չէ, օձ է, - չէ, թոկ...
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին -
Սարի պես փիղը պարզ լուսի տակին։



ԷՍ ԷՆ է...
1

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

2

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

3

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

4

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

5

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

6

Էս էն կովն է՝ կեռ պոզավոր,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը
որ շինել է վարպետ Օհանը։

7

Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

8

Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

9

Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը
որ պահած է էն տանը
որ շինել է վարպետ Օհանը։

10

Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին,
որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

11

Էս էլ էն վարպետ Օհանը,
որ մորթել է էն աքլորին,
որ զարթեցրել է էն տերտերին,
որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։


1911

ԲԶԵԶԻ ԴՊՐՈՑԸ

Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյան, մըլակ, մոծակ...

- Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։

Պիտի սովրեք, սովրեք էնքան,
Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
Դե նըստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։

Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում...
Է՛յ, դո՜ւ, մորե՛խ, դեսն ականջ դիր,
Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։

Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
Է. Էշխըրտուկ, Ը. Ընկուզ...
Մի' աղմըկեք, հանաք հո չի՞.
Թիթե՜ռ՝ հանգի՜ստ, մոծա՜կ՝ սո՜ւս։

Մի՜ խառնըվեք, չեմ սիրում ես
Էդպես աղմուկ, աղաղակ։
Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։

Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրանի,
Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարճ...
- Տես, վարժապետ, էս մըլակին,
Ինձ ասում է՝ սարի արջ.

- Ա՜յ տղա, է՛յ, չեն հայհոյիլ։
Տըզզան հիմար անասուն...
Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր,
Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։

Դու, է՛յ Ծըղրիդ, ո՞նց ես նըստել.
Գըլուխդ - ե՜տ, մեջքդ - դո՜ւրս։
Յ. Յունապի, Ն. Նունուֆար,
Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։

- Վա՛յ, էս ինչե՛ր կան դասերում.
Ողկույզը ես շատ եմ սիրում...
- Իսկ ես կաղամբ կուտե՛մ, կուտե՛մ.
- Իսկ ես՝ ծիրան... - իսկ ես՝ կոտեմ...

Ձեզ չեն հարցնում՝ ի՜նչ կուտեք դուք
Քընաթաթախ՝ առտեհան։
Չ. Չինարի, Պ. Պատատուկ,
Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան։

Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
Տ. Տերեփուկ, Ց. Ցաքի...
Ո՛ւհ, մարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կըճաքի։

Փ. Փըրփըրուկ, Ք. Քարասոխ
Օ. Օֆ, պըրծանք վերջապես...
Դե գնացեք, վաղը կգաք
Անգիր արած ջըրի պես։ -

Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ,
Վարպետ Բըզեզն ամառն էսպես
Դաս էր տալիս մի ծառի տակ։


1887

ԱՂՈԹՔ

Սողոմոնի պես, տե՜ր,
Ես խելք չեմ ուզում,
Ինձ երկար օրեր
Եվ փող տուր բազում։

Մի ձեռք էլ շոր,
Միայն մոդնի, տե՜ր,
Մին էլ մի հաստ փոր,
Տրոստ, ակնոցներ։

Եվ բավական է,
Դու վերեն դիտե,
Թե ինչեր կանե,
Այդ ծառադ գիտե։



1897

ՀԱՅԻ ԶԱՐՄԱՆՔԸ
Նվեր պ. Գևորգ Տեր Դավթյանին՝ իր բեմական
գործունեության քսանհինգամյակին

Մեր բեմի Ծիծա՜ղ, քսանհինգ տարի
Դու հըրճվանք տվիր այսքան սրտերի.
Անձայն թաքցըրիր ցավերըդ ներքին,
Եվ այդ հանճարեղ ծաղրը քո դեմքին,
Դարձար հայկական բեմի պարծանքը.
Բայց այդ չըշարժեց հայի զարմանքը։

Սիրելիդ մեռավ, և նա դագաղում՝
Դու խեղկատակի դեր էիր խաղում.
Միմոսի ճամուկ, երկայն գըդակով,
Ծիծաղում էիր հըզոր կատակով,
Զսպելով հոգուդ անհուն տանջանքը.
Այդ էլ չշարժեց հայի զարմանքը։

Քո շըքեղ խաղով մարդիկ հիացան,
Ծափեր զարկեցին ու գոհ հեռացան.
Դու տուն գնացիր հոգնած, վաստակած,
Ոչ փող ունեիր, ոչ մի պատառ հաց,
Եվ սակայն տարար այդ չարքաշ կյանքը...
Այդ էլ չշարժեց հայի զարմանքը։

Դու քո ահագին, հսկա շնորհքով
Շատ տառապեցիր անտրտունջ հոգով,
Աղքատ, անընկեր, անօգ ու անգործ
Երկար շրջեցիր փողոցից փողոց,
Վերջը գնացիր ու մտար բանկը.
Այդ էլ չըշարժեց հայի զարմանքը։

Բայց չըկարացիր քեզ լա՛վ մշակել,
Եվ ինչպես շատերն էին գուշակել,
Համաշխարհա՛յին արտիստ չըդարձար,
Ոչ ուսո՛ւմ առար, ոչ դպրո՛ց անցար...
Իզուր փչացրիր քո ձիրքն ու կյանքը...
Այդ սաստիկ շարժեց հայի զարմանքը։


1898

ՀԱՅԻ ՏՐՏՈԻՆՋԸ
(ֆելիետոնի փոխարեն)

Զարմանք բան է մեր բախտն, ախպեր,
Հայ գործիչին ինչ էլ անես,
Լավ տեղ կըտաս, պատիվ, թե սեր,
Վերջը պետք է դա փոշմանես.
Ահա ես ձեզ համրեմ մի մի,
Մեղքն, ասացեք, ո՞ւմն է հիմի...
Չէ՜, մեզանում, աստված վկա,
Արժանավոր մի մարդ չըկա։

Պոետն, ասին, տաղանդ ունի,
Մենք էլ դրինք... գործակատար,
Բայց տեր աստված հեռու տանի -
Հաշիվն այնպես խառնեց իրար,
Այնպես անկարգ, ցրված եղավ,
Որ խազեյնի զահլեն փախավ...
Չէ՜, մեզանում, աստված վկա,
Մի շնորհքով... պոետ չըկա։

Դերասանին շատ գովեցին,
Այնքան ասին - գլուխ տարան,
Մենք էլ տարանք... բանկի միջին
Մի հեշտ պաշտոն տվինք իրան,
Մի հե՛շտ պաշտոն, բայց տես այն էլ
Կարենո՞ւմ է գլուխ հանել...
Չէ՜, մեզանում, աստված վկա,
Մի հատ կարգին... արտիստ չըկա։

Վիպասանին քանքար ասին,
Մենք էլ արինք... աստվածաբան,
Բայց մի հարցրեք նրա մասին,
Թե ի՞նչ կասի սովրող տղան -
Չէ իմանում պատմել իրավ,
Թե Քըրիստոսն ինչպե՜ս հարյավ...
Չէ՜, մեզանում, աստված վկա,
Կարգին... մի վեպ գրող չըկա։

Հայրենասեր և հոգեխոս
Քարոզիչ էր մեծ ու բարի,
Մենք էլ արինք... պոլիտիկոս,
Այսինք՝ թող մեզ կառավարի.
Բայց գործերը այնպես տարավ,
Որ աշխարքը լեզու առավ...
Չէ , մեզանում, աստված վկա,
Մի հասկացող... գլուխ չըկա։

Վերջը, խոսքս կտրում եմ կարճ,
Ով որ մեր մեջ ձայն է հանում,
Մենք քաշում ենք այսպես առաջ,
Բայց միշտ նրանք ետ են գնում.
Դուրս է գալիս մի օր հանկարծ,
Որ խաբված ենք աչքներս բաց...
Չէ՜, մեզանում, աստված վկա,
Մի ընդունակ գործող չըկա։


ՀԱՅԻ ՑԱՎԸ
(Նվեր «Մշակ»–ին)

Հայը թեև շատ ցավ ունի,
Բայց ողջ մեկ չեն նրա համար,
Մինն է նրան միայն սիրելի,
Նրա հոգուն, խելքին հարմար։

Առե՜ք, ահա, մեր թերթերը.
Ամեն տեղից գրում են միշտ,
Թե՝ տըգետ է մեր տերտերը,
Խիղճը մեռած, բարքն ամբարիշտ։

Ձեռք ես առնում - էլ բան չըկա -
Մեր տերտերը ագահ, տըգետ,
Մատաղահաս մի աղջկա
Պըսակել է մի ծերի հետ։

Շուռ ես տալիս, այլ տեղ - կարդում.
Մնացել են մարդիկ խաթում.
Տերտերն այնտեղ լոթի մի մարդ,
Գիշեր-ցերեկ խաղում է կարտ։

Մի ուրիշ տեղ տերտերն անկին
(Աստված հայից հեռու տանի)
Քանի տարի ծուխի միջին
Կին է պահում ապօրինի...

Հապա այստեղ - մեր կենտրոնում`
Հայ տերտերը դրժած ուխտին,
Առանց վարձի չէ կամենում
Հողին հանձնել հայ պանդուխտին։

Այսպես անվերջ ու անխըտիր
Ուր որ գնաս, մի կարճ խոսքով,
Շուշի, Ղզլար, Բաթում, Իգդիր,
Կարս, Երևան, Ղազախ, Մոսկով,

Գորի, Գանձակ, Փիբ, Ասխաբադ,
Բաքու, Նուխի, Թիֆլիս, Թելավ,
Ամեն տեղ էլ տերտերը վատ,
Ազգի գլխին դարձել է ցավ...

Եվ խեղճ ազգը շատ մտածեց,
Վերջը մի ճար գտավ սըրան, -
Շատ հոգևոր դպրոց բացեց,
Մինչև անգամ ընծայարան...

Բայց ահա մեր խելոքները
Հարց են դնում այսօր կրկին -
Խելքի՞ կըգա հայ տերտերը,
Եթե ուսում առնի կարգին։

Եվ շատ ճիշտ է այս կասկածը.
Թե ուսումը խելոքացներ,
Մի՞թե ուսում առած մարդը
Այս տեսակ բան կհարցըներ։

Այսպես մեր հին ցավը էլի
Մնաց ընդմիշտ անբուժելի,
Եվ հայ թերթը շատ տարի դեռ
Պիտի գրի՝ տերտե՛ր, տերտե՛ր...


ԳՐԱԿԱՆԱԿԱՆ «ՄԱԶԱՆԴԱ»
(Նվեր իմ բարեկամ Ղ. Աղայանցին)

Այսքան երազ, որ մենք հայերս
Ընդունակ ենք տեսնելու,
Պարզ է, որ շատ սազում էր մեզ
Լավ երազգիրք կազմելու։

Եվ գրքերից՝ միշտ հայ ազգը
Երազգիրքն է շատ հարգում,
Ինչպես կազմող տեր-հոր ազդը
Ցույց է տալիս «Մըշակ»–ում։

Տեր-հայրն այնտեղ ասում է, որ
Էլ չթողին երազգիրք.
Ամեն կողմից ուղարկում են
Շատ նամակներ ու խնդիրք...

Երազգիրքն է, ասում է նա,
Հայի ոսկի ընկերը...
Եվ սրանում կասկած չըկա -
Փաստ է ասում տերտերը։

Երազգիրքը չի կարելի
Տալ ապառիկ ոչ մի հատ...
(Ի՛չ ապառիկ, երբ մի բանի
Մուշտարի կա այսքան շատ)։

Դեհ, իմ անգին Ասլան-ապեր,
Արի թողնենք ամեն ձիրք,
Էլ չըգրենք երգ ու վեպեր,
Շինենք մի լավ երազգիրք։

Ա՞խ, եթե մենք գեթ մի-մի հատ
Երազագիրք հորինենք,
Այնուհետև գրչով ապրող
Կարգին գրող կըլինենք։

Էլ չենք ծախիլ մեր գրքերը
Ութսունուհինգ տոկոսով,
Կոպեկ - կոպեկ առնել փողը,
Այն էլ՝ կանխիկ միայն կիսով։

Տեր-հոր նման քսան տողից
Երկար մի ազդ կըգրենք,
Մինչև նոր տիպն ընթերցողից
Համբերություն կըխնդրենք...

Եվ մեր գործեց երբ կըստանանք
Այսպես առատ վարձ ու փող,
Նոր կըտպենք ավելի թանկ,
Եվ ավելի մեծ ու ճոխ։

Իսկ երբ տանենք գրախանութ,
Էլ չենք կանգնիլ լուռ ու խեղճ.
―Հայի ոսկի ընկերն է սա.
Ոչ ապառիկ և ոչ զեղչ...

Ապրի’ս, տեր-հայր, ի՛նչ լավ գիտես
Մեր հայ ազգի ճաշակը.
Թե չէ՝ մենակ պարծենալով
Զահլա տարավ «Մըշակը»։


1899

ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ
(նմանություն)

- Հայրի՜կ, տե՜ս, տե՜ս, աստղը թռավ.
Անհետ կորավ երկընքից,
Ո՞վ էր արդյոք, որ զրկվեցավ
Կես գիշերին իր կյանքից։

- Ո՜հ, իմ դստրիկ, հանգիստ եղիր,
Մի հոգևոր հայր էր նա,
Գիշեր-ցերեկ մի հոգս ուներ,
Որ մեզնից փող ստանա։

Փարիսական իր գործերով
Աշխարհ խաբեց, զըզվեցրուց,
Այդ աատճառով աստված նրա
Աստղի լույսը խավարցուց։

Նա ամեն բան ծախեց փողով,
Ոտքեց ամեն սըրբություն...
Այժմ այնտեղ ահ ու դողով
Հաշիվ կըտա աստըծուն։

- Հայրի՜կ, տե՜ս, տե՜ս, մեկն էլ ընկավ,
Եվ չըթողեց ոչ մի գիծ,
Ասա, հայրիկ, էլ ո՞վ հանգավ
Ու պակասեց մեր կյանքից։

- Ո՜հ, իմ դստրիկ, խաղաղ մնա,
Կեղծավորի մի աստղ էր,
Որ ձևացավ ամբողջ կյանքում
Առաքինի, ազգասեր։

Ամեն անգամ նա խնջույքում
Բախտ էր մաղթում խեղճերին,
Ազգի կենացն առաջարկում,
Արտասուքը աչքերին։

Բայց խեղճերը նրա ձեռքից
Գիշեր-ցերեկ հալածված,
Ազգին չեղավ նա կարեկից,
Ոչ ազգ գիտեր, ոչ աստված։

- Հայրի՜կ, տե՜ս, տե՜ս, աստղը թռավ,
Հետքից մի կարճ գիծ թողեց,
Աստղը թռավ դեպի Բաքու,
Էլ մյուս անգամ չերևեց։

- Ո՜հ, իմ դստրիկ, հանգիստ եղիր,
Այն գործիչի մի աստղ էր,
Որ իր սրտում ծնված օրից
Չուներ անկեղծ գործի սեր։

Նա աղմըկեց, անուն հանեց,
Սանդուղք շինեց իր ազգին...
Եվ ողջ ծաղրեց, երբ ապրում էր
Գըրպանները լի ոսկին։

- Հայրի՜կ, տե՜ս, տե՜ս, մենն էլ ըննավ,
Հետքից թողեց մի ծուռ գիծ,
Ասա, հատիկ, էլ ո՞վ հանգավ,
Աստղը պակսեց երկընքից։

- Ո՜հ, իմ դստրիկ, մի՜ վըդովվիը,
Մի խըմբագրի աստղ էր այն,
Որ իը թերթը տըպագրում էր
Անձի համաը միմիայն։

Նա՝ կուրացած իը ցած կրքից՝
Հայհոյում էը անամոթ,
Եվ դորա տեղ միշտ իը ազգից
Պահանջում էր բաժանորդ։

Գըրողները նորա թերթից
Հիշոցներով հալածված,
Չուներ մի տեղ մի թղթակից,
Որ չըլինեչ վշտացած։

- Հայրի՜կ, հայրի՜կ, ինչ լավ եղավ`
Այդ աստղերը վայը ընկան,
Հայրի՜կ, հայրի՜կ, այդպես մարդիկ
Մեր աշխարհքուրմն էլ չըկա՞ն։

- Ո՜հ, իմ դստրիկ, մի մասն են լոկ
Այդ աստղեըը, որ ընկան,
Մեր երկնքում, գիտե՞ս արդյոք,
Որքա՛ն այդպես աստղեը կան։


ԿՏԱԿ

Դե գրի, տեր հայր։ «Յանուն հօր և որդոյ...»
(Այսպես անիրավ բա՞ն եք տեսել, տո՜.
Կյանքս մաշելով փող դիզեմ այսքան,
Հիմի իմ ձեռքով տամ սըրան-նըրա՞ն...
Բայց դե ի՞նչ անեմ, հետս ո՞ւր տանեմ...
Գոնե այս վերջին առուտուրն անեմ,
Գուցե կաշառեմ աստծուն ու ազգիս,
Սրանով փրկեմ անունս ու հոգիս...)։
Դե գրի, տեր հայր։ Ուշքս դեռ վրես,
Կտակ եմ անում իմ ազգիս այսպես։

Ամենից առաջ ես իմ կտակում
Իմ մեռած եղբոր որդոցն եմ զրկում.
Կտակ եմ անում, որ նրանք երբեք
Չուտեն իմ փողից և ոչ մի կոպեկ։
Զուր տեղը իմ դեմ դատ էին բացել,
Թե իրանց բաժնին ես եմ տիրացել.
Լավ էր, որ հազիվ պրծա կաշառով,
Մարդիկ էլ տեսան ընկել եմ շառով...

Գրի մեր ժամին մի հարյուր թուման,
Հետն էլ այսպիսի մի անխախտ պայման,
Որ եկեղեցու գավթում ինձ թաղեն,
Կնոջս համար էլ կողքիս տեղ թողեն,
Տարին հինգ անգամ պատարագ անեն,
Հոգիս անպատճառ դրախտը տանեն.
Սրանից հետո հոգան ինձ վըրա,
Հոյակապ արձան դնել մարմարյա,
Ոսկի տառերով վըրան փորագրած,
Թե ազգիս համար ինչեր եմ արած։

Վանքի դպրոցին գրի մի գումար,
Որ իմ անունով, իմ հոգու համար
Որդեգիր պահեն նըրա տոկոսով.
Ամեն տարի գան խմբով, հանդիսով
Դամբանիս վրա գովք ու ճառ ասեն,
Ագգի մեծերի շարքում ինձ դասեն,
Պատկերս էլ կախեն դըպրոցի պատից,
Թեկուզ մի քիչ ցած մեր հայրապետից։
Ապա այս տունը (որ կեղծ թղթերով,
Հոգիս սևելով, սըտով ու զոռով,
Իբրև պարտքի տեղ, առա այն խեղճից
Ու իրան լալով դուրս արի միջից...),
Իմ հոժար կամքով, իմ վերջի օրին
Այն էլ տալիս եմ մեր, մայր աթոռին,
Որ վեհափառը գըրի մի կոնդակ,
Անունս սփռի աշխարհ բովանդակ
Եվ ինձ օրհնանքի այնպես մի գիր տա,
Որ երկընքումն էլ աստված հավատա...

Դրանից հետո մի գումար գըրի
Հօգուտ մեր ազգի խեղճ ու որբերի
Ընկերությանը Բարեգործական,
Որ գլուխն անշարժ մնա հավիտյան,
Նըրա տոկոսը մեր մեծ տոներին
Բաժնեն (իմ զրկած) խեղճ ու որբերին,
Ամեն մեկին տան մի մի աբասի,
Որ ուտի - հոգուս ողորմի ասի։
- Հապա, օրհնըված, տանու տերտերին
Ժամոց չե՞ս տալիս քո հոգու խերին.
Քանի վախտ ունես, այդ էլ ասա շուտ...
Ասա տանըցիք տան լավ կողոպուտ,
Ոսկի սհաթըդ, նոր շորերըդ տան,
Որ հեշտ անց կենաս դուռն արքայության...
- Լավ, տեր հայր, այդ էլ քեզ եմ կտակում,
Որ ինձ միշտ հիշես քո պատարագում,
Դագաղիս վրա մի քարոզ ասես,
Թե ինչ հոգեսեր, մեծ մարդ էի ես...

Այս կտակն արավ հայ բարերարը
Ու մեռավ գնաց այն մյուս աշխարհը.
Միշտ երախտագետ մեր ազգը հայոց
Նրան հըռչակեց ազնիվ բարեգործ,
Իր ժամի զավթում թաղեց ու մարմար
Արձան կանգնեցրեց իր գործքին հարմար,
Վըրան էլ գրեց պերճ տապանագիր.
- Ո՛հ, վսեմ հոգի, դու խաղա՛ղ հանգիր,
Թեև դու մեռար, բայց միշտ քո հոգին
Հըսկում է բարձրից քո թըշվառ ազգին...

Բայց երբ որ գնաց այն մյուս աշխարհը
Եվ ուզեց մըտնել արդարոց շարը,
Հանեց օրհնանքի տարած պատճենը,
Տերն մեր կարդաց ու գըցեց դենը.
- Քո սիրտը հանիր, ասաց, հողեղեն,
Այնտեղ են գրված գործերըդ ամեն։
Եվ մարդու սիրտը կարդաց մեր տերը,
Ուր տըպված էին նըրա գործերը.
Կարդաց չա՛ր գործեր, - նաև կըտակը,
Եվ... իսկույն ղրկեց դժոխքի տակը։