Սովետահայ պոեզիա-2 (XX դ.)



ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ
(1919-1998)


Խոսիր, Հայաստան

Խոսի՜ր, Հայաստան.
Դո՛ւ, որ դարերի տանջանք ես տեսել
Եվ տարիների խնդություն միայն,
Ասա՛ քո պատգամն ու խոսքը վսեմ
Աշխարհներին ու ազգերին համայն...

Տե՛ս, աղավնի՜ն է
Թառել քո նորոգ հարկի ձեղունին,
Որին դարերով երազե՜լ ես դու...
Վստահի՜ր խոսել քո ժողովրդի՛
Եվ քո՛ անունից՝
Բանաստեղծ որդո՜ւդ...

Լսո՞ւմ ես,
Երեկ իմ ընկերները Կարմիր բլուրում
Մի բուռ ոսկեհատ ցորե՜ն են պեղել,
Որ ցանել են մեր նախնիները հայ՝
Դեռ Ուրարտույում,
Քրտինքո՜վ ջրած հո՛ղն այս ժայռեղեն:

Սակայն նո՛ւյն օրը,
Իմ ընկերներն, այդ ցորենի կողքին,
Գտել են նաև պղնձե նիզա՛կ՝
Ի ցույց այն բանի՛,
Որ ծնված օրից հայ սերմնացանը,
Սերմը՝ մի ձեռքին,
Մյուսով զե՛նք է բռնել,
Որ ցանած արտը պաշտպանի...

Ոչ ոք չի՜ ասի՝
Այդ ցորենի բերքը ինչքա՜ն է եղել,
Ոչ ոք չի՜ ասի՝
Ինչքա՜ն էր թիվը հայ ժողովրդի...
Մի բուռ ցորե՜ն են
Կարմիր բլուրի հին բերդում պեղել,
Եվ մի բուռ հա՜յ է
Հասել Հարության այս առավոտին...

Բայց այդ ցորենի հատիկը ամեն՝ ցա՜նք է մի հսկա,
Ամեն հայ՝ ամուր սեղմած զսպանա՛կ.
Եվ այս,
Մեզ հասած մի բուռ ժողովո՛ւրդն
Ու սե՜րմը վկա,-
Իր կորցրածը նա ե՜տ կստանա...



ԶԳՈԻՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,-
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա՛նք է տալիս հզոր
Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում...

Թե բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարվե՜ն քո դեմ լռին`
Բաշը քսած քո ձեռքերին:

Իսկ թե չար են` լեռները մեր,
Հրաբխի բնե՛րն անմեռ,
Որ լռել են, բայց չե՛ն հանգել,
Քեզ լավայո՛վ կարձագանքեն,
Որ լեռնե՛ր է քշում-տանում...

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում...

Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,-
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թե դեմ-դիմաց ելնեն հանկարծ.
Թե բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կկենաք իրար գրկած,
Թե դավով ես այստեղ ընկել,
Կգլորվես ժայռերից ցած.
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալըդ ո՞վ է իմանում...

Նեղ են ճամփեքը լեռնական,

Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում:
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,-

Մենք գահ ու թագ չե՛նք ունեցել,
Եվ... արքա՛ է ամեն մի հայ,
Զորք ու բանակ չենք ունեցել,
Եվ... սպա է ամեն մի հայ.

Ամեն մի հայ` լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ` ուրույն մի կերպ,
Ամեն մի հայ` մի Հայաստան
Բաժան-բաժան,
Անմիաբան,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եվ սակայն` մի`
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարավոր անմահ երթին
Եվ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենիք ենք անվանում...

Զգո՜ւյշ գորցիր Հայաստանում:



ՄԵՆՔ

Եվ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Եթե ծուռ նստենք, բայց խոսենք շիտակ.
Եթե նավ՝ ապա չոր ժայռի վրա,
Եթե գավ՝ ապա արցունքով լեցուն,
Եթե հող՝ ապա քարացած ահից,
Եթե քար՝ ապա ճչացող ցավից,
Հզոր մի ոգի, որ չունե՜ր մարմին,
Եզակի որակ՝ առանց քանակի,
Քաջարի սպա՝ առանց բանակի,
Պաշտամունք՝ հնի ու ավերակի...

Եվ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Թե շիտակ նստած՝ ծու՜ւռ խոսենք անգամ,-
Զբոսաշրջի՜կ իր հայրենիքում,
Հյուր՝ իր սեփական օջախ ու հարկում.
Գետ, որի լոկ մի ափին ենք նայում,
Լեռ, որ հեռվի՛ց է միայն երևում,
Անժողովուրդ հո՛ղ,
Անհող ժողովո՛ւրդ
Եվ ցրված հուլունք,
Որ չէր ժողովվում:

Մենք խո՛ւլ ենք կիսով.
Ամեն մի նոր ձայն թեև շուտ լսում,
Բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ.
Մեր ականջներում
Հայոց պատմության քաո՜սն է խշշում՝
Փնտրելով խոսքեր դառնալու հնար:

Մենք կա՛ղ ենք կիսով,
Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝
Սուրիո ավազին,
Փարիզի մայթին,
Նեղոսի ափին,...
Մեր մյուս ոտքը
Խրված է Մասիս լեռան ձյունի մեջ,
Եվ մենք չե՜նք քայլում,
Մենք տեղ չե՜նք հասնում՝
Գծում ենք միայն
Մեր պանդխտության շրջագիծն անել՝
Մասիսի շո՜ւրջ ենք պտտվում անվերջ...

Մենք կույր ենք կիսով.
Միշտ թաց է եղել մեր աչքն արցունքից,
Եվ աղո՜տ ենք մենք տեսնում,
Անկատա՛ր.
Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն,
Ստիպել են զենք բռնել մյուսով՝
Պատերա՜զմ էր մեր հողում անդադար:

Մենք հա՛մր ենք կիսով.
Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,
Մեր մտածածը չասելու համար,...

Որ չուրախանա՛նք մեր ուրախությամբ,
Չհպարտանանք մեր հպարտությամբ
Ու... չսգանք մեր զոհերն անհամար:

Արայի պես ենք մենք սիրահարվում.
Մեզ թվում է միշտ,
Թե սիրով տարված՝մեր հողն ենք լքում
Եվ... վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.

Կես ուղեղո՛վ ենք աշխարհն ընկալում՝
Մթագնե՜լ է կեսն
Անեծքի՜ց,
Ցավի՛ց...

Մենք կես,
Կես ենք մենք,
Չլինէինք կես՝
Հայ կը լինէինք,
Եվ ոչ թուրքահայ,
Կամ ֆրանսահայ.
Կամ Արաբահայ,
(Իսկ վաղն աստղահայ
Եվ կամ լուսնահայ...)

Կես ենք,
Երկճեղքված,
Կիսված,
Երկգագաթ
Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լերան նման...
Բայց վկա ճեղքված Մասիս լեռը մեր,
Վկայ մեր կեսը մորթված Տէր Զորում
Եվ այն կեսը,
Որ ես եմ,
Դո՛ւ և նա՛,
Մենք կմիանանք
Մենք կամբողջանանք,
Կգտնենք մի օր
Լրիվ դառնալու հնար՛ն անհրար:

Մենք փո՜քր ենք, այո՛,
Փո՛քր,
Լեռների ծերպից սուրացող այն քարի՛ նման,
Որ դաշտում ընկած ժայռի ո՛ւժն ունի.
Փո՛քր,
Լեռնային մեր գետերի պէս,
Որոնք վիթխարի ո՛ւժ են ամբարել,
Անծանո՜թ՝
Հովտի ծույլ-ծույլ գետերին:
Մենք փո՜քր ենք, այո,

Փո՛քր ենք,
Բայց ինչպես գնդակը՝փողո՛ւմ,
Ինչպես կաղնու սերմն՝արգավանդ հողում

Ոսկու մի հատի՛կ,
Որ վերևի՛ց է նայում
Կապարի ու թուջի քաշին.

Մենք փո՜քր ենք,
Սակայն համեմունք ենք մենք,...
Ա՛ղն այն մի պտղունց,
Որ հա՜մ է տալիս մի ամբողջ ճաշի...

Մենք փո՜քր ենք, այո՛,
Ձեզ ո՞վ էր ասում,
Մեզ սեղմե՛ք այնքան,
Որ մենք ստիպված... ադամա՜նդ դառնանք.

Ո՞վ էր ստիպում՝
Մեզ աստղերի պէս ցիրուցա՜ն անեք,
Որ միշտ մե՛զ տեսնեք՝
Ուր էլ որ գնաք...

Մենք փոքր ենք,
Սակայն մեր երկրի նման,
Որի սահմանը
Բյուրականից մինչ Լուսի՛ն է հասնում,
Եվ Լուսավանից մինչև Ուրարտո՛ւ...

Փո՛քր,
Այն հրա՜շք ուրանի նման,
Որ դար ու դարեր
Փայլո՜ւմ է,
Շողո՜ւմ,
Սակայն չի՜ հատնում...



ԵՍ ՀԱՅ ԵՄ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Իմ մատների հետքն է կրում կողի վրա,
Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված,
Եվ միացած հողին շաղախով իմ արյան,
Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ:

Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ
Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական,
Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ,
Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար:

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս Արարատյան,
Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ,
Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար
Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել:



Ձյու՜ն է գալիս

Ձյու՜ն է գալիս,
Եվ մի աղջիկ ,մայթում խավար,
Քայլու՜մ է ու անձայն լալի՜ս…

Ինչո՞ւ է նա այդպես լալի՜ս…
Ու մոլորված գնում-գալի՜ս,
Նոր տարվա օ՛րն այս խանդավառ.

Գուցե նրա հե՛րթն է գալիս
Զգալո՛ւ, որ կյանքը, ավա՜ղ,
Հաճախ նաև… վի՜շտ է տալիս.

Դրա համար էլ նա՝ լալի՜ս,
Ձյունն ու արցունքը կո՜ւլ տալիս ,
Դեգերո՜ւմ է մայթում խավար.

Եվ կարծում է հավանորեն,
Թե էլ չի՜ գա բախտը նորեն
Եվ…անցե՜լ է անդառնալի…

Որտեղի՜ց այդ գիժն իմանա,
Որ ամե՜ն ինչ, այս ձյան նման,
Գալիս է, որ հալվի՜- գնա՜,
Եվ զո՜ւր է նա այդպես լալիս…
Ձյու՜ն է գալիս...



* * *
Բարին լինե՛ր, չարը չգա՜ր…
Բայց թե լինես միայն մի բուռ,
Դու սի՜րտ լինես՝ չորս կողմը՝ քար,
Չարը՝ հզոր, իսկ դու՝ տկար,
Աղո՛թք անես, թե խաչհամբո՛ւյր,
Չարի ձեռքից պրծում չկա՜…

Եվ, դեռ «գաթեք թոնիրն ի կա՜խ»՛
Եվ, դեռ հարբա՜ծ՝ փեսա, աներ,
Մինչև մերիկն ասեր «հեյ վա՜խ»,
Փեսան գոմից բերդա՛ն հաներ,
Զուռնեն չոլում ընկած մնա՜ց,
Դափը՝ գլոր- գլոր գնա՜ց,
Ինչ հայո՛ց էր, դարձավ վայո՜ց,
Գիրկն ու ծոցը՝ գերեզմանոց,
Իսկ ով ողջ էր՝ սարերն ընկած,
Գերանդու տեղ բերդա՛ն գրկած,
Մեկ ապրելով, տաս մեռնելով,
Մեկ զարկելով, տաս զարկվելով,
Թողի՜ն Սասնա զմրուխտ սարեր,
Դավթի ջաղացն ու իր քարեր,
Եկա՜ն ռուսի հո՛ղը հասան,
Բայց, էստե՛ղ էլ կռիվ տեսան,-
Տեսան ավե՜ր ու կոտորա՜ծ,
Եվ ի՜նչ մնաց… մի Սաանաշեն,
Մի Բազմաբերդ ու Դավթաշեն,
Մի Կաթնաղբյուր ու Աղաքչի,
Մի բուռ Իրինդ ու Շղարշիկ
Եվ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ…

Հեյ վա՜խ, Մշո սրսո՛ւռ հողեր,-
Դե՛, քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնա.
Հեյ վա՜խ, Սասուն զուլա՜լ ջրեր,-
Դե՛, ձյո՛ւն հալի, որ ջո՜ւր դառնա,
Հե՜յ Աշնակա չոլ ու ղռեր՝
Աշնակն ինչպե՞ս Սասուն դառնա…



Քո աչքերի մեջ

Քո աչքերի մեջ հայացք կա ուրիշ,
Գանգուրների մեջ մատների շոյանք,
Շուրթերիդ՝ հուշ հին համբույրների,
Մատիդ՝ մատանուց մնացած օղակ:

Բայց դու մի ժպտա մեղավորի պես,
Եվ մի խեղճանա,
Քեզ չեմ նախատում,
Դու լավ գրքի ես նմանվում այնպես,
Իսկ գիտե՞ս:
Լավը շատերն են կարդում:

Կարդո՞ւմ:
Այլ բան է լավ գիրքը բացել,
Եվ այլ՝
Հասկանալ,
Զգալ,
Հավատալ...

Նրանք շուրթերդ են թերթել ու անցել,
Իսկ ես ուզում եմ
Քո սիրտը կարդալ...




ԼՈՐԿԱՅԻ ԱՂՈԹՔԸ

Մեղավո՜ր էլ չեն նրանք, տե՛ր, գուցե,
Իմ թշնամիներն այս` ո՛չ երգեցիկ-
Թե սոխա՜կ էիր դու ինձ ստեղծել,
Ինչո՞ւ ագռավի երա՛մ նետեցիր.
Թե ճերմա՜կ էիր, տե՛ր, ինձ ստեղծել,
Ի՜նչ գործ ունեի այս սև երամում,
Ուր ամեն սև հանք փորձեր ինձ կտցել-
Ճերմակը կարծած գո՜ւյնը թշնամու...

Եթե պիտի ինձ թողնեիր կտցել
Եվ արյունլվա ցա՜ծ նետել վերից,
Ինչո՞ւ կամեցար հենց այստե՛ղ գցել`
Այս վտառի՛ մեջ իժ ու օձերի...

Չ՞է որ հավքերը, գիտե՜ս, իմաստո՛ւն,
Սողուննեի՜ց են երբեմն սերել,
Եվ ամեն սողուն, նախանձը սրտում,
Թռչունի ճախրը չի՜ կարող ներել.

Եվ, ինչքան էլ խե՜ղճ լինի իմ առջև,
Նրանո՛վ է հենց հզոր ինձանից,
Որ,- անզո՜ր ինձ պես ճախրել ու թռչել,-
Վախ չունի կյանքում նաև... անկումի՜ց..

Մեզավո՜ր էլ չեն նրանք, տե՛ր, գուցե,
Իմ թշնամիներն այս` ոչ երգեցիկ.
Թե սոխա՜կ էիր դու ինձ ստեղծել,-
Ինչո՞ւ ագռավի երա՛մ նետեցիր...



Այս էլ քանի՜ անգամ ասեմ...

Այս էլ քանի՜ անգամ ասեմ,
Որ քո սիրո ճախրին վսեմ
Կապույտ երկի՜նք է հարկավոր.

Որ քո սիրտը երախտավոր
Զու՜ր ես տալիս... ապերախտին.

Որ քո բախտին
Հարկավոր է ուրի՜շ ճամփա.

Որ ես ամպած
Լոկ արցո՜ւնք եմ աչքիդ բերում.

Որ քո գրկում,
Բայց գերվում եմ ես ուրիշո՜վ.

Որ հին հուշով,
Ես ուրիշի տո՜ւն եմ գնում.

Բո՜ւյն եմ դնում,
Ինչպես ծաղկած վարդենուն... բո՛ւն.

Որ դու անքուն,
Զո՜ւր ես անվերջ ինձ երազում.

Որ դու սարերն ի վեր վազո՛ւմ,
Իսկ ես` սարից ցա՜ծ եմ գնում...

Էլի՞ ասեմ,
Սակայն մեկ չէ՞_ասե՜մ- չասե՜մ,_

Երբ ինչքան շա՛տ եմ քեզ տանջում,
Դու այնքան շա՜տ ես ինձ կանչում.

Ինչքան սրտիդ ցա՜վ եմ բերում,
Դու այնքան... լա՜վ ես համբուրում.

Ինչքան ասո՛ւմ,_
Այնքան շա՜տ ես ինձ երազում

Ու համբույրով
Կիսա՜տ թողնում իմ խոսքն էլի...

Ինչքա՜ն ասեմ քեզ... սիրելի՛ս...



ՔՈ ՁԵՌՔԵՐԸ

Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը
Որոնք, արդեն քանի՜ տարի,
Ինձ ամենի՛ց ամուր գրկում,
Սակայն երբեք չե՛ն... բանտարկում.
Ինձ աշխարհի տե՛րը անում,
Սակայն երբեք չեն տիրանում.
Օղակի պես շուրջս պրկվում,
Բայց չե՜ն խեղդում,
այլ` լոկ փրկո՜ւմ,
Ինչպես փրկում են խեղդվողի՛ն...
Քո ձեռքե՛րը,-
Նո՜ւրբ,
Ասողի՜կ,
ՈՒ երգեցի՜կ,
Որոնց ափում,
Ես` չո՜ր խեցի,
Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում...
Ես սիրում եմ քո ձեռքերը...
«Մարգարի՛տ եմ քիչ-քիչ դառնում...»-
Իսկ Մարգարիտն այս աշխարհում
Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի՛ն,
Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜,-
Երբեք պիտի չխնայե՜ս
Եվ... միշտ... կրցք՛իդ վրա՛ պահես,-
Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու,
(Քո սիրո՛ւց ու կրծքից հեռո՛ւ),
Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ,-
Կրկին դարձած... նույն չոր խեցի՜ն...
Իմ սիրելի՜,
Իմ ասողի՜կ,
Իմ գեղեցի՜կ...



ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է պետք մարդուն
Սիրո մեջ հզո՜ր լինելու համար.-
Ավա՜ղ,
Շա՛տ չնչին,
Հասրա՜կ մի բան`
Քի՛չ սիրել
Եվ կամ... բնավ չսիրե՛լ...

Աստվա՜ծ ազատի այսպիսի բախտից
Եվ այս դրախտի՛ց,
Որն ի՜նձ է տրվե՛լ...

Երբ ե՛ս եմ սիրում`
Փխրո՜ւն եմ այնքան,
Թո՜ւլ,
Անօգնակա՜ն,
Սակայն` երջանի՜կ...

Երբ ի՜նձ են սիրում,
(Եվ ես չե՜մ սիրում)-
Անտարբե՜ր եմ ա՛յն ծառի բնի պես,
Որին փարվում է բաղե՜ղը կանաչ.
Բի՛րտ, այն ժայռի պես,
Որի մոտ ծովը կուզեր... մերկանա՜լ.
Սա՜ռը,-
Որմի պես այն եկեղեցու,
Որը համբուրո՛ւմ,
Որի մոտ մո՜մ են վառում մեր կանայք.
Եվ ուժե՛ղ,-
Դժբա՛խտ այն մարդու նման,
Որը սիրվո՛ւմ է,
Սակայն... չի՜ սիրում:

Ուժե՛ղ ու դժբա՛խտ,
Հզո՛ր ու ... դժգո՛հ,
Քե՜զ եմ կարկառել ձեռքերըս ահա,
Սիրո Աստվա՛ծըդ ամանակարող,
Ո՜ւժ տուր հզորիս
Եվ տուր քաջությո՛ւն,
Այս... թույլ աղջկան ասել` «Չե՜մ սիրում...».

Ասել մի՜ անգամ,
Գոնե մի՜ անգամ,
Երբ,- քանի՜ տարի,-
Քանի՜ անգամ եմ այս նույն շուրթերով –
Ստե՞լ...
Ո՛չ, ինչո՞ւ,-
Անզո՜ր լինելով հերքել` «չե՜մ սիրում»,
Հեգել` «Սիրո՜ւմ եմ...»

Ո՜ւժ տուր հզորիս.
Բայց ինչպե՜ս , ինչպե՜ս ,
Երբ իմ մի հատիկ
Ջերմ շշունջից ու խոսքի՛ց սերում,
Շողն` այս քնքշանքից թացվա՜ծ աչքրից,
Դողն` այս բերկրանքից բացվա՜ծ շուրթերի
Եվ լցվա՜ծ սրտի,
Որ տրոփում է միայն ի՜նձ համար,
Որ տրոփում է միայն ի՜մ սիրուց,
Ի՛մ, որ... չե՜մ սիրում...

Ո՜ւժ տուր հզորիս.
Բայց ինչպե՜ս, ինչպե՜ս,
Երբ իմ մի հատիկ
Ջերմ շշունջից ու խոսքի՛ց է սերում,
Շողն` այս քնքշանքից թացվա՜ծ աչքերի,
Դողն` այս բերկրանքից բացվա՜ծ շուրթերի
Եվ լցվա՜ծ սրտի,
Որ տրոփում է միայն ի՜նձ համար,
Որ տրոփում է միայն ի՜մ սիրուց,
Ի՛մ, որ... չե՜մ սիրում...

Ո՜ւժ տուր, որ ասեմ և կա՛մք...
Սակայն ո՞վ,
Ո՞վ կարող է, սի՛րտ,
Տրորե՜լ ոտքով կոկո`նն այս բացվող,
Ջարդե՜լ նորատունկ այս շի՜վը դալար,
Ցեխով փզկե՜լ այս կարակչող առո՛ւն,-
Որ չկարկաչի՜ գուցե էլ բնավ,
Որ գուցե բնավ էլ ծաղիկ չտա՜,
Եվ էլ չխշշա՜ կանաչ բացատում...

Տե՛ս, վազո՜ւմ է նա թևերը բացած,
Եվ սիրուց հարբած ինձ մո՛տ է սուրում,
Գալի՜ս է էլի...
(Ինչո՞ւ ես լռել
Ասա` «Չե՛մ սիրում»...)

Եվ, ի՜նչ որ ուներ,
Եվ, ի՜նչ որ ունի,
Ի՜նչ որ կունենա,-
Իր բախտի ու իր կյանքի հետ միակ
Ինձ զո՜հ է բերում...

Ո՜ւժ տուր , լսո՞ւմ ես,
Սիրո Աստվա՛ծըդ ամենակարող,
Գեթ ա՛յս երեկո ասել` «Չե՜մ սիրում»,
Որ չկրկնվի
Նրա տենչա՛նքն ու
Իմ տանջա՛նքն էլի..

«-Եկա՞ր, միա՜կըս,
Եկա՞ր, սիրելի՜ս...»



* * *
Մահը մի՛շտ հիշիր,
Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար.
Այլ,- որ իմանաս,-
Թե դեռ ինչքա՜ն է մնում... ծիծաղել,
Եվ... ուրախանա՛ս.
Մահը մի՛շտ հիշիր,
Ո՛չ թե անիմաստ կարծելու համար
Անելի՛քը քո,
Այլ շտապելու՝
Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո...
Եվ մի՛ թրԵվի
Անգործ ու անբան,
Այն սենյակներում, որ... քո՜նն ես կարծում.
Վաղը, Նրանցից փոքրում, կամ մեծում,
Դո՛ւ էլ կպառկես... սեղանի վրա,
Նոփ-նոր դագաղում,-
Որ... Փոշի՜ դառնաս,
Եվ հիշվես միայն
Մահազդերի մե՛ջ,
Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ...
Մահը մի՛շտ հիշիր,
Որ հիշես՝ ինչո՛ւ
Եվ ի՛նչ ես ուզում անել աշխարհում...



Ես ա՛յն եմ սիրում

...Ես ա՛յն եմ սիրում,
Երբ ձմեռ-ամառ... գարո՜ւն է թվում,
Անծանոթ մի վայր քեզ... տո՜ւն է թվում.
Ոչ միայն նայում, այլ... տեսնո՛ւմ ես դու,
Ոչ թե ունկնդրում, այլ... լսո՛ւմ ես դու,
Երբ սլանո՜ւմ ես
Եվ ոչ թե` քայլո՛ւմ,
Երբ և այրվո՛ւմ ես, և ի՛նքըդ այրում...

Ա՛յն, երբ աչքերը աչե՜ր են դառնում,
Խոսքերը սիրո կանչե՛ր են դառնում,
Սիրե՛րգ է դառնում ամեն մի հնչյուն,
Եվ արտաշնչո՜ւմն անգամ` Ներշնչում...

Սիրում եմ սիրո այն հրա՜շքը սուրբ,
Երբ որ ձեռքերը դառնում են թևեր,
Երբ թվում է, թե շարժումից մի նուրբ,
Կարող ես մինչև աստղե՜րը թևել.
Երբ կոշտ մատները թավի՜շ են դառնում,
Արյունը գարնան ավի՜շ է դառնում
Եվ ժամերն անգամ, հաշիվը խառնո՜ւմ,
Մոռանո՜ւմ են , թե... ինչքան են տևել...



ԳԱԼԻՔԻՆ

Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի:
Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,
Չասել, թե արթեն փառքին տիրեցի,
Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,
Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի.
Առանց հիմք՝ չասել, թե տուն շինեցի
Եվ վաելում եմ տունս բախտավոր:
Չթվալ արդար՝ եղած մեղավոր,
Մեղավոր պահին՝ հանցանքը քավել,
Քավելու համար չըղձալ հատուցում
Եվ հատուցումով չհպարտանալ...
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ.......



* * *
Քո ինչի՜ն էր պետք այս հաղթանակը.
Ինչո՞ւ շարժեցիր հույզիդ բանա՛կը,_
Հեծելազո՛րը հաճո խոսքերի,
Հետախույզ գո՛ւնդը հարց ու փորձերի,
Գորշ հետևա՛կը քո համառության,
Ծխածածկո՜ւյթը մերժման տխրության,
Խանդի դիրքերի ոլո՛ր-մոլո՜րը..._
Ասա՛, ինչի՜դ էր պետք այդ բոլորը,
Երբ դու անառիկ այս սիրտը գերել`
Սակայն չե՜ս սիրում և չե՜ս էլ սիրել,
Երբ անձնատո՜ւր է նա վաղուց եղել,
Իսկ դու... ձանձրույթից արդեն սրտնեղե՛լ,
Ե՜տ ես քաշում քո հաղթած բանակը...

Քո ինչի՜ն էր պետք այս հաղթանակը:



Իմ սերը

Ամեն սեր իր սկի՛զբն ունի
Եվ իր վե՛րջն ու իր անցնե՛լը.
Իմն սկսվեց ա՛յն վայրկյանին,
Երբ թվաց, թե ... վերջացե՜լ է:



Ների՜ր դու ինձ...

Ների՜ր դու ինձ, խենթի՛ս անհոգ,
Ես ի՛նքս եմ ինձ արդեն դատել,
Երբ ապրելով լոկ քեզանով,
Հաճախ քեզ... չե՜մ էլ նկատել...
Հիմա, երբ դու չկա՜ս արդեն,
Երբ հեռո՜ւ եմ ես քո մոտից,
Երբ ինչո՜վ ել ինձ կախարդեն,
Մորմոքո՛ւմ եմ քո կարոտից.
Նո՜ր եմ զգում ու հասկանում,
Որ... օ՜դ էիր դու ինձ համար,
Որ շնչելիս` չի՛ իմանում,
Իսկ երբ չկա... խեղդվո՜ւմ է մարդ:



* * *
Ձյու՜ն է գալիս
Եվ մի աղջիկ ,մայթում խավար,
Քայլու՜մ է ու անձայն լալի՜ս...

Ինչո՞ւ է նա այդպես լալի՜ս...
Ու մոլորված գնում-գալի՜ս,
Նոր տարվա օ՛րն այս խանդավառ.

Գուցե նրա հե՛րթն է գալիս
Զգալո՛ւ, որ կյանքը, ավա՜ղ,
Հաճախ նաև... վի՜շտ է տալիս.

Դրա համար էլ նա՝ լալի՜ս,
Ձյունն ու արցունքը կո՜ւլ տալիս ,
Դեգերո՜ւմ է մայթում խավար.

Եվ կարծում է հավանորեն,
Թե էլ չի՜ գա բախտը նորեն
Եվ...անցե՜լ է անդառնալի...

Որտեղի՜ց այդ գիժն իմանա,
Որ ամե՜ն ինչ, այս ձյան նման,
Գալիս է, որ հալվի՜- գնա՜,
Եվ զո՜ւր է նա այդպես լալիս...



* * *
Դու մի՛ նայիր,
Որ ես այսպես խե՜ղճ եմ թվում
Եվ մոլորվա՜ծ,
Եվ վշտահա՜ր,
Կախա՛րդ եմ ես,
Համելնի հին ավանդության
Հրաշագործ սրնգահար...

Ո՜ւր ուզում ես հիմա ինձ տար,
Օտար երկի՛ր, քաղա՜ք օտար՝
Նյու-Եորք լինի,
Բէյրո՜ւթ,
Փարի՛զ.
Եվ... ո՜ւմ ուզում ես՝ հմայեմ,
Ո՜ւր ուզենամ՝ ինձ հետ տանեմ,
Կախարդանքով երգ ու բառիս:

Կուզե՞ս կանգնած Բրոդվեյում
Կամ Փարիզի, մեծ Բուլվարում
«Կռո՜ւնկ» ասեմ
Եվ կամ մի պարզ «Նուբա՛ր-Նուբա՛ր» ,

Եվ այս Մարին, Մարիամ դառնա,
Այս Պիեռը՝ Պողո՛ս-Պետրո՛ս,
Եվ այս Ժակը՝ Հակոբ աղբա՜ր...

Կուզե՞ս երգեմ «Քելե-քելե» ,
«Ով քնած է- ասեմ՝ ելե՛ք,
Ով արթուն է՝ ելնի՝ տեղից...»
Եվ ինչքան հա՛յ կա տարագիր,
Գերված ձայնով պատարագիս,
Հայաստա՜ն գան իմ ետևից...

Եվ եթե ես,
Կախա՜րդս վես,
Մեկ-մեկ այսպես խե՜ղճ եմ թվում,
Այսպես վշտո՜տ, այսպես երե՜ր,
Նրա՛ համար,
Համելնի հին սրնգահա՛ր,
Որ մանուկներն էին հնում
Քո ետևից գերված գնում,
Իմ ետևից՝ միայն ծերե՜ր
Միայն ծերե՜ր...



Ժամացույցի առջև

Դու մե՜ծ ես, այո՛,
Եվ ես` փո՜քր, այո՛.
Բայց դու նման ես այն մեծ սլաքի՛ն,
Որն իմ` ժամերը նշող սլաքի,
Ամեն մի քայլին հասնելու համար,
Վեց տասնյակ քա՜յլ է ստիպված անում.

Նոր բան չե՜մ ասում,
Ոչ էլ` քեզանից ինձ գերադասում,
Կամ ձգտում հատուկ դիրքի ու փառքի._
Մենք ծառայում ենք նո՛ւյն ժամանակին
Եվ ցույց ենք տալիս ժամանա՛կը նույն.
Ես` դարի ժա՛մը`
Դու... րոպե՜ն դարի.
Իսկ մնացածը` ինչպես ուզու՜մ ես._
Մեծը դու՜ կոչվիր,
Դու՜ փառք վաստակիր,
Միայն, լսո՞ւմ ես,
Գեթ հանուն դարի՛,
Հանուն քո երդված մեծ գաղափարի՛,
Ինձ... մի՛ խանգարի:



Լռությունը ոսկի է

Որ ոսկի՛ է լռությունը,
Այդ վաղուցվա՜ հայտնություն է.
Թեև ես միշտ զարմացե՜լ եմ,
Թեև հաճախ զայրացե՜լ եմ,
Սակայն հիմա հավատո՛ւմ եմ,
Որովհետև... հասկացե՜լ եմ:

Լռությունը ա՛յն ոսկին է,
Այն հանցանքի ծա՜նր գինը,
Որ խոհող մարդն ստանում էր,
Երբ տեսնելով սպանումը,
Երբ տեսնելով կեղծն ու սուտը,
Քծնությունը, դավն ու մութը,
Հուզվո՛ւմ, խոսո՛ւմ, կամ գրո՞ւմ էր._
Ո՛չ,
Տեսնո՛ւմ էր, բայց լռու՜մ էր...
Ամուր սերտած` ո՛չ կռվելու,
Այլ տեսնելո՛ւ և լռելո՛ւ
Ճորտի՜ն վայել հայտնությունը,
Թե... «Ոսկի է լռությունը»:



Կյանքում հաճա՜խ է այդպես պատահում

Կյանքում հաճա՜խ է այդպես պատահում._
Ինչքա՜ն կանայք կան այս լայն աշխարհում,
Որ քո կողքի՜ն են,
ձեր նո՛ւյն քաղաքում.
Հաճախ նո՛ւյն մայթում
Կամ նո՛ւյն տան բակում,
Բայց...
Այնքա՜ն գիտես դու նրանց մասին,
Ինչքան որ Սի՛սը ... Մասիսի՛ մասին...

Այո՛, հաճա՜խ է այդպես պատահում._
Բայց մի գիշեր է լինում աշխարհում,
Որ, երբ նայում ես մեկի աչքերին,
Սիրո կարոտից ճաքաց շուրթեին,
Բռնում ես մեկի ձեռքը տագնապով.
Շոյու՜մ այդ ձեռքը մատներիդ տապով,
Մի վայրկյանի մեջ,
կամ ակընթարթում,
Նրա ողջ կյա՜նքն ես գրքի պես կարդում...

Եվ հեռու՜- հեռու՜ մի գյուղ, կամ քաղաք,
Լեռնային գետի մի խե՜նթ աղաղակ,
Մի տուն` մոլորվա՜ծ օտար քաղաքում,
Մի ծառ` խոնարհված անծանոթ մայթում.
Այնպե՜ս են հանկարծ հարազատ դառնում,
Որ... զարմանու՜մ ես
ու չե՜ս հասկանում,
Թե մինչև այսօր
Դու առանց դրա
Ինչպե՜ս ես ապրել այս փուչ աշխարհում...
...Ափսո՛ս, որ... քի՜չ է այդպես պատահում:



* * *
Պատուհանիս տակ անձրև է մաղում,
Իսկ ես չե՜մ հուզվում անձրևից արդեն.
Ծիածաննե՛ր են դեմից ծիծաղում,
Բայց չե՜ն հմայում նրանք ինձ արդեն.
Շուտով գուցե և արև՛ը ծագի,
Բայց ես դրանից չե՜մ ուրախանում.
Լի՞ օր է այսօր, տո՞ն, թե՞ կիրակի՝
Մե՜կ է ինձ համար, ես չե՜մ իմանում.
ո՞ւմ համար եմ ես այս երգը ... հինում,
Կա՞ մեկը, որին մա պե՛տք է գալու...
Մեր տան առաջ ճամփա՛ են շինում,
Իսկ ես... տեղ չունե՜մ արդեն գնալու:



Համերգից հետո

Ինչ ուզում էի քեզ խոստովանել
Եվ գաղտնի՜ էի պահում իմ հոգում,
Այնքան հարազա՛տ ու այնպես անե՜ղծ,
Դու լսում էիր երեկ... համերգում:

Դո՛ւ էլ նույնն էիր ուզում ինձ ասել,
Ինչ ես լսեցի երեկ համերգում...
Բայց որտեղի՞ց էր ջութակն իմացել,
Անբառ գաղտնիքը իմ ու քո հոգու...

Ինչքան չքնա՜ղ ես դառնում ավելի,
Այնքան հպա՛րտ է սիրտն իմ առնացի, -
Իմ սիրո՛վ ես դու չքնաղ, սիրելի՛ս,
Եվ իմ սիրու՜ց ես դառնում գեղեցիկ:

Չէ՞ որ շուրթերըդ շիկնո՛ւմ են, վառվու՜մ,
Իմ շշուկների՛ց ու համբույրների՛ց.
Եվ քո աչքերը հմայի՜չ դառնում`
Երբ սե՛ր են հայցում իմ խերթ աչքերից:

Եվ ե՛րգն այս , որ դու երգում ես հնչեղ,
Մի՞թե սիրո՛ւց չի ծնվում շուրթերիդ,
Մի՞թե քո սիրո անտես թելին չեն
Շարվում հակինթնե՜րն իմ սիրերգերի.

Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ մեկեն ու հանկարծ,
Հրաշքի՜ փոխվեց աշխարհը արար.
Ուրիշ գաղտնիք ու հանելուկ չկա`
Աշխարհը նո՛ւյնն է` Սիրու՜մ ենք իրար...

Դու վախենու՜մ ես ինձ սիրել, անգին.
Դու նախատում ես, թե սիրտըս մերկ է, -
Ասում ես` սիրույդ գաղտնիքն անմեկին
Կասի աշխարհին իմ գրած երգը.

Մեր սիրո աստղը կխամրի՜ լույսից,
Ոճի՜ր կդառնա քո վսեմ մեղքը,
Որիշ սիրահար սրտե՛ր կհուզի,
Սին փառքի փոխած սիրո վայելքը...

Օ՜, դու չգիտե՜ս բախտը պոետի,
Չգիտես նրան մորմոքող վերքը. -
Ի՜նչ ցավ էլ նրա սիրտը կտրատի`
Աշխարհի համար դա միայն... ե՜րգ է.

Այդպե՛ս է եղել դարերում բոլոր -
Մարդիկ չե՜ն տեսնում ամենից մերկը...
Ոչ ոք չի զգա քո գաղտնիքը խոր`
Չէ՞ որ ուրիշի համար նա ... ե՛րգ է:

Եթե երա՜զ էր տեսնում քո հոգին,
Բիրտ արթնացումի համար այս, ների՜ր,
Թե սրբությո՛ւն էր որոնում, անգին,
Ների՜ր այս մեղքը, որ հոգուդ բերի.

Թե ցնորք - սե՛ր էր տենչում, լուսածին,
Ների՜ր սիրո մահ բերող խոսքերիս.
Ների՜ր այս բոցը, որից այրվեցին
Թիթեռնե՛րը քո լուսե տենչերի...

Ների՜ր
- որ ինձ սիրի՛ր, ոչ ատիր.-
Անե՜ղծ կա սրտին բանաստեղծների,
Սիրո ձևերից հազարապատիկ,
Ես խե՜նթն եմ սիրում...
Ներիր, օ՜, ների՜ր...

Դու խռովեցի՜ր, դու գնացի՜ր
Եվ արցունքները քո աչքերի,
Անձրևի նման ցա՜ծ մաղվեցին
Եվ բո՛ւյր տվեցին ծաղիկներին:

Դու արցունքների մեջ ժպտացիր
Եվ քո ժպիտի հուր ցոլքերից,
Ծիածա՜ն իջավ աղեղնածիր
Ու գույնե՛ր բերեց ծաղիկներին...

Լեռներով պատած այս ձորը խոր
Զամբյու՜ղ է կարծես` ծաղկով լցված,
Եվ ծիածանը` կո՛թը կլոր -
Սուզված երկընքում կապույտ ու թաց...

Ուզո՞ւմ ես` բռնած ծիածանից,
Ծաղկաձորը քեզ նվե՜ր բերեմ,
Միայն չգնա՛ս դու ինձանից,
Միայն թե այսօր դու ինձ ներե՜ս...



ՄԱՅՐԸ ԵՎ ՈՐԴԻՆ

Սգավոր մի կին, կասկածը սրտում,
Գնում է՝ որդու բախտը բա՜ց անի,
Իմանա, թե ի՞նչ պատահեց որդուն. –
Մեռա՞ծ է արդյոք,
Կորա՞ծ,
Կենդանի՞…
Մի խիզախ տղա, ցասումը սրտում,
Կռվով աշխարհի բա՜խտն է բաց անում,
Որ էլ ո՛չ մի մայր չսգա որդուն,
Եվ ոչ մի որդի չընկնի՛ աշխարհում…
Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա…
Հե՜յ, ոտքի՛ ելեք, ոսոխը վայրի,
Իր թաթն Իլյիչի դամբանին պարզած,
Ցրե՜լ է ուզում ուղեղն այս դարի,
Ջարդել՝ Կրեմլի զա՛նգը սրբազան:
Հե՜յ, ոտքի՛ ելեք, մի վերջին անգամ
Կորու՜ստն եմ զգում ես Աբովյանի,
Մեր հողն է խուժել տևտոնն անզգամ,
Որ Սուրբ Մաշտոցի նշխարքը տանի:
Որ ավերի՛ ու ջնջի՛ վերստին
Հին երկիրը մեր՝ նորացած խանդով.
Եվ, կիսատ երգի տողերը շուրթին,
Ընկնե՜ն Վարուժանն ու Սիամանթոն:
Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա…
Գիտե՞ս, թե ո՛վ է գալիս, մայրի՛կ,
Գիտե՞ս, թե ո՛վ է ելել մեր դեմ,
Ո՛վ է վերստին մեր աշխարհին
Բերում արհավի՜րք, մահ ու հրդեհ… -
Նա՛, ով եղբորը քո նշանված,
Տասնչորս թվին տարավ գերի,
Նա՛, ով Էնվերին «քը՜ս- քը՜ս» տված,
Ուզում էր հայոց հողն ավերի՛…
Ով, յենիչարի ձեռքերով չար,
Արյան ծո՜վ արեց հողը հայոց.
Շիրմաքա՛ր արեց ամեն մի քար,
«Վայոց ձո՜ր» - ամեն ձո՛րը հայոց…
…Մոռացե՞լ ես՝ ջա՛րդն անապատում,
Մոռացե՞լ ես դու Տեր-Զո՛րը սև…
Էլ ինչո՞ւ, մայրի՛կ, լալի՜ս ես դու,
Որ կռի՛վ գնաց որդիդ կըրտսեր…



ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ

Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս,
Հայաստանից մի ծաղիկ է տարել.
Ջրել արցունքով՝ ամեն լացելիս
Եվ վերադարձի հույսով փայփաել.
Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած,
Ձգտում է դեպի երկինք ու արև.
Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած,
Նաել է դեպի երկիրն իր քարե.
Եվ ուղել է իր գլուխը տրտում,
Միայն հայրենի հողում քարքարոտ...
...Այդ ծաղիկը կա ամենքի սրտում
Եվ կոչվում ե նա... հայրենի կարոտ:






ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
(1919-2006)


ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ

Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի։
Ու թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին...
- Լսի՛ր, որդիս, պատգամ որպես
Սիրող քո մոր խո՜սքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ
Հայոց լեզո՜ւն հազարագանձ։
Կտրել է նա, հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ
Սլացքի հետ հայկյան նետի,
Ու Մեսրոպի սուրբ հանճարով
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հո՜ւյս, դարձել դրո՜շ,
Պահել երթը մեր անաղարտ...
Նրանո՛վ է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
Նրանո՛վ է որորտացել
Կռվի երգն իմ ժողովրդի,
Նրանո՛վ է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել, քե՜զ է հասել
Նրա կարկաչը դարավոր...
Բա՛ց շուրթերդ, խոսի՜ր, անգի՛ն,
Ժիր դայլայլի՜ր, ի՛մ սիրասուն,
Թող մանկանա՛ քո շուրթերին
Մեր ալեհե՜ր հայոց լեզուն...
Պահի՛ր նրան բարձր ու վճիտ,
Արարատի սուրբ ձյունի պես,
Պահի՛ր նրան սրտիդ մոտիկ,
Քո պապերի աճյունի պես,
Ու ոսոխի զարկիցը սև
Դու պաշտպանի՛ր կրծքով նրան,
Ինչպես մո՜րդ կպաշտպանես,
Թե սո՛ւր քաշեն մորդ վրան,
Ու տե՛ս, որդիս, ո՛ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո՛րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա՛ս։



Այն ո՞վ է ասում

Այն ո՞վ է ասում
Որ Արարատը ձերն է ու ձերը.
Անհեթեթ պատրա՜նք.
Քարտեզն է ձերը,
Քարտեզի վրա չափած-գծա՜ծը,
Իսկ ինքը՝ լե՛ռը...
Նրա ընկալմամբ են, որ հավերժության խորհուրդ են առնում,
Նրա պարուրող մշուշն ու ամպը
Մեր ընկալմա՜մբ են Եղեգան փողի ծուխ ու բոց դառնում.
Նրա ամեն մի անշունչ, անկենդան ավազահատը
Մեր արյան կարմիր գնդիկների՛ն են կենսահյութ տանում։
Մոխի՛րն է ձերը,
Սարը բաղադրող կոշկոռը քարե.
Մեզ համար գործող հրաբուխ է նա,
Խառնարա՜ն ոգու,
Որ դար ու դարեր
Մեր ընդվզումի կրակն է ժայթքում
Եվ բորբոքում մեր ցասո՜ւմը կենաց։
Սառո՜ւյցն է ձերը,
Սառը, անհաղորդ սառույցը դեղնած,
Իսկ մեզ՝ բյուրավոր արեգակների
Ներուժությո՜ւնն է անդուլ ճառագում նրա կողերից,
Որ տաքացնում է մի որջ հողագունդ_
Այդ հողագնդին փռված-ծվարած մեր բեկորները։
Օ՜, սուրբ առասպել Արա արքայի,
Մեր էությունը ցոլացնող պատում,
Մեր փնտրումի գյո՜ւտ,_
Որ երեսուն դար ու դեռ ավելին
Սոսկ հոլովեցին ու չհասկացան
Բոլոր հին ու նոր Շամիրամները,_
Մարմի՛նն է ձեը
Արա արքաի-Արարատ լեռան,
Սպանված, մեռած մարմի՜նը միայն,
Որը չե՛ն կարող, չե՛ն կենդանացնի
ձեր այլաբարբառ հարալեզները...
Մեը՝ հոգի՛ն է.
Սերնդ է-սերունդ անշեջ թևածնող,
Վերջին շնչում իսկ՝ հազար կերպ առած նորի՛ց պոռթկացող,
Որ չես սպանի զենքով ու դիրքով,
Չե՛ս խլի երբեք գիր ու կնիքով
Եվ սահմանների փշալարերով երբեք չե՛ս բանտի
Մերը՝ հոգի՛ն է....



Հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող

Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՛ց հող,
Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող։
Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ,
Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ։
Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին,
Շուքդ մնա իմ ապավեն հովանին։
Ո՛ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜րհ էլ թափառեմ,
Նորից ե՛տ գամ, քո տանիքո՜ւմ ծվարեմ։
Ու թե մեռնեմ, քո գրկի մե՛ջ մեռնեմ թող,
Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՜ց հող։



ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻ

Ուղեկիցս ծերունի էր մի բարեդեմ.
Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն.
Երբ իմացավ հայ եմ՝ դեմքի բարին արդեն
Դարձավ մի տաք երջանկություն։
ԱյնուհետԵվ Մոսկվայից մինչ Երեվան
Նա խոսում էր, ապա լսում, լսում սիրով՝
Շաբաթներով ջրի կարոտ մարդու նման
Հայերենը ըմբոշխնելով։

Ոսկերիչ էր։ Ադանացի։
Ալիքները նրան Փարիզ էին նետել։
Ապրում է լա՛վ։ Ոսկերիչի ոսկի՜ ձեռքեր,
Ուր էլ լինեն՝ չեն ծանգոտի։
Բայց ի՞նչ օգուտ,- ծերը նայում է թոռներին,
Ու ձայնի մեջ կարծես թե ծուխ է խտանում,
Խորթանո՜ւմ են զաւակները, ձեռքից գնում,
Թառամում է հայրենի բառը շուրթերին-
Ինքը ծեր է, ոտքի մեկը՝ գերեզմանում,
Դե՛հ, այսօր կայ, վաղը չկա...
Իրենից ետ, ո՜վ իմանա,
Պիտի հիշե՞ն հայրենիքը ու հարենին...
Դրա համար հավաքել է ուժերը ողջ
Ու թոռներին Հայաստան է բերել այցի.
Տեսնեն թսղ գեթ, ու ճանաչեն, ու թող զգա՜ն,
Ու հող ունեն ու ժողովուրդ, լեզու ու տոհմ,
Եվ հոգու մեջ, գեթ մի կանթե՜ղ պահեն դարձի...

Ինքնաթիռը խրվեց գիրկը Հահաստանի,
Խառնվեցին ամպ ու Սեվան.
Հետո՜, հետո՜
Մեր նրբազգաց երկինքն ահա
Ամպի ճերմակ վարագույրը քաշեց մի կողմ,
Որ ԵրԵվանը երԵվա՛...
Ծերուկն էլ չէր խոսում ինձ հետ։ Շփոթահար՝
Մեկ թոռներին մոտն էր տանում ու մեկ՝ թողնում,,
Մեկ խոսակցում էր նրանց հետ, մեկ՝ մոռանում,
Եվ ինքնասույզ՝ պատուհանին գամվում նորից։
Իսկ թոռները, պատանեկան մի աշխույժով
Այս ու այն կողմ էին վազում զվարթաձայն,
Մեկ աջ, մեկ ձախ պատուհանին կպչում ուժով,
Ֆրանսերեն կանչում իրար ու ցույց տալիս,---
«Օ‘՜, Աղաղատ...
Օ՜, ԵղԵվան...».
Ֆրանսերե՜ն.
Դո՛ւ Հյուգոյի հրեղեն խոսք,
Ու Վեռլենյան մարմանդ անձրԵվ,
Հնար լիներ, կնստեի՝ առավոտից մինչ երեկո,
Կլսեի՜, դյութվածի պես, քաղցրահնչյուն բառերը քո,
Որպես շղարշ երաժշտություն, որպես Ռավե՜լ...
Ֆրանսերե՜ն.
Ուրեմն ինչո՞ւ պատանեկան այս շուրթերից
Քո բառերը այսպես խորունկ խոցում են ինձ,
Եվ այլափոխ արտաբերումը Աղաղատ
Թվում է ինձ գերյալ սարից մի աղաղակ,
Մի խոր, մի նոր տագնապի կա՜նչ՝ գերյալ սարից,
Ախ, այս անգամ առեվանգված քեզնով արդեն...

Վարում արդեն ԵրԵվանն էր՝
Շառագունած արեգակից Եվ իր քարից,
Երազի մէջ երեվացող քաղաքի պես
Անիրական Եվ իրական...
Եվ իջնում էր ինքնաթիռը, իջնում էր ցած՝
Կարոտած ու տագնապալից,
Զույգ վիթպարի թԵվը բացած՝
Պատրաստվելով իջնել, դիպչել, փարվե՜լ հողին...
Իսկ ծերունի՜ն,
Նա թոռներին ամուր գրկած,
Դեռ պլլված պատուհանին՝
Վա՜ր էր նայում լացակալած իր հայացքով,
Հայացք չէր դա, այլ պաղատանք, կանչ ու մրմո՜ւնջ,
Բոբիկ եկած ուխտավորի հույս ու աղոթք,
ԱյլԵվ պահա՛նջ,
ԱյլԵվ բողո՛ք,
Հո՛ղ հայրենի,
Դու՝ Արշակի կերկեր լեզուն զորացնող շո՜ւնչ,
Փռվի՛ր, փռվի՜ր ոտքերի տակ այս հեգ մանկանց,
Ու թող հանկարծ,
Ավանդական նույն հրաշքո՜վ մեր հայրերի,
Քեզ դիպչելով՝ խոսե՛ն նրանց շուրթերը մունջ
Հայերենով մի արքենի,
Հո՛ղ հայրենի...



* * *
Հպարտ, բյուրեղյա քո ծաղկամանում
Ահով նվիրած իմ ծաղիկները
Օրերով անջու՛ր, անջու՛ր են մնուն։

Ու կաթիլ- կաթիլ՝ թոշնած թերթերը
Արցունքներիս պես ընկնում են նկուն
Գրասեղանիդ սառը ապակուն…



* * *
Շարվել ենք շարված, կողք կողքի-
Շախմատի քարերի նման-
Ուզում ենք հաղթել մեկ մեկի-
Շախմատի քարերի նման.
Բայց մեկ է, զինվոր թե արքա՝
Հաղթենք էլ, իջնելու ենք ցած
Տախտակին նորերն են շարքի-
Շախմատի քարերի նման…



ԴԵՌ ՀԱՎԱՏԱ

Դու՝ փորձաքար իմ ժողովուրդ,,
Ինչքան էլ որ խոր մոլորվես,
Երկրպագես կուռքերին սուտ,
Ես մոր նման ներում եմ քեզ։

Դու՝ տաքգլուխ Սասնա Դավիթ,
Դու՝ իմաստուն Սասնա Մհեր,
Թեկուզ եվ ծեր ու ալեհեր,
Բայց մնում ես դու միամիտ։

Հավատացիր, թե հիրավի
Գարին դարձավ ընկուզաչափ,
Ու դուրս եկար քարանձաւվից
Ու խաբվեցիր դու չարաչար։

Այնքան դառն է կյանքդ ու գորշ,
Ու գալիքդ իրականում,
Որ փակում ես աչքդ ու քո
Խաբկանքին ես ապավինում։

Ու տեսնում ես ամեն ի՛նչ վառ,
Թև ես առնում չեղած տեղից,
Նորոգվում ես բնազդաբար
Ու հառնում ես մոխիրներից։

Քո խաբվելն է քեզ պահպանում,
Ու հին խոսքդ՝ «Աստված կտա».
Դու՝ միֆերով ապրող մանուկ,
Դեռ հաւատա՜, դեռ հաւատա՜...



ԿԱՑԻՆՆ ՈՒ ԾԱՌԸ

Ասում են, երբ փայտահատը՝ կացինն առած
Մոտենում է, որ ճյուղատի ծառը կանգուն,
Ծառն զգում է կացնի շունչը մահատարած,
Ծառն զգում է, ինչպես մարդն է ահը զգում։

Ծառն զգում է Եվ օրհասի իր բնազդով
Ճյուղերի մեջ, ճյուղերից ներս՝ լարված ցավից.
Հավաքում է հյութերը ողջ, սաղմ ու ավիշ
Ու մղում վար, արմատներն է մղում տենդով։

Զուր են սրում կացինները, զուր են սրում,
Կարծում են, թե այդ ես, որ կաս՝ թույլ ու հլու։
Բյուր անգամներ ճյուղատել են քեզ դարերում,
Բյուր անգամվա դու փորձ ունես ընձյուղելու...



ԷՐՎՈՒՄ ԵՄ, ԷՐՎՈՒՄ

Ես նրան տեսա իր մոլեգնության գերագույն պահին.
Հևիհև ռիթմից դեմքը փոխված էր - այլայլված, դեղնած.
Ականջը դոփող եղանակի տակ մի անմարդկային
Ծռմըռվում էր նա։
Իսկ երբ ցավագար պատեֆոնն արդեն մարեց շնչաբեկ,
Դեռ քըրտնաթաթաթախ երգապնակը ես ձեռքս առա.
Երգապնակը... Նրա երեսին տնաբույս մի ձեռք
Խև ռոք-ն-ռոլի ձայնագրություն էր կպցրել բարակ։
Թաղանթի տակից մեր գրերն էին մանրիկ երևում,
Մեր երգն եր այնտեղ - «Էրվում եմ, էրվում»...

Մթնեցին ասես աչքերս հանկարծ,
Սեղմվեց հոգիս վիրավորանքից, զայրույթից, ցավից.
Թվաց, որ այստեղ, այս սենյակներում
Իմ Կոմիտասը - հրից ու սրից հազիվ փրկված
Մի երրորդ անգամ մեռնում է ցավից...

Դու, երիտասարդ.
Դու, որ նշաձև սև աչքեր ունես և ունքեր կեռման,
Որ գեղեցիկ ես Արայի նըման,
Խորհե՞լ ես արդյոք, թե ինչքան էր պետք քո հին հայրերին
Զոհաբերություն, ոգի և գորով,
Որ մեր այդ երգը - Գողթան գուսանի դողդոջ շուրթերից
Դժվար դարերի թոհուբոհերին
Տոկար ու հասներ ճարտարարվեստի դարին այս նորոգ
Ու դառնար խոսուն մի երգապնակ...
Եվ հիմա, հիմա դու հեշտ ու հանգիստ, անտարբեր սրտով
Խեղդել ես նրան ցելուլոիդի լըպրծուն շերտով,
Տրորել խենել այդ երաժշտության սըմբակների տակ...
Ո՛չ, կանգնի՛ր, կանգնի՛ր,
Մի՛ թողնիր, որ մեղկ այդ ալիքները կեսգիշերային -
Օվկիանոսների այն ափից եկած,
Քեզ - քաշած իրենց ալեպտույտում - պոկեն քո ծառից,
Եվ դու - շյուղի պես մի հողմահալած -
Անտուն, անարմատ հածես աշխարով,
Չորանաս, ընկնես հեռու մի հողում։
Մի՛ թողնիր, որ այն, ինչ որ դարերում
Թշնամին անել ջարդով ու սըրով,
Չկարողացավ
Արվի խոսքերի փաղաքուշ փայլով,
Ժպիտով սիրուն,
Երգով, համբույրով ու գուրգուրելով...

Պոկի՛ր, շուտ պոկի՛ր երգապնակից
Կրակե շապիկն այդ կանաչավուն.
Լսում ես, օտար թաղանթի տակից
Հարազատ մի ձայն կանչում է ցավով,-
«Էրվում եմ, էրվում»...



ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ

Մի պայծառ ճամփա, մի զվարթ փողոց -
Շուրթին անունը մեր Աբովյանի,
Ձգվում է, փռվում - ծառով, ծիծաղով
Կանաչ սրտի մեջ մեր Երևանի.

Բացվել են ուրիշ շքեղ փողոցներ,
Ու սերունդներ են եկել ու անցել,
Բայց նա ինչպես հին ու առաջին սեր
Նորից ամենից թանկն է մնացել.

Տխրում է հոգին - իր գիրկն ենք գնում,
Երբ ուրախ ենք մենք այնտեղ ենք կրկին
Երբ մտերմի է սիրտըորոնում
Այնտեղ ե գտնում իր որոնածին.

Ու երբ մթնում է մեր միտքը բարի
Հայոց հինավուրց բախտի մռայլով
Մեզ սփոփում է նրա մայթերի
Կենդանությունը, աշխույժը խռով.

Ասես երակն է աշխարհի հայոց
Որ բաբախում է հավերժ կենդանի
Մի պայծառ ճամբա, մի զվարթ փողոծ
Շուրթին - անունը մեր Աբովյանի...



ԻՆՔՆԱՀԵՌԱՑՈՒՄ

Կարոտում եմ.
Ինքս՝ իմ մեջ, ինձ հետ մնալ - կարոտում եմ.
Զարթնել՝ անհոգ,
Մանուկ օրվա հետ մանկանալ - կարոտում եմ.
Դուրս գալ տնից ու անճանաչ գնա՜լ, գնա՜լ- կարոտում եմ.
Գտած մի նոր տողի համար
Աշխարհի՜ չափ ուրախանալ - կարոտում եմ.
Քո մի խոսքից առավոտել,
Թաքուն բախտով ներսից հորդել,
Փխրել, տխրել ու կարոտել - կարոտում եմ.
Հազար տեսակ հոգս ու հարցում՝
Մեկը մեկից առաջ ընկած՝
Ինձ առել են իրենց տենդոտ հրմշտոցում,
Ինձ՝ ինձանից հեռացնո՜ւմ են, անջատո՜ւմ են.
Եվ զգում եմ մեկ էլ հանկարծ
Որ ինքս՝ ինձ կարոտո՜ւմ եմ ...



* * *
Այնպես անփո՜ւյթ, այնպես հանգի՜ստ,
Անցնում ես իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տեղերում իսկ
Քե՜զ եմ փնտրում կարոտով։

Ասում են, թե մոռացել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու հեռացել ես,
Մոտս թողել քո հոգին։

Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն
Մատնո՜ւմ ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է, որպես երդում
Անունդ իմ շուրթերին։

Ասում են, թե ինձ դավել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու խռովել ես,
Ու տանջում ես իմ հոգին։

Անցնում ես դու ու չես նայում,
Մինչ ես կանգնած մոլորուն,
Քեզ աչքերիս մեջ եմ պահում
Ու տանում եմ հետս տուն։



* * *
Արի, արի, արի
Թեկուզ վերջին անգամ,
Թեկուզ քայլով դժկան
Միայն արի, արի։

Թեկուզ բերես դու ինձ
Նոր բաժանման թախից
Անդարձ գնաս նորից,
Միայն արի, արի։

Թեկուզ անսեր անցիր,
Թեկուզ հեգնող ու խիստ,
Թեկուզ խայթող ու բիրտ,
Միայն արի, արի։

Թեկուզ բերես դու ինձ,
Մի նոր դավի կսկից,
Թեկուզ ուրիշ գրկից,
Միայն արի, արի։



ՍԵՐ

Այսօր առավոտ նայեցիր դու ինձ
Այնպես մտերիմ, այնպես տնօրյա
Մի շղարշ հայացք քո լուրջ աչքերից
Հյուսվեց դեպի ինձ, փռվեց ինձ վրա։

Եվ առավոտից թափառու եմ ես
Պարուրված քո այդ հայացքով նիրհուն
Դու երկնքի պես գալիս ես ինձ հետ,
Դու երկնքի պես մնում ես հեռվում։

Վաղուց կարոտած մեղեդու նման
Ծանոթ մի թախիծ իմ սիրտն է լցվել,
Արցունքներ, գանձեր իմ պատանության
Դուք կաք, դուք եկաք, դուք չեք սպառվել։



* * *
Թափառում ենք փողոցներում
Ես քո սիրով, դու՝ ուրիշի,
Այրվում ենք մենք հրդեհներում՝
Ես քո հրով դու՝ ուրիշի։

Կարոտում ենք, խնդում, տխրում՝
Ես քո խոսքավ դու ուրիշի,
Սուզվում քաղցր երազներում՝
Ես քո տեսքով, դու ուրիշի։

Էհ ինչ արած, բախտը խռով,
Թող աշխարհում մեզ չհիշի,
Միայն ապրենք մենք սիրելով՝
Թեկուզ ես քեզ, դու՝ ուրիշի…



Երգ Երգոց

Ինձ շատ բան տվեց բախտը աշխարհում,
Միայն չտվեց երջանիկ մի սեր.
Չտվեց, որ ես հոգով անդադրում
Դեռ տենչամ, փնտրեմ, չգտնեմ ես դեռ,-
Չտվեց, որ միշտ ազնիվ մի կարոտ
Մեղեդու նման թրթռա իմ մեջ,
Որ ինձ հետ զարթնի ամեն առավոտ
Ինչ որ մի տագնապ, անհասի մի տենչ,-
Որ մենակ լուսնի տեսքից հառաչեմ,
Կանչող ծառերի լեզուն հասկանամ,
Որ թաղծոտ երգը օդի պես շնչեմ,
Որ Վերթերի հետ տառապեմ ու լամ .-
Որ իմ մեջ առնեմ աշխարհն անհագուրդ
Ու տամ աշխարհում սիրտ հոգի ու գանձ,
Ապրեմ իմ այս խենթ վատնումով հարուստ,
Իմ կորուստներով՝ ահսահման գտած,
Չտվեց, որ ես միայն չլցվեմ
Խուլ երջանկությամբ՝ անընտել ցավին,
Չլացող աչքի արցունքը տեսնեմ,
Լսեմ խոսքը՝ չասված տակավին,
Որ բյուր քույրերիս խռովքն անհատում
Զգամ իմ արյամբ, էությամբ իմ ողջ,
Որ մի էջ՝ հայոց երգի մատյանում
Լցվի հավերժող հառաչով կնոջ։



Առաջին համբույր

Այս իրիկուն ես ուշ դարձա, ուշ դարձա տուն,
Ես դարձա տուն այսօր շիկնած ու ահադեմ.
Թվաց բոլորը փողոցում ինձ են նայում
Եվ իմ մասին արդեն դիտեն, արդեն գիտեն։

Այս իրիկուն ես ուշ դարձա, ուշ դարձա տուն
Ես դարձա տուն, եվ տխուր էր սիրտս տխուր,
Թվաց անդարձ կորցրել եմ գանձ մի անհուն,
Եվ իմ աչքին ափսոսանքի արցունք կար լուռ։

Ես տուն դարձա ու հոգուս մեջ ահ կար թաքուն,
Դռների մոտ մայրս, մայրս ելավ իմ դեմ.
Նրա աչքերում ես փնտրեցի կասկած ու քեն,
Եվ նախատիք ես փնտրեցի նրա աչքերում։

Բայց, ոչ, այնտեղ նույն գորովն էր, նույն սերը հեզ
Նայում էր նա այնպես խաղաղ ու անսքող.
- Ախ, մի նայիր ինձ ալյեվս մանկան որպես,
Մայր փոխվել է, փոխվել է արդեն աղջիկը քո։



* * *
Դու վայրի ժայռի ծայրին
Քմահաճ կակաչ լինես,
Ես նայեմ, նայեմ վերից
Ու քեզնից կարոտ մնամ։
Դու խորունկ խորունկ ձորում
Ինձ կանչող կարկաչ լինես,
Ես անզոր նայեմ վերից
Ու քեզնից ծարավ գնամ։

Դու ծավի ծովի ծոցում
Մարգարիտ քարը լինես,
Ես անհույս նայեմ ափից
Ու քեզնից անհաս մնամ.
Դու հավերժ մոտ ու հեռու՝
Մեր Մասիս սարը լինես
Ես նայեմ, այրվեմ անվերջ
Ու քեզնից անհաս մնամ…



Սիրո երգ

Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ,
Ինչու է ձմեռն այսքան գարուն,
Ձմռան արեվը այսքան այրում,
Անխոս երկինքը այսքան անհուն,
Եթե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ։

Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ,
Հապա ինչու են ձեր փողոցում
Այդքան սիրով ինձ ճամփա բացում
Անցորդներ, տներ,մայթեր ու ձյուն,
Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ։

Ու թե չենք սիրում մենք իրարու,
Ինչու են աստղերն այսքան անթիվ,
Այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ,
Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ,
Եթե չենք սիրում մենք իրարու։



ՑԱՎՈՏ ՍԵՐ

Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան,
Լաց լինելու չափ դարձել եմ բարի,
ՈՒզում եմ գրկել պատահած մանկան,
Հեզ ականջ դնել դողդոջ ծերերին։

Հարցնել՝ ո՞ւր է հայրիկդ, բալիկ,
Որտե՞ղ է որդիդ, իմ տխուր եղբայր,
Ո՞ր օտար երկրում կռիվ է տալիս՝
Ձեզ ապրելու փող ղրկելու համար։

Թռչնահար կանանց՝ վաթսունին հակված,
Որ դեռ ջանում են երևալ ջահել,
Մոտենալ, ասել. «Ի՜նչ լավ ես հագված»,
Ասել մի քիչ սուտ, բայց մոգիչ բառեր։

Ասել կնոջն այս՝ դեռ սիրունատես,
Պայուսակներով ծանր բեռնված,
- Հերիք Դուբայի ճամփեքը չափես,
Ինչ է թե տանը չմնան անհաց։

Դեսպանատան մոտ՝ շվար խմբերին
Տրտում թախանձել՝ որդիս, մի՛ գնա.
Ձախորդ օրերը, կասեր Ջիվանին,
Կուգան ու կերթան, էսպես չի մնա։

Որդուն կորցրած մորը տեսնելիս
ՈՒզում եմ չոքել, մրմնջալ «Մեղա՜».
Աղետի գոտու տարապյալներից
Ես եմ ամաչում ուրիշի տեղակ։

ՈՒզում եմ փարվել մայր հողին, մարդկանց,
Չգիտեմ ինչո՞ւ՝ չչնջալ «ների՜ր»...
Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան,
Լաց լինելու չափ դարձել եմ բարի...



ՄԵՐ ՍԵՐԸ

Հայաստա՛ն աշխարհ,
Դու մե՛րը եղար ու մերը չեղա՜ր,
Դրա համար էլ մենք քեզ սիրեցինք սիրահարի՝ պես ...
Դու մե՛րը եղար,
Ինչպես որ մերն է մեր երակներում հոսող արյունը,
Եվ մերը չեղար,
Ինչպես մերը չէ Վարագա սարի արեվածագը,
Սասնա անտառին իջնող մանանան,
Մշո դաշտերը շոյող սոսափը ...
Դու մոտի՛կ եղար՝
Սրտիդ տրոփը մեր կոշտ ձեռքերին հաղորդելո՜ւ չափ,
Եվ հեռու եղար՝
Սահմանից այն կողմ
Անիի կարմիր ավերակներից մեզ երեվացող
Մայր տաճարի՜ պես։
Դու տաք հո՜ղ եղար՝
Մեր պիրկ խոփերի տենչանքին հլու,
Մեր գգվանքներից ծլարձակող հո՜ղ,
Եվ միրաժ եղար
Կապույտ, անշոշափ ու անբռնելի,
Մենք՝ անվերջ հասնո՛ղ,
Իսկ դու՝ հեռացո՛ղ, անվերջ հեռացո՜ղ...
Հայաստա՛ն աշխարհ,
Դու այդպե՛ս եղար,
Եվ դրա համար մենք քեզ սիրեցինք
Ո՛չ հարազատի հանդարտիկ սիրով,
Այլ՝ սիրածի՛ պես, սիրահարի՜ պես.
Ցավո՛տ, ցավախա՜ռն
Երազով, լույսով, երգող տխրությամբ,
Մերթ խռովելով,
Մերթ հաշտվելով,
Քո գրկո՛ւմ անգամ՝ քեզ կարոտելո՛վ,
Քեզ կորցնելու ահից՝ տագնապա՛ծ,
Քեզ ունենալու խինդից՝ երջանի՜կ,
Եվ բախտիդ համար անվերջ, ամեն պահ մեռնել-ապրելո՜վ...
Հայաստա՜ն աշխարհ...



ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԱՉՔԵՐ

Ինձ չի տվել հողը հայոց
Հնոց գեղերը հայուհու,
Ոչ սեգ հասակ, ոչ հուր հայացք,
Ոչ հյուսքերի բոցեր հլու.
ՊարգԵվել է նա ինձ խորունկ
Զույգ մոխրագույն աչքեր միայն
Լցված մոխրով իրդարերի,
Խորքում՝ անթեղը ներշնչման...
Հայկական աչքեր
Ո՛ւր էլ լինենք, ինչ դեմքի վրա՝
Խորշոմած մի մոր, թե մանկան մի թուխ,
Հոգնած հարսների դեմքին արԵվհար,
Հայկակա՛ն աչքեր, գեղեցի՜կ եք դուք։
Դուք, տեսած այդքան լաց ու արհավիրք,
Ինչպե՞ս կարեցաք դարերից այն հին
Մնալ այսքան մե՜ղմ, այսքան գեղեցի՜կ,
Այսքան գեղեցի՛կ նայել աշխարհին...



ԱՐԵՎԻ ՍԵՐԸ

Ասում են ճերմակ լուսինն էլ մի օր
Աղջիկ էր ջահել - վարսքով ոսկևոր
Աղջիկ էր ջահել ու սիրով անհուն
Սիրում եր հուրհեր Արև պատանուն
Բայց դե Արևի սիրտը բարձրագահ
Գերված էր սիրով Երկիր-աղջկա,
Երկիր-աղջկա, որ կյանք էր անշեջ
Որ հզոր հողի բույր ուներ իր մեջ...
Մռայլվեց լուսնի ճակատը լուսե
Ու լույս մի գիշեր - արցունքը աչքին
Թողեց նա բյուրեղ դղյակն իր անգին
Եվ առած աստղանց զորքը անհամար,
Բռնեց տիեզերքի ճամփաներն անծայր
Որ գերի առնի Արև-սիրածին
Ու խլի Երկրի գրկից հողածին...
...Ու օրեր անցան, անցան տարիներ,
Ջահել լուսինը դարձավ ալեհեր,
Ոսկի մազերին ցուրտ ձմեռ իջավ
Դեմքը խորշոմեց, հայածքը շիջավ,
Բայց մինչև օրս էլ անքուն ու աննինջ -
Առած աստղերի շքախումբը ջինջ -
Մերժված կնոջ խանդով մոլեգին -
Դեռ հետևում է նա արեգակին...
Եվ երբ հուսահատ նա այգեբացին -
Հավաքած աստղանց զորքերը կրկին -
Գնում է նորից սերն ին փնտրելու
Անամպ տիեզերքի ծայրերում հեռու,-
Ելնում է Արև-տղան ամրակամ
Ու գրկում նորից Երկիր-աղջկան
Երկիր աղջկան, որ կյանք է անշեջ
Եվ հզոր հողի բույր ունի իր մեջ...



ԼՍԻ՛Ր, ՍԻՐԵԼԻՍ

Քեզ պիտի գաղտնիք բացեմ ես հիմա,
Ես կգամ քեզ մոտ -
Գուցե խենթացած սիրուց ու բախտից,
Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ,
Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի
Սևից ու ստից։
Սակայն իմացիր,
Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով.
Կգամ ինչպես կամ -
Սիրիր, ինչպես կամ -
Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր
Լուսապսակով,
Եղիր ինչպես կաս,
Սիրիր ինչպես կաս.
Քեզանից առաջ
Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս,
Դու եկար,
Եվ ես լցված եմ մի ծովի նման,
Բայց, աղաչում եմ,
Շողում խոսքերով ինձ մի ամոքիր,
Ատում եմ կեղծը -
Ինձ իսկականն է հարկավոր միայն։
Հրդեհ մի խաղա -
Եթե կրակդ մարել է իրավ.
Մի քաշվիր ցավից -
Խաբվելու ցավը ավելի է մեծ.
Ստից շնչահեղձ այս աշխաչի մեջ
Արի գոնե մենք չխաբենք իրար...



ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
(Լուսինե Զաքարյանի հիշատակին)

Խորանի առաջ, Աստվածամոր դեմ
Սպիտակ մի մոմ խոշոր ու վերձիք,
Սպիտակ մի մոմ կայծկլտում է մեղմ -
Սպիտակ հագած փխրուն մի աղջիկ։
Ու մոմի ծայրին՝ բոցի փոխարեն,
Լույսի փոխարեն ձա՜յն է թրթռում,
Հալհլող մոմից «Սուրբ-սուրբ» է ծորում,
Պահ առ պահ հատնում, այրում ինքն իրեն։
Դրսում զանգերն են ղողանջում տխուր,
Մայր Էջմիածնից մինչև Գանձասար.
Ծունկի է իջել ու խունկ է ծխում
Աղոթքով լցված մի հայ ներաշխարհ։
Տե՛ր, ընդունելի՛ արա մեր զոհը,
Տե՛ր, քե՜զ է մնում մեր բախտը ու մենք,
Վառե՜լ ենք քո դեմ մեր վերջին մոմը,
Դրանից մաքուր էլ ոչինչ չունենք...



ԴԱՐՁՅԱԼ ԺՈՂՈՎՐԴԻՍ

Ելնեմ, գնամ հեռո՜ւ, հեռո՜ւ,
Հեռվի՛ց նայեմ ու կարոտեմ,
Հեռու հեռվում ինքս նորի՛ց
Քեզ արարեմ ու կարոտեմ։
Շեն ու շքեղ աշխարհներում
Դեմս ելնես՝ խեղճ ու մաքուր,
Ետ գամ խոնարհ ու ծունկի՜ գամ
Ժայռերիդ դեմ ու կարոտեմ։



ԵՐԵԿՈ

Եվ գիտես, կգա, կիջնի երեկո,
Ու ցուրտ կլինի, կլինի մենակ,
Իսկ այրված կյանքիդ մոխիրները տաք
Ցրված կլինեն երկնքի ներքո։
Ս.Կապուտիկյան
Եվ ահա իջավ, իջավ երեկո,
ՈՒ մենակ եմ ես, հիրավի, մենակ.
Հեռու են ինձնից և որդի, և թոռ,
Իմ տագնապներին՝ անհաղորդ ու փակ։
Սակայն լցված է իմ տունն ու հոգին
Ծեր ու մանկանցով, ձայներով տարբեր,
Բազմություններ եմ զգում իմ կողքին,
Ինձ գրկող աչքեր, ինձ փարվող ձեռքեր...
Կին էի ծնվել՝ չդարձա՜ ես կին,
Մի կողմում մնաց բախտս կանացի,
Եվ ինչպես մարդու՝ սիրահարվեցի
Գգվանքի կարոտ իմ ժողովրդին։
Նրան տվեցի և երգ, և կրակ,
Ինձ օջախ դարձավ հայաշխարհ մի ողջ,
Եվ անթեղեցին ոգին նրա բորբ
Այրված իմ կյանքի մոխիրները տաք։
Հնչում են շուրջս օրհնանքի խոսքեր,
Ապավինումի շշնջումներ մաքուր.
Ո՛չ, չցրեցի ես կրակս՝ զուր
Զուր չվատնեցի շնորհներ ու սեր։



ՈՐ ԱՊՐԵՄ ԵՐԿԱՐ

Շնորհակալ եմ ձեր լավ խոսքերից.
Բարի, բարեսիրտ ձեր մաղթանքներից՝
Որ ապրեմ երկար, որ լինեմ առողջ,
Բախտս վայելեմ առոք ու փառոք,
Խուսափեմ ցրտից, հուզմունքից, վեճից
ՈՒ սրտիս մոտիկ չընդունե՜մ ոչինչ...
Ես համաձայն եմ, բայց, բարեկամներ,
Ես ինչպե՞ս մնամ պաղ ու անտարբեր,
Ինչպես անցնեմ ու չտեսնելու տամ
Կիսաքաղց ծերին, մուրացիկ մանկան,
Տեսնեմ վտանգը ու չ՛տագնապեմ,
Տեսնեմ կեղծիքը ու չ՛ծառանամ,
Տեսնեմ սադրանքը ու չզայրանամ,
Կտրեմ կյանքի հետ կապերս բոլոր,
Ի՛նչ է, թե ապրեմ ավելի երկար։
Զուր եք ինձ կարդում խրատ ու հորդոր,
Միայն ապրելը քիչ է ինձ համար։



ԳԾԱՆԿԱՐ

Կաթնագույն մի օր,
Լույսից ու մութից սերած, ծոցվորած
Մի վաղորդայնի
Ես իջա մորս գրկից
Ու ոտքս
Հայկական պարի վրա դրեցի,
Ու սկսեցի քայլել դեպի վեր
Հայկական պարի եզրագծերով։
Քայլեցի՝ այսպես,
Նախ տոտիկ-տոտիկ, թոթով քայլերով
Եվ ապա՝ ամուր,
Համառ, հաստատուն։
Քայլեցի նորից՝
Այս անգամ Մասսի եզրագծերով,
Մինչև որ հասա ճերմակ գագաթին։
Այստեղ կանգնեցի երկար, երկյուղած.
Աշխարհն էր շուրջս,
Եվ ժամանակը՝
Տարինե՜ր, դարե՜ր, հազարամյակնե՜ր։
Ես մեջս առա շուրջս ու հեռուն,
Առա աշխարհը և ժամանակը՝
Տարիներ, դարեր, հազարամյակներ
Եվ էջքի ճամփան բռնեցի հետո...
Հոգնած էի շատ,
Փոքր Մասիսը բարձրացա-իջա
Դժվար, երերուն,
Ծանր քայլերով։
Ու հիմա իջնում,
Իջնում եմ՝ ընդմիշտ անէանալու
Հարթավայրերում...
Տեսնես, մնացի՞ն ոտնահետքերս
Իմ անցած ճամփի
Եզրագծերին...



ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՐԲԱՌԸ

Ժայռի նմա՜ն է այս հին բարբառը,
Ժայռի պես կո՛շտ է, չըհըղկվա՛ծ.
ՈՒ ժայռի պես էլ կարծր է, համառ է,
Չի՜ պոկի նրան ոչ մի հարված.
Շուրթերի վրա այնպե՛ս է բառը,
Ինչպես որ ժա՜յռն է հողում խրված...



ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆԻՆ ԿԱՐԴԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Ո՞վ է տեսել, որ քարտեզը
Կոկորդ սեղմող մի ձեռք լինի,
Կապույտ-կանաչ-դեղին գույնը
Աչքիդ՝ կարմիր մի վերք լինի.
Ճշմարիտը ստիպումով
Հազար հանդերձ առնի վրան,
Սուտը՝ այսքա՛ն երեսպատռած,
Այսքան լկտի ու մե՛րկ լինի։
1881 թ.



* * *
Երբ «տասնըհինգ» են ասում,
Ես «թվական» եմ հիշում,
Երբ «լեռնային» են ասում,
Ես Ղարաբաղ եմ հիշում,
Մեջս իրենց հունն ունեն
Բառերն՝ ինձնից էլ թաքուն,
«Արդարություն» են ասում,
Ես որբ իմ Վա՜նն եմ հիշում...
1881թ.



ԵՐԵՎԱՆԻ ՀԻՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Մեր պանթեոնը փոքր է ու տխուր,
Իրար հավաքած մի քանի շիրիմ.
Օ, մեծ մահերով հարուստ ժողովուրդ,
Ո՞ւր են քո որդոց շիրիմները հին։
Դարեր՝ անոստան ու անհայրենիք,
Քո որդիներին մեծագործ ու զոհ
Ապրելիս՝ չեղա՜վ հայրենի տանիք,
Մեռնելիս՝ չեղա՜վ հայրենական հող.
Ու հիմա օտար շիրմատներում
Որբ ու մամռոտած հանգչում են նրանք,
Մեկը՝ Սենայի ափերին հեռու,
Մեկն՝ ամերիկյան խուլ երկնքի տակ.
Եվ քանի՜ մեծեր, օ, անլուր օրհաս,
Սրահար ընկան անապատի մեջ,
Շիրմի փոխարեն՝ տատասկ ու ավազ
Եվ ապրողներիս մորմո՜քը անվերջ...
Մեր պանթեո՜նը. նա խուռն ու անշուք
Աշխարհովը մեկ փռված է լռին.
Օրհնա՜նք ու արցունք, օրհնա՜նք ու արցունք
Հեռո՜ւ, հեռավոր մեր շիրիմներին...
1957թ.



ԵՐԳ ՄԵՐ ՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Սև են եղել ու մութ մեր շենքերը դարեր։
Մեր վանքերը խոհուն, տաճարները համակ,
Օ՜, սևագո՜ւյն քարեր, օ՜ սևավո՜ր քարեր.
Սուգերով լի քարեր ու սևաքանդակ։
Ավերների միջին, արյունների միջին,
Երբ կերտել ենք համառ ու փնտրել ձեզ,
Դուք եք եղել թարգման մեր սևակնած սրտին.
Դուք եք եղել հարմար բախտին մեր սև։
Օ, խաչքարեր տխուր՝ շիրիմներին քաշված
Դուք ծնկաչոք հայի աղոթքներից մաշված,
Դուք մումերի մրից սև՜ կրկնակի։
Մինչ խորքերում հողի քարեր կային վառման,
Քարեր կային զվարթ, հազարագույն,
Մոզիրներում թաղված անթեղների նման,
Սրտերի մեջ փակված հույսի հանգույն...
Օ՜, ծիրանի՜ քարեր, է՛, վարդագո՜ւյն քարեր,
Յասքամանի՜ քարեր, ծաղիկների,
Դուք՝ խնդություն, պահված հողերի տակ դարեր,
Դուք՝ գետնի տակ սանձած կար՜տ կյանքի,
Դուրս եք հորդել հիմա մեր դարավոր սրտից,
ճեղքած մռայլը հին՝ եղել եք վեր,
Սյուն-սյուն շատրվանել հողի խորունկ շերտից.
Կամար- կամար շուքով ծիածանվել
Ծաղիկների՜ գույնի, ծաղիկների՜ նման,
Բարի ժպտում եք դուք լույսի՛ն, մարդո՛ւն,
Ո՞ր հողի տակ ուրիշ կյանք ու գույն կա այսքան
Դարերը հուն չգտած ուրախություն։
Հավատում եմ հոգով բախտին ժողովրդիս,
Նրա աստղը պիտի պայծառ փայլի այսպես,
Այնքան խորո՜ւնկ նա նրա խինդը հորդի,
Որ դուք իսպառ ելնեք արևերես։
Որ դուք ձեր քարակոփ հայերենով անմեռ,
Լլիվր ձայնո՛վ հաստեք հավերժը մեր կյանքի.
Օ՜, ծիրանի՜ քարեր, է՛, վարդագո՜ւյն քարեր,
Յասամանի քարեր, ձնծաղիկի...



ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

Թե իմանայիր,
Ինչ խռովահույզ ճամփաներով եմ տարել իմ սերը,
Երբ թվացել է` մարել են դարձիդ բոլոր հույսերը,
Խարխափել եմ ես անհայտության մեջ կեսգիշերային,
Բայց վար չեմ նետել իմ սրտի բեռը։
Իմ ամեն քայլին
Նոր գայթակղության առու է եղել,
Շամպայնի նման խշշացող, կանչող, արբեցնող առու,
Բայց ես թեքել եմ, թեքել եմ ճամփաս ու փախել հեռու։
Սիրել եմ նետել խոսքեր երկսայրի,
Որ դիմացինին շփոթեցրել են, մտքերը շեղել,
Բայց և նույն պահին բեկել եմ, փոխել
Աչքերիս կանաչ ազդալույսերը սթափ կարմիրի
Եվ փակել բոլոր ճանապարհները։
Հավաքույթներում ամենից զնգուն ես եմ ծիծաղել
Ու երջանկության ծփանք են կարծել իմ երգն ու ձայնը.
Բայց երբ գիշերը
Ուղեկցողներիս մնաս բարով եմ ասել խնդադեմ
Ու տուն մտնելով` շրջել եմ դանդաղ դռան փականը,
Նույն բանալիով փակել եմ դրսի աշխարհը իմ դեմ
Ու խոր հանձնվել իմ կարոտներին, իմ մենությանը։

Քայլել եմ կյանքում մենակ ու համառ,
Հասնելու հույսով քայլել եմ նորից,
Թեև անհայտ է եղել կայանը…
Մի ժպտա այդպես.
Հավատարիմ եմ մնացել ես ինձ,
Իմ հոգու լույսին, իմ էությանը,
Ինձ և ոչ թե քեզ…



* * *
Սիրտ իմ նորից քեզ գցել եմ կրակի մեջ։
Նորից խենթս, քեզ սնել եմ պատրանքներով,
Քեզ թեժացրել սիրո խինդ ու խայտանքներով,
Քեզ հաղորդել խոսքեր, խոհեր, խորհուրդներ մեծ,
Որ երևի նա չէր ասել։
Այդ ես էի միայն լսել,
Այդ ես, այդ ես էի հյուսել,
Սարդի նման`ինքս իմ հոգուց, իմ թևերից,
Ամենանուրբ իմ թելերից,
Իմ երազի դեռ չսպառված ծաղկեփոշուց`
Ոստայն մի սուտ
Ու քեզ առել այդ ոսկեղեն ոստայնի մեջ,
Նուրբ օրորել այդ մոլորուն օրորոցում…

Սիրտ իմ ներիր չխրատվող քո տիրուհուն
Այս անգամ էլ։
Այս անգամ էլ քանդիր պատրանքը արբեցնող,
Մկաններդ պրկիր նորից
Ու դուրս մղիր քո խորշերից
Խուլ նվացող արյունն այս դառն ու խռոված,
Անոթներիդ մեջ խցանված կարոտն այս գաղջ
Դուրս հորդեցրու…

Եվ առ քո մեջ օդը դրսի,
Առաջնաստեղծ մաքրությունը արշալույսի,
Ճամփաների բուժական շունչը եզակի,
Մանուկների ծիծաղն`հարուստ թթվածինով,
Եվ ամոքիչ կենսահյութը անանձնական երազանքի։
Ներս առ, խառնիր քո հյուսվածքին այս ամենը
Ու նորոգվիր.
Ու նորոգիր այս անգամ էլ
Չխրատվող քո տիրուհուն։

Իմ միամիտ, իմ իմաստուն…



Մի՛ մռայլվիր...

Մի՛ մռայլվիր ի՛մ սիրելի,
Թե հոգնել ես, էլ մի՛ մնա.
Թե գերում են քեզ աշխարհի հեռուները,
Այնտե՛ղ մնա։
Թե դաշտերին ես կարոտել,
Էլ մի՛ փակվիր դու իմ հովտում,
Թե լեռներն են հեռվից դյութել,
Մի՜ թախծիր այս ստորոտում։
Թե աչքեր կան աչքերիդ մեջ.
Էլ ինձ նայել զուր մի՛ ջանա.
Գնա՛, ու թե սերդ է անշեջ,
Դու ե՛տ կգաս, չե՛ս մոռանա...
Գիտե արդեն իմ լուռ հոգին՝
Նրա համար է աշխարհում
Վանդակը միշտ վանում թռչնին,
Որ դռները փա՛կ են պահում...



* * *
Մեզ չի միացնում այլևս ներկան.
Գալիքն ավելի կնետի հեռու.
Անցյալն է մերը։
Մեր հոգիներում հիշատակների Զվարթնոցներ կան,
Եվ մենք լավ գիտենք`անհնարին է վերականգնելը։
Միայն կարենանք անփույթ մի խոսքով,
Մի մութ արարքով
Չեղծել, չաղարտել սուրբ խոյակները,
Նրանց պահպանել միայն կարենանք,
Որ եթե այցի գնանք անցյալին,
Լուռ ծնրադրելու քարեր ունենանք...



* * *
Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս,
Դու մի կարծիր պաղ եմ այսպես ու գոռոզ,
Սիրտս շատ է լցված եղել վերքերով,
Սպիներից է կարծրացել, սիրելիս։

Հոգնել եմ ես ցավոտ, դավոտ սերերից,
Ամենքի դեմ սիրտս բացած, աչքս` փակ,
Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ,
Իսկ ես, ավաղ. սիրտ եմ կարծել, սիրելիս։

Հոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ,
Մանկան նման` ծնկիդ գլուխս դրած,
Ինձ խնայիր ու գուրգուրա ինձ վրա,
Ժամս է արդեն իրիկնացել, սիրելիս...



Սպասումի պահեր

Արդեն գիշեր է, ուշ գիշեր փողոցներում,
Ու դու չեկար. սիրտս փողոց է ամայի
Միայն հեռվից լռություննեն կտցահարում
Ոտնաձայները ուշացած անցորդների։
Հոգիս դեռ հույսն է ամոքում. թվում է, որ
Հեռվում ծնվող ոտնաձայները անցորդի
Դանադաղում են լուսամուտիս մոտենալով
Եվ թվում է, ահա կանգնեն, կանգնեն պիտի...
Բայց հեռանում են, հեռանում նորից նրանք`
Տագնապներիս այնպես օտար և անհաղորդ,
Տրորում է սիրտս ասես իր ոտքի տակ
Լուսամուտիս տակով անցնող ամեն անցորդ...



ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ,
Ես ի՞նչ ասեմ և Ձեր, և՛ իմ թարս բախտին,
Դուրս եմ գալիս ես պատշգամբ և ահա
Աչքս իսկույն դեմ է առնում պարսպին։
Այս տանն ապրել, սակայն չեմ էլ նկատել,
Որ իմ կողքին մեր Խորհուրդն էր Գերագույն,
Գերագույնին ոչ սիրել եմ, ոչ ատել,
Անտես, անշուք մի պատ էր մեր արանքում։
Հիմա... Հիմա Ձեր նստավայրն է շքեղ,
Դուք նախագահ մեր դեմոկրա՜տ պետության,
Ամեն անգամ, երբ ժամանում եք այստեղ՝
Խառնվում են ազդալույս ու ոստիկան։
Դատարկվում է մեր հին նրբանցքը իսկույն,
Դուք եք անցնում ավտոների շիք շարքով.
Մոտ աղբարկղի մուրացկանը ընկրկում,
Կանգնում ու Ձեզ ուղեկցո՜ւմ է հայացքով...
Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ,
Բայց դեռ հնուց իմաստուններն են ասում՝
Ի՛նչ էլ անենք, ահաբեկիչը կգա՝
Նա մեր մեջն է, մեր հոգում է, մեր ներսում։
Բարձրացնում եք Ձեր պարիսպը... Նույն պահին
Մարդն է, մա՛րդը աղբի արկղը քջջում։
Նայում եմ ես այս անանուն պատկերին,
Եվ Ձե՜զ համար, և ի՜նձ համար ամաչում...



Ապստամբություն

Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում,
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար,
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում,
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:

Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար,
Առաջնորդներ չնչին ու կեսկատար,
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար,
Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:

Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված,
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք,
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:

Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
Արյուն էին տվել, կյանք ու որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ,
Հանուն պատվի, պարտքի եկավ հրապարակ,
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան
Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…

Օ՜ , խաղատուն դարձած հայրենական մեր տուն,
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան,
Կախաղանի սյունից կախված անկախություն,
Մեր լույս երազների խավարակուռ պատյան:

Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ,
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք,
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ,
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:

Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի հասա,
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում,
Իսկ թե - անեծք վերին - մնաք ինձնից երկար,
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…




ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
(1922-1996)


ԿՐԿՆՎՈՂ ԵՐԱԶ

Պարույր Սևակին

Դու, որ կյանքում երբևէ չէիր կրկնում ինքդ քեզ,
Հիմա անվերջ կրկնվող իմ երազն ես դու դարձել,
Գալիս ու նույնն ես ասում` թե այն օրը պարզապես
Ուշաթափված էիր դու, իսկ մենք մեռած ենք կարծել:

Թե քունքիդ վերքը փոքրիկ վաղուց արդեն լավացել,
Սպիացել է վաղուց ու չի ծորում էլ արյուն...
Հետո ուզում ես ասես ինչ-որ գաղտնիք ինձ բացել,
Սակայն մարդիկ են խուժում, աղմկում ու խանգարում:
------------------------------------
Մեր հանդիպումը վերջին իմ այրվող ցավն է դարձել.
Դեմքիդ լույս կար մի խաղաղ, համակերպում կար մի մեծ,
Ուզում էիր դու ասես ինչ-որ գաղտնիք ինձ բացել,
Սակայն մարդիկ խուժեցին, Ու շրթունքդ կարկամեց:

Շշնջացիր ինձ` «Հետո»...
Իսկ «Հետոն» ծուխ էր ու շանթ,
«Հետոն» կայծակ էր մի սև, «Հետոն» վերքն էր քո քունքի,
«Հետո» կանգնել էի ես դագաղի մոտ քո դաժան,
Դամբանկանս խառնած իմ կաթկթող արցունքին...
-----------------------------------
Այս առավոտ կոպերիս նորից ցողն է արցունքի,
Եկել էիր դու նորից իմ թուխ, իմ խենթ, իմ անսանձ...
Եվ նորից սերտս է ցավում, որպես վերքը քո քունքի,
Եվ նորից սիրտս է մխում, որպես գաղտնիքն այն չասված...



* * *
Առավել լավ է բնությունը շան,
Քան բնությունը հիմար ոչխարի,
Մեզ պետք չեն վանքեր,
Պետք չէ վանական,
Աշխարհն է մարդու, վանքն անապական,
Մի՞թե տերն ինքը մեզ չի մկրտում
Իր Աստվածային շնչով անարատ,
Մի՞թե ամեն օր մենք չենք հաղորդվում
Աստծո սիրով ու լույսով առատ,
Մի՞թե կյանքը մեր,
Տառապանքը մեր
Մի սրբանվեր զոհ չե Աստծուն...
Էլ ինչո՞ւ են պետք վանքերն այդ փծուն,
Թող ազատ հոգին որտեղ կամենա,
Այնտեղ աղոթի,
Միґ դնեք կապանք մեր հոգու վրա,
Մեր ձեռն ու ոտի,
Աստված ազատ է ստեղծել մարդուն,
Էլ ինչո՞ւ իշխան եվ ինչո՞ւ ռամիկ,
Նա բաշխել է մեզ լույսն իր զվարթուն,
Այս հողն, այս ջուրը, ամենայն բարիք,
Բայց խլել եք դուք աշխարհն այս պայծառ
Եվ խաբում եք մեզ կյանքով հանդերձյալ:
Ոґչ կյանքն այստեղ է, այս արեվի տակ,
Եվ մահից հետո չկա այլ մի կյանք:
Դուք մեզ երկիրն այս տվեք կենարար,
Ու թող ձեզ լինի դրախտ ու եդեմ...


* * *
Բայց դու իզուր ես ժամանել տիկին,
Ես չեմ ցանկանում ճորտի անունով
Փրկել իմ հոգին...
Ես ճորտ չեմ, օ, ոչ:
Ես ազատությունն ինքն եմ մարմնացած,
Ազատությունը՝ շղթայի զարկված,
Ազատությունը՝ որ մեռնում է միշտ
Մեռնում է նորից հարություն առնում,
Հառնում, տառապում, ոգորում ըմբոստ
Ու նորից մեռնում:
Ու ես կը մեռնեմ, կը մեռնեմ խաղաղ.
Զի սերմանել եմ իմ սերմը արդեն,
Որոնք մայր հողում մի օր կը պայթեն,
Ու վեր կընձյուղեն
Ու կելնեն ի լույս,
Ցորյանի հատը կը լինի մասուր,,
Ու գարին՝ ընկույզ...
Չի լինի իշխան,
Ու չի լինի ճորտ,
Մարդը կը դառնա արդար ու բարի,
Եվ ազատություն կը լինի այնժամ,
Ի մեջն աշխարհի:



ԱՍՈՒՄ ԵՆ ՀԻՆ ՎԵՐՔՆ ՀԱՃԱԽ Է ՑԱՎՈՒՄ...

Ասում են հին վերքն հաճախ է ցավում,
Երբ եղանակը ամպոտ է ու վատ...
Բայց գարունն այսօր այնպես է արևում,
Փռում է լույսի հրճվանքն անարատ:

Ծիծառներն այնպես հարբա՜ծ են թևում,
Այնպե՜ս է շիկնել ծաղկած դեղձենին,
Որ ես չգիտեմ, ինչո՞ւ է նվում
Սիրտն իմ, որի մեջ բեկոր կա մի հին:

...Ե՞րբ է գարունն այս դառնալու ամառ,
Որ խաղաղ զարկի սիրտն իմ խենթացած,
Վա՜տ եղանակ է սա սրտի համար,
Ուր հին բեկոր կա սիրուց մնացած:



ՈՒ ԵՍ ԳԻՏԵՄ

Ու ես գիտեմ,
Պիտի անվերջ
Կանչես այդպես ու հեռանաս,
Պիտի անվերջ թվաս մոտիկ,
Բայց և հավետ լինես անհաս,
Լինես ծարավ
Ու ոգու քաղց,
Տագնապի պես ինձ հետ թևես,
Մերթ ինձ այրես պիտի տենդով
Ու մերթ վրաս լուռ անձրևես...
Պիտի անվերջ
Քո կարոտի
Հրաշք հավքը վրաս հսկի
Ու թևերից իր կապուտակ
Պիտի մաղի ցավ ու կսկիծ...
Ու ես քայլեմ պիտի անվերջ
Գլխապտույտ վիհի ափով,
Հարբած լույսով,
Մութով հարբած,
Հարբած սիրով ու տագնապով...
Կարոտներով ու ցավերով
Ճանապարհս պիտի ցողեմ,
Բայց և հավետ,
Բայց և հավետ
Օրհնանքներով քեզ ողողեմ...



ԵՐԱԶԻՍ ՄԵՋ ԱՅՍՕՐ

Երազիս մեջ այսօր քեզ հետ էի նորից,
Նորից քեզ հետ էի, իմ հեռավոր...
Մենք բարձրանում էինք անձրևաթաց ձորից,
Թրջված, ցողաթաթաղ ու բախտավոր:

Դու նույն աղջիկն էիր, այնպես նուրբ ու բարակ,
Անսեթևեթ այնպես, այնպես բարի,
Դու նույն աղջիկն էիր՝ մազերդ հյուս արած,
Ամենալավ աղջիկն այս աշխարհի

Դեռ հողմը չէր անցել սիրո դաշտով պայծառ
ՈՒ չեր տարել իր հետ ոչ մի ծաղիկ,
Դեռ անծանոթ էիր դու խաղերին քո չար,
Ես անծանոթ էի խանդի ցավին:

Շուրջը ծաղկած ծառերն անուշ բուրում էին,
Երկնքի մեջ կապույտ՝ և ոչ մի ամպ,
Ես քեզ շոյում էի, քեզ համբուրում էի
ՈՒխտավորի սիրով ու սրբությամբ:

ՈՒրախ լալիս էին առուները հորդած,
Արևի տակ պայծառ՝ հողն էր մխում...
... Ես արթնացա քնից՝ դրսում աշուն էր թաց,
ՈՒ անձրևն էր լալիս մեղմ ու տխուր...



ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Ցավն իմ տաք է դեռ, ու գիտեմ,
Որ կսկիծն այրող հետո պիտի գա...
Ես դուրս եմ գալիս,
Աշխարհի բոլոր ճանապարհները փռված են իմ դեմ,
Լոկ քեզ մոտ գալու ճանապարհ չկա:
Ցավն իմ տաք է դեռ,
ՈՒ ես ափիս մեջ
Կարողանում եմ դեռ սեղմած պահել
Իմ ճեղքված սրտի երկու կեսերը:
...Ո՛չ, դու չիմացար, թե իմ բախտի մեջ
Ինչ էր քո սերը,
Չիմացար, հոգիս, որ քո հայտնության հրաշքից հետո,
Ես հաճախ էի բռնում ինքս ինձ
Քարը,
Կանաչը,
Հողը շոյելիս,
Փողոցով անցնող զույգերի առաջ
Իմ գորովանքի քողը փռելիս,
Աստղի դեմ,
Ծաղկի,
Տիեզերքի դեմ
Հիացմունքի մեջ անզոր լռելիս:
...իշերներն ի լույս,
Դու և երազս քույրերի նման
Ձեր գլուխները նույն բարձին դրած,
Նույն բարձին փռած վարսերը ձեր բոց,
Զրուցում էիք կիսաքնի մեջ
Ու երջանկության առասպելներից պատմում մեկմեկու...

Եվ լուսաբացին,
Երբ զարթնում էի ու ելնում փողոց,
Ձեր զրույցն էր դեռ իմ ականջներում,
Ու ժպտում էի ես մռայլ մարդկանց,
Ու ժպտում էի մառախուղի մեջ կորած արևին:
Իսկ երբ այս հորդուն, վարար մայթերով
Ես քայլում էի քեզ հետ, սիրելիս,
Ինձ թվոմ էր, թե քայլում է ինձ հետ
Հպարտությունս և ինքնությունս,
Թե ինչ-որ դաժան հողմերից խլված
Միակ քնքշանքն է իմ կողքին քայլում:
Եվ հիմա չկաս.
Քայլում եմ մենակ,
Ինքս իմ ձեռքով սիրտս եմ փայփայում,
Շոյում եմ նրան որպես որբ մանկան
Ու որպես հավքի, որ վիրավոր է:
Քայլում եմ մենակ:
Իրիկնամուտը արևավոր է,
Լեռներն են վառվում,
Ասես լեռներում տոն է կիրակի,
Հեթանոսական ինչ-որ մի հանդես:



* * *
Ես չգիտեմ...
Ես չգիտեմ, ի՞նչ ես շահում
Քո քմահաճ խաղից,
Բայց ես՝ մի ողջ պատանություն
Ու մի մաքուր թախիծ:
Գուցե հրճվում ես դու թաքուն,
Որ հանգիստս տարար,
Իսկ ես աչքերս եմ լուռ փակում
Ու իմն է լույսն արար:
Գուցե շոյում է քեզ սրտիս
Շփոթմունքը վրդով,
Իսկ ես հարուստ եմ սիրելիս,
Իմ շփոթված սրտով:
Գուցե դու չար սատանությամբ
ծիցաղում ես, խաբում,
Իսկ ես գտած պատանության
Երկինքներն եմ չափում:
Բայց սիրելիս, ինչ էլ լինի,
Եթե խաբես անգամ,
Շնորհակալ եմ քեզանից
Հարյուր, հազար անգամ:



ԶԱՐԹՆԵԼ ԵՆ ՆՈՐԻՑ ՏԱՐԻՆԵՐՆ ԱՆՑԱԾ

Զարթնել են նորից տարիներն անցած
Եվ աղմկում են, որպես խենթ հեղեղ,
Աղմկում որպես գետակն այն պայծառ,
Որ իմ մանկության ընկերն է եղել։
Ու կարծես իմ դեմ նորից երամով
Աղավնիներն են պոկվում քարափից,
Կրակ է թափում երկինքը այն մով,
Ու հևում է օդն ամառվա տապից։
Քարոտ մի կածան ձորի լանջերից
Կախվում էր մինչև գետակը կապույտ,
Վազում էինք մենք, ու մեր կանչերից
Զրնգում էին անձավները մութ։
Ահա և գետը... Մի քանի վայրկյան՝
Ու ճողփում էր նա մեր թևերի տակ,
Մեզ հետ լողում էր արևը ամռան
Ալիքների մեջ զով ու կապուտակ։
Հետո հագեցած ջրի զով շնչից,
Մենք պառկում էինք ափի ավազին,
Վերում երկինքն էր կապուտակ ու ջինջ՝
Նման մեր պայծառ, պայծառ երազին...
Երկինքը... Նա մեզ թևեր պարգևում
Ու կարծես կանչում, տանում էր վերև,
Եվ թվում էր, թե արար աշխարհում
Միայն կապույտ կա ու միայն արև։
Ու թվում էր, թե աշխարհը արար
Հյուսված է միայն երգից ու խաղից,
Հյուսված արևի շողերից վարար
Ու բաց երկնքի կապույտ ծիծաղից։



ԵՍ ՀԱՇՏ ԷԻ ԱՊՐՈՒՄ ԻՄ ԲԱԽՏԻ ՀԵՏ...

Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ
Ու տարբերում հստակ չարն ու բարին,
Բայց դու ինչո՞ւ եկար, իմ սեթևեթ,
Ու կանգնեցիր սիրուս ճանապարհին:
Ինչո՞ւ եկար, որ ես ոչինչ, ոչինչ
Չհասկանամ նորից պատանու պես,
Ոչ հայացքները քո խրթին ու ջինջ,
Ոչ հմայքները քո և չար և հեզ:
Ինչո՞ւ եկար, որ ես երազանքիս
Շքեղ գաղտնարանը նորից բանամ,
Ծիածաններ, գույներ հանեմ անգին,
Քեզ զարդարեմ ու լուռ սքանչանամ:
Որ քեզ հանեմ լուսե մի բարձունքի
Ու կերպարանքը քո լույսով ցողեմ,
Մաքրության մեջ վճիտ իմ արցունքի
Ամբողջ քո հասակը արտացոլեմ:
Եվ որ հետո, հետո բերեմ քեզ վար
Իբրև իմ իսկ ձեռքով կերտված բագին...
Ես հաշտ էի ապրում, ինչո՞ւ եկար
Ինձ մատնելու այս հին տառապանքին:



ԺԱՄՆ Է ԱՐԴԵՆ...

Ժամն է արդեն, սիրելիս, եկ բաժանվենք մենք անձայն,
Ամեն մեկս մեր բախտին ու կորստին մեր հլու...
Ամառային խելահեղ այն ամպրոպները անցան,
Սիրտս խաղաղ է հիմա և ուժ ունի ներելու:
Աշնան հավքերը չվել, կարկաչել են երկնքով,
Եվ հոգնաբեկ ծառերից քամին տերև է տանում,
Համբուրելով է տանում ու տանում է քնքշանքով
Ու տանում է նա այնպես, ասես շնորհ է անում:
Այս կարոտի ցավի հետ ես մտերիմ եմ վաղուց,
Ծանոթ ու լավ եմ ծանոթ, աշնան քամու արածին...
Ինչ տխո՛ւր է, երբ բարակ, անգույն անձրև է մաղում,
Երբ խանդի շանթը չկա, ու ներում են սիրածին...