9.3.12

Վազգեն Օվյանի ժամանակը


Հունվարի 6-ին լրացավ Վազգեն Օվյանի 80-ամյակը: Երկրային կյանքը սպառվել է ուղիղ քառորդ դար առաջ: Օր կենդանության նա ճանաչված էր որպես քնարական բանաստեղծ, «մանրաքանդակ» արձակագիր և երգիծաբան. գրում էր պատմվածքներ, ֆելիետոններ, գրախոսություններ, վարում ռադիոյի «Մախաթ» հաղորդումը, հնգամյակը մեկ տպագրում հերթական գիրքը:

Հետմահու տպագրվեցին «Ղարաբաղի արծիվը» պատմավեպը, վիպակների մի ամբողջ շարք, բանաստեղծություններ, երգիծական պոեմներ, պամֆլետներ: Այդ ամենը տարիներ շարունակ «ննջել է» թղթապանակներում: Արցախյան շարժումը հնարավոր դարձրեց, որ Վազգեն Օվյան գրողի և ընթերցողի իսկական հանդիպումը կայանա, երբ նա արդեն կնքել էր մահկանացուն:
Ինձնից չէ, որ նկատվել է, տարիներ առաջ լրագրող-հրապարակախոս Գեղամ Բաղդասարյանն է դիպուկ արձանագրել, թե Վազգեն Օվյանն Արցախում միակ գրողն է, որ խորհրդային ժամանակներում գրում էր՝ չմտածելով, որ գրաքննությունը կարգելի դրանց լույսընծայումը: Ցավոք՝ այդպես է:

Հոբելյանի առթիվ խոսքի շեշտադրումները, որպես կանոն, թելադրված են լինում հավուրպատշաճությամբ: Ես ուզում եմ ավանդույթը խախտել: Ինձ ավելի կարևոր է թվում գրողի բուն վաստակի արժեվորումը, քան նրա հասցեին հուզական գնահատականների շռայլումներ, ինչը, ցավոք, անցած տասնամյակում բազմիցս թույլ են տվել և շարունակում են նրա երկրպագուները:

Չեմ զորում ընդհանրական հայացքի բերել Վազգեն Օվյանի գրական ողջ ժառանգությունը: Կաշխատեմ ուրվագծել գրողի «հոգու դիալեկտիկան»՝ քնարականությունից մինչև գեղարվեստաքաղաքական ընդդիմություն: Դա է հուշում, առանձնապես:
«Կապույտ տարիներ» վիպակը զուտ քնարական պատում է, «Սինգարա սարի կաղնին»՝ բազմաշերտ հարցադրումներով շնչող սոցիալ-քաղաքական ժամանակագրություն: Միջակայքը իրականության հանդեպ գրողի վերապահ վերաբերմունքն է, որ ծնում է երգիծական հերոսների մի ամբողջ շարք: Սա այն է, ինչ ասվում էր. «Մեր կյանքում դեռևս կան արատավոր երևույթներ»: Խոսքս նշված միջակայքի մասին է, որի սկիզբը «Կապույտ տարիներ»-ի հախուռն ռոմանտիզմն է:

Դա Հայրենական մեծ պատերազմը կիսասով-կիսամերկ, տաժանալի սպասումներով անցկացրած սերնդի «բարձունքները գրավելու»՝ կյանքում ինքնահաստատվելու, այդ կերպ՝ կորցրած մանկության, որբության և զրկանքների համար «վրեժխնդիր լինելու» ոչնչով չպաշտպանված, բայց օբյեկտիվորեն բնական մղումն է, որ Վազգեն Օվյանը գեղարվեստականացրել է մաքուր սիրո, տղայական հավատարմության, սոցիալական համերաշխության և արդարության հաղթանակի մանրապատումներով՝ առանցքում ունենալով գյուղական համայնքի հավաքական վարքի իդեալականացված հանգանակը:
Կյանքն, այնինչ, իրենը վերցնում է: Իրականությունը մամլիչի ծանրությամբ իջնում է ռոմանտիկ իդեալի վրա, և շատ բան ավերվում է: «Մի՞թե ամեն ինչ միայն երևակայության մեջ էր գեղեցիկ»,- հարցադրումը գրողին վերադարձնում է մանկության երազների աշխարհ, և նրա հայացքի տակ անցյալը վերագտնում է այն կերպը, որ ունեցել է. հայրը ռազմաճակատից վերադարձել է՝ ոտքից վիրավոր, տատն ուղարկել է՝ հարևանի տնից երկու հաց «փոխ բերի», սեղանին մի շիշ թթօղի է, կաղամբի թթու և... խաշած հավ:

Բայց ընտանիքը, հարևանները սեղանին մոտ չեն գնում: Սպասում են ինչ-որ մեկին: Այդ ինչ-որ մեկը գյուղխորհրդի նախագահ Սիմոնն է, որ գալիս և... հաշմանդամ մարդուց նախ փաստաթուղթ է պահանջում, հետո՝ հարցաքննում՝ որտե՞ղ է կռվել, ի՞նչ զորամասում, ի՞նչ հանգամանքներում վիրավորվել, ինչո՞ւ հատկապես՝ ոտքից: Ապա սեղան է նստում, ուտում խաշած հավը, օղին խմում, իսկ հաջորդ օրը հորը կանչում են գրասենյակ: Գյուղխորհրդի նախագահը հայտնել էր ում որ պետք է, որ «Գարեգինը դասալիք է»:

Պատումն, իհարկե, ավարտվում է «բարու հաղթանակով». վերաքննիչը նույնպես եղել է ռազմաճակատում, ձեռքն այնտեղ է կորցրել և այլն: Բայց Վազգեն Օվյանը գյուղխորհրդի նախագահի հարցը պարզունակորեն չի լուծում: Գեղարվեստական համատեքստը նրան պարտադրում է Սիմոնին թողնել իր պաշտոնում, որպեսզի վերաքննիչի արդարամտությունն ընթերցողին պատկերվի բացառություն, «սիմոնականությունը»՝ օրինաչափ:

Եւ դա գրողի երևակայությունը չէ. թիկունքային «առնետներ» ամեն պատերազմում էլ եղել են, կլինեն: Ինչպես նաև՝ «մյունհաուզեն»-ներ: Գյուղխորհդի նախագահ Սիմոն Ամիրյանը, մինչդեռ, մարմնավորում է խորհրդային իշխանության ռեպրեսիվ էությունը՝ ստալինականությունն իր ողջ այլանդակությամբ և մարդատյացությամբ:

«Կապույտ տարիներ»-ի երազկոտ պատանին, այսպիսով, ներհայեցողականությամբ պսակազերծված է տեսնում գյուղական կյանքի հովվերգությունը: Վազգեն Օվյանի արձակի տարածք է խուժում սոցիալ-քաղաքական դրաման: Նա ստեղծում է քարաշենցի Արշակի՝ հավերժ ընդդիմախոսի և սակայն միշտ պարտվողի, կորցնողի կերպարը: Խորհրդանշանական է «Սինգարա սարի կաղնին» վիպակի սկիզբը. մարդը փորձում է հատել դարավոր ծառը, մի քանի հարվածից կացինը բթանում է, ասես պողպատի է բախվել:
Նույն պատկերով էլ վիպակն ավարտվում է: Այլաբանական-միֆոլոգիականության միտվող մուտքի և «վարագույրի» միջև է ձգվում Արշակի ընդդիմախոսությունը բոլոր «սիմոնամիրյանների» հետ՝ գրեթե մի ողջ կյանք: Գրոտեսկային է, մանավանդ, Արշակի «մեղքերի» թվարկումը՝ դեմ է եղել գյուղի կոլեկտիվացմանը, անգրագիտության վերացումը ծաղրել է, 1940 թ. մարտի 8-ին չարամտորեն խանգարել է կանանց միջազգային օրվան նվիրված համագյուղական միջոցառումը, բողոքել է կոլխոզների խոշորացման դեմ,- որով հեղինակը ծաղրանկարել է խորհրդային իրականությունը:

Սոցիալական ժամանակն, այսպիսով, Վազգեն Օվյանի արձակում վայրընթաց է շարժվում՝ երազանքների փլուզում, աշխատանքի և կառավարման համակարգի խուլ հակամարտություն, բարքերի այլանդակում, ի վերջո՝ քաղաքացիական բախումների գրեթե ստույգ մատնանշում, որ ամբողջության մեջ գեղարվեստական դատավճիռ է իրականության հանդեպ:

Ես հատկապես ուզում եմ ընդգծել, որ միջավայրի հանդեպ Վազգեն Օվյանի հայացքն, ի տարբերություն նույն տարիների այլ հեղինակների, ընտրովի մերժողական չէ, այլ՝ համընդգրկուն: Ոչ թե «առանձին թերություններ» և «մասնակի անհաջողություններ», այլ՝ համատարած խաբեություն՝ վերից մինչև գյուղական «իշխանիկներ»: Սուր է հատկապես խորհրդային մամուլի, քարոզչության բառացիորեն վարձահրավիրվածության պատկերը:
Գրողն իր «բարձր լարման դաշտ» է բերել նաև ազգային խնդիրներ: Զարմանալի է, բայց՝ փաստ, որ Վազգեն Օվյանի արձակի համատեքստում Արցախի կախվածության պատմաքաղաքական երևույթը մի շատ համարձակ երևակայությամբ որպես իր ժամանակի իրողություն անտեսված է: Նրա հերոսները «մինիստրության աշխատակիցներ» են, նկարագրածը՝ մայրաքաղաք, որտեղ մարդիկ սիմֆոնիկ համերգի են գնում, օպերա լսում, բոլոր պաշտոնյաները, անկախ նրանց նկատմամբ հեղինակի քաղաքացիական վերաբերմունքից, հայեր են:

Իրականության հանդեպ, կարծես, Վազգեն Օվյանը գրողորեն մեղանչում է: Բայց, կարծում եմ, հենց դա էլ նրա արդարացիության ամենաճիշտ վկայությունն է. գրողը կանխազգացել է Արցախի ապագա ինքնիշխանությունը: Առնվազը՝ գեղարվեստորեն: Այդ իսկ պատճառով իր հեղինակային ժամանակից վտարել է «Ղարաբաղի ինքնավարությունը»՝ իրեն բնորոշ ատրիբուտներով:

Մնացածն իմ չէ, մասնագիտական լուրջ պատրաստվածության տեր գրականագետի, գրականության պատմաբանի խնդիրն է: Չափանիշների մեջ ես, թերևս, նախապատմությունը տվեցի մեկին՝ սոցիալ-պատմական և գեղարվեստական ժամանակների «հակադրամիասնությանը»: Վազգեն Օվյանի գործը տվյալ դիտանկյունից պատկերվում է անհատի և միջավայրի, իրականության և իդեալի գոտեմարտի գեղարվեստական տարեգրություն, որ ընդգրկում է 1950-80-ական թվականները և ավարտվում քաղաքացիական սուր ճգնաժամի անխուսափելիության գրողական հղումներով:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

8.3.12

«Ո՞ւմ մահն էր գուժում զանգը»

Քառորդ դար առաջ կյանքից հեռացավ Վազգեն Օվյանը: Հունվարի 6-ին լրացավ նրա 80-ամյակը: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, նովելներ, ֆելիետոններ, դրամաներ, վեպ, վիպակներ, նոթեր, ուղեգրություն, ակնարկներ, գրախոսություններ, թատերագիտական հոդվածներ: Բոլորի հետ խանդավառվել է: Հազվագյուտորորեն՝ «լացել իր մեղքերը»: Եւ ստացվել է, որ նույն հեղինակը ե՛ւ «Թեւան-դհոլ» է գրել, ե՛ւ՝ «Ղարաբաղի արծիվը»: Ե՛ւ գովել է գրչընկերոջը, ե՛ւ քննադատել՝ հղելով նրան, որ «սեփական կապանքներն ազատ արձակելու» համար ուրիշից թույլտվություն չհայցի: Հասկացել է, որ Խաչատուր Աբովյանը ոչ այնքան «օրհնվի էն սհաթ»-ի, որքան «հայ մեծ ազգին չե՞ք ճանաչում»-ի հեղինակ է: Եւ ինքն էլ փորձել է «Ղարաբաղի արծիվը» վեպում տեսնել, թե՝ այդ «ի՞նչ մեծ ազգ է» հայությունը, որ վզին շղթա են դնում՝ չի հպատակվում: Մելիք Շահնազար է ծնում, բայց եւ՝ Պըլը-Պուղի, որպեսզի ասի. «Մեկ է, մելիք Շահնազար, քիթդ կարմիր է»:

Քառորդ դար է՝ երկրպագուները Վազգեն Օվյանին աստվածացնում, չարակամները՝ «գամում են անարգանքի սյունին»: Երկրպագուները մեջբերում են «Այս Ղարաբաղն է» բանաստեղծությունը, հակառակորդները՝ «Թեւան-դհոլ» պոեմը: Երկուսն էլ համառ են, անհաշտ: Երկու կողմից «չարչարում են» նույն հեղինակին: Մարդուն: Գրողին: Մտավորականին, որ 1980-ական թվականներին Լեռնային Ղարաբաղում խորհուրդ էր տալիս կարդալ Չինգիզ Այթմատովին: Քանի որ նրա «արձակում դասական իմաստով դրական եւ բացասական հերոսներ չկան»: Չկա «նացիոնալիստ», չկա «ինտերնացիոնալիստ»: Կյանք կա, իրականություն, մարդկային հարաբերություններ, որ չեն պայմանավորվում «կուսակցական կյանք եւ կուսակցական գրականություն» կաղապարով:

Եթե հարկ լինի քննել, թե ինչպե՞ս եղավ, որ ճնշվածությունից Արցախը հանկարծ պոռթկաց այնպես, որ այլեւս լռեցնել չեղավ, երեւի հարկ է լինելու կարդալ Վազգեն Օվյանին: Գրողին, ում ստեղծագործական ճանապարհը, թերեւս, լավագույն վկայությունն է Արցախի հայության «հավատուրացության» եւ ՄԵԾ ՎԵՐԱԾՆՆԴԻ:

Ուրիշ ոչ ոք, իր սերնդակիցներից, այդքան «փայլուն» չի վրիպել: Ոչ մեկի «անկումն» այդքան շռնդալի չի եղել: Բայց եւ ուրիշ ոչ ոք չի զորել այդքան հերոսաբար, բառի համար չեմ ափսոսում, հոգեւոր «անդունդներից» ինքն իրեն բարձրացնել: Եւ այս իմաստով նրա ճակատագիրն իր երկրինն է, երկրինը՝ իրենը:

Գրողի «զենքն» իր գրիչը չէ, ԳԻՐՆ է: Գրիչը երբեմն պատեհապաշտ է դառնում: Արդեն կատարված-եղածն սկսում է «գեղարվեստականացնել»՝ ինչպես ոմանք են Արցախում «վեպ» գրում: Այսօր՝ անցածի մասին: Գրականությունը, մինչդեռ, եթե իմ ժամանակի վրայով նաեւ իմ զավակների ապագայի զգացողություն չի փոխանցում, եթե անգամ նյութն «անցյալ-եղածն է», ուրեմն, Հրանտ Մաթեւոսյանի ասած, «իմ մասին չէ», ես նրա հասցեատերը չեմ: Վազգեն Օվյանը կարողացել է «կուզիկության», երբ գաղափարախոսական «ցածր առաստաղներն» ստիպում էին, որ շատերն «իրենց հպարտ հասակը կռացնեն»՝ դծվար տարիների վրայով տեսնել այսօրվա «իմ» օրը, «իմ» ջանքը: Նրա ԳԻՐԸ հասցեական է:

Վազգեն Օվյանը ԺԱՄԱՆԱԿ հաղթահարեց: Նա հասավ ԺԽՏՄԱՆ, որ, երեւի, մեծագույն ողբերգությունն ու, միաժամանակ, գերագույն հաճույք է ստեղծագործող անհատականության համար: Աստծո մասին է ասվել. «Հավատում եմ՝ կա, չեմ հավատում՝ ոչ»:  Նա հավատում էր: Բայց այդ հավատը տարի առ տարի մեռնում էր, մինչեւ որ սկսեց ոչ ոքի եւ ոչնչի չհավատալ: Ոչ խորհրդային «պայծառ ապագային»,- վկան իր սոցիալական- ժամանակագրական  վիպակներն են,- ոչ, հատկապես «պրոլետարական ինտերնացիոնալիզմին»: Եւ հայտնագործեց հազար անգամ հայնագործված ճշմարտությունը. գրողը պիտի հավատա միայն սեփական կենսափորձին եւ արվեստագետի «վեցերորդ զգայարանին»: Ինչ հուշվում է մարդու էությունից՝ ճշմարտությունն է:

Նրա ԳԻՐԸ  ՀԱՅՐԵՆԻՔԻ հոգեւոր տարածք վերադառնալու բարդ, դրամատիկ ընթացք է, որի «հանգրվաններն» են «Մեծ լոռեցին» (Թումանյանի 100-ամյակի առթիվ), «Եւ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» թատերգությունները, Բ. Կ.-ին (Բորիս Կեւորկովին) հղած շառաչուն էպիգրամները, «շնագայլերի» (մեր ոխերիմ բարեկամների) մասին «հեքիաթը», պատմական շատ հեռավոր անցյալից իր «ժամանակ բերված»՝ Ներոնի կերպարը, «Ղարաբաղի արծիվը» պատմավեպը, Ամարասի մասին ուղեգրությունը, գրական-քննադատական հոդվածները, գրախոսությունները՝ ենթատեքստային հղումներով, խորիմաստ զուգահեռումներով եւ դիպուկ կանխատեսումներով:

Վազգեն Օվյանն օր-կենդանության ավետեց, որ Արցախի հանրային-քաղաքական ԺԱՄԱՆԱԿՆ այլեւս ընդհանուր-հայրենականից, հայկականությունից մեկուսացած չէ: Հանգույց առ հանգույց՝ տասնամյակների՝ Ստալին-Բերիա-Բաղիրովի ձեռքով կշկռած կապանքները նա գրողի ամուր ձեռքով քանդում էր, որովհետեւ կյանքից էր առնում իր ստեղծագործական ուժը, իրականության այն խորքային ընկալումից, որ խորհրդապաշտորեն պատկերել է Լեռնաշենի ԿԱՂՆՈՒ առասպելաբանությամբ. «Անձրևի, կարկուտի, քամու, խորշակի տակ է ընկել, շոգն էլ է նեղել, ցուրտն էլ, երաշտն էլ։ Կացին են բարձրացրել վրան, կացինը ետ է թռել բնից, կացնահարողը մատով ստուգել կացնի սրությունը, տեսել բթացել է, գլուխն օրորել ու ասել է՝ սա հո ծառ չի, պողպատ է, դինամիտն էլ սրան քար չի անի։ Հետո մտածել է՝ ինչո՞ւ այդ ծառի անունը կաղնի են դրել և ոչ թե, ասենք՝ բոխի, հաճարկի, թխկի, ճապկի, սզնի, չինարի…»։

Վերջին գիրքը «Մեղրի ժամանակ» էր խորագրել: Ափսոս, իրական ՄԵՂՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ չտեսավ: Բայց գեղարվեստական խոսքի նրա ԶԱՆԳԸ հասցրել էր գուժել պատեհապաշտության մահը: Կյանքում: Գրականության մեջ՝ առանձնապես:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ