13.11.13

Դերենիկ Դեմիրճյան. Հայը


Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից…Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած։ Որքա՜ն խաբուսիկ։ Երևույթը, ո՛չ ինքը։ Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը։ Զո՛ւտ աշխատանք. որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր։ Անհանգիստ դեմք ունի, չի թողնում` նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով` ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան։ Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Ասենք` իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ` բախտ, մեկ էլ հուսահատություն։ Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես։ Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է։

Ահա՛ նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա. իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ` ճկվում է, մեջքը կոտրում։ Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակումն։ Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու։ Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում։ Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն։ Ապա՞ տար տունդ ծառա։ Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար շինե, գնա, դուքան բաց անե։ Մարդը իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր… Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ։ Ազգը տա, ինքը ուտի։ Եվ սովից կմեռնի անխոս, անխնա, կասես` ջգրու։ Եվ սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազանացած` հողը քանդում էր, չարչարվում, մզվում, հոգին հանում։ Ամենաչարքաշ անասունը` իր արտի մեջ։ Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե։ Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա է։ Ուտում են նրա հացը, ինչպես Հայր Աբրահամի սեղանից։

Տեսե՞լ եք նրա բնակարանը. խլուրդի ծակուռ… բայց անցիր նրա երկիրը։ Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։ Խոսակցությունն ես լսում` հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մեկ անգամ չի մտնում մեջը` աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում. իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին։ Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված…

Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց։ Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու` անկեղծ լինել։ Այնքա՜ն անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում։ Մինչդեռ իր հարևանները` այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացինին, Հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին։ «Ապա ճշմարտությո՞ւնը»,– մտահոգվում է նա։

Դանդալոշ է և խոնարհ` իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող` նրա պես երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման։ Բարի է առհասարակ, շոյի՛ր, ր կկողոպտվի, բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է։ Այնտեղ ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛յն սերը կարող է վաստակել, Հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու։ Տաղանդ է` իր դեմ ատելություն ստեղծելու։ Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ։ Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուղտ։ Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է։ Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության և թե՛ գաղափարների մեջ։ Իբրև ժողովրդական` անմիաբան է, անտանելի, խռովարար։

Ուր հեղափոխություն` այնտեղ Հայություն։ Բայց իբրև «ական»` ծայրահեղական է։ Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ։ Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ։ Ասենք` ամեն հայ մի փոքր Շիրակացի է Դոն Քիշոտի պես։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց։

Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում… Ինչո՞ւ է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ, անչափելի` իր վեհ թռիչքներում։

Երևի, վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե, դավե, վնասե։ Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում. ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ։ Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում… «Ջարդի՛ր ինձ,– ասում է նա,– ահա՛ քո պատիժը և իմ վրեժը»։ Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված… Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում, յապոնացու պես, որ, երբ մեկից խորապես վիրավորվում է, կանչում է իր բարեկամներին, հայտնում է իր վիրավորանքը և վերցնելով դանակը` պատռում է իր որովայնը։

Այսպե՛ս է Հայը։ Չի՛ ուզում, որ իրան դիչեն, մոտենան, սիրեն թեկուզ։ Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր։

Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում` չի՛ ուզում։ Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի մեկուսի ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից` ազատությունից։

«Ոչինչ չեմ ուզում ձեզնից,– ասում է նա իր նեղիչներին,– ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը` Ազատությունը…»։

8.8.13

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՆՈՅՈՒՄ

ԳԻՔՈՐԸ



(գեղարվեստական համր կինոֆիլմ)
Սցենարի հեղ.` Մ. Գևորգյան, Ա. Մարտիրոսյան
Ռեժիսոր` Ա. Մարտիրոսյան
Օպերատոր` Գ. Բեկազարյան
Երաժշտ.` Գ. Հախինյան, Է. Բաղդասարյան
Դերերում` Համբո - Հրաչյա Ներսիսյան
Բազազ Արտեմ – Ավետ Ավետիսյան
Դեդի - Հասմիկ
Նանի - Տ. Մախմուրյան
Նատո - Մ. Ջրպետյան
Գիքոր – Հ. Պողոսյան
Վասո - Թ. Դիլաքյան
Ե.: Կինոֆիլմ, 1934 թ.




ԳԻՔՈՐԸ

(գունավոր գեղարվեստ. կինոֆիլմ)
Սցենարի հեղ.` Հ. Մալյան
Բեմադր. Ռեժ.` Ս. Իսրաելյան
Օպերատոր` Մ. Շահբազյան
Բեմադր. Նկ.` Գրետա Նալչաջյան, Ռաֆայել Բաբայան
Երաժշտ.` Տ. Մանսուրյան
Դերերում` Համբո - Ս. Սարգսյան
Բազազ Արտեմ – Ա. Ջիգարխանյան
Նատո– Ժ. Ավետիսյան
Ե.: Հայֆիլմ,1982 թ.


ԱԽԹԱՄԱՐ 

Սցենարի հեղ. և բեմադր. ռեժ.` Է. Մարտիրոսյան
Օպերատոր` Ա. Զալալայան
Երաժշտ` Մ. Բ. Մավիսակալյանի
Նկարիչ` Լ. Գևորգյան
Գեղ. ղեկ.` Է. Մելիք - Քարամյան
Դերերում` Իրինա Բաղրամյան (Թամար), Վլադ Եպիսկոպոսյան (տղա)
Ե.: Հայֆիլմ, 1969 թ. 


ԱՂՔԱՏԻ ՊԱՏԻՎԸ

Սցենարի հեղ.` Հր. Մաթևոսյան
Բեմադր. Ռեժ.` Բ. Հովհաննիսյան, Ա. Սամվելյան
Երաժշտ.` Տ. Մանսուրյան
Բեմ. օպերատոր` Ս. Գևորգյան
Բեմ. Նկարիչ` Կ. Կարապետյան
Դերերում` Ա. Ազիզյան, Լ. Վաղունի, Ա. Այվազյան, Գ. Ջանիբեկյան, Վ. Մարգունի
Գեղ. ղեկավար` Ֆ. Դովլաթյան
Ե.: Հայֆիլմ, 1969 թ.


ՍՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՑ 

(Գեղարվեստական կարճամետրաժ կինոֆիլմ)
Սցենարի հեղ.` Եր. Մանարյան 
Բեմադր.` Է. Մարտիրոսյան
Երաժշտ.` Գ. Հախինյան
Ե.: Հայֆիլմ, 1974 թ.


ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

(կինոֆիլմ) կինոալմանախ
Սցենարի հեղ.` Լ. Բուդաղյան, Դ. Կեսայան
Բեմադր,` ռեժ.` Դ. Կեսայան
Նկարիչ` Ա. Շաքրյան
Երաժշտ.`Մ. Վարդազարյան
Օպերատոր` Ս. Միրաքյան
Դերերում` Չախչախ – Ա. Շերենց, Շահմար - Ն. Գևորգյան
Ե.: Արմենֆիլմ, 1969 թ.


ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ



(Կարճամետրաժ կինոֆիլմ)
Սցենար` Ե. Մանարյան
Բեմադր.` Դ. Քեոսեյան
Օպերատոր` Կ. Գևորգյան
Երաժշտ.` Գ.Հախինյան
Դերերում` Թադևոս Սարյան, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Մելինե Համամջյան, Ավետ Ավետիսյան
Ե.: Հայֆիլմ, 1962 թ.


ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ

Ռեժ.` Էդիկ Բադալյան
Օպերատոր` Մարտին Շահբազյան
Բեմ. Նկարիչ` Արամայիս Սարգսյան
Երաժշտ.` Էդվարդ Բաղդասարյան
Դերերում են` Կիմ Երիցյան, Արմեն Խոստիկյան, Ստեփան Հարությունյան և ուրիշներ
Ե.: Արմենֆիլմ, 1969 թ.


КАПЛЯ МЕДА

(Худож. фильм) (По заказу ЦТ, фильм на русс. Яз.)
Сценарист и режиссер Г. Малян
Оператор постановщик С. Исраелян
Художник- постановщик Э. Харазян
Музыка Т. Мансурян
Е.: Арменфильм, 1982 թ.

http://www.toumanian.am/tangaran/arvestum.php?clear=1