Երբ մի առիթով հյուր էի իր տանը, աշխատասենյակում՝ փոքրիկ գրասեղանի ու գրամեքենայի առջեւ նստած, ձեռքը պարզեց գրադարակներին, որոնցից երկուսը լիքն էին սեփական թարգմանություններով ու հեղինակած հրապարակախոսական գրքերով, իսկ երրորդը դեռ կիսատ էր: Բաղձանքով ասաց՝ այս մեկն էլ լրացնեմ ու գնամ: Հավանաբար Նաբոկովի «Լոլիտան» էր լինելու եզրափակողը, որ մնաց գրամեքենայի վրա կիսատ: Բացատրում էր, թե ինչպես է Բուլգակովի սքանչելի «Վարպետն ու Մարգարիտան» թարգմանել՝ հարազատ մնալով բնագրին, նախադասության կառուցվածքին ու հնչեղությանը, բառի բուլգակովյան երանգին: Այդպես վերագրում են ու կերտում հայերեն՝ գրեթե ոչինչ չկորցնելով հեղինակից, ոչ թե սոսկ թարգմանում: Ամեն Աստծո օր, հարազատ գրամեքենայի առջեւ նստած, աշխատում էր՝ հակառակ դժվարահաճ առողջությանը, միշտ թամբի վրա էր որպես գրական ասպետ, մշակ:
Շուրջ կես դար ստեղծել է, ճաշակ ձեւավորել, հայացք փոխել, մտածողություն ամբողջացրել, մշակույթի ու հասարակական կյանքի մաս կազմել, բարձր արժեքներով դաստիարակել: Ամեն մեկիս պատրաստի պատասխան ունի, երբ հարցնում են, թե ով էր Արմեն Հովհաննիսյանը: Մեր մշակույթի, մտավոր իրականության հետ շատ թե քիչ առնչված յուրաքանչյուր մարդ իր ներսում մաս է կրում նրանից, եւ ամեն մեկն իր ըմբռնումով է արտահայտվում՝ «թարգմանիչը», «հրապարակախոսը», երրորդն ասում է՝ «22:30-ի վարողը», եւ այդպես շարունակ ու վերջապես՝ «ուսուցիչ էր»:
Խիզախ, հանդուգն ու անհաշտ գրիչ, որ մշտապես պայքարում էր հանուն ճշմարիտ, ազատ խոսքի կայացման, մատը ժամանակի զարկերակին էր, սուր ու դիպուկ արձագանքողն էր քաղաքական ու տնտեսական տեղաշարժերի: Երբեք չլռեց, չնահանջեց մտավորականի իր բարձր դիրքից, ապրեց՝ ժողովրդի ճակատագիրն իրենը համարելով, երկրին հասցրած ժամանակի հարվածների ցավը սեփական մաշկի վրա զգալով:
Կարծրատիպերը կոտրող, նոր մտածողության, ոգու ազատության սերմնացաններից էր: Այն խիզախողն էր, ով կարողացավ խորհրդային կայսրության երկաթե վարագույրը ճեղքել եւ «22:30» հաղորդաշարով արեւմտյան մշակույթին ու մտածողությանը ծանոթացնել անջրպետից այս կողմ խորհրդային խլությամբ ապրողներին: Այդ ժամին դրսում ամայություն էր, քանի որ բոլորի հայացքները, հեռուստաէկրանին գամված, թարմություն էին խմում: Մտածողություն փոխեց, հոգեկերտվածքի մասնակիցն էր ու այլընտրանքի թելադրողը:
Իսկ նոր ժամանակներում այնպես պատահեց, որ փորձեցին լռեցնել ըմբոստ ու անհանդուրժող ձայնը եւ հրդեհեցին «Ուրբաթ» թերթի խմբագրությունը, սակայն հնչելու համար ստեղծված ձայնը, որն սպասող ունի, ոչ կրակը, ոչ էլ ջուրն է ի զորու լռեցնել: Երբեք չնախընտրեց հեշտ ու շահեկան հարթակը, փշոտ ճանապարհով էր գնում՝ խոսքի ու մտածողության ուղի հարթելով:
Երեք տասնյակից ավելի գրքեր է թարգմանել ու հեղինակել՝ հարստացնելով մեր լեզվամտածողությունը, գրական ճաշակն ու հայացքը: Անկրկնելի թարգմանողն ու հայերեն վերակերտողն է Ալեքսանդր Պուշկինի, Ֆյոդոր Դոստոեւսկու, Անտոն Չեխովի, Ալեքսեյ Կուպրինի, Իսահակ Բաբելի, Միխայիլ Բուլգակովի, Վասիլի Շուկշինի, Վասիլի Բեկովի, Ալեքսանդր Սոլժենիցինի եւ էլի ուրիշ ռուս դասական ու ժամանակակից հեղինակների: Եվ այդ պատկառելի վաստակի համար 2004թ. Ռուսաստանի Դաշնությունը հատուցեց «Բարեկամություն» պատվավոր շքանշանով: 2001թ. արժանացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակին, իսկ 1989-ին՝ ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակին: Հրապարակախոսական յոթ գրքի հեղինակ է, իսկ ութերորդը տպագրական ընթացքի մեջ է: Այդ ժանրում նույնպես իր ինքնատիպ ճանապարհն է հարթել՝ ըմբոստ ու միշտ թիրախին խփող դիտարկումներով ու վերլուծություններով: Դեռ հեռավոր տարիներին «Ավանգարդից» սկսած նրա ամեն հրապարակմանը ընթերցողը սպասում էր ու տողատակերով ընթերցում: Նրա հարթած ուղին ի վերջո 1989-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը գնահատելով արժանացրեց «Ոսկե գրիչ» մրցանակին:
Հիմնել էր «Ծիածան» ռադիոկայանը: Հրաշալի մանկավարժ էր, համալսարանականներիս համբերատար սովորեցնում էր ամենադժվարն ու կարեւորը՝ ինչպես գրել, 6-7 բառի փոխարեն նախասությունը կառուցել, միտքը շարադրել 2-3 բառով: Նրա ներկայությունը լսարան էր լցնում, հայացք ու միտք էր ամբողջացնում:
Նրա հեռանալով չդատարկվեց այն տարածքը, որը կոչվում է Արմեն Հովհաննիսյան, հակառակը՝ լիքն է ու ամբողջական, որ դեռ միտք է սնելու ու լույս է տալու հոգիներին: Սակայն տասնամյակների ջանք ու անխոնջ մշակի տքնություն է անհրաժեշտ համարժեքն ունենալու համար:
Ֆելիքս Եղիազարյան
hraparak.am
26.08.11
Комментариев нет:
Отправить комментарий