Արևմտահայ պոեզիա



ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ
(1851-1871)

ՁՈՆԻՔ

Մենակ էր.
Վարդ մ'ըզգոն
Մատուցի
Ներա ձոն։

Շիկնեցավ
Նե զըվարթ՝
Կընդուներ
Երբ իմ վարդ։

Ներա քով
Վարդն ո՛րչափ
Էր անշուք,
Գունաթափ,

Նույնպես ձոնս
Համբույրին՝
Զոր տըվավ,
Չէր բնավ գին։



ԻՑԻ՜Վ ԹԵ

Ո՜, ի՞նչ ես դու, սե՞ր, երկնի հո՞ւր կամ ժըպի՞տ...
Չունի երկին աչացդ կայծերն ու կապույտ,
Վարդը չունի քու լանջդ անբիծ, լուսափթիթ...
Չունի լուսինն վարդերն շիկնոտ այտերուդ:

Գիշերն երկնի կայծից, լուսնույն սիրադեմ,
Ցերեկն ալյաց, ծաղկանց ժպտիս... մեկո՜ւն գեթ...
Իսկ քեզ համար ես արցունքով կաղոթեմ,
Դու չես շնորհեր նայվածք մ'ինձ հուր աչերեդ:

Արդյոք էա՞կ մ'ես, թե՞ երկնի զվարթուն.
Կը նախանձին փայլիդ վրա վարդ, լուսնակ,
Ձայնիկդ ապշած լսելով քաղցր ու թրթռուն`
Նոճերու մեջ սգա լըռիկ լուսինյակ:

Ծնեի իցի՜վ թ'հևացող հով մ'անուշիկ
Եվ գգվելով երազք ճակտիդ այդ անսուգ,
Տայի շունչըս շուրթերուդ մեջ ես հուշիկ,
Լոկ սրբելով եթե շողար աչքդ արտասուք:

Պարտեզդ իցի՜վ թե փթթեի վարդ լացող,
Եվ երբ գայիր այգուն շաղին ժպտով պերճ`
Գունովս ներկել այտերդ, թափել գոգդ իմ ցող,
Վերջին շնչիկս ի գիրկդ առներ ելևէջ:

Բղխեի ես ից՜իվ թ'առու մը վըճիտ,
Եվ երբ հուշիկ գայիր մոտ իմ եզերքին,
Ցոլանար իմ հայելվույն մեջ քու ժըպիտ,
Պղտորելով կապույտ ալիքս ցամքեին:

Ա՜հ, իցի՜վ թե լինեի ես ճառագայթ,
Շողշողայի դեմքիդ վրա վայրիկ մի,
Խաբեի քեզ թ' ես ավելի գեղազարդ,
'Վ անուշաբույր մազերուդ մեջ մարեի:

Այլ ո'չ, անգո'ւթ, եթե տըվիր մեկուն սեր,
Իցի՜վ թ'անոր գերեզմանին քարն լինիմ,
Եվ դու թոշնած գաս շնչել շուրջս... արտասվե՜
Քեզ հըպելու համար հարկ լոկ գոլ շիրիմ...



ՍԻՐԵԼ

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ:

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապույտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ:

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝
Շրջազգեստ մը շրշեց իմ շուրջ:

Ես ուզեցի լոկ ու մինակ
Սըրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Հիշատակի չունի նա հետ,
Սիրտ մ'որո մինչ սուզիմ հատակ,
Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ,
Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ:

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց. “Կուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի”:

Ես ուզեցի սիրել զեփյուռ,
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չը՛ սիրեր խոցել երբեք,
Հոգի մ'որո գաղտնիքն է բույր
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն հուշ կածե առ հեք:

Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ.
- “Կուզե՞ս պաշտել հոգի մ'անբիծ”:

Ես ուզեցի քընարով մի
Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակգիլ սիրողաբար:

Նե մոտեցավ հուշիկ, ըսավ.
- “Քնարդ է ցուրտ սիրտ, և սերըդ՝ ցավ”:

Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե՝ գեղ ու կըրակ,
Սիրտն անապակ, ինչպես վտակ,
Անմեղ, ինչպես սյուք դալկահար-
Հավատարիմ, ինչպես քնար,
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ:

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ:



ՄՆԱՍ ԲԱՐՅԱՎ

Առտու մը դեռ մթնշաղ՝
Կը ծավալեր շող ու շաղ,
Ծաղկանց մեջ քեզ տեսա ես,
Կը ժըպտեիր լուսնո պես:

Աչերդ սիրո ատրուշան,
Մատներդ էին գիրգ շուշան,
Այտերդ վարդի նոր թերթեր,
Նայվածքեդ ծներ նոր եթեր:

Սիրտըս թըռավ ոտքիդ տակ,
Սիրեցի քեզ, իմս հրեշտակ...
Սիրով եղան ձյուն մազեր,
Ըսին՝ կյանքը երազ էր:

Մինչդեռ դու չես սիրեր զիս,
Մ'իշխեր գոնե տկար սրտիս.
ՈՒր որ երթամ դեմքդ ինձ հետ՝
Նայվածքդ չէ այդ... մահո՜ւ նետ:

Երբ անտառի խորն նըսեմ
Կերթամ լալ՝ լուռ մենաճեմ,
Դարձյալ հոն կգտնես զիս,
Տերևներեն կը խոսիս:

Երբ առվակին եզերքը՝
Նըստիմ սփոփել իմ վերքը՝
Դարձյալ դու կը գտնես զիս,
Ալյաց մեջեն կը ժպտիս:

Երբ լեռները կը փախչիմ՝
Որ չը տեսնեմ քեզ՝ հանգչիմ,
Հողմույն մեջեն կը խոսիս,
Թե՝ դու բնավ չես սիրեր զիս:

Լուսնի լույսով գիշերը
Երբ ցողեն իմ աչերը,
Դարձյալ դու կը գտնես զիս,
Աստղերուն մեջ կը ժըպտիս:

Իսկ գերեզման երբ մտնեմ,
Քեզ հոն պիտի չը գտնեմ...
Մնաս բարյա՜վ... հայուհիս,
Անգո՜ւթ, արցունք մ'ալ չունիս:



Լճակ

Ինչո՞ւ ապշած ես, Լըճա'կ,
ՈՒ չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ:

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրիդ:

Մելամաղձոտ Լըճա'կ իմ,
Քեզ հետ ըլլանք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավիլ, լռել ու խոկալ:

Որքան ունիս դու ալի,
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր,
Սիրտս այնքան խոց ունի բյուր:

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չե'ս կրնար դուն
Հոգվույս` որ է բոց անհո՛ւն:

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չե'ն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ:

Լըճա'կ, դո'ւ ես թագուհիս,
Զի թ'հովե մ'ալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով:

Շատերը զիս մերժեցին,
"Քնար մ'ունի սոսկ" - ըսին.
Մին` "դողդոջ է, գույն չունի" -
Մյուսն ալ ըսավ. - "Կը մեռնի՛":

Ոչ ոք ըսավ. - "Հե՛ք տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ, չը մեռնի":

Ոչ ոք ըսավ` - "Սա տըղին
Պատռե'նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՛ր գրված կան..."
- Հոն հրդեհ կա, ո'չ մատյան:

Հոն կա մոխի՛ր... հիշատա՛կ...
Ալյակքդ հուզի՛ն թող, լըճա'կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ,
Հուսահատ մը նայեցավ...





ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ
(1886 - 1908)

Այգերգ

Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին,
եղնիկները մըթնշաղին դեպի գետափ կը դիմեն.
աղջիկ մըն է կարծես հովը` գինով մուրտի բուրումեն`
որ ջուրերուն վրա կը դառնա սարսուռի պարն հեշտագին:

Վանքի քովի արահետեն կարավանները կ’անցնի՜ն,
բոժոժներուն երգը լալով գիշերին մեջ տրտմորեն.
մինչ կը սպասեմ ջինջ լույսերուն` որոնք ծագիլ կը համեն.
ու կը լըսեմ շշուկներն` որ կը հծծեն մեջը ցանկին:

Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված,
տարտամորեն, հսկայական, արծիվի մը ձևերով,
մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած:

Արբշիռ բույրեն` զոր կը բերե ինձի առտուն անխըռով,
ես կ’երազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար,
լույս պարիկին` որ իղձերըս պըսակելու պիտի գար:



Աշնանային հեծություններ

Իրիկուններն ես կը խոկամ,
ամայության երգը կ’ացնի
պատուհանիս երբ առջևեն,
անկապ ձայներ զիս կը թովեն,
հոգվույս մեջեն մերթ Աշունի
կ’անցնի հանկարծ ուրուն տարտամ:

Գիշերն համբուն ես կ’երազեմ
ցավը կյանքի Աշուններուն,
ու շամբուշ հովն` որ կը տանի
դեպի տամուկ խորշեր նըսեմ`
զոս տերևի տեսիլն աղփուն,
որ օդին մեջ կը տատանի:

Եվ ցուրտ այգուն միշտ կը դիտեմ
պարուտակը մըշուշներուն,
զոր գիշերվան անտես ձեռքեր
թույլ միջոցին մեջ են ձըգեր,
վըհատության պես մոլորուն`
զոր քաշած է սերն հոգվույն դեմ:

Բայց թափառի՜լ կուզիմ ընդմիշտ,
մառախուղին ու հովին դեմ,
ու դաշտերուն մեջ ամայի,
ուր աչքն ահով միշտ կը նայի,
դիտել` տժգույն ու դալկադեմ
բարձունքներուն տամուկն ու վիշտ:

Հոգիս հիմակ հափրանքն ունի
սիրո խանդ ու հրայրքներուն,
ու ծաղկալից եղկ ջերմության
վայելքեն վերջ բազմաբուրյան,
կ’ուզե մշուշն այս օրորուն,
ու ցրտագին զովքն Աշունի:



Անանուն

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։

Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե...։

Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:

Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե...



Առտվան արևի մեջ

Ահա՜ կ'անցնի ցայգս անքուն,
մութին ծածքը կը մաշի.
ու կը կայթե կույսն այգուն
իր քողքին մեջ մըշուշի:

Անցան սայլերն ալ դանդաղ,
ու մըշակներն երգեցիկ,
ու բանվորներն ու հոտաղ`
ճամփաներեն բալաձիգ:

Ճառագայթներ խուսափուկ
լիճերուն մեջ կը խաղան,
և հանկարծ թույր մը դեղձան
կը ներկե ջուրը փափուկ:

Ու բոցեղեն լեզվակներ
կը ծըծեն մեգն համորեն,
արևին կյա՜նքն հըրեղեն,
արևին փա՜ռքն անըստվեր…։

Հոգիես ներս կը խուժե
քրքումն ալիքի նըման,
և հովիկին առտըվան
գինովությունն հաշիշե:

Լիճը բոսոր հարսնուկի,
ցորենի ծովը կանանչ,
կը հծծին տաղն անճանաչ
մըտերմասաց շըշուկի:

Ու մարմանդները ճանճկեն,
ու սարերը կապտորակ
եղկ հծծյունով մը կ'երգեն
լույսին ոսկի պատարագ:

Տունկեր ռեհան ծաթրինի
կը ծըխեն խունկ մը վայրի,
որ կ'ամպանա ու կ'այրի
բուրվառին մեջ արփենի:

Հոգիես նե՜րս կը խուժե
քրքումն ալիքի նըման,
և հովիկին առտըվան
գինովությունն հաշիշե…



Արևին

Հարավի մեղմ ու լիաշունչ հովին հետ,
որ վաղուց երազված համբույրի մը պես,
իմ սիրակարոտ հոգիս հեշտանքով կը լիացնե,
շողա՛, ո՜վ արև, շառափներովդ ոսկեծայր,
մառախլապատ Երկունքիս մեջ`
ուր Մտածումը կը դեգերի ուղեմոլար,
շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…։
Պատուհանիս հեղուկ ծոցին մեջ ինկած խելահեղ,
միջօրեի հեշտադալար ու բոցակապ երազին գիրկը,
թևատարած կըսպասե՜մ.
պլլե՜ զիս բոցեղեն ցանցերուդ մեջ,
ու օրորե՜ ջերմագին
ու կիզանուտ համբույրիդ տակ
թող հոգվույս մեջեն անցնին կարգավ
մանուկներն ընդարմացած:
Մինչև որ
կանգնիմ նորեն ու անցնի՜մ դարձյալ
տարփանքիս խանդաղատ ճամբաներեն:
Հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՛…
հոգիս թռչնիկ մըն է,
օդ ու լույսի, երգ ու ծիծաղի կարոտ,
բայց երգը, որ իր ալուցքեն կը թռչի,
անտես ու ստվերոտ սանդուխներու վրա
կ’իյնա շնչահեղձ:
Շողա՜, շողա՜, բարի՜ արև, հինա՜նդ եմ…
Ճառագայթող գոլիդ մեջ հեշտագրգիռ,
մինչ կը խժա տարօրինակ, խոլ պարը զամբուռներուն`
հուրքե՛դ գինովցած`
ու, մինչ թուփ ու ծաղիկ ծարավեն կը մարմըրին,
ես կ’ըմբոշխնեմ խտղտանքն անանուն`
երջանիկ տիվանդորրիս համրորեն ու գիտակից
գինովությամբ հեշտագին:
Քի՜չ մըն ալ դեռ,
ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ արև, հինա՜նդ եմ…
Վերջին անգա՜մ մըն ալ,
դեռ իրիկո՜ւն չեղած,
ու, դեռ տամուկ գիշերին վըհուկը զիս չընդգրկած,
վերջին անգա՜մ մըն ալ
փարե հոգվույս խանդաբորբ ու կաթոգի՜ն,
հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՜…



Աքասիաներու շուքին տակ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ։

Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։

Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։

Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ...



Խոնջ իրիկունն արագորեն

Խոնջ իրիկունն արագորեն կը խոնարհի դեպի խավար
բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ,
երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ հուզումնավար:

Անօրինակ մըրափի մը մեջ կիսազգած կը թափառիմ,
ցնցված ձայնեն ճոկաններուն` որոնք կուլան դուրսը անդուլ.
պատուհանեն կը խրկե ինձ հովիկն համբույրն իր մտերիմ:

Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,
ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային.
փակ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անձկությամբ դուրս կը նային.
աЇհ, լըռությունն որ կը տևե՜, և ըստվերներն ու կը քալեЇն…

Շուրջիս անփույթ իրեն համակ հարցումերուս հանդեպ խուլ են,
հանդիսատես կ’ըլլամ մտքիս պատկերներուն քայքայումին
դուն չե՜ս գիտեր թե ի՛նչ կը զգամ գուրգուրանքես երբոր իմին`
քեզի համար տենդով հյուսած երազանքնե՜րս իսկ կը խըլեն…



Իրիկունը

Սա իրիկունն ըլլայի ես,
եւ հըպէի ճակտին ամէն անցորդի,
չքնաղագեղ ու նըւաղուն յամուրդի
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
լի երգովը թռչուններուն, մարդերուն,
ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր,
ու ծըփայի զերթ ոսկեսար վարագոյր
վըրան ամէն հոգիի։

Սա իրիկունն ըլլայի ես,
լի զանգակին ղօղանջներովն երկնաճեմ.
խնկապատար, օծուն, ջահուած Ժամի պէս
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
իմ անդորրիս մէջ ոգեւար աղջըկան
մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքէս.
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
լի գոռ ծափովն ովկիանի ջուրերուն.
սիւքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես,
որ կը մարի սատափ բարձին վրայ ցայգուն.
թօթափող վարսքը գունագեղ ու ծփուն,
սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս.
եւ ամենուն տայի հուրքէս, ոսկիէս։
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։



Երազի օրեր

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն։

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։



Ձմրան պարզ գիշեր

Համբոյրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծըծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին՝
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։

Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր,
Հոսէ՛ սրտիս մէջ դիւթանքիդ ալիք.
Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ
Պուտ պուտ կաթեցո՛ւր հոգւոյս սիրաջեր։

Կ'ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անյագ.
Կ'ուզեմ որ մեռնի՜ն տիւ ու Ժամանակ՝
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր։

Ու դաբիրներո՜ւդ իյնամ ծնրադիր,
Այս պաղատագին շարԺուձեւիս մէջ,
Ու մինչ կ'ողողեն զիս ցոլքերդ անշէջ,
Աչքերս ալ մոռնան տակաւ այս նատիր։

Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունէ՜ զիս,
Ընդունէ՜, միստիք ո՜վ անդորրութիւն
Իմ աղերսակոծ շունչիս սօսաւիւն,
Եւ համբոյրն անանց՝ զոր կու տայ հոգիս։

Սենեակս է լեցուն յուշքերովն աղի
Երէկի հովին վայրագ տարփանքին.
Ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին
Վախը գրգանքին անոր կատաղի։

Նե՛րս խուԺէ ուԺգին, նե՜րս պատուհանէս
Ու լեցուր խցիկս, մինչեւ կաթոգին
Քու սրբութիւնով իր խորշերն յորդին,
Եւ ես արթննամ վաղնջուց քունէս։

Համբոյրի՜դ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծըծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին՝
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։



Մերժում

Մեկ համբույրդ զիս պիտ ըներ երջանիկ
դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ,
դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,
ես այն օրեն կը տառապիմ տարուբեր։

Դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ
ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղրիկ
ժպտիս ցոլքը, մերթ վառվռւն, մերթ հանդարտ
ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ։

Դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,
այդ «ոչ» ըդ սուր սրտես սորեց արյուններ:
Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտագին
գալարեցուց սևերու մեջ իմ հոգին։

Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.
վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր,
այն օրեն, երբ սև բաժակըն այդ թույնի
ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ՛արյունի։



Մթնշաղներ

Վերջալոյսի աղջիկն է իր կուսութեան մէջ քրքում.
Ինչո՜ւ մինակ մընացի երազիս հետ թախծագին.
Թմբիներու բոյրին տակ, նուռիներու ծաղիկին՝
Ա՜հ, ինչո՞ւ ես մընացի գիրկն երազին այս տրտում։

Ո՜վ դուն հիրիկ ծաղկանոյշ, երբ անցար հետ լոյսերուն,
Բան մը փլաւ հոգւոյս մէջ քայքայումով ողբագին,
Դարձիր քի՜չ մըն ալ Ժպտէ սա լուսաբաղձ հիւանդին՝
Որ քիչ առ քիչ կը մեռնի՜ կառչած իր խօլ յոյսերուն...։

Մութը կ'իջնէ հոգւո՜յս՝ ուր վաղո՜ւց գիշեր է արդէն.
Ըսպասումի՜ ցայգ՝ ուր դեռ շողաց լո՜յսն երազին.
Հազիւ քիչ մը բոյր ծըծած մոռացումին ես վարդէն
Նորէն քեզի՜ կը դառնամ, ա՜կն արեւիս ոսկեծին։

Լուսնի պայծառ տիւին տակ պիտի համրեմ անդադար,
Բուստէ զարկերն ոգեւոր՝ առոյգ սիրոյ երազին.
Ա՜հ, քիչ մը լո՜յս, Ժըպի՜տ մը՝ որ կեա՜նք ինծի պիտի տար,
Եւ փարատէր լըքումն՝ որ կը ծանրանայ իմ ուսին։

Եկո՜ւր, արդէն կը մըսի՜ն հէգ երազներն իմ որբուկ,
Ա՜լ յոգնած եմ անցնելէն կածաններէ մենաւոր,
Անձրեւ կ'իջնէ հոգւոյս մէջ, կը զգամ մահուան սրսըփուք,
Ձեռքս է պարապ մընացեր դատարկին մէջ սըգաւոր։



Մտերմիկ տեսիլներ

Ու կը դառնան ջըրանիվներ ծերունի,
կափկափելով համբարուի հեքիաթներ,
թախծապատում բարբառի հո՜ծ կշռություն,
որ կ’ակոսե լուռն աշնանի գիշերին:

Ու մարմանդին զյումրյութ` պայիկն օդանույշ
նոր կը հագնի լույսի մետաքս թելերով
շարամանված պատմուճանն իր մըշուշե`
ուր մերթ շողակն օդաքարին կը վառի,

Ու բոժոժին ձայնեղ՝ գանգյունն արծաթե...
Ու սայլորդին ըստվերն որ` գո՜րշ` կ’երկարի՜.
ու սիկառին ծուխն` որ բիլ բիլ կ’ամպանա`
ու լազվարթե գիծը ճամփուն հեռացող…



Սիրերգ

Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ'անցնիմ գինով՝
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին...

Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն,
Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜,
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն

Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին...
Ձնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի...





ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ
(1884 - 1915)

Առկայծ ճրագ

Հաղթանակի գիշերն է այս տօնական. -
Հա՛րս, եղ լեցո՛ւր ճրագին։
Պիտի դառնայ կռիւէն տղաս յաղթական. -
Հա՛րս, քիթը ա՛ռ պատրոյգին.

Սայլ մը կեցաւ դրան առջեւ, հորին քով. -
Հա՛րս, վառէ՛ լոյսը ճրագին։
Տղաս կու գայ ճակատն հպարտ դափնիով. -
Հա՛րս, բեր ճրագը շեմին։

Բայց... սայլին վրայ արի՞ւն եւ սո՞ւգ բեռցեր են...
Հա՛րս, ճրագը ասդի՛ն երկարէ։
Հերոս տղաս հոն զարնուա՜ծ է սրտէն. -
Ա՜խ, հա՛րս, ճրագըդ մարէ՜...



Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությու՜ն թող ըլլա...
Ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին
Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`
Օրհներգությու՜ն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությու՜ն թող ըլլա...
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատությու՜ն թող ըլլա...
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդի.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի`
Բերկըրությու՜ն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերություն թող ըլլա...
Ծաղկի` մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի`
Սիրերգությու՜ն թող ըլլա:



Գեղեցկութեան արցանին

Կ՚ուզեմ ըլլայ քու մարմարիո՛նդ պեղուած
Ոլիմպոսի ամեննէն խոր արգանդէն.
Եւ իմ մուրճիս տակ ըզգենու հրեղէն
Միս մը կնոչ, լոյսով, տենդով սրարբած։

Աչքերդ ըլլան վիհեր՝ ուր մարդ երբ սուզի՝
Հավերժին մէչ անմահացած ըզգայ զինք.
Գիծերդ անեղծ ըլլան, ըլլան քու ըստինք
Դաշնակութիւն մ՚ուր կենսահիւթը հուզի։

Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ՚հոգվոյն պէս,
Եվ հեթանոս այդ մերկութեանդ ներքև
Տառապի՛ մարդն, ու չկրնայ դպչիլ քեզ։

Թէ հարկ ըլլայ զոհ մը ընել քեզ պարգև,
Բագինիդ ե՛ս պիտի ուզեմ մորթուիլ՝
Որպէսզի կուճդ ըմպէ արեանս հուսկ կաթիլ։



Հորս բանտի մեջ

Դեռ փոքր էի. եկա քեզի մի նավոր,
Մութ զըդանիթ մեր այցի:
Մայրս հիվանդ էր. կը շըրջեի ես ազատ
Մեշտեղ բանտի և մահճի:

Լուր տըվին քեզ. եկար առջևը դըրան
Վանկապատ՝ որ - ոճիր-
Կը բաժներ մեր ողջագուրումը կըղկաթ:
Երկար անխոս, վըշտակիր :

Որքան նիհար էի և որքան աչքերդ
Ծարավ էի արևու.
Մորուքիդ տակ կարծես ոսկրի վրա բուսած.
Ով հայր, մեռել մէիր դու:

Նըշմարելուտ պես զիզ ժըպտիլ ըսկըսար.
Բայց այդ ժըպիտը բարի,
Այդ սուտ ժըպիտն էր նունուֆար մը ծաղկած
Լըճի մը վրա արտոսրի:

Կարկռեցիր սև վանդակին ետևե
Շըրթունքներդ իմ շըրթներուն.
Բայց իրարու անոնք ավաղ չըհասած՝
Մեր համբույրին դողդոջուն՝

Նույն ժամանակ եղան օրրան և դագաղ:
Ոհ, պիտի որչապ քեզի
Բաղձաի տալ ընգրկումին մը մեջ տաք՝
Ազատ աշխարհը դուրսի,

Եվ մի փոքրիկ բիբերս քու բիբերուտ
Տեղալ երկնքին անսահման,
Սըրտես սըրտիդ պարապել բոլոր օրերս այն,
Որ արևու տակ անցնեմ:

Մութ բանտիդ մեջ գարնան վարդերը ամբողջ
Պիտի լեցնել ուզեի,
Կամ ճիղմ հասակս ու ապագան հասագիս
Պիտ՝ հոն թաղել ուզեի:

Ով տըխուր ժամ: Քեզ մի առ մի պատմեցի
Սև վիպակները մեր տան,
Հաննիս մահն ու հիվանդ մորս հազը խուլ
Լըռության մեջ գիշերվա.

Ըսի թե մեր տանիքի վրա, լուսնի տակ,
Բուերը պար կը բըռնեն,
Թե այս տարի մեր վարդենին չորացավ
Գերեզմանատան խորշակեն:

Կը լըսեիր զիզ եվ հարցում կըընեիր,
Երբ հըրաման մը վայրի,
Կույր հըրաման մըեկավ ըզմեզ բաժնելու...
Դարձար առանց համբույրի...

ՈՒ ես երկար ետևեդ պիշ նայելով,
Հայր իմ, մինակ, հոն լացի.
Մինչ կուրծքիս տակ բաշ կը թոթվեր ոխ մը նոր
Սիրտս աչքերես քամեցի:

...Ով կյանք սիրո, լանջ քըտինքի, սիրտ փուշի
Ցեխի նետված սըրբություն,
Արևուն բորբ հոսանքներու դեմ գոցված,
Ով երակներ ազազուն[1]:

Տեսա՝ որ ձեզ հետ, ձեզի հետ սուզեցան
Եղեռնի մեջ, արտալած,
Սուրբերն ամե՛ն կրոնքի, ամե՛ն շուշաններ
Եվ Հիսուսներ թըքնըված:



Ձոն

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
- Քեզի ընծա՜, իմ հայրենիք -
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
- Քեզի ընծա՜, հին հայրենիք -
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
- Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ -
Ան տարաշխարհիկ բույսի մ’’էր ծըղոտ…
- Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ -
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
- Ձեզի ընծա՜, սուրի զոհեր -
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
- Ձեզի ընծա՜, կրակի զոհեր -
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
- Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
- Քեզի ընծա՜, մայր կարևեր -
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
- Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ -
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:



Մայիս մէկ

Քընարս այսօր, կըտըրտելով լարերն իր,
Ձե՜զ կը կանչէ Արևելքէն Արևմուտք,
Ո՛վ դուք
Հացի՛ զոհեր, որ ունիք միշտ արևու
Պասուք:

Այս առաւօտ` գըտա հասակըս թաղուած
Հեղեղին մէջ շուրջըս ծաղկած վարդերուն.
Եւ կանգուն`
Խմեցի ավիշն հողին, երգերը բոլոր
Բույներուն:

Ինծի՛ եկէք, ես կախարդն եմ Մայիսին. --
Ձեր քըրտինքը ես կ’ընեմ գոհար ցօղն անգին
Վարդին.
Կը հեղում ձեր ոսկորներուն մէջ ցամքած`
Արփին:

Ինծի՛ եկէք գործատունէն` ուր երկար
Շաղուեցիք դուք մեր Աշխարհին ցեցակեր
Նո՛ր հիմեր.
Փուռէն` որ ձեր գըլխուն, սըրտին վրայ` մոխիր
Է ցաներ:

Ինծի՛ եկէք նաւարանէն` ուր կռեցիք
Նաւեր, վաղուան ձեր դագաղները պողպատ։
Ելէ՛ք արդ
Աղիքներէն հողին, ճահճին արգանդէն,
Դա՜շտն ու ա՜րտ:

Ինծի՛, ինծի՛ եկէք այս օր բոլորնիդ.
Սիրտս ա՜յնքան բոց ունի, հոգիս` ա՜յնքան լոյս`
Որ ձեր խիւս
Ցեխերէն իսկ կը շաղուեմ նո՛ր Մարդկութիւն
Եւ նո՛ր Յոյս:

Հերի՛ք հիւծաք նըկուղներուն մէջ խոնաւ,
Եւ ունեցաք միշտ կարոտ, նման խըլուրդի,
Օդի,
Եւ ժանգի պէս երկաթներուն փարեցաք,
Նօթի՜:

Թող ձեր մուրճն ա՛լ չըկայծակէ սալին վրայ.
Մըխուած մընան թող ատամները սղոցին`
Հեցին.
Կոճղին խըրուած` թող խէժերէն ժանգոտի
Կացինն:

Ի՛նչ փոյթ թէ որբ մընայ շարժիչ մեքենան,
Եւ գործատան մէջ ճիւաղներ սողան լուռ.
Ի՛նչ փոյթ ո՛ւր
Դառնայ ճախրակն, ու խորտակուին լոյծ փոկերն
Ընդհանուր:

Դե՛հ քրրտնաբոյր ձեր շապիկներն հանեցէք.
Թող ճենճոտած ձեր գըտակները նետուին
Հնոցին.
Գլուխնիդ այսօր պիտի սուզիմ արևուն
Բոցին:

Ինծի՛ եկէք, եկէք ինծի՛, Եղբայրնե՛ր,
Ձեր ամենուդ այսօր տօնն է Մայիսի,
Վասըն զի
Հողն ըստեղծիչ, ձեր ըստեղծիչ արեան լոկ
Կը խօսի:

Զեփիւռն ահա,՛-- ո՛վ տառապեալ հոգիներ,
Ձեր կուրծքերուն բացէ՛ք վէրքերն` իր անգին
Խունկին.
Աղբիւրն ահա՛, թո՛ղ գըլուխնիդ իր լոյսին
Հակին:

Դեղձին ահա՛, ծաղիկներն իր կ’անձրևէ
Ձեր կոշկոճուած ձեռքերուն վրա արիւնոտ.
Եւ կարօտ
Կը զգայ մայրին` որ գըրկէք զինք թևերով`
Վիրոտ:

Ահա Արե՜ւն, Արե՜ւն ահա. լոկ ձեզի՛
Այս օր կ’նայի. կը համբուրէ միայն ձե՛ր
Ճակատներ.
Ան` բոլոր միւս ճակատներուն վրայ իշխող
Է թըքեր:

Ձե՛րն են դաշտեր, ձե՛րն է Քաղաքն, որուն լուռ
Փողոցներէն պէտք է անցնի լոկ այս օր
Ձե՛ր թափօր,
Դրօշներ ծըփան, ծաղկին յոյսեր, և գոռայ
Շեփոր:

Հանգի՜ստ երգեն թող ձեզ բոլոր արծիւներ.
Հանգի՜ստ երգէ քընարս, որուն, ձեզ համար,
Իբրեւ լար,
Ես արծիւի տըւի այս օր աղիքներ՝
Որ գոռար։

Թող ձեր շեմերը ողողուին վարդերով։
Երբ գայ լուսինն ու իր բիբերը բոցէ
Յածէ՝
Բալասանո՜վ թող այս գիշեր ձեր դուռներն
Օծէ…



Նաւասարդեան

Հանճա՛րդ Հայկեան, Նաւասարդեան սա տօներուն
Արեւափառ՛
Ա՛լ վերածնէ փլատակներէն, և փառակոչ
Քնարըդ ա՛ռ։

Յանու՜ն Ուժին, յանու՜ն Ցեղին, մտիր մեհեանն
Աստուածներուն.
Ջահը ձեռքիդ՛ բագնէ բագին համասըփռէ՜
Հուր ու արիւն։

Եվ բարցրացուր Անահիտի ծիծերն ի վեր
Բաժակնըդ նուռ,
Յետոյ զոհուող քերթողներուն սըրտին վրայ
Լեցու՜ր, լեցու՜ր։

Զի մենք, յանուն Սէրին, Սերմին, քու հին Ցեղիդ
Մարմարէն կոյս,
Մե՛նք, Զաւակներդ օգոստափառ, պիտի կերտենք
Նո՜ր Արշալոյս։



Երեք քոյրեր

Անոնք երեք քոյրեր էին
Նըման երեք Շընորհներուն.
Երեքն երեք ուխտեր ըրին
Առչևն երեք բագիններուն։

Երեցն ըսավ.- «Դի՛ք կայծակի,
Քե՛զ կը ձոնեմ մազերս ոսկի։»-
Միչնեկն ըսավ.- «Ըզգա՛ստ Հիմեն,
Քե՛զ կ՚ընծայեմ մատնիս հրեղեն։»-

Կըրտսերն ըսավ.- «Վավա՛շ Աստղիկ,
Ա՛ռ իմ կոյսի գոտիս ծաղիկ։»-
Ո՛վ որ մազերն ձոնեց Զևսի՝
Յոթը ազգի յոթ խույր կապեց
Գահին վըրա Արտաշեսի։

Ո՛վ որ մատնին տվավ Հիմենին՝
Յոթը չըքնաղ հերոս ծընավ
Գերահըզոր Հայաստանին։

Ո՛վ կույս գոտին մեչքեն ձըգեց՝
Ան՝ տառապյալ քույրը եղավ,
Եվ շուկային մեչ նուռ ծախեց:



Հայր, օրհնե՜

Հայր իմ, օրհնե՜. ժամը հասավ. պիտի երթամ.
Նոր կյա՛նք մ`ինծի կը սպասե
Պատմությունն ես թողուցի. նոր արյուն
Երակիս մեջ կը վազե։

Հառա՜ջ,հառա՜ջ. - գըլուխս ետ չե՛մ դարձըներ.
Երկընքես վա՛ր թող իյնան
Անվիշտ կյանքիս ամեն աստղեր.հոգըս չէ՛.
Անցյալս իջնա թող դամբան։

Օհ, ինծի՛ ինչ թե կը փետեմ վարդին թերթ,
Եվ փուշին կյանք կու տամ միշտ,
Թե գրկաբաց հորձանքին մե՛ջ կը նետվին.
Խինդս է՝ ձանձրույթ, սերս է՝ վիշտ։

Ամեն խայտանք ջախջախեցին սըրտիս մեջ.
Չեմ վախենար սև ծըծեծել.
Վանք մըտնող կույս մեմ՝ որ խըզված իր վարսեր՝
Անխիղճ անհոգ, կը դիտե՜…

Հա՜յր, ես կերթամ այն ճամբայեն՝ որ ճերմակ
Մազերուդ զիզ կտանին,
Վաստակաբեր ոսկըրներուդ, ծեր սըրտիդ
Եվ սերուդ կենդանի.

Բավական է.- աշխատեցար, կըրեցիր,
Ամեն նետի հարվածի
Վահան եղար ինծի համար. հոգիտ է՝
Որ հոգվույս մեջ կը հածի։

Իմ արյունս է գողացած քու քըրտինքեդ.
Հոգնությանդ ծիլն եմ տըխուր։
Հոգիտ, Կաղնի՜, երբ կուրծք կուտար մըրըրիկին՝
Ես շուքին տակ, հանգիստ, լուռ

Կը մեծանայի :-Հարկ է հիմա ա՛լ հանգչիս
Եվ ես քեզի հաջորդեմ…
Խոնջե՜նք, խոնջե՜նք. կուզեմ կըռվիլ, աշխատիլ,
Ելլել կյանքին, կյանքին դեմ…

Հայր իմ, օրհնե՜. դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր.
Թող մատերդ կաթի վայր
Աղոթքդ՝ եկած հոգվյուդ պայծառ խորանեն։
Վերջին ժամն է. օրհնե՜, հայր։



Հաշիշ

Սիրտը լեցուն է բանտին խավարով.
Ա՛լ դաշտ ու երկինք չը կան իր համար.
Պիտ՚ գըներ աչքի հազար գոհարով՝
Աստըղ մ՚ան նույն իսկ՝ ասուպ ալ ըլլար։

-«Օ՜ն, հաշիշ բերեք, կը մըրմընջե ան,
Երբ աշխարհս ինձմե այսպես կ՚ապշոպեն,
Ես կ՚ուզեմ հոգվույս մեջ ըստեղծել զայն։-
Օրորվիլ, բուժի՜լ հըզոր ցընորքեն։

Օ՜ն, հաշիշ բերեք»։- Եվ ան կը ծըխե,
Իբր ուրախութեան ըստի՛նքը ծըծեր.
Կը հոսի երազ ջըլերուն մեջե.
Աշխարհը լուծված կ՚ելլա սիրտն ի վեր։

Աչքերը բանտին դիմաց կը գոցվին՝
Ապարանք մ՚իր մեջ գըտնելու համար.
Բիբերն հըրաժեշտ կու տան խավարին՝
Աստղեր բերելու խոստումով ճարտար։

Եվ կը քընանա՜ արվեստի քընով՝
Ինչպես խըղճի խայթն՝ աղոթքե մը վերջ.
Ո՛վ թըշվառ հոգի, հիմա ապահով,
Ազատ է և տեր՝ ցընորքներուն մեջ.

Եվ կ՚երազե շա՛տ, շատ բաներ աղվոր
Կամ հուրիներն ալ աղվոր կ՚երազե.-
Բըռնած շըղթայի մ՚օղակն ահավոր՝
Կընոջ մը մանյակը զայն կը կարծե։

Վարդե, ոսկիե գետի մ՚ափն ի վար
Իր մանկան խաղին կը ժըպտի հիմա.
Կամ ինքն իսկ մանուկ՝ լըճակին մեջ հար
Երկինքն՝ երկընքին մեջ զինք կը տեսնա։

Շըրթունքները լուռ, մեղմիկ կը դողան՝
Անշուշտ ուրիշներ գըտնալնուն համար.
Թերևս (ո՞վ գիտե) կը լըրացնե ան
Համբույր մ՚ատենով թողված կիսկատար։

Կամ կը շըրջի արտն՝ ազատ քայլերով.
Կը վայլե երկինքն, աստղերու արգանդ։
Մի՛ արթընցընեք, քանզի ապահով
Զինք կը փոխադրեք լույս աշխարհեն՝ բանտ։

Թողեք քընանա.- թող հաշիշին մեջ
Սև շըղթան բեկտի՝ վիշտը լուծելով։
... Ո՛վ անմահ մեկոն, երազի առէջ,
Դու ցընորքն հյուսե ոսկեղեն թելով.

Հյուսե խընդություն մը անըրջական
Իր խոցված հոգվույն, ուղեղին վըրա.
Ժըպիտն աղվո՜ր է, եթե նույն իսկ ան
Խաբված ջըղերու վիժա՜ծն ալ ըլլա։



Բանուորուհին

Պատուհանիս տակէն, ամէն առաւօտ,
Ուրուականի պէս կ'անցնիս.
Եւ կուսագեղ գըլուխիդ վրայ կ'արտասուէ
Տերևաթափ վարդենիս։

Լուռ թաղին մեջ կը լըսեմ քայլդ, ու զարթնող
Շունն` որ վըրադ կը հաչէ՜.
Կամ կը լըսեմ քունիս մէջէն ձայնն հազիդ`
Որ ծոցդ աղուոր` կը տանջէ։

Եւ կը խորհիմ՝ թէ քընատ ես և նօթի.
Իրանդ հովէն կը դողայ.
Եւ կը նըստի գանգուրներուդ վըրայ, քո'յր,
Եղեամն իբրև շափիւղայ։

Կամ մուճակներդ են պատըռտած, փողոցին
Ջուրն անոնց մեջ կը ճողփայ.
Կամ ետևէդ շըւայտօրէն կը սուլէ
Թուրք սըրիկայ մ՛անոպայ։

Եւ կը խորհիմ՝ թէ, տան մեջ, մայրդ է հիւանդ.
Ցամքած է ձէթն ալ ճրագին.
Ու դուն կ'երթաս գործատան մէջ աշխատիլ
Լոյսին համար ու կեանքին։

Ես կը խորհի՜մ - և խենթի պես կը բաղձամ
Վար իջնել, քո'յր դալկադէմ,
Քո'վդ իջնել, համբուրել ձեռքըդ նիհար,
Եւ հըծծել. ― «Քեզ կը սիրեմ։» ―

Կը սիրեմ վիշտդ` որ իմ վիշտս է գերագոյն,
Կը սիրեմ կուրծքըդ քանդուած`
Որուն մեջ դեռ կը յամառի Սէրդ երգել
Արտոյտի պէս սըրարբած։

Կը սիրեմ՝ քու անօթութիւնդ ու ծարաւդ,
Եւ ոսկորներդ ուժասպառ.
Ես կը սիրեմ՝ կոյս աղիքներըդ ցամքած,
Մազերուդ սուգն` ուսէդ վար։

Եւ ես կ'ուզեմ ամփոփել քեզ սըրտի՜ս վրա
Տատրակի պէս տարագիր,
Տալ ուժըս քեզ, մըրցանակներըս փառքի,
Եվ ազգանունս անբասիր.

Կուրծքըս վահան ընել կուրծքիդ նըշաւակ,
Եվ քօղն ըլլալ պատիւիդ,
Կրանիտէ բազուկիս տակ պաշտպանել
Սեռըդ ու գեղըդ անժըպիտ։

Կ'ուզեմ քեզ տալ ինչ որ պայքարն ինձ տըւավ,
Ինչ որ խլեցի մարտերով.
Քեզ պըսակել արիւնիս գույնն ունեցող
Յաղթանակիս վարդերով։

Միայն թէ դուն չըլլաս տըժգույն ու քաղցած,
Արևուն տակ չըհազաս.
Մօրըդ վերև չըմարի ճրագն, ու, ո'վ քոյր,
Դուն գործատուն ա'լ չերթաս։



Կարմիր հողը

Գրասեղանիս վրայ, սա
Սկաւառակին մէջ կայ բուռ մ ' հող , բերուած հոն
Հայրենիքի դաշտերէն:
Նուէր է ան . - Զայն ինձ ձօնողը կարծեց
Սիրտն իր տրուած, առանց երբեք գիտնալու
Թէ կու տար իր պապերունն ալ միասին:
Զայն կը դիտեմ . - մերթ ժամեր
Բիբերս անոր վրայ յառած կը մնամ
Լո՜ւռ եւ թախծո՜տ, իբր այդ հողին մէջ յուռթի
Նայուածքս արմատ արձակէր : -
Կը մտածեմ . - Գուցէ իր գոյնը բոսոր
Չէ պարգեւուած բնութեան ներհուն օրէնքէն .
Վէրքերու սպունգ մ ' ըլլալով
Խմած է մաս մը կեանքի, մաս մ ' արեւու .
Եւ իբր տարր անպաշտպան
Կարմիր հող մ ' է եղած, հայ հող մ ' ըլլալուն:
Գուցէ իր մէջ կը բաբախեն տակաւին
Դարերը հին-հին փառքին,
Կայծն ամրակուռ սմբակներու որոնց գոռ
Արշաւանքն օր մը ծածկեց
Հայկեան վաշտերն յաղթութեան տաք փոշիով:
Կ'ըսեմ . - Իր մէջ դեռ կ'ապրի
Ինքնատիպ ուժն այն որ կազմեց շունչ առ շունչ,
Կեանքս իմ , քու կեանքդ , ու տուաւ ,
Կարծես ձեռքով գիտակից ,
Նոյն թուխ աչուին նոյն եւ նման հոգիով
Կիրք մ ' Եփրատէն առնուած,
Սիրտ մը կամշոտ , թաքստոց
Ըմբոստանքի ու նաեւ բո՛ւռըն սիրոյ:
Իր մէջ, իր մէջ կը կայծկլտայ հոգի մ ' հին ՝
Հին դիւցազնի եղած փսոր մը գուցէ ՝
Կոյսի մ ' աղուոր արցունքով .
Հիւլէ մը կայ Հայկէն , փոշի մ ' Արամէն,
Անանիայէն բիբ մը դէտ ՝
Դեռ աստղերու ճաճանչներով թաթաղուն.
Ա՜զգ մը կայ հոն, սեղանիս վրայ ազգ մը հին,
Որ այսօր իր վերաշողշող այգուն մէջ,
Հողի բնատուր մարմնոյն տակ ինձ կը խօսի,
Կ՚ոգեզինէ - եւ աստղերու ինչպէս ցանն
Անհունութեան մէջ կապոյտ -
Փոշիներովն իր հրաբորբ
Հոգիս քաղցրիկ փայլակներով կ'ոռոգէ :
Ու այն ատեն լարը ջղերուս կը դողայ
Սարսուռով մ ' յորդ , ա՛յն սարսուռով ՝ որ մտքին
Հերկերուն վրայ աւելի՛
Ըստեղծիչ է քան գարնան հովն արփագաղջ:
Ու կը զգամ անցքն ուղեղէս
Նոր յուշերո՜ւ, հոգիներո՜ւ դեռ կարմիր
Խոր վէրքերովն իրենց, վրէժի՛ շրթունքներ.
Եւ այդ հողն, այդ փոշին, զոր ես կը պահեմ
Այնքա՜ն սիրով՝ որքան հոգիս պիտ՚ չընէր
Եթէ մարմնոյս աճիւններն
Օր մը մահէն վերջ հովերուն մէջ գտնար.
Այդ պանդուխտ մասն Հայաստանի, մասունքն այդ
Մնացած մեր յաղթ պապերէն,
Բժժանքն ու ձօնն այդ կարմիր,
Սիրտս սեղմած մագիլներով անծանօթ,
Երկինքն ի վեր, գըրքի մը վրայ, թանկագին
Ժամու մը մէջ ժպիտներու, սէրերու,
Կամ քերթուածի մը ծնած վեհ վայրկեանին
Զիս հապըշտապ կը մղէ
Մերթ լալու, մերթ մռնչելու,
Եւ զինելու բռունցքս, հոգիս բռունցքիս մէջ:



Կակաչներ

Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.
Ահա սիրող սիրտերու պես կարյունին։
Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Խըմենք ալիքն արևին։

Անոնք ա՛յնչափ բռնկեր են, որ կարծես
Հըդեհն իրենց կայրե դաշտերը անհուն։
Պիտի իրենց բաժակներեն հրակեզ
Խմենք կայծերն աստղերուն։

Քո՛ւյր իմ, քաղե՛, լորի մը պես ծածկված
Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կնազին։
Պիտի իրենց բաժակներեն բոսորած
Խմենք արյունն ակոսին։

Անոնք ծռած արտույտներու բույնին վրա
Լալ շողերով ողկույզ ողկույզ կծըփան։
Պիտի իրենց բաժակներեն հակնթյա
Խմենք խոստումը Գարնան։

Քաղե՛, քո՛ւյր իմ, կակաչ չէ՛, բո՜ց քաղե դուն.
Հրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի։
Պիտի իրենց բաժակներեն փափկասուն
Խմենք կրակներն Հունիսի։

Ծաղկե՜ր, ծաղկե՜ր են բերնիդ պես քնքշենի,
Կխոսակցին ցորյանին հետ օրորուն։
Պիտի իրենց բաժակներեն ծիրանի
Խմենք գաղտնիքն հասկերուն։

Քաղե՛, քույր իմ, պիտի պսակվինք անոնցմով
Վաղվան զվարթ տոնին համար գյուղակին։
Եվ պիտի այդ բաժակներեն, պարելով,
Խմենք գինին Տարփանքին։





ՍԻԱՄԱՆԹՈ
(1878 - 1915)

Արիւն

Տժգունօրէն յոյսին բոլոր շուշանները թափեցան,
Օրերուն անգթութեանը մարմարներէն ի վար,
ՄահագուԺօրէն եւ անդադար.
Եւ արբշիռ եւ ուխտուած հոգիները այլեւս հանեցին,
Իրենց յաղթանակի եւ երազի վերարկուն երկար,
Գերեզմանուող իրիկուններուն հետ,
Եւ աւերումի համայնապատկերին դիմաց.
Գարուններուն խենթեցնող գեղեցկութեանը տեղ,
Տրտմութեան երկաթէ ձիւն մըն է որ կը հոսի,
Մեր բոլորին անմխիթար որբութեանը վրայ
Եւ կարծեմ արհաւրալից ու քինայոյզ ջուլհակներ,
Հեռաւոր ու մթին արուարձանի մը մէջ այսօր,
Աճապարանքով, բոլորը մէկէն,
Մեր սեւ օրերուն խոնաւ պատանքը կը հիւսեն...
Մինչդեռ անագորոյն եւ անարեւ հոկտեմբերներ,
Սառած լուսնկային հետ մինակ,
Տարիներէ ի վեր, ամէ՜ն գիշեր, ամէ՜ն գիշեր,
Կեանքին յուսահատութիւնը կ'անձրեւեն մեր վրայ։
Աւա՜ղ, առաջ արշալոյս մը կար որ քաղցրութեամբ կը ծագէր,
Եւ իմ յաւիտենական երազս երջանկօրէն
Անկէց ինծի՝ մտածումիս համար ծաղկադաշտեր կը յօրինէր՝
Եւ պսակներ իմ բաց ճակտիս եւ քնարիս մանկական,
Աւա՜ղ, առաջ արշալոյս մը կար որ բուրաստանի մը նման կը ծաղկէր,
Երբ անմեղութեան աւազանը հայելին էր իմ հոգիիս,
Երբ լիճերուն եղէգները իմ շունչիս մէջէն խաղաղութիւնը կ'երգէին...
Երբ մայրական Յոյսին ստինքները յափրացումն էին շրթունքներուս,
Երբ ադամանդէ լուսնական առաքեալս էր եւ մտածումս ահագին։
Եւ կապոյտ խորութիւնը անրջային ջուրերուն
Աստուածային ապարանքն էր իմ դողդոջուն եւ պատանի ստուերիս...
Բայց այսօ՜ր, բայց այսօ՜ր, ես այս ամէնուն առջեւէն,
Սարսափահար եւ աչուըներս փակած կը փախչիմ...
Վասնզի գիտեմ որ բոլոր արշալոյսները Նուիրական հողին.
Տարիներէ՜ ի վեր, մեր արիւնէն են կարմիր...



Արշալոյսները

Ու արհաւիրքով լեցուն Մեռելները այն ապառաԺուտ բլուրներուն տակէն,
Որոնց վրայ ըմբոստացումի մեր կարաւանը կը լեռնաւորուէր,
Յանկարծ իրենց մերկ բազուկները դէպի մեզի տարածելէն,
Նորէն կեանքը վերագտածի իրենց երգերը ցնորաբեր,
Ամէնքը մէկ, անշարԺ ու երկիւղած ու գիշերախառնօրէն մղձաւանջային,
Տարօրինակ երջանկութիւնով մը երգեցին...։

«Օ՜, կա՛նգ առէք ձեր վերելքին վրայ, ո՜վ դիւցազունները վաղուան,
Ու մտիկ ըրէ՛ք անոնց որոնք փառքի օր մը մահը անարգեցին
Ձեզի ու մեր ամէնուն համար...
Մենք, մեռելներս, ձեզի հետ ենք այս առաւօտ,
Այլեւս մեր բազուկի ոսկորներուն ճարճատիւնները, գիտե՜նք, դիւային,
Սրունքներնուս երկայնքն ի վար ու ձեր ականջին,
ՄահագուԺօրէն պիտի չի հնչեն...։
Քանզի, մեր կմախքները ՝ ալ դագաղներէն ու աւերակներէն դուրս,
Սա՛ ծաղիկներուն նման, վերէն յորդող լոյսերուն տակ,
Օ՜, աւետի՛ս ձեզի, ալ կը սկսին պայծառօրէն մսաւորուիլ...։

«Ու նորէն մեր այսչափ ատեն,
Խաւարով ու հողով ու յուսահատութիւնով լեփլեցուն
Կոպերնուս տակը, այս պահուն,
Մեր նայուածքները լիճերու նման կը բացուին։
Ու մեր խեղճ շրթունքները մահէն տրորուած,
Օ՜, գթացէ՛ք, մայրականօրէն, ձեր հրավառ
ճակատներուն պէտք ունին...։

«Մեր գերեզմանի քարերն ու խաչերն արիւնլուայ,
Որոնք մեր մահը ու այս կեանքը մեզի հետ ապրեցան,
Սպասեցէք որ ձեր դիւցազնի գլուխներն անոնց վրայ
Գէթ վայրկեան մը զարհուրանքէն իրենց խոնջէնքը հանգչեցնեն...։

«Նորէն կ'ըսենք, մենք անոնք ենք որոնք օր մը փրկանքի
Իրենց կեանքը ձեզի համար Եղեռնին տուին...
Ու անոնք դարձեալ որոնք դուք ձեր այսօրուան երգերովն ամեհի,
Աւերակներու ծանրութեանը տակ ուր ցաւին հետ վատաբար կը կըքէինք,
Ձեր արարչագործ շունչովը մեզի կեանքը տուիք։

«Ուրեմն ձեր երգերը մեր երգերը թո՛ղ ըլլան,
Բայց թոյլ տուէք որ ձեր ամէն մէկուն պատեանէն մերկացած սուրը պողպատէ
Սա՛ մեր քարուտ, ու դաԺան, ու մութ ու անողորմ ճամբան,
Ծիածանի մը հանգոյն[1] մինչեւ Նպատակը լուսաւորէ...»։

Ու ես բլուրներուն վերէն ու դաշտավայրին վրայ,
Անսահմանօրէն ոտքի՛, ինչպէս աշտարակ մը կռանիդէ,
Տեսայ որ, բիւրաւո՜ր ու բիւրաւո՜ր ծննդաբեր մայրերը սեւահեր
Իրենց նորածին զաւակները ձեռքերնուն մէջ ու խելայեղօրէն դէպի վե՜ր
Արիւնոտած հորիզոններուն ամբարձուցին,
Զանոնք առաւօտին ճառագայթներուն խորը մխրճելով,
Յաւիտենականօրէն մկրտելու համար...։
Ու բոլորը մէկ իրենց ջինջ ու ծանր ու լուսաւոր ձայնովը երգեցին...
«Ո՜վ դո՛ւք որ մեր մարմարէ կողերուն մայրութենէն ստեղծուեցաք,
Ձեր կեանքին առջեւ փակ աչուըները սա լոյսերովը ոռոգելէն ՝
Խմեցէ՛ք նախ այդ արիւնէն որ արիւնն է ձեր փառաւոր հայրերուն,
Ու յետոյ ամէն օր մեր առոյգ ստինքներուն կաթը աստուածային
Ձեր ամէն մէկը պիտի ընէ այնպէս ինչպէս որ ձեր հայրերը մեզի համար
Սա դաշտերուն մէջը անձնուրացօրէն եղան...
Ուրեմն Ովսաննա՜յ ձեզի, դո՜ւք՝ մեր միսը, ու դո՜ւք՝ մեր հոգին,
Ու Ովսաննա՜յ անոնց որոնք ձեզի մեր մէջը փառքի օր մը կերտեցին...»

Երգերը դադրեցան, մինչդեռ յանկարծ յայտնուեցաւ որ,
Անդին, անծայրածիր ու հեռաւոր արտերուն վրայ,
Բոլոր երիտասարդ ու լայն ու հուԺկու հերկողները մեր վաղնջական հողերուն,
Իրենց խելայեղ եզները երկաթներուն լծած, ու յամառօրէն,
Ադամանդէ ու յակինթէ արգասաւոր Արշալոյսները կ'արօրեն...

Տողատակեր
↑ հանգոյն ― նման, համանման




Ափ մը մոխիր՝ Հայրենի տուն

ԱԿՆԱՅ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Ա

Աւա՜ղ, ապարանքի մը պէս մեծ էիր եւ շքեղ,
Ու ես երդիքներուդ սպիտակ կատարէն,
Աստղածորան գիշերներու յոյսին հետ,
Վարէն, ահեղավազ Եփրատին կ'ունկնդրէի...։

Բ

Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի որ աւերակ առ աւերակ,
Քու լայնանիստ պատերդ իրարու վրայ կործանեցին,
Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արիւնի...
Զքեզ եզերող պարտէզիդ ծաղկըներուն վրայ։

Գ

Ու մոխրացա՜ւ այն սենեակը կապոյտ,
Որուն որմերուն ետեւ եւ գորգերուն վրայ,
Իմ երջանիկ մանկութիւնս կը հրճուէր,
Եւ կեանքս կ'աճէր եւ հոգիս իր թեւերը կ'առնէր...

Դ

Փշրեցա՞ւ, ուրե՛մն, այն հայելին ոսկեծիր,
Որուն եթերային խորութեանը մէջ,
Երազներս, յոյսերս, սէրերս եւ կամքս կարմիր,
Տարիներով, մտածումիս հետ, ցոլացին...

Ե

Ու բակին մէջ երգող աղբիւրը մեռա՞ւ,
Ու կոտրտեցա՞ն պարտէզիս ուռին եւ թթենին.
Եւ այն առուակը որ ծառերուն մէջէն կը հոսէր,
Ցամքեցա՞ւ, ըսէ՛, ո՞ւր է, ցամքեցա՞ւ, ցամքեցա՞ւ...

Զ

Օ՜, այն վանդակին կ'երազեմ յաճախ,
Որուն մէջ գորշագոյն կաքաւս, առաւօտուն,
Արեւածագին հետ եւ վարդի թուփերուն դիմաց,
Զարթնումի Ժամուս ՝ յստակօրէն կը կարգճէր...։

Է

Հայրենի՜ տուն, հաւատա՜ որ մահէս յետոյ
Քու աւերակներուդ սեւին վրայ, իմ հոգիս,
Պիտի գայ, որպէս տատրակ մը տարագիր,
Իր դԺբախտի երգը եւ արցունքը լալու...։

Ը

Բայց ո՜վ պիտի բերէ, ո՜վ պիտի բերէ, ըսէ՛,
Քու սրբազան մոխիրէդ ափ մը մոխիր,
Մահուանս օրը, իմ տրտում դագաղիս մէջ,
Հայրենիքս երգողի իմ աճիւնին խառնելու...

Թ

Ափ մը մոխի՜ր աճիւնիս հետ, Հայրենի տուն,
Ափ մը մոխի՜ր քու մոխիրէդ, ո՜վ պիտի բերէ,
Քու յիշատակէ՛դ, քու ցաւէ՛դ, քու անցեալէ՛դ,
Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու...



Դարերու վրեժ

Յոյսերու երկաթէ սանդուխին կատարներէն է որ աւետիսս կ'արձակեմ,
Մոխիրներու, դիակներու եւ վշտերու հովիտներէն է որ հասայ ի քեզ,
Եւ, աւա՜ղ, քղամիդիս թեզանիքներէն իմ շքեղ ցեղիս
արիւնը ահաւասի՛կ դեռ կը թորայ...
Բայց քայլերս անխոնջ են եւ կամքս գերազօր եւ ձայնս
դաԺանօրէն ամեհի...
Գլուխս սուգերէն եւ վրէԺէն եւ ճակատագրէն թէեւ ալեհեր,
Բայց, տե՛ս, աչքերս դիւցազնի մը աչքերուն չափ
կարմիր եւ կերպարանքս է սոսկատեսիլ։
Իմաստութեանս եւ ցասումիս արեգակին տակ իմ
հուԺկու իրանս անկիւնաքար,
Այլեւս չ'ուզեր այդ սնոտի փառքը յաւերԺօրէն իր վրայ կրել
Եւ պաղատանքի, աղօթքի, լաց ու կոծի եւ ողբի այն
մատեաններուն մէջ,
Ուր դար առ դար իմ սերունդներս իրենց արիւնը եւ
տառապանքն են լացեր,
Մէկ կողմ նետեցի ես զանոնք, պարտութենէ ստրկացում
եւ աղաչանքէ արցունք չերթալու համար...
Եւ մտածումովս եւ զայրոյթովս ձեր ցաւերուն
ամենախոր արմատները չափեցի.
Տեսա՛յ որ ձեր փրկութիւն մուրացողի բոպիկ ոտքերն
աւերակներու մոխիրներէն այրեցան...
Տեսա՛յ որ դուք արցունքին մէջ երջանիկ էիք եւ
կենսաբեր կռիւին դէմ ահաբեկ...
Տեսա՛յ որ արդարութիւնը ստեղծել պէտք էր եւ
ազատութիւնը մոլեգնաբար յափշտակել։
Եւ այսօր, ահաւասի՛կ, իմ անկշռելի բարկութիւնս իր
բոլոր հուրերը վառեց...

«Ահա՛ քեզ ալ կը դիմեմ, եկո՛ւ եւ ճամբուս վրայ ոտքի ՝
երգէ՛ որ արձակե՛մ,
Ճամբուս վրայ ռազմերգէ՛ որ քինայոյզօրէն եւ առյաւէտ արձակե՛մ
Իմ հաւատքի զաւկըներուս վայրենալանջ երիվարները փոթորկապար...
Ըսէ՛, որ գաղափարիս փարոսները հրդեհեմ չորս ծագերուն դիմաց,
Ըսէ՛, որ թաւալե՛մ ապառաԺներուս կոյտերը
անիրաւութեան կուրծքերուն,
Եւ ոտքի հանեմ հողիս հրեղէն եւ ըմբոստ մարտիկներուն հետ,
Քինախնդրութեան եւ սարսափի բանակներուս
արշաւանքն ալ ահեղաշար...
Ըսէ՛, որ շեփորներս հինաւուրց հերոսներու հագագովը շեփորել տամ...
Ըսէ՛, որ երկաթներս կռանեմ եւ պողպատներս շողացնեմ,
Ըսէ՛, որ ես ալ իմ արիւնախում նԺոյգս շքեղօրէն թամբեմ,
Ըսէ՛, որ անոր սմբակները ձորերէն վեր ՝ լեռնէ ի լեռ միայն կայծեն...
Երգէ՛, ահա, բոլորին արիւնը արեւ է դարձեր եւ
կամքերն ու դաստակներն են պղնձուեր.
Երգէ՛, Եղբայրութիւնը տօնուեցաւ եւ շունչերն ու
հոգիները նոյն դարերու վրէԺովը պսակուեցան...
Ահա՛ թափուող արցունքները յե՛տ դարձան եւ
կուրծքերու կոծումը դադրեցաւ,
Ահա՛ բոլորը մէ՛կ, բոլորը մէ՛կ, իմ Գերիշխանի
թեւերուս տակ յառաջացան.
Արբեցո՛ւր զանոնք դեռ, եթէ կրնաս, եւ արԺանաբար
դիւցազներգէ զիս, ո՜վ քնարաւոր,
Ես գիտեմ որ քու տաւիղդ Հայրենիքին ծարաւն ունի
ինչպէս վրէԺն այնքա՜ն դարերու...
Ուրեմն լարերդ զենիթին շանթերէն յափշտակէ,
տրցակ առ տրցակ,
Բարձրացո՛ւր ձեռքերդ եւ զանոնք գիշերուան
կապոյտներու կամարին կարկառէ՛,
Եւ փառազարդէ գլուխս առաւօտեան աստղերու բոյլով մը լուսածոր,
Խնկարկէ՛ զիս եւ անմահութեան տաճարներուն էն
փառակերտը կառուցո՛ւր,
Ծնրադրէ՛ եւ պաշտէ՛ զի՛ս ՝ եւ երբ Ժամը հասնի
ողջակիզուէ՛ ինծի համար,
Եւ փշրէ՛ քու հողեղէնի ճակատդ իմ կոթողիս
մարմարներուն դիմաց,
Որովհետեւ. Ե՛ս եմ, Ե՛ս եմ, Ե՛ս եմ, իմ անունս է
Պայքար եւ վախճանս Յաղթանակ»



Խեղդամահ

Ու գետնափոր նկուղին մէջ քառասուն անձ՝
Արջառներու սարսափահար հօտի մը պէս,
Որ աւազահողմի հարուածներէն կը հալածուի,
Մահուան դիմաց դողահար եւ մէկզմէկ ջախջախելով՝
Չորս պատերուն մէջ խաւարտչին խռնուեցանք...։
Ապառի լռութիւն մը իր սարսափովը կը ծանրանար,
Շշուկ չըկար, շնչող չըկար, շրթունքները փակ էին,
Եւ ամէնուս նայուածքները քստմնելի եւ դիւային,
Մէկզմէկու վրայ յառած՝ մէկզմէկու մահ կ՚ուզէին...։
Արեւածագէ մը մինչ արեւածագըն յաջորդ,
Այսպէս անձայն եւ անօթի, գերեզմանի քարերուն պէս՝
Մենք մեր մարմնոյն վրայ, մեր սարսափն երկաթեցինք...։
Ու մեր թաքուն կատաղանքն եւ կարօտը կոտորելու մտածումով՝
Մեզմէ շատերն սկսան մոլէգնօրէն, իրենց մատները կրծոտե՜լ...
Եւ ապառաժեայ լռութիւնը անհունին պէս մեր աչքերուն կ՚երկարէր...։
Բայց արեւին տակ՝ հազարաւոր անասնադէմ բարբարոսներ՝
Բերրի դաշտերն ու գիւղերն աւերելէ դեռ չըյոգնած,
Մեր թաքստոցը փնտռելով՝, մեր մահը դեռ կ՚ուզէին...։
Եւ գետնափորի մութերուն մէջ մահացնոր՝
Մենք սարսափո՛վ, սարսափո՛վ, սարսափո՛վ, էր որ լսեցինք,
Հրազէնի, նիզակներու, սուիններու եւ սուրերու,
Կայծակնապար շառաչիւնն որ արեւին տակ կը վառէր...
Ու դիակնե՜ր, դիակնե՜ր մեր նկուղին երդիքներուն վրայ,
Արմատախիլ ծառերու պէս, սրսփանքով վար կ՚իյնային,
Հոգեվարքի հռնդիւններ՝ մերթ ամեհի եւ մերթ խուլ՝
Պատերէն ներս, նկուղին մէջ կուգային մեզ ցնորել։
Եւ հողապատ ձեղունէն, որ մեր վրան թագաղի մը պէս կը փակուէր՝
Վէրը հոսող տաք արիւնը յորդառատ՝ ծակտիքներէն վար սուզուելով...
Սկսաւ ալ կաթի՛լ կաթիլ մեր դէմքերուն վրայ ծորիլ...։
Բայց նորածին մը նորէն սուր ճիչով մը սկսաւ լալ.
Մեր դաւաճանն անտարակոյս այդ անմեղը պիտի ըլլար.
Որոշման մը, եղէռնի մը, ոճիրի մը յոյսը միայն կար մեզի,
Երբ իր մայրն հեծեծանքով մը ալ վերջապէս փսփսաց...

— Աստուած մեզի թո՛ղ գթայ, ստինքներս պարապ են.
Ա՛լ կաթիլ մը կաթ չունիմ. մինչեւ արիւնս ծծել տուի...։
Ա՛լ կաթիլ մը կաթ չունիմ, ինչ որ կ՚ուզէք վճռեցէ՛ք...

— Պէտք է խեղդե՛լ, ըսաւ մէկը իր բազուկն
բարկութեամբ մը երկարելով.

— Պէտք է խեղդե՛լ... փսփսացինք քառասուն անձ նոյն ատեն...
— Նախ եւ առաջ զիս խեղդեցէք եւ յետոյ իմ զաւակս ...
— Ձայնը առին, տանիքն արդէն բրիչներով կը փորեն...
— Բոլորս մէկ մատնուեցանք, արդէն տանիքը կը փորեն...
— Արդէն հողը վար կը թափի, լոյսն արդէն կ՚երեւայ...
— Կը պաղատի՜մ, խեղդեցէ՛ք զիս. ահաւասիկ իմ
կոկորդս եւ կոկորդն իմ զաւակիս...

Ու հայ մայրն իր վզին հետ՝ զաւկին վիզը մութին
մէջէն մեզ երկարեց...
Խաւարին մէջ, երկու բազուկ օձերու պէս գալարուելէն,
Մանկան վիզը գտնելով՝ ահեղութեամբ մը զայն սեղմեցին...։
Լռութիւնն, այս անգամ, նկուղին մէջ մրրիկ մ՚էր։
Ես, րոպէ մը, կարծեցի որ բոլորս մէկ արժանապէս մահացանք...։
Պահ մը յետոյ՝ խաբուած մարդու հայհուչներով տղմաթաթաւ,
Զգացինք որ արիւնախում խուժանը յուսահատած, կը հեռանար...։
Փրկութի՞ւնն էր մեզի հասած։ Ստրուկները կը
փրկըւի՞ն։ Ա՞յսպէս պէտք է փրկըւիլ...։

Ու ամէն օր այդ խեղճ կինը կիսամերկ՝
ճամբաներուն վրայ կեցած,
Անծանօթի՛ն, անցորդի՛ն, թշնամիի՛ն եւ օտարի՛ն
Քղանցքներուն փաթթուելով խենթի մը պէս կ՚աղաղակէ...
— Սա ձեռքերս կը տեսնէ՞ք, կը տեսնէ՞ք սա ձեռքերս.
Ես էի որ ասոնցմով նկուղին մէջ, իմ նորածինըս խեղդեցի...
Հաւատացէ՛ք, ես էի որ զայն խեղդեցի, ի՜նչ անարդար մարդեր էք,
Դուք ալ գոնէ զի՛ս խեղդեցէք, իմ ձեռքերս անզօր են.
Ես էի որ նորածինս նկուղին մէջ բոլոր ոյժովըս խեղդեցի...
Սիրտ չունի՞ք դուք, խեղդեցէ՛ք զիս, իմ ձեռքերը ալ ոյժ չունին...



Մահուան տեսիլ

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ,
Հայրենի քաղաքներուն մէջ եւ քաղաքներէն դո՜ւրս,
Եւ բարբարոսները աւարով եւ արիւնով կը դառնան,
Մեռելներուն եւ ոգեվարներուն վրայէն,
Ագռաւներու բազմութիւններ կ'անցնին վերերէն,
Արիւնոտ բերաններով եւ գինովի քրքիջներով...։
Ցամաքահով մը կիսամեռները զայրոյթով կը խղդէ
Ու պառաւներու անձայն ու ցաւակոծ կարաւաններ,
Շտապով կը փախչին լայն ճամբաներէն...։
Գիշերին մէջէն արիւններուն հոտը կը բարձրանայ
Ծառերուն հետ շատրուաններ ուրուագծելով,
Ու ամէն կողմէ սոսկումով կը սուրան հալածուած
Նախիրները հրդեհուող ցորեաններուն մէջէն...
Փողոցներու մէջ մորթուած սերունդներ կը տեսնեմ,
Եւ ամփոխներ անպատմելի սրածումներէ դարձող...
Արեւադարձային տաքութիւն մը կը բարձրանայ,
Հրդեհի տրուած ազնուական քաղաքներէն...
Ու մարմարներու ծանրութիւնով իջնող ձիւնին տակ,
Աւերակներուն եւ մեռելներուն մենութիւնը կը մսի...։
Օ՜, մտիկ ըրէք սա՛ սայլերուն ճռնչիւնը ահաւոր,
Իրենց վրայ դիզուած դիակներու ծանրութեան տակ,
Ու սգաւոր մարդերուն աղօթքներն արցունքոտ,
Որ կածանէ մը, դէպի համայնափոսերը կ'երկարին...
Մտիկ ըրէ՜ք հոգեվարքներուն ձայները վերջին,
Հովին հարուածներուն հետ որ ծառերը կը ջարդէ...
Օ՜, մի մօտենաք, մի մօտենաք,
Չըլլայ որ մօտենաք գերեզմաննոցներուն ու ծովուն,
Կարմիր ջուրերուն վրայ նաւեր կը նշմարեմ հեռուն,
Մեռելներու կուտակումներ անոնց մէջ կան,
Ու ցաւէն գալարուող աղիքներուն վրայ,
Գանկեր ու սրունքներ ինծի կ'երեւան...
Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք,
Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մէջ,
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...
Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք,
Մահաձայն ոռնումը զարհուրեալ շուներուն,
Հովիտներէն ու գերեզմաններէն ինծի հասնող,
Օ՜, պատուհանները փակեցէք ու աչքերնիդ ալ...
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...



Հայ դաշտերուն պաղատանքը

«-ԱՐԱՐԱՏԵԱՆ աշխարհներէն մինչ հովիտներն Եփրատեան,
Մեր ընդերքներէն բարձրացող պաղատանքն ու պարսաւը ձե՛զ կ'ուղղենք,
Կեանքին հանդէպ դրուԺաններ, հեռացողնե՛ր, կամ երկչոտնե՛ր.
Հալածական կամ աքսորեալ դո՛ւն վտարանդի կամ տարագիր,
Ո՞ւր էք, եւ ո՞ւր են ձեր բազուկները որ մեր կողերը կ'արօրէին...
Ո՞ւր էք եւ դուք հին օրերու անկաշառ եւ անկնճիռ ճակատներ,
Երբ ձեր քրտինքն հուԺկու եւ վեհ հողագործի,
Մարգարտի պէս կուգար հոսիլ ծալքերուն մէջը մեր ակօսին,
Հին օրերու ձեռուընե՜ր, ո՞ւր էք դուք, ձեռքեր օրհնեալ,
Ձեռքեր անպի՜ղծ, ձեռքեր յուռթի՛ եւ արգաւա՜նդ,
Ձեռքեր բարի՜ եւ բեղմնաւոր, ձեռքեր վսե՜մ եւ վճռակա՜ն,
Երբ ցորեանին սրբազան սերմը ձեր ափին մէջ,
Հալած ոսկու հեղեղի պէս լայնաբուռն կը ցանէիք...։
Ու գութանին երգը կ'երգէիք... եւ ձեր եզներն յաղթամարմին,
Իրենց երկաթը շանթերու պէս մեր ընդերքը մխրճելէն...
Արտավարէ արտավար, հպարտօրէն բառաչելով կը հերկէին...
Ու ներդաշնակ անձրեւներն եւ արեւը, մեծ օրէնքին կշիռներուն համեմատ,
Կ'իջնէին ձեր հողին յանձնած հատիկները բեղմնաւորել...։
Եւ երբ ամառը կը ծնէր կամ աշունին մահէն առաջ ՝
Քաղաքներէն եւ գիւղերէն ՝ գերանդիով, մանգաղներով բեռնաւոր,
Հազարներով կու գայիք, հայ դաշտերէն Մարդկութեանն իբր ընծայ,
Անխտրական ցորեանին հասուն հասկերն հնձելու...։
Բայց քանի գարուն եւ աղաչաւո՜ր աշուններ եկան անցան,
Եւ անծաղիկ ու անպտուղ մեր անսահմանը ձեզ կը սպասէ...
Ա՜հ գթացէ՜ք հայրենական եւ հաւատարիմ ձեր հողերուն,
Գթացէ՜ք այն այրիներուն եւ վարդի նման որբերուն,
Որ առաւօտէն յուսաբեկ եւ իրիկունէն եղերական,
Իրենց կուրծքերը կոծելով՝ մեր քարացած սե՜ւ կողերէն,
Երկու բո՜ւռ հունձք, ա՜փ մը ցորեան կը պաղատին...։
Ու հայ դաշտէն կը հեռանան, կեանքին օրէնքն անիծելով՝
Եւ բնութիւնն ալ, իր բարիքն ալ, իր բերքերն ալ անմատոյց։
-Հազարաւոր տարիներու դուք անարԺան Ժառանգորդներ
Օտարութեան եւ մոլութեան ճամբաներէն մեզի դարձէք,
Յոյսէն խաբուած կամ աղէտէն հալածական բայց չարիքին յաղթահարող ՝
Աշխատողներ ՝ բոլորդ մէկ ձեր բարեգութ բնութեանը գրկին եկէք.
Ամէն բարիք մեր լանջքերէն եւ լեռներէն կը ծնանի...
Ամէն մետաղ մեր խաւին տակ հրաշանիւթ իր գանձն ունի...
Մեզմէ միայն կրնաք կորզել Յոյսի ոսկին եւ գինիներն Երազին...
Յաղթանակները մենք կու տանք ու պարտութիւնները մեզի են...
Վերադարձէ՛ք, որդիներ, ձեր գութանին եւ արօրին Ժանգը նորէն սրբելու.
Թո՛ղ նորէն ձեր հնադարեան հայրենի հողը ծաղկոտի...
Թո՛ղ մեր հունձքերն հովտէ հովիտ ՝ ծովերուն պէս տարածուին...
Թո՛ղ կալերն ու որաները, բլուրէն վեր, լուսնակին հետ բարձրանան,
Թո՛ղ հայ հովիւն մարգերուն մէջ, իր նախահօրը նման,
Իր սրինգին սարսուռներովը իր հլու հօտը հրամայէ...
Ձորին վրայ, ջրաղացը խաղաղութեամբ թո՛ղ շարԺի...
Ու առատութիւնը թո՛ղ նորէն գայ մեր սրտերուն վրայ լացող ՝
Հայկեան ցեղի պղտոր աչքերը լուսավառել...
Ամէն բարիք եւ մարդկային չարիքներու ամէն դարման,
Մեր խորհուրդէն, մեր խաւերէն, մեր օրէնքէն պէտք է յուսալ...
Ու այսպէս ՝ Ձիթենիին ոստերուն հետ աստուածաբոյս,
Սուրն ալ մեզմէ կը ծնանի, սրբութիւնն ալ Ցորեանին...»։