Շուրջ կես դար ստեղծել է, ճաշակ ձեւավորել, հայացք փոխել, մտածողություն ամբողջացրել, մշակույթի ու հասարակական կյանքի մաս կազմել, բարձր արժեքներով դաստիարակել: Ամեն մեկիս պատրաստի պատասխան ունի, երբ հարցնում են, թե ով էր Արմեն Հովհաննիսյանը: Մեր մշակույթի, մտավոր իրականության հետ շատ թե քիչ առնչված յուրաքանչյուր մարդ իր ներսում մաս է կրում նրանից, եւ ամեն մեկն իր ըմբռնումով է արտահայտվում՝ «թարգմանիչը», «հրապարակախոսը», երրորդն ասում է՝ «22:30-ի վարողը», եւ այդպես շարունակ ու վերջապես՝ «ուսուցիչ էր»:
Խիզախ, հանդուգն ու անհաշտ գրիչ, որ մշտապես պայքարում էր հանուն ճշմարիտ, ազատ խոսքի կայացման, մատը ժամանակի զարկերակին էր, սուր ու դիպուկ արձագանքողն էր քաղաքական ու տնտեսական տեղաշարժերի: Երբեք չլռեց, չնահանջեց մտավորականի իր բարձր դիրքից, ապրեց՝ ժողովրդի ճակատագիրն իրենը համարելով, երկրին հասցրած ժամանակի հարվածների ցավը սեփական մաշկի վրա զգալով:
Կարծրատիպերը կոտրող, նոր մտածողության, ոգու ազատության սերմնացաններից էր: Այն խիզախողն էր, ով կարողացավ խորհրդային կայսրության երկաթե վարագույրը ճեղքել եւ «22:30» հաղորդաշարով արեւմտյան մշակույթին ու մտածողությանը ծանոթացնել անջրպետից այս կողմ խորհրդային խլությամբ ապրողներին: Այդ ժամին դրսում ամայություն էր, քանի որ բոլորի հայացքները, հեռուստաէկրանին գամված, թարմություն էին խմում: Մտածողություն փոխեց, հոգեկերտվածքի մասնակիցն էր ու այլընտրանքի թելադրողը:
Իսկ նոր ժամանակներում այնպես պատահեց, որ փորձեցին լռեցնել ըմբոստ ու անհանդուրժող ձայնը եւ հրդեհեցին «Ուրբաթ» թերթի խմբագրությունը, սակայն հնչելու համար ստեղծված ձայնը, որն սպասող ունի, ոչ կրակը, ոչ էլ ջուրն է ի զորու լռեցնել: Երբեք չնախընտրեց հեշտ ու շահեկան հարթակը, փշոտ ճանապարհով էր գնում՝ խոսքի ու մտածողության ուղի հարթելով:
Երեք տասնյակից ավելի գրքեր է թարգմանել ու հեղինակել՝ հարստացնելով մեր լեզվամտածողությունը, գրական ճաշակն ու հայացքը: Անկրկնելի թարգմանողն ու հայերեն վերակերտողն է Ալեքսանդր Պուշկինի, Ֆյոդոր Դոստոեւսկու, Անտոն Չեխովի, Ալեքսեյ Կուպրինի, Իսահակ Բաբելի, Միխայիլ Բուլգակովի, Վասիլի Շուկշինի, Վասիլի Բեկովի, Ալեքսանդր Սոլժենիցինի եւ էլի ուրիշ ռուս դասական ու ժամանակակից հեղինակների: Եվ այդ պատկառելի վաստակի համար 2004թ. Ռուսաստանի Դաշնությունը հատուցեց «Բարեկամություն» պատվավոր շքանշանով: 2001թ. արժանացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակին, իսկ 1989-ին՝ ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակին: Հրապարակախոսական յոթ գրքի հեղինակ է, իսկ ութերորդը տպագրական ընթացքի մեջ է: Այդ ժանրում նույնպես իր ինքնատիպ ճանապարհն է հարթել՝ ըմբոստ ու միշտ թիրախին խփող դիտարկումներով ու վերլուծություններով: Դեռ հեռավոր տարիներին «Ավանգարդից» սկսած նրա ամեն հրապարակմանը ընթերցողը սպասում էր ու տողատակերով ընթերցում: Նրա հարթած ուղին ի վերջո 1989-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը գնահատելով արժանացրեց «Ոսկե գրիչ» մրցանակին:
Հիմնել էր «Ծիածան» ռադիոկայանը: Հրաշալի մանկավարժ էր, համալսարանականներիս համբերատար սովորեցնում էր ամենադժվարն ու կարեւորը՝ ինչպես գրել, 6-7 բառի փոխարեն նախասությունը կառուցել, միտքը շարադրել 2-3 բառով: Նրա ներկայությունը լսարան էր լցնում, հայացք ու միտք էր ամբողջացնում:
Նրա հեռանալով չդատարկվեց այն տարածքը, որը կոչվում է Արմեն Հովհաննիսյան, հակառակը՝ լիքն է ու ամբողջական, որ դեռ միտք է սնելու ու լույս է տալու հոգիներին: Սակայն տասնամյակների ջանք ու անխոնջ մշակի տքնություն է անհրաժեշտ համարժեքն ունենալու համար:
Ֆելիքս Եղիազարյան
hraparak.am
26.08.11